ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին տեղեկութիւնները սակաւ են եւ հիմնականում ստացւում են թուրքական կողմից, ու չեն մեկնաբանւում Հայաստանի իշխանութիւնների կողմից: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք երկու երկրների միջեւ առկայ զարգացումները:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- 2021 թ.ի գարնանից մենք ականատես ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ եւ բազմակողմ բանակցային որոշակի ձեւաչափի: Այդ ձեւաչափի, դրա տարբեր փուլերի եւ արձանագրուած արդիւնքների մասին, որպէս կանոն, տեղեկանում ենք պոստ-ֆակտում (իրողութիւնից յետոյ), այսինքն, երբ արդէն ամէն ինչ համաձայնեցուած է, եւ արդիւնքների վերաբերեալ տեղի է ունենում կա՛մ արտահոսք մամուլում, կա՛մ այդ մասին խօսում են պաշտօնեաները: Զարմանալի եւ միեւնոյն ժամանակ օրինաչափ կերպով մենք այդ մասին որպէս կանոն տեղեկանում ենք թուրքական կողմից: Հայկական կողմը թաքցնում է, չի խօսում Հայաստան-Թուրքիա բանակցութիւնների իրական օրակարգի եւ ձեռք բերուած հանաձայնութիւնների մասին:
Յիշեցնեմ, որ օրինակ 2021 թ.ի Օգոստոսին մենք տեղեկացանք, որ Բաթումիում տեղի է ունեցել գաղտնի հանդիպում ՀՀ դէ ֆակտօ (իրողապէս) վարչապետի եւ թուրքական կողմի պատուիրակների միջեւ: Կամ այն մասին, որ Հայաստանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հադիպելու համար դիմել է Վրաստանի իշխանութիւններին միջնորդելու խնդրանքով: Այս մասին տեղեկութիւնները մեզ հասան միայն այն պատճառով, որ դրանց մասին խօսեց թուրքական մամուլը:
Սա մեզ յուշում է, որ կայ աշխոյժ գործընթաց, որտեղ կան բարդ խնդիրներ, որոնց վերաբերեալ չկայ հանրային քննարկում, առաւել՝ չկայ հանրային համաձայնութիւն: Աւելին, ինչպէս փաստում են վերջին կէս տարում Հայաստանում անցկացուած սոցիոլոգիական (ընկերաբանական) գրեթէ բոլոր հարցումները՝ Թուրքիայի հետ, այսպէս ասած թուրքական նախապայմաններով խաղաղութեան օրակարգը, յարաբերութիւնների հաստատումը ոչ թէ չի վայելում Հայաստանի բնակչութեան համաձայնութիւնը, այլ ճնշող մեծամասնութիւնը դէմ է այդ օրակարգին: Այս մասին կարելի է համոզուել՝ ընթերցելով Ամերիկեան Հանրապետական Ինստիտուտի Փետրուարին հրապարակուած հարցման արդիւնքները, «Գելափ» ընկերութեան հարցումները: Այսինք, մենք ունենք գիտական հենք, որոնց տուեալներն ըստ էութեան գրեթէ լիարժէք համընկնում են, եւ մեր բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը դէմ է ամէն գնով՝ Արցախից հրաժարումով, Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարմամբ եւ այլ նախապայմաններով Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատմանը: Սա է պատճառը, որ մենք վերջին շրջանում Թուրքական կողմից յաճախ լսում ենք շատ հետաքրքիր դիւանագիտական մի ձեւակերպում, այն է՝ Հայաստանը պէտք է գնա խիզախ քայլերի: Դիւանագիտական լեզուից թարգմանաբար, սա նշանակում է, որ ՀՀ իշխանութիւնները պէտք է գնան քայլերի, որոնք չեն վայելում Հայաստանի ճնշող մեծամասնութեան աջակցութիւնը: Այսինքն խիզախութիւնը հէնց նրանում է, որ անեն քայլեր, որ փաստացի չեն բխում Հայաստանի բնակչութեան եւ պետութեան շահերից:
Սակայն, այնուամենայնիւ, գործընթացը շարունակւում է, եւ այդ գործընթացում փաստացի կատարուել է անուղղակի կերպով մի շատ կարեւոր փոփոխութիւն՝ թուրքական կողմը դադարել է ասել, որ հայկական կողմի համար կան նախապայմաններ, ինչպէս Հայաստանի իշխանութիւնները, իրենք էլ են պնդում, որ նախապայմաններ չկան: Դրա պատճառը մէկն է՝ ոչ թէ, որ իսկապէս չկան նախապայմաններ, այլ որ առաջադրուած նախապայմանների հին փաթեթը կա՛մ կատարուել է, կա՛մ կատարման ընթացքում է, եւ նոր փաթեթից էլ որոշ դրոյթներ արդէն կատարուել են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ են իրենցից ներկայացնում ձեր նշած հին եւ նոր նախապայմանների փաթեթները:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Հին փաթեթ պայմանական եմ ասում, դա այն աւանդական երեք նախապայմաններն են, որ թուրքական կողմից միշտ դրուած են եղել Հայաստանի առջեւ որպէս Հայաստանի հետ ինչ-որ յարաբերութիւններ սկսելու հիմնական պայման: Դա Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարումն է, Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչումը եւ ընդհանրապէս՝ Կարսի պայմանագրի ճանաչումը որպէս տարածաշրջանի միջազգային սահմանների հիմք, եւ Արցախից հրաժարումը: Այսինքն, ինչպէս իրենք են ձեւակերպում, հայկական զօրքերի դուրս բերում Արցախից, որ այլ խօսքերով նշանակում է Արցախի պետականութեան համար պայքարի դադարեցում:
Այսօր արդէն տեսնում ենք, որ պաշտօնապէս յայտարարւում է, որ Հայաստանն Արցախում զօրք չունի եւ չի ունենալու: ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչը ենթադրում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում յայտնուելը: Այսինքն նախապայմանը կատարւում է: Յաջորդը, այս տարուայ սկզբին ՀՀ դէ ֆակտօ վարչապետը յայտարարեց, որ Հայաստանի Հանրապետութիւնն երբեք չի զբաղուել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցով, դա եղել է Սփիւռքի գործը: Սրանով, նա անուղղակի կերպով ոչ միայն կրկնեց թուրքական յայտնի թէզը, որ Սփիւռքն է խանգարում, որ Հայաստանն ու Թուրքիան լաւ յարաբերութիւններ ունենան, այլեւ փաստացի ասաց, որ Հայաստանը չի զբաղուելու միջազգային ճանաչմամբ: Սա էլ երկրորդ նախապայմանի կատարումն էր:
Եւ երրորդը, որ Հայաստանն այսօր փաստացի զբաղւում է սահմանագծման եւ սահմանազատման խնդիրներով ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ կրկին պոստ-ֆակտում տեղեկանում ենք թուրքական կողմից, մասնաւորապէս՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաւուշօղլույի յայտարարութիւնից, որ քննարկում կայ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների վերասահմանազատման մասին՝ հիմնուած Կարսի պայմանագրի վրայ: Եւ դա կապուած է ոչ միայն Արաքս եւ Ախուրեան գետերի հունի փոփոխութիւններով, որով կիսւում են երկու երկրների միջեւ սահմանները, եւ այդ փոփոխութիւնն ի վնաս Հայաստանի է, այլեւ վերաբերում է Կարսի պայմանագրի այն դրոյթներին, որոնք Խորհրդային տարիներին այնուամենայնիւ չէին կատարուել հայկական կողմի՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարութեան յամառութեան շնորհիւ: Դրա կատարման պարագայում, Վայոց Ձորի առնուազն տասը բնակավայր կը յայտնուի Ադրբեջանի կազմում: Այսինքն, թուրքերի կողմից սկսուել է երկարատեւ գործընթաց, որի պայմանն այն է, որ Հայաստանը մասնակցի դրան, որից յետոյ կ՛առաջադրուեն նախապայմաններ, երբ կ՛ասեն օրիննակ, որ Հայաստանի կազմում գտնուող որոշ գիւղեր, օրինակ յայտնի Խաչիկ գիւղը Վայոց Ձորում պէտք է լինի ոչ թէ Հայաստանի, այլ Ադրբեջանի կազմում:
Սրանք հին նախապայմաններն են, որոնք փաստացի կատարման փուլում են, կամ կատարուել են, եւ կան նաեւ նոր նախապայմաններ, որոնցից է տխրահռչակ Զանգեզուրի միջանցք կոչուածը, որի ուղղութեամբ փաստացի էլի տարբեր դրուագներով աշխատանքներ արդէն կատարւում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ աշխատանքների մասին է խօսքը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Ոչ մէկը դա չի կոչում Զանգեզուրի միջանցք, հայկական կողմը չի ասում, որ դա միջանցք է լինելու, եւ հակառակ պնդումն է անում, որ լինելու է տարածաշրջանի հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակում, սակայն բոլոր գործողութիւններն ընթանում են միջանցքային տրամաբանութեամբ: Անցեալ տարի Հոկտեմբերին բացուեց օդային ուղի Ադրբեջանի համար Հայաստանի սահմանների վրայով, Նախիջեւանը կապուեց Գանձակի հետ ՀՀ օդային տարածքով: Սա փաստօրէն Զանգեզուրի միջանցք կոչուածի ըստ էութեան օդային հատուածն էր:
Հայաստանի Հանրապետութիւնը սեփական բիւջէի հաշուին սկսելու է վերանորոգել Սիւնիքի մարզով անցնող 40-45 կիլոմետրանոց այն երկաթուղային հատուածի, որը տնտեսական որեւէ օգուտ չի տալու Հայաստանին, առնուազն դրա մասին ապացուցող ոչ մի փաստ չկայ: Կայ հակառակը՝ բազմաթիւ հետազօտութիւններ, մասնագէտների վերլուծութիւններ վկայում են, որ այդ երկաթուղին բացուելու դէպքում Հայաստանի համար տնտեսական որեւէ եկամուտ չի ապահովուելու, եւ լաւագոյն դէմքում 25 տարի յետոյ միայն արդարացնելու է կատարուած ծախսերը, եկամուտի մասին խօսք էլ չկայ: Այլ կերպ ասած, Հայաատանը սեփական բիւջէից վճարում է մօտաւորապէս 250 մլն. դոլար, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան իրար կապող երկաթուղային գիծ: Սա եւս Զանգեզուրի միջանցքի եւս մէկ դրուագ է: Այս նոյն Զանգեզուրի միջանցքի նախապայմանի տեսանկիւնից պէտք է նայել կարծում եմ, Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների վերջին՝ չորրորդ հանդիպման ժամանակ արուած յայտարարութեանը, որ Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար բացուի ճանապարհ: Տարածաշրջանային եւ զարգացումներին տեղեակ մարդը կը հասկանայ, որ խօսքը Ադրբեջանի քաղաքացիների մասին է, եւ ոչ թէ այլ՝ երրորդ, չորրորդ երկրների քաղաքացիների: Այսինքն, որեւէ տարանցիկ ճանապարհի կարիք (որ մտնեն ՀՀ տարածք, դուրս գան եւ գնան Թուրքիա), ունի միայն մէկ երկիր, եւ դա Ադրբեջանն է, որն այս պարագայում երրորդ երկիրն է: Հետեւաբար, կարող ենք ասել, որ Զանգեզուրի միջանցքի այս՝ իրաւական բաղադրիչը, թէ ինչպէս քաղաքացիները պէտք է անցնեն այլ երկիր, հիմա փաստացի իրականացման փուլում է գտնւում:
Այլ նախապայմաններ էլ կան, որ տարբեր կերպ են արտայայտուել, օրինակ, որ Հայաստանը չպէտք է ունենայ զինուած ուժեր: Այս մասին խօսել են երկու երկրների խորհրդարանների ղեկավարները 2021 թ.ի Փետրուար ամսին: Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը հետեւողականօրէն գնում է բանակի կրճատման ճանապարհով եւ պարտադիր զինակոչը հանում է՝ այն փոխարինելով, այսպէս կոչուած, պրոֆեսիոնալ (արհեստավարժ) բանակով, ինչը ոչ այլ ինչ է, քան ուղակի պայմանագրային բանակ, որ վերանուանւում է պրոֆեսիոնալ, թէեւ զօրակոչային բանակը եւս պրոֆեսիոնալ է: Սա եւս Ադրբեջանական պահանջ է, որովհետեւ հասկանալի է, որ Հայաստանը միայն պայմանագրային ծառայութեամբ ունակ չի լինելու ապահովել սեփական անվտանգութիւնը:
Այս պահին սա է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, բանակցութիւնների իրական բովանդակութիւնը, եւ եթէ խորամուխ լինենք նաեւ դիւանագիտական բաղադրիչի մէջ, ապա կարող ենք եւս մէկ շատ հետաքրքիր փաստ արձանագրել, որ իրականում բանակցութիւններ տեղի չեն ունենում, այլ, կարելի է ասել, միակողմանի պարտադրուած օրակարգի շուրջ քննարկումներ են Թուրքիայի կողմից կազմակերպուած: Դրա վառ խորհրդանիշը կարելի է համարել այն հանգամանքը, որ թուրքական կողմը ներկայացնում է արհեստավարժ դիւանագէտ, այնինչ հայկական կողմից մասնակցում է դիւանագիտութեան եւ բանակցային գործընթացների հետ կապ չունեցող անձ: Իսկ այն պատուիրակութիւնները, որ հանդիպում են, իրականում շատ փոքր պատուիրակութիւններից են կազմուած՝ մէկ գործող անձից եւ մէկ կամ երկու օգնականից: Սա եւս խօսում է, որ չկայ լուրջ փաթեթ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հաստատման, կարգաւորման, այլ իրականում տեղի է ունենում Թուրքիայի կողմից ուղերձի փոխանցում: Որովհետեւ հակառակ դէպքում, անպիսի բարդ գործընթացներ, ինչպիսիք են օրինակ սահմանազատումը, յարաբերութիւնների հաստատումը, ենթադրում են հսկայական, մեծաքանակ պատուիրակութիւնների մասնակցութիւն եւ քննարկումներ, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բնոյթն այնպիսին է, որ առանց դրա հնարաւոր չէ:
Չեմ խօսում այն մասին, որ այս հարցը համահայկական եւ համազգային նշանակութեան խնդիր է, ուստի ինքնին աւելի պատկառելի եւ լուրջ ներկայացուցիչներ պէտք է ունենայինք, եւ դա չկայ, ինչը յուշում է, որ մենք գործ ունենք, ոչ թէ երկու երկրների միջեւ իրական բանակցութիւնների հետ, այլ՝ մէկ երկրի կողմից թելադրուող օրակարգի եւ դրա շուրջ քննարկումների հետ:
Միաժամանակ փաստենք նաեւ, որ այն կապւում է Հայաստան-Ադրբեջան պայմանական կոչուած խաղաղութեան բանակցութիւնների հետ, եւ այդ մասին հերթական անգամ յայտարարուեց Չաւուշօղլուի կողմից, փաստելով այն հանգամանքը, որ բառացի եթէ մէջբերեմ՝ «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների մի մասն են»:
Իրականում ճիշդ հակառակն է՝ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները Հայաստան-Թուրքիա հակամարտութեան մի մասն են: Այնուամենայնիւ, էականն այն է, որ արձանագրուել է, որ այս երկու գործընթացներն իրարից առանձին չեն, հետեւաբար հակուած եմ կարծելու, որ Հայաստանի հետ ցանկացած լուրջ քայլ, օրինակ պայմանական մի անցակէտի բացում, կամ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում կը տեսնենք միայն այն ժամանակ, երբ Հայաստանը փաստացի Ադրբեջանի հետ ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ կը հրաժարուի Արցախից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թուրքիան աշխուժացրել է նաեւ Սփիւռքին Հայաստանից եւ համահայկական օրակարգից հեռացնելու իր վաղեմի ծրագիրը: Կարելի՞ է սա եւս համարել նախապայման, եւ այս համատեքստում դիտարկել նաեւ հայկական հարցերի երկարամեայ ջատագով, ֆրանսահայ գործիչ Մուրատ Փափազեանի մուտքի արգելքը Հայաստան:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Թուրքական կողմից հետեւողական պայքար է նաեւ հայկական բոլոր ուժերի եւ կառոյցների դէմ, որպէսզի թոյլ չտան խանգարել այն գործընթացին, որը տանում է Հայաստանին փաստացի դէպի երկրորդ կապիտոյլացիա (անձնատուութիւն): Նրանք գործում են ե ՛ւ Հայաստանում, ե ՛ւ Սփիւռքում, եւ պատահական չէ, որ վերջին ամիսներին, թուրքական կողմը պարբերաբար նշում է, որ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների վրայ ճնշում կայ: Դա, ըստ թուրքական կողմի իրականացւում է մի կողմից Սփիւռքի, միւս կողմից Հայաստանում գործող, իրենց բառերով ասած ռադիկալների (արմատականներու), ծայրայեղականների, կամ ռեւանշիստների (վրիժխնդիրներու) կողմից: Նրանք նման պիտակաւորումներ են տալիս Հայաստանի Հանրապետութեան այն քաղաքացիներին, ովքեր դուրս են գալիս հանրահաւաքների՝ Սահմանադրութեամբ երաշխաւորուած իրենց իրաւունքն իրացնելու: Ի դէպ, պատահական չէ, որ այս փաստացի միջամտութիւնը ՀՀ ներքին գործերին, այսինքն, երբ երրորդ երկիրը միջամտում է, պիտակաւորում է թիրախաւորում է, վիրաւորում է ՀՀ մեծաքանակ քաղաքացիներին, չի արժանանում Հայաստանի արտգործնախարարութեան առնուազն խիստ գնահատականին եւ յանդիմանութեանը: Այսինքն, պէտք է լինէր յայտարարութիւն, որ կոչ ենք անում հրաժարուել Հայաստանի ներքին գործերին միջամտելուց, առաւելեւ՝ մեր քաղաքացիներին թիրախաւորելուց, քանի որ սա միջամտութիւն է ՀՀ ինքնիշխանութեանը, բայց ոչ մի արձագանգ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից չկայ:
Ինչ վերաբերում է Սփիւռքի թիրախաւորմանը, այստեղ նոյնպէս նրանց համար շատ յստակ է, որ Սփիւռքը կարող է շատ աւելի անկաշկանդ գործել եւ հետամուտ է հայկական շահերին, եւ հետեւաբար, պէտք է նաեւ զուգահեռ չէզոքացնել սփիւռքեան նման օջախները: Սա միշտ է եղել թուրքական օրակարգում, դեռ մինչեւ 1991 թուականը: Նրանք տարիներ շարունակ հետեւողականօրէն աշխատել են երկու ուղղութեամբ՝ փորձել հակազդել Հայկական Սփիւռքին եւ բաժանարար գծեր անցկացնել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: Սակայն այսօր ստեղծուել է աննախադէպ իրավիճակ, երբ նրանց օգնում է նաեւ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնը: Հայաստանի իշխանութիւնները ոչ միայն փաստացի հրաժարւում են սատարել հայկական կազմակերպութիւններին, ուժերին, ովքեր փորձում են ճնշել Թուրքիային, հայկական շահերը ներկայացնել տարբեր միջազգային հարթակներում, այլ նաեւ, փաստացի, իրենք էլ իրենց հերթին ճնշում են բանեցնում հայկական կազմակերպութիւնների եւ անհատների վրայ: Դրա ամենավառ վկայութիւնը սփիւռքահայ Մուրատ Փափազեանի դէպքն էր, երբ ՀՀ մուտքը փակուեց եւ անցանկալի անձ յայտարարուեց Ֆրանսիայի ամենայայտնի հայ քաղաքական-հասարակական գործիչներից մէկը, ով մշտապէս եղել է թուրքերի թիրախում՝ իր հակաթուրքական գործունէութեան համար: Նրան արգելում են այցելել Հայաստան, որովհետեւ նա ընդդիմադիր է ՀՀ գործող իշխանութիւններին: Սրանից վառ վկայութիւն առ այն, որ մենք ունենք ՀՀ իշխանութիւնների եւ թուրքական կողմից շահերի համընկնում, դժուար է գտնել, եւ ցաւով եմ սա արձանագրում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թեհրանում վերջերս կայացած՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումների ընթացքում իրանական կողմը բարձրաձայնեց Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիութեան մասին: Իրանի գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին յայտարարեց, որ իր երկիրը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Ինչո՞վ էր պայմանաւորուած նման յայտարարութիւնը, տարածաշրջանում ընթացող ի՞նչ գործընթացների մասին է այն յուշում:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- 16րդ դարից սկսած, Հարաւային Կովկաս կոչուող ենթատարածաշրջանը՝ Միջին Արեւելքի մի հատուածը, մշտապէս եղել է սկզբում երկու մեծ՝ Օսմանեան կայսրութեան եւ Իրանական պետութեան պայքարի կիզակէտում, իսկ 18րդ դարից աւելացել է նաեւ Ռուսական կողմի պայքարը այս ենթատարածաշրջանի վրայ ազդեցութիւն ունենալու համար: Այդ պայքարը, տեւական պատերազմներով, Հայաստանը դարձրել է ոչ միայն այդ պայքարի թատերաբեմերից մէկը, այլ նաեւ ըստ էութեան, շատ յաճախ հայկական պայքարը տարածաշրջանում սերտաճել է այս մեծ տէրութիւնների իրար մէջ ունեցած մրցապայքարի հետ:
Հիմա էլ դրա ականատեսն ենք, եւ պատահական չէ, որ Իրանում տեղի ունեցած հանդիպումը հէնց այս եռակողմ ձեւաչափով է, եւ փաստացի իմ այդ նշած կայսրութիւնների իրաւայաջորդները կամ ժառանգները քննարկում են հարցեր, որոնք ուղղակիօրէն առնչւում են Հարաւային Կովկասի ճակատագրին, եւ կարելի է ասել քննարկում են, թէ ինչպիսին պէտք է լինի ուժերի յարաբերակցութիւնը Հարաւային Կովկասում: Պատահական չէ, որ քննարկման կիզակէտում նաեւ մեր հարցերն են, որոնցից ամենակարեւորը թերեւս պէտք է համարենք Սիւնիքի վերաբերեալ իրանական կողմի շատ յստակ ուղերձը Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ առանձնազրոյցների ժամանակ:
