ՎԱՐԴՈՒՀԻ ԿՈՒՐԳԻՆԵԱՆ
Օգոստոսի 8ին, Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում (ՆԵԿ) եւ Ծալկայի Դարագիւղում տեղի ունեցաւ «Ջաւախք» ճամբարի բացումը:
Նինոծմինդայի 150ից աւելի եւ Դարագիւղի 145 երեխայի ամառային արձակուրդի 6 օրը ամերիկահայ երիտասարդ ջոկատավարները կ՛ապահովեն երգ ու պարով, տարբեր խաղերով եւ ուրախ տրամադրութեամբ:
Բացման արարողութիւնը Նինոծմինդայում մեկնարկեց Արմաշ քահանայ Պողոսեանի գլխաւորութեամբ` Տէրունական աղօթքով, իսկ Դարագիւղում` Ղեւոնդ քահանայ Թազեանի աղօթքով, այնուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի օրհներգերի ներքոյ տրուեց «Ջաւախք» ճամբարի մեկնարկը:
«Շատ եմ կարեւորում այսպիսի միջոցառումները, առաւել կարեւոր է Ծալկայի շրջանում իրականացնել այս ամէնը, քանի որ այստեղ երեխաները կտրուած են միջոցառումներից, այստեղ չունենք երիտասարդական կենտրոն, բայց գիւղի հասարակութիւնը ներգրաւուած է այս ամէնի մէջ եւ նրանք կ՛օգնեն խմբավարներին այս 6 օրուայ ընթացքում», ասաց ՆԵԿի պատասխանատու Կարինէ Թադեւոսեանը:
Դարագիւղում երիտասարդները գիւղի մուտքի մօտ մեծ շուքով դիմաւորեցին Ամերիկայից ժամանած խմբավարներին: Խմբավարներին իր տանն է հիւրընկալել տիկին Մարօն, իսկ գիւղացիները հանդիսութիւնների սրահն են տրամադրել, երիտասարդներն էլ օգնում են ճամբարն կազմակերպելու հարցերում:

Նինոծմինդայի «Ջաւախք» ճամբարին մասնակցում են երեխաներ` ինչպէս քաղաքից, այնպէս էլ շրջանի տարբեր գիւղերից: Իսկ Դարագիւղում` Ծալկայի շրջանի Օզնի, Ղզլքիլիսա, Աշխալա, Խաչ, Դարագիւղ, Այազմա, գիւղերի եւ Ռուսաստանից ու Հայաստանից գիւղ եկած երեխաները: