Նոյեմբերի 28ի երեկոյեան, Մինսքում, Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներ Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ խօսուեց Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնախնդրի մասին։ Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներ, Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովը, ԵԱՀԿ գործող նախագահ Քարել տը Կուխտը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարներ Վարդան Օսկանեանը եւ Էլմար Մամէտեարովը։
Ընդլայնուած կազմով բանակցութիւնների աւարտին նախագահներին մենակ թողեցին։ Թէ մասնայատուկ ինչի մասին խօսեցին նրանք եւ ինչի յանգեցին, աւաղ, դեռ յայտնի չէ։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը բանակցութիւնները մեկնաբանեց ընդհանուր գծերով։
Նրա խօսքերով՝ դէմ առ դէմ հանդիպման աւարտին Ռոպերթ Քոչարեանը եւ Իլհամ Ալիեւը նշեցին բանակցութիւնների կառուցողական բնոյթը, երբ կողմերը հիմնական ուշադրութիւնը դարձրին շրջանառուող փաստաթղթի այն դրոյթների վրայ, որոնց շուրջ դեռ չի յաջողուել համաձայնութեան գալ,- տեղեկացնում է «Արմինֆօ»ն։
«Դեռ չեմ կարող մասնայատուկ գնահատականներ տալ, թէ գրանցուե՞լ է, արդեօք, առաջընթաց, թէ՞ ոչ, բայց երկու նախագահներն էլ դրական գնահատեցին հանդիպումը թէ՛ մթնոլորտի եւ թէ կառուցողական մօտեցումների առումով։ Կարծում եմ, յառաջիկայ օրերին Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարներն ամէն ինչ մանրամասնօրէն կը վերլուծեն, ինչից յետոյ արտաքին քաղաքական գերատեսչութիւններին կը տրուեն յստակ յանձնարարութիւններ հետագայ քայլերի վերաբերեալ», ասաց Վ. Օսկանեանը։
Խօսելով 2006 թ. Ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացի ընդհանուր գնահատականի մասին՝ նախարարը նշեց, որ միտումը եղել է դրական։ Վարդան Օսկանեանի կարծիքով՝ չնայած Ղարաբաղեան կարգաւորման հարցում դեռ լուրջ առաջընթացներ չկան, միաժամանակ չի արուել նաեւ յետընթաց քայլ։
«Համարում եմ, որ այդ ժամանակահատուածում բանակցային գործընթացը չի տուժել, եւ մնում է սպասել, թէ ինչպիսին կը լինեն հետագայ քայլերը 2007 թուականին։ Այս պահին չեմ խօսի երէկուայ բանակցութիւնների բովանդակութեան մասին, միայն կարող եմ ասել, որ դրանց օրակարգում ընդգրկուած էին յատկապէս այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս համաձայնութիւն ձեռք չի բերուել», ընդգծեց Վարդան Օսկանեանը։
Նա համարում է, որ Դեկտեմբերի 4-5ը Պրիւքսէլում նախատեսուած՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական ամէնամեայ խորհրդակցութեան ժամանակ հնարաւորութիւն է ընձեռւում ընդհանրացնելու բանակցային գործընթացի զարգացումն ամբողջ տարուայ կտրուածքով։ «Շրջանառութեան մէջ է մասնայատուկ փաստաթուղթը։ 2007 թուին Հայաստանում, իսկ 2008ին երկու պետութիւններում էլ պէտք է անցկացուեն համընդհանուր ընտրութիւններ։ Դա կարող է բանակցային գործընթացի վրայ անդրադառնալ ժամանակային, այլ ոչ թէ բովանդակային առումով, եւ համոզուած եմ, որ այն չի ընդհատուի», եզրափակեց Վարդան Օսկանեանը։
Ռուսաստանեան մամուլում նշում են, որ Մինսքում կայացած հանդիպումը Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների եւս մի ժամադրութեան (որը, իբր, տեղի կ’ունենա Դեկտեմբերի սկզբին Մոսկուայում, Վլատիմիր Փութինի հովանու ներքոյ) իւրօրինակ փորձ էր։ Ինչպէս գրում է «Քոմերսանթ» թերթը. «Պաքւում ասում են, թէ հանդիպումը (Մինսքում) կարող է արդիւնքներ տալ, եթէ նախագահ Փութինը անհրաժեշտ ճնշումը գործադրի նախագահ Քոչարեանի վրայ։ Այդ դէպքում, ինչպէս համարում են ատրպէյճանցի փորձագէտները, Իլհամ Ալիեւը կարող է համաձայնել Մոսկուայից սպասուող՝ կազի եւ ելեքտրականութեան մատակարարումներով Վրաստանին չօգնելու մասին պահանջների հետ»։
Սակայն, պարբերականի կարծիքով, հազիւ թէ Ատրպէյճանի նախագահին աւելի շատ չի յուզում վերջերս ՌԴ կառավարութեան կողմից ընդունուած որոշումը մանրածախ առեւտրի ոլորտում արտասահմանցիների թուի կրճատման մասին, ինչը սպառնում է հարիւր հազարաւոր ատրպէյճանցի առեւտրականների եկամտի կորստով։ «Խնդիրների այդ ամբողջ կծիկն այսօր Մինսկում հաստատ չի լուծուի։ Եւ երեք նախագահներն աւելի շուտ կը պայմանաւորուեն նոյն այդ ձեւաչափով նոր հանդիպում անցկացնելու մասին, այս անգամ՝ Մոսկուայում», ենթադրում է «Քոմերսանթ»ը։
Իսկ, ինչպէս գրում է Պաքուի «Զերքալօ» թերթը, յղում անելով տեղեկատուական աղբիւրներին, առաջ է քաշւում զառանցական մի գաղափար, որ պաշտօնական Պաքուն հակամարտութեան կարգաւորման շուրջ պայմանաւորուածութիւնների ձեռքբերման դէպքում պահանջելու է ԼՂՀ սահմանադրութեան ընդունման հանրաքուէն (որը նշանակուած է Դեկտեմբերի 10ին) չեղեալ յայտարարել։ Բա ո՞նց չէ, վախեցանք…
Փաստենք, որ ինչպէսեւ ենթադրում էինք, բանակցութիւններում բեկում տեղի չունեցաւ։ Խաղաղ գործընթացը պէտք է շարունակուի, եւ դա ինքնին ձեռքբերում է։ Չէ՞ որ յատկապէս ռազմական գործողութիւնների վերսկսման անթոյլատրելիութեան գաղափարը միջազգային միջնորդները արդէն երկար ժամանակ է՝ պաշտօնական Պաքուի ներկայացուցիչների գլուխն են մտցնում։ Այնտեղ, սակայն, չեն ուզում հրաժարուել ուժային լուծման հնարաւորութիւնից։
Ատրպէյճանում մոլեգին արշաւ է սկսուել Ամերիկեան արտաքին քաղաքական խորհրդի փորձագէտ, նախկին դիւանագէտ Ուէյն Մերիի արտայայտութեան շուրջ։ Ելոյթ ունենալով Ուաշինկթընի Ճոնզ Հոփքինզ համալսարանում՝ Ու. Մերին յայտարարեց. «Վերջերս Ատրպէյճանում բացէ ի բաց քննարկւում է Ղարաբաղեան հակամարտութեան լուծման ռազմական տարբերակը։ Սակայն այդ դէպքում Ատրպէյճանի յաղթանակը բացառւում է։ Լեռնային Ղարաբաղն ինքնին անխոցելի ամրոց է՝ էլ աւելի ամրացած հայկական զինուորական ստորաբաժանումներով։
«Ամերիկեան բանակն անգամ դժուարութիւններ կ’ունենայ նրան գրոհելու պարագայում։ Նման կարծիք է տիրապետում նաեւ Փենթակոնի շրջանակներում։ Մարտունակութեան տեսանկիւնից, հայկական զինուորական ստորաբաժանումները բազմիցս գերազանցում են հակառակորդին։ Գաղտնիք չէ, որ հայերը բանակ ունեն, իսկ Ատրպէյճանը՝ միայն զինուած ուժեր։
«Մարտական գործողութիւնների պարագայում Ատրպէյճանին հարկ կը լինի յոյսը դնել մարդկային ուժի, իսկ հայկական կողմին՝ սպառազինութեան գերազանցութեան վրայ։ Նոր ռազմական փուլի դէպքում հայերին յաղթանակի համար բաւարար է պաշտպանել միայն Ղարաբաղը, այն դէպքում, երբ Ատրպէյճանին անհրաժեշտ է գրաւել նրա ամբողջ տարածքը, ինչը, ըստ էութեան, անհնար է»։
Այդ արտայայտութիւններն Ատրպէյճանը չի մեկնաբանում բարձր պաշտօնական մակարդակով։
Սակայն Պաքւում տեղեկատուական քաղաքականութեան եւ մամուլի վարչութեան պետ Թայիր Թաղիզատէն նկատել է, որ «եթէ դիւանագիտական շփումների ներուժը լիովին սպառուի, կարծում եմ, Ատրպէյճանին հարկ կը լինի դիտարկել հիմնախնդրի լուծման ուրիշ հնարաւորութիւններ, եւ այստեղ արդէն պէտք է իրենց դերը խաղան նաեւ զինուած ուժերի բարեփոխման, վերահանդերձման գործընթացները, որոնք բաւական արագ են ընթանում մեզանում, ռազմական ամավարկի ձեւաւորումը, որը զգալիօրէն գերազանցում է Հայաստանի համապատասխան գումարը»։
Մենք այդ մասին արդէն լսել ենք եւ, ցաւօք, դեռ շատ ենք լսելու։ Պաքւում չեն ցանկանում հրաժարուել սպառնալիքների ու շանթաժի քաղաքականութիւնից։ Նման մթնոլորտում փոխզիջումների մասին խօսելը առնուազն միամտութիւն է։