ՏԱԹԵՒ ԴՈՒՐԵԱՆ
Ամէն անգամ Բերձորով Արցախ գնալիս երեւի բոլորս էլ ուշադրութիւն ենք դարձրել Աղաւնոյի կարմիր կտուրներով տներին: Բոլորս էլ ինչ-որ պահի երանի ենք տուել այդ սարերի-ձորերի արանքում այդպիսի տեսարան ունեցող սիրուն ու յարմարաւէտ տներում ապրողներին: Վերջին ժամանակները, սակայն, այնտեղ ապրողների համար, մեղմ ասած, «լաւ» ժամանակներ չեն: Օգոստոսի 25ը վերջին օրն է, մարդիկ պէտք է թողնեն իրենց տունն ու հեռանան…
Յաճախ լուսանկարչութիւնն անուանում են «համամարդկային լեզու», քանի որ լուսանկարները երբեմն պատմում են աւելին, քան հնարաւոր է փոխանցել խօսքերի միջոցով: Պատկերները իրենք իրենցով դառնում են տուեալ ժամանակաշրջանի համր ու միեւնոյն ժամանակ այդքան խօսուն պատմիչները:
Իրականութիւնը պահի մէջ բռնելու ու այդ պատկերներն աշխարհին տեսախցիկի միջոցով պատմելու նպատակով այցելել էինք Աղաւնոյ՝ աշխարհից կտրուած գողտրիկ այդ անկիւնը, որը վերջին շրջանում խոշորացոյցի տակ է յայտնուել:
Ռուս խաղաղապահները, որոնք արդէն մի քանի շաբաթ է անցակէտ են դրել հէնց գիւղի մուտքի մօտ ու ներս են թողնում միայն բնակիչներին ու նրանց հարազատներին, լրագրողների ու տեսաձայնագրող գործիքների նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն, չնայած ադրբեջանական քարոզչամեքենայի գլխաւոր դէմքերից մէկը, իրեն միջազգային լրագրող ներկայացնելով, հէնց նրանց ուղեկցութեամբ շատ էլ հանգիստ նկարեց գիւղն ու այնտեղ ապրողներին:
Աղաւնոյի բնակիչներն այս օրերին սակաւախօս են: Շատերը զբաղուած են տներից իրենց վերջին իրերը դուրս բերելով ու հայրենի գիւղին հրաժեշտի լուռ խօսքեր ասելով: Ծանր լռութիւնը երբեմն խախտւում է Աղաւնոյի գետում խաղացող երեխաների ձայներով: Նրանցից ամենափոքրերը գուցէ չեն էլ գիտակցում, որ օրեր անց այլեւս չեն լսելու հարազատ գետի ձայնն ու չեն կարողանալու ամրան տօթին զովանալ գետի սառնորակ ջրում: Դեռահասները, որոնք քիչ թէ շատ հասկանում են իրենց շուրջ տեղի ունեցող դէպքերը, փորձում են յիշողութեան մէջ դաջել պահի ջերմ վայրկեանները…
Գետից բարձրանում ես վերեւ եւ կրկին Աղաւնոյի կարմիր տանիքներով տներն են, իսկ տներից դուրս՝ բեռնատարներում իրենց իրերը տեղաւորող մարդիկ, ում համար ամենաթանկարժէքն ու կարեւորը երբեք որեւէ բեռնատարում չի կարողանայ տեղաւորուել…
Հոգին տակնուվրայ անող տեսարաններ են, մի կողմից՝ դատարկուող տներ, միւս կողմից էլ պատերին «Մենք նորից վերադառնալու ենք, ու ապրելու ենք Աղաւնոյում» գրութիւններ: Յոյսը չես կարող խլել մարդկանցից…
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»
Լուսանկարները՝ Տաթեւ Դուրեանի