Տարիներ են գալիս, անցնում, բայց ամէն անգամ, ամէն տարուայ Դեկտեմբերի 7ի բերած դժոխային պահը չկրկնուելով կրկնւում է, եւ մեր ցաւը չի սպիանում…
Հասկանալի էր, որ մարդը գիտէր, թէ ինչ բան է երկրաշարժը եւ ընդդէմ որի պաշտպանուելի միջոցներ հնարելով ու կիրառելով հանդերձ, իրապէս կաթուածահար եղաւ…
Բազմայարկ շէնքերում տեղաւորուած գերդաստաններ, թէ հիմնարկ-ձեռնարկութիւններում գործի ժամ էր եւ գործի մէջ մարդի՜կ… Դպրոցներում՝ երեխանե՜ր..
Եւ կենդանի մարդկանց վրայ ակնթարթը փռեց իր հողէ ու քարէ ծածկոցը…
Հողէ ու քարէ ծածկո՜ց…
Եւ ընդվզում ասած բանը իսկապէս լռուեց։ Անգամ փորձ չէր արւում ընդդիմութեան տանող ուղիներ որոնել, որ ինչ է թէ, որպէս թշնամու՝ զարկել, պարտուելով իսկ՝ զարկելը չի լինի պարտութիւն։ Սակայն հողը, մեր սուրբ հողը, մեր հազար-հազարաւոր վիրաւոր մարտիկների արեան հետքեր պահող-պահպանող հողը՝ խղճի ու բանականութեան ընդդէմ գնաց…
Ու չգիտենք, ազգովի չգիտենք, թէ ո՞ւմ անիծենք, երբ դատարկ ու բոշ անիծելով մխիթարանք չի լինի։ Պարզապէս պէտք է ապրել։ Շարունակուե՜լ։ Եւ շարունակուելու համար, իրօք, պայման է՝ խօսել, չթաքնուել ու ասել, թէ ցաւող վէրքին սպեղանի չդնողի մեղքով մեր օրերի վրայ ստուեր է ընկնում։
Ստուե՜ր…
Սակայն ճիշդ խօսք է նաեւ, որ ասում են, թէ մարդու նեղեալ օրերում է տեսնւում լաւ ու վատ կամեցողը։ Եւ Սպիտակը վստահեմ Սպիտակի ցաւն ամոքող սպիտակցիներին, իսկ ես մնամ Կիրովական-Վանաձորում…
Իրաւ, լիայոյս անհաւատալիք պէտք է համարել, թէ վատ մարդիկ շատացել են։ Թէեւ եղան, այո, ոմանք փլատակների տակից դիակ դուրս բերելիս՝ գրպաններ խուզարկեցին։ Բայց շատերը չէ, ո՜չ, քչերն էին խղճի դռներ փակել։ Այո, ի հարկէ, հազար ու մի հաւաստիքներ ունենք փէշած եւ հէնց փէշած բաներ են սփռւում մարդու ճամբին, որ ե՛ւ ցաւ ամոքուի, ե՛ւ գալիքի աչքերի մէջ՝ ես ու դու, ընթերցող բարեկամներ, նայել կարողանանք։ Այո, այդպէս էր։ Այդպէս պէտք է լինէր, երբ անգամ հեռուներից, հազար-հազարներով հայրենակից եւ ոչ հայրենակից մարդիկ՝ հաւարի հասան եւ հէնց թեւ ու թիկունք եղան…
Այսօրինակ նուիրումների արգասիք էր, որ դժնդակ արհաւիրքի երախից փրկուածները երկնեցին էլ աւելի պատասխանատուութեան զգացողութիւն։ Եւ ամէն փշուր բան՝ բնաւ չէր կարելի փշրանք համարել, երբ պարզապէս մեր մեծ ցաւի ու ցաւոտ օրերին դէմ յանդիման մարդը մնաց հաւատք ցանող…
Արդարեւ, որքան էլ ժամանակը առաջ է վազել, բայց մարդուց՝ մարդուն փոխանցուած հաւատքի սերմնահատիկները պահպանւում են։ Պահպանուածն է իմ ներաշխարհում այս պահին ծիլ տուել…
Այդ օրերին, երբ համայնավար կայսրութիւնում մարդու մտքով չէր անցնի, թէ ընդամէնը փլուզումի տանող ժամանակը տեղաւորուած է երկու տարուայ մէջ։ Սակայն մինչ այդ՝ կոմունիստաբար մտածող ղեկավարութեան շրջանակում, որքան էլ մարդասիրաբար մօտեցում ցուցաբերողները քչերն էին, բայց նուիրեալներ նոյնպէս կային։ Եւ նրանցից մէկը՝ սայլը տեղից շարժել ուզենալով էր երիտասարդ բանաստեղծին վստահել՝ բանուորական ուժ հաւաքագրելու գործի գլուխ անցնել, նպաստել, որ մարդիկ աշխատելու հնարաւորութիւն ունենան։ Գալով միջոցներ տրամադրելու դժուարութիւններին, մի կերպ լուծում էր ստանում։ Կարեւոր էր, որ եղածը յանուն անտունների՝ խնայողաբար ծախսել։
Եւ իրօք, կոպեկի վրայ դողացող, ոչ այնքան իմ մտաւորական ընկեր, որքան հէնց հոգեւոր զաւակ՝ բանաստեղծին խղճում էի, երբ մարդը ստեղծագործելուց ընկել էր։ Անգամ չէր հասցնում մտովի բաներ երկնել։ Իսկ նրա յիշողութիւնը, որպէս համակարգչային ուղեղ՝ կորուստներ չարձանագրելով էր բաներ մտապահում…
– Կրակն ընկնելու պէս բան է կատարւում իմ հետ,- բողոքում էր, բայց զգում էր նաեւ, որ իր բողոքի ասեղը ցաւ չի տայ, երբ հայրաբար էի փորձում նեցուկ լինել,- գոնէ մեր օրերի լուսաբացը շատ չուշանայ, ոտքի կանգնենք եւ ամէն մարդ իր գործն անի…
– Մեր ցաւը խորն ապրող մէկն ես եւ պատահական չէ, որ քեզ պատասխանատու գործ է վստահուել։ Առայժմ գործդ արա՛ եւ հաւատա՛, որ ընթացում քո մէջ, անկասկած է, որ բաներ են պահեստաւորուելու…
– Ախր տարին է բոլորում, բայց այդպէս էլ…
– Նորից ինձ կրկնեմ, երբ համոզուած եմ, որ քո մէջ այնքան շատ են կուտակումներ առաջանալու, որ չես հասցնելու քո իսկ հեղեղումների դէմն առնել…
– Երէկ ուզում էի իմ շէֆից մի նոր հաստիք խնդրել ու քեզ, որպէս խորհրդատու՝ աշխատանքի ընդունեմ,- ու երկուստեք, թէեւ ծիծաղելը կարծես անթոյլատրելի երեւոյթ էր դարձել, բայց գոնէ ժպտալ կարողացանք…
– Հաստիքդ քեզ պահիր,- ասացի,-առանց այդ էլ յաճախակի եմ այցելում։ Նոյնիսկ շնորհակալ եմ, որ միջամտելիս՝ չես վանում։ Միայն Հրայրի հարցում մնացիր քո ասածին եւ շինարարութեամբ զբաղուելու պատուաւոր գործը փոխեցիր պահեստապետութեան հետ։
– Հրայրը այնքան նեղ պայմաններում է ապրում, որ նրա հիւծուած լինելը մտահոգում էր ինձ։ Ոչ էլ կ’ասեմ, թէ ոտքս կոտրուէր ու այդ մէկ անգամը չայցելէի նրա մօրը։ Գնացի ու այդ օրից՝ մայր ու որդու թշուառութիւնը տեղաւորուել է հոգուս մէջ…
Ու լացեց մարդը եւ լացով ինձ փոշմանութեան մղեց, երբ ես, իրօք, չգիտէի այն, ինչ նա գիտէր ու շալակին մեծ ցաւ էր կրում…
– Ճակատագիր ասած բանը, ինչպէս մեզ հասած երկրաշարժային ողբերգութիւնն է, բայց նրանցը՝ կրկնակին է։ Քեզ ճանաչելով եմ քեզնից թաքուն պահել նրանց կրկնակիացուած ողբերգութիւնը…
– Եթէ այդքան ծանր ես տանում, ներիր, որ առիթ տուի եւ էլ մի առաջացի…
– Ուզում եմ մի քիչ թեթեւանալ։
Երբ նկատեցի, որ վառարան անգամ չունեն եւ տան մէջ բուխարիկանման խոռոչ են սարքել, ցախ են վառում։ Իսկ ցրտից դողացող երկու վտիտ երեխաների մայրը նոյնպէս մնացել էր փլատակների տակ… Եւ ո՛չ միայն, Աստուած իմ, ո՛չ միայն։ Հրայրի մայրը, ես կ’ասէի, որ իսկական հերոսը նա է, երբ Եղեռնից փրկուած մի որբուկ է եղել եւ գործի բերումով որբանոցներ այցելող Հրայրի հօր կողմից նկատուել է։ Եւ բախտի շնորհ՝ նրանց երանելի օրերը՝ երկու տարի է տեւել, երեխան ծնուելուց յետոյ՝ ամուսնուն աքսորել են…
– Թէ այս նոր զուլումը չլինէ՜ր,- բայց Հրայրի մայրը մնում էր իր նման, փէշով ծածկում թոռներին։ Իսկ պահեստում երեք ելեքտրական սալիկներ կային եւ անգամ Հրայրին չասացի, թէ իրենց եմ տանում…
– Եւ այդ նողկալի մատնագիր գրողը մի՞թէ չգիտի կամ չի լսել, որ բոլոր բանսարկութիւններ գրողների վերջը՝ չարչրկուելով մեռնելն է…
Ասացի բարկութեամբ, բայց ի բարեբախտութիւն՝ հետաքննութիւն վարող քննիչը ժամանեց.
– Եկել եմ ասելու, մեր բանաստեղծ ախպեր, որ քո եւ Հրայրի արածը՝ գողութիւն չի։ Ոչ էլ պէտք է, որ նա քեզ փրկելու համար իրեն կրակը գցի։ Ոչ էլ՝ դու քո վրայ վերցրու։ Ախր ի՞նչ է եղել։ Մի ելեքտրական վառարանի փոխարէն երկուսն առնեմ, մարդիկ, միայն թէ ինձ ձեզանից փրկէք,- եւ այս անգամ էլ մարդ բռնելու սովոր մարդն էր լիաթոք ծիծաղելով հաւաստում, թէ ամէնքը չէ, որ սիրով են մարդ բռնում…
Եւ այս պահին, իրօք, օտարուածիս աչքին երեւացող ու իմ կեանքի հրաշալիքների շարքում իրենցն արարող բանաստեղծին ու քննիչին մէկտեղելով ասեմ.
… Մնա՜ք բարով…
… Մնա՜ք բարով…