Իրանի հոգեւոր առաջնորդը, փաստացի պետութեան գլուխը, Ալի Խամենէին փաստացի յայտարարեց, որ իրենց համար անընդունելի կը լինի հայ-իրանական սահմանի փակումը: Այստեղ պէտք է ճիշդ հասկանալ, խօսքը գնում է ոչ միայն տեխնիկական փակման մասին, այլ՝ համատեքստն է պէտք հասկանալ, որը ենթադրում է ուղիղ փաստացի ուղերձ առ այն, որ իրենք չեն հանդուրժելու Սիւնիքով, այսպէս կոչուած Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ենթադրում է նաեւ հայ-իրանական ընդհանուր սահմանի վերացում: Եթէ հետեւենք ադրբեջանական եւ թուրքական խորքային հռետորաբանութեանն ու գաղափարախօսութեանը, ապա իրենց ասած Զանգեզուրի միջանցքը ենթադրում է, որ Հայաստանն ու Իրանն այլեւս սահման չեն ունենալու, եւ այդ միջանքը պէտք է լինի Թուրքիայի ու Ադրբեջանի սուվերեն (գերիշխան) տարածք:
Իրանական կողմից յայտարութիւնը մի կողմից ոգեշնչող է անշուշտ, որ Իրանը սեփական շահերից ելնելով փաստացի նաեւ Հայաստանի շահակիցն է դառնում, այսինքն, իր շահերն այս պահին համընկնում են մեր շահերի հետ, բայց միաժամանակ, պէքտ է շատ սթափեցնող եւ մտահոգիչ լինի այս փաստի արձանագրումը: Նշանակում է, որ այս հարցն այնքան լուրջ է դրուած, որ արդէն բաւարար չէ դրա մասին խօսել ետնաբեմում բանակցութիւնների ժամանակ, այլ պէտք է հանրային հնչեցուի, որպէսզի անհրաժեշտ հանրային աջակցութիւն եւս լինի:
Սա դիւանագիտութեան կանոններից մէկն է, երբ թեման հանրայնացնում ես տեղեկացնելու համար, որ նման խնդիր կայ, եւ դրա շնորհիւ լրացուցիչ օժանդակութիւն ես ակնկալում տուեալ դիրքորոշման համար: Մենք այժմ դրա ականատեսն ենք, ինչը շատ մըահոգիչ պէտք է լինի՝ նշանակում է, որ Սիւնիքի հանդէպ Ադրբեջանի ու Թուրքիայի յաւակնութիւններն այնքան լուրջ են, եւ այնքան մեծ է սպառնալիքը, որ դրա համար իրանական կողմը պէտք է սեփական շահերից բխած այդ մասին բարձրաձայնի նաեւ հանրային ձեւաչափով:
Կարծում եմ, որ մեր համար Իրանում կայացած եռակողմ հանդիպումից ամենակարեւորը սա է, որ պէտք է առանձնացնել: Ի հարկէ քննարկուել են նաեւ այլ խնդիրներ, բայց ամենաէականը նա է, որ Հաւարային Կովկասում աւանդական շահեր ունեցող երեք մեծ պետութիւնները շարունակում են քննարկել Հարաւային Կովկասի ճակատագիրը՝ յենուելով նաեւ իրականութեան վրայ, իսկ այդ իրականութիւնը ցաւօք այն է, որ Հայաստանն ու նրա դէ ֆակտօ իշխանութիւնները բաւականաչափ չեն աշխատում, որպէսզի բարձրացնեն Հայաստանի սուբյեկտայնութիւնը (ենթակայ, տէր բայի ըլլալը), որ Հայաստանը թելադրի այդ երեք պետութիւնների միջեւ բանակցութիւնների օրակարգը՝ իր անվտանգային համակարգով, իր ռեսուրսներով (միջոցներով) եւ իր վարած արտաքին քաղաքականութեամբ: Ասածիս ամենավառ վկայութիւնն այն է, որ Թեհրանից հնչած իրական դրական ազդակին հայկական կողմից ոչ մի պատասխան մինչ օրս չկայ, ինչը բնականաբար չի ուժեղացնում մեր դիրքերը, եթէ չասեմ ճիշդ հակառակը:
Այնուամենայնիւ, արձանագրենք ամենակարեւորը՝ Սիւնիքն իսկապէս վտանգուած է, եւ այդ վտանգն այնքան լուրջ է, որ դրա մասին բարձրաձայնւում է հնարաւոր ամենաբարձր ձեւաչափով: