Ձմեռային արեւաշող յետմիջօրէ է, ներողութիւն, Կլէնտէյլում ոչ ձմեռային եղանակ գոյութիւն ունի եւ ոչ ձմեռային սառնամանիք: Անշուշտ ձմեռն էլ իր բարեմասնութիւններն ու գեղեցկութիւններն ունի, որից զուրկ է Կլէնտէյլը, պէտք է ասել աշնան գեղեցիկ օր, հաճելի պաղ քամու մեղմ հոսանք: Երկինքը միակտուր լաջուարդով ողողուած, արեւն էլ գոգում թեքուած դէպի արեւմտեան կողմը, սակայն այդ կապուտակ երկնքում՝ ամպի կղզիացած ծուէններ տիեզերքի անհաս ու անսկիզբ եթերում:
Դեկտեմբերի 17ն է, կէսօրից յետոյ ժամը 3ը, երբ Հայ-ամերիկեան տարեցների միութեան մուտքից ներս եմ մտնում՝ ուղղուելով դէպի սրահը: Սրահում աշխուժութիւն է նկատւում, ծանօթ եւ անծանօթ դէմքեր են տեսնւում: Շրջանակի օղակի մէջ մեր պրն. Մինասն է իր սիրալիր բնաւորութեամբ, աջին մեր բանաստեղծ եւ երգիծագիր պրն. Ներսէսն է, մտածկոտ հայեացքով, այն մէկը գունաւոր ակնոցները աչքերին մեր պրն. Վահանն է՝ անեկդոտի շտեմարան:
Ինձ պիտի ներէք, որ գրութեան սկզբում չասացի սրահում խմբաւորուած մարդկանց շարժառիթի մասին:
Համաձայն «Ասպարէզ» թերթում տպուած յայտարարութեան՝ շնորհահանդէսի հանդիսութիւն է ծրագրուած Հայդուկ Մանսուրեանի վերահրատարակած երկհատորեայ պարսկերէնից հայերէն բառարանների համար, որոնք ճոխացած են յաւելեալ բառամթերքով, շուրջ 48,000, եւ առաւել լաւ որակով հրատարակութիւն:
Ահաւասիկ, եկել են գրի ու գրականութեան մարդիկ, եկել են միութեան անդամ-անդամուհիներ, հանդիսութեան մեծարուողի ընկերներ, ընտանեկան կազմը՝ տիկ. Կիտուշը, տղաները, հարսները, աղջիկը եւ թոռները, հարազատներ եւ բարեկամներ:
Գեղեցիկ աւանդոյթ է դարձել, ինչպէս Հայաստանում, նոյնպէս էլ մեր բոլոր գաղութներում, մեծարանքի հանդէսներով գնահատել եւ արժեւորել հեղինակ անձերի աշխատասիրութիւնները: Այդ հանդէսները հոգեկան գոհունակութիւն եւ քաջալերանք են հանդիսանում իւրաքանչիւր հեղինակի իր բնագաւառում առաւել ճիգ ու ջանք պահանջող ստեղծագործութեան:
Պրն. Հայդուկի անունն ինձ ծանօթ է Թեհրանից, իր զոյգ բառարանների շնորհիւ: Նրա հին հրատարակուած բառարանները վաղուց շատ յաճախակի իմ գործածութեան առարկան էին դառնում պաշտօնիս բերումով: Նրա հետ դէմ առ դէմ չեմ հանդիպել Թեհրանում: Կլէնտէյլում եմ ծանօթացել նրա հետ՝ մէկ տարուց աւելի միութեան շրջանակում համագործակցելով իրար հետ: Հէնց իմ առաջին օրուայ ծանօթութիւնից պրն. Հայդուկի հետ, ուրախ էի եւ հպարտ: Նա իր ծանրախոհ, մտածկոտ եւ համեստ բնաւորութեամբ յարգանքի է արժանանում, նա ատոք հասկի տպաւորութիւն է թողնում: Այսօր իր մեծարանքի եւ գնահատուելու օրն է, որեւէ փոփոխութիւն չկայ նրա մարդկային բնաւորութեան վրայ, էլի նոյն խոհուն եւ ազնիւ Հայդուկը: Անշուշտ կան մարդիկ, որ մի քիչ յաջողութիւնից շփանում եւ կորցնում են իրենց, սակայն նա մնում է նոյն մեր սիրելի անձնաւորութիւնը:
– Սիրելի Հայդուկ, այսօր շատ ուրախ ես երեւում, չլինի մի…
– Չէ… այսօր ուրախ եւ խանդավառ եմ ներկայացել, որպէսզի իմ ուրախութեամբ ուրիշներին եւս ուրախացնեմ:
Ազնիւ ներաշխարհի ի՜նչ հոգեբանութիւն, իր հոգեկան ուրախութիւնը ուրիշների հետ կիսելու մարդկային մօտեցում. մի ասացուածք կայ, որ ասում է՝ ուրախութիւն բերողին բիւր յարգանք:
Բեմի ձախ կողմում բարձրախօսի սարքի մօտ նստած է մի մարդ, որը ինձ անծանօթ է, առանց քաշուելու պրն. Աղասուց հարցնում եմ նրա ով լինելը.
– Ինչպէ՞ս չես ճանաչում, նա երգիչ Լեւոն Գաթրճեանն է, հրաւիրուած է հանդէսին երգելու:
Ես նոր Ամերիկա եկած իրանահայ, նրա անունը վաղուց լսել էի, բայց դէմքով դիմաց առ դիմաց չէի հանդիպել: Առանց յապաղելու ձեռքս երկարում եւ ուրախութիւն եմ յայտնում նրա հետ ծանօթանալուս համար: Նա մեր ժամանակների աշուղական եւ ժողովրդական երգերի ճանաչուած երգիչն է, նա տարբեր գաղութներում հրաւիրուել եւ սրտեր է գրաւել իր ձայնի եւ երգերի շնորհիւ, ինչպէս ասած՝ երկրպագուների ստուար շարքեր ունի, այս անգամ էլ երբ սկսեց երգել, էլի հէնց նոյն կարկաչուն ձայնը՝ ջերմ զգացումների արտայայտութեամբ:
Ուրախութիւն եմ յայտնում Սուրէն Գահվէճեանի ներկայութեան համար, նա միութեան Էնսինոյի մասնաճիւղի նախագահն է, նա անվերապահ աշխատանք է տանում միութիւնը կանգուն եւ հաստատուն պահելու ի ծառայութիւն հայ տարեցներին, նա երգ ու երաժտութեան սիրահար լինելով, լաւ ջութակահար է, իր ջութակով է ներկայացել այս հանդէսին Լեւոնի հետ ընկերակցելու համար:
Յամենում է հանդիսութիւնը, որոշուած ժամից կէս ժամ անցել է, նկատում եմ միութեան նախագահ Յ. Օվայեանը ջերմ յարգանքով օրուայ բանախօսի ձեռքը ափի մէջ, նրան առաջնորդում է դէպի առաջին շարքը յարմար տեղում բազմեցնելով:
Փոքրիկ սրահը իր տարողութեամբ լեցուն