
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
«Քննութիւն» թերթօնի նախորդ բաժնին մէջ Արգամ Մանասեան պատուէր մը տուաւ գիտաշխանոցի վարիչ Բակուր Եկանեանին: Ան խնդրեց, որ Բակուրը տասը օրուան մէջ անթոյն ծխախոտի նմոյշներ յանձնէ իրեն:
Այսօրուան բաժնով ընթերցողը պիտի ծանօթանայ անհաճոյ տիպարի մը՝ Մայիսին:
***
«Հենց որ բակ դուրս եկաւ, դէմ-դիմաց հանդիպեց էլեկտրիկ Մայիսին: Արգամ Մանասեանի համար ամենատհաճ մարդն էր նա գործարանում: Երբ պէտք լինէր, չէիր գտնի. ամբողջ օրը այս արտադրամասից միւսը Մայիս էին կանչում: Իսկ երբ երեւար, անպայման ինչ-որ բան էր խնդրելու, եւ անպայման այնպիսի բան, որ առանց օրէնքը խախտելու կատարել չէր լինի: Շրջանի միլպետի (միլիցիայի, անվտանգութիւնը ապահովող վարչական մարմինի պետ) տեղակալ Գասպար Վարոսեանի քենեկալն էր: Այդ Գասպար Վարոսեանը թերեւս այնքան իր ազգանունը չէր հոլովում, որքան էլեկտրիկ Մայիսը: Ինչպէս ժողովուրդն է ասում, խօսքի տակ ու վրայ աւելացնում էր.
– Երէկ մեր տանն էր Գասպարը: Հօ Նարտի չխաղացինք…
– Գասպար Մամիկոնիչն էն օրը թէ՝ հօ քո խաթրին դիպող չկայ…
– Էդ մարդն առանց ինձ մի կտոր հաց չի ուտում… Ասում եմ, Այ Գասպար ջան…
Հիմա նա կանգնել էր Արգամ Մանասեանի դիմաց, փակելով նրա ճանապարհը.
– Ձեզ էի սպասում, Արգամ Պետրովիչ:
– Ի՞նչ կայ, – յանձնաժողովի նախագահ Ղազարեանի տոնով հարցրեց Մանասեանը:
– Նախ երէկ Գասպար Մամիկոնիչի հետ ձեր կենացն էինք խմում… Յանձնարարեց իր կողմից ջերմ բարեւներ հաղորդել: Յետոյ, Արգամ Պետրովիչ, էս գրութիւնը ստորագրիր, հա՞…
– Ի՞նչ գրութիւն է, Մայիս:
– Աւտօ են խօսք տուել…
– Ի՞նչ աւտօ: Դու անցեալ տարի ստացար, չէ՞…
– Է՜, Արգամ Պետրովիչ, ոնց որ ստացայ, էնպէլ էլ խփեցին-ջարդեցին: Ծախեցի՝ պրծայ:
– Քեզ աւտոմեքենայ չի հասնում: Կարգ կայ, հերթ կայ…
– Ինձ ասացին, դու մենակ տնօրէնից մի գրութիւն բեր, մնացածը քո գործը չի: Գասպար Մամիկոնիչը խօսել է, ֆոնտից դուրս են տալու: Հրես գրիչը շատ լաւ գրում է… Ուզո՞ւմ էք շուռ գամ, մէջքիս ստորագրէք:
Արգամ Մանասեանը յանկարծ ուրախութիւն զգաց, որ ինքն այլեւս տնօրէն չէ:
– Ես իրաւունք չունեմ ստորագրելու, Մայիս, երեւի դու չգիտես, ինձ ազատել են աշխատանքից:
– Ոչինչ, դուք ստորագրէք, մնացածը ձեր գործը չի:
– Ինչպէ՞ս թէ, – բարկացաւ Արգամ Մանասեանը: – Ասում եմ, որ ես ստորագրելու իրաւունք չունեմ: Ինձ ազատել են աշխատանքից:
– Արգամ Պետրովիչ, էդ մասին դեռ ո՞վ գիտէ. դուք ստորագրէք:
– Չեմ կարող:
– Երէկուայ ամսաթիւը գրէք: Երէկ հօ աշխատում էիք:
– Չեմ կարող:
– Ինչո՞ւ չէք կարող, մի ստորագրութիւն է, էլի… Ինչի՞ց էք վախենում, մէկ է, հօ ձեզ էլ ղեկավար պաշտօն չե՞ն տալու: Գնալուց առաջ մի լաւութիւն արէք, էնպէս արէք, որ փողոցում հանդիպենք, բարեւ տանք իրար:
– Ես չեմ ուզում փողոցում բարեւել քեզ, Մայիս…
Էլեկտրիկ Մայիսը քարացաւ մի պահ: Յետոյ բացեց բերանը, ցանկացաւ ինչ-որ պատասխան տալ, բայց հենց նոյն պահին Աշոտն արգելակեց մեքենան նրանց մօտ:
(…)
Աւտոմեքենան մօտենում էր կամրջին հենց այն պահին, երբ երկար մի գնացք էր անցնում կամրջի վրայով: Եւ Արգամ Մանասեանը յանկարծ այնպիսի մի ցանկութիւն ունեցաւ յայտնուել այդ գնացքի մէջ, ուղեկցողից տաք թէյ ուզել, նստել պատուհանի մօտ ու օրօրուելով նայել կողքով անցնող ծառերին, տներին, մարդկանց: Տեսնել նրանց, բայց գործ չունենալ հետները, զգալ, որ նրանք կանգնած են, իսկ ինքը շարժւում է, գնում է մի ուրիշ տեղ: Ուրախանալ, որ ինքը տեղ ունի գնալու: Բայց, չէ՛, ի՞նչ ճանապարհ, ի՞նչ տեղ: Նա իրաւունք չունի: Նա փաստօրէն իւրատեսակ տնային կալանքի մէջ է: Յանձնաժողովի նախագահն ասաց.
– Խորհուրդ չեմ տայ քաղաքից բացակայել:
(…)
Աւտոմեքենան կտրուկ արգելակուեց եւ հետն էլ հնչեց ազդանշանը:
– Ի՞նչ պատահեց, – զարմացաւ Արգամը:
– Շատ ներողութիւն, Արգամ Պետրովիչ, էդ տղային մի բան ունէի ասելու…:
Աւտոմեքենայից արագօրէն ցած իջնելով, Աշոտը մօտեցաւ իր ազդանշանով դիմացը կանգ առած կառավարական համարանիշերով մի սեւ «Վոլկայի», ինչ-որ բան ասաց վարորդին ու անմիջապէս էլ ետ դարձաւ: Երբ շարժուեցին տեղից, Մանասեանը ժպտալով հարցրեց.
– Վարորդների պլենո՞ւմ (ժողովի) ես հրաւիրում, Աշոտ:
– Մի ծիծաղէք, Արգամ Պետրովիչ, – ամենայն լրջութեամբ ասաց Աշոտը: – Ո՞վ գիտէ, մէկ էլ տեսար…»: