Իւրաքանչիւր տարիք էլ յարմար է նոր բացայայտումների եւ լաւ սովորութիւնների համար: Եթէ երբեք չէք փորձել ճիշդ սնուել, մարզուել եւ ժամանակին քնել, ապա մի յուսահատուէք. երբեք ուշ չէ սկսել զրոյից: Ծերութիւնը կանխելու համար պէտք է ամէն օր ջանք գործադրել` պաշտպանուել արեւի ճառագայթներից, վարժութիւններ կատարել, բաւարար քնել եւ ճիշդ սնուել:
Ձեր սննդակարգում նախապատուութիւն տուէք թարմ բանջարեղէնին, մրգերին, հատապտուղներին, կանաչեղէնին:
Ասէք «ոչ» ցանկացած կիսաֆաբրիկատներին (կիսատ պատրաստուած ուտեստեղէն): Դրանք սովորաբար կասկածելի որակի են եւ միշտ շաքար են պարունակում: Փորձէք ամէն ինչ ինքներդ եփել:
Ձեր սննդակարգից հեռացրէք 3 բան` գլիւտեն, լակտոզա եւ ռաֆինացուած («նրբացուած») շաքար. օրգանիզմը ձեզ շնորհակալութիւն կը յայտնի: Առաջին դրական փոփոխութիւնները հայելու մէջ կը նկատէք մէկ շաբաթից:
Լրացրէք ճաշատեսակները տարբեր համեմունքներով` չաման, քրքում, մշկընկոյզ եւ դարչին: Սա յաճախ յանգեցնում է բոլորովին նոր տպաւորութիւնների եւ համադրութիւնների, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի: Որքան շատ տարբեր մթերքներ, համակցութիւններ եւ համային տեսականիներ լինեն սննդակարգում, այնքան վիտամիններով (կենսանիւթ) եւ հանքանիւթերով հարուստ եւ օգտակար կը լինի սնունդը: Եթէ ջուրը իրաւմամբ համարւում է երիտասարդութիւնն պահպանող ամենակարեւոր տարրը, ապա արհեստական շաքարով քաղցրացրած եւ համեմուած, գազաւորուած ըմպելիքներն արդէն վտանգաւոր են եւ նպաստում են գիրանալուն, մաշկի որակի եւ մարսողութեան վատթարացմանը:
Սննդաբանները նշում են, որ երիտասարդ եւ առողջ մնալ ցանկացողներին թխուածք ուտել թոյլատրւում է ամիսը մէկ անգամ:
Աղի օրեկան ցանկալի քանակը մէկ թէյի գդալն է: Մշակուած մսամթերքները լի են քիմիական նիւթերով, օրինակ սուլֆատներով, որոնց վնասակարութեան մասին աւելորդ է նշել: Պահածոյացուած սննդամթերքը նոյնպէս չի կարող բարենպաստ լինել մեր մարմնին:
Եւ ամենակարեւոր խորհուրդը վերջում` երիտասարդ մնալու համար կարեւոր է շատ ժպտալ, օրն անցկացնել լաւ տրամադրութեամբ եւ էներգիայով (եռանդ), քանի որ ինչպէս բժիշկ Նուբար Ջանոյեանն էր ասում` «Կեանքը հրաշք է»: