
Սա ոտքի առաջին (մեծ) մատը ոտնաթաթին միացնող գլխաւոր յօդի ախտահարում է, որը նոյն մատը ծռում-թեքում է դէպի ներս: Արդիւնքում ոտքը ձեւափոխւում է, առաջանում է ժողովրդական լեզուով ասած «կոճ», դժուարանում է կօշիկ կրելը, երկար ժամանակ քայլելը: Բժիշկները սա անուանում են ոտքի առաջին մատի «վալգուսային» ձեւափոխում կամ «բունիոն» (bunion): Լատիներենից «վալգուս»ը թարգմանւում է որպէս կորացում` երբ ոտքի բթամատը թեքւում է դէպի ներս: Մատի թեքութիւնը եւ ոսկորի ձեւափոխումը զարգանում է դանդաղօրէն, եւ բազմաթիւ մարդիկ կարող են նկատել այն` առանց որեւէ այլ խնդիր նշելու:
Ոտնաթաթի թոյլ կամ արատաւոր կառուցուածքը կարող ժառանգական լինել: Պատճառներից մէկն է նաեւ երկար ժամանակ նեղ կամ բարձրակրունկ կօշիկներ կրելը:
Բունիոնը ախտորոշւում է արտաքին զննմամբ` ապա կատարւում է «ռադիօլոգիական» քննութիւն: Անհրաժեշտութեան դէպքում բժիշկը ձեզ ուղեգրել օրթոպեդ (մկանաոսկրային մասնագէտ)-վիրաբոյժի կամ այլ մասնագէտի խորհրդատուութեան:
Ոտնաթաթի ձեւափոխումից խուսափելու համար պէտք է հագնել յարմարաւէտ, աւելի թոյլ (չսեղմող) եւ լայն ներբանով կ՛օշիկներ, որը ոտնաթաթին տալիս է բաւարար տարածք: Երբ հնարաւոր է, քայլէք ոտաբոպիկ: Յաճախ սա թեթեւացնում է անյարմարաւէտութեան զգացումը:
Ցաւերը մեղացնելու համար բժիշկը կարող է յատուկ յօդային սպեղանիներ կամ հակաբորբոքայիններ նշանակել (Ibuprofen, Naproxen եւ այլն): Ցաւերի դէպքում բժիշկը ներյօդային «կորտիզոնային» ներարկումներ կատարի, իսկ ոտքի յարմարաւէտութեան համար` օրթոտիկ (կօշիկի ներդիրներ) կամ օրթոպեդիկ կօշիկներ:
Եթէ այս միջոցները չեն օգնում, իսկ ձեր ոտնաթաթը խիստ ձեւափոխւում է կամ պատճառում մշտական ցաւեր, բժիշկը կարող է առաջարկել օրթոպեդիկ վիրահատութիւն:
Հոգ տարէք ձեր եւ ձեր երեխաների ոտնաթաթի մասին: Միշտ ընտրէք յարմարաւէտ լայն կօշիկներ, որոնք համընկնում են ձեր ոտնաթաթի չափսերին եւ չեն սեղմում ձեր մատները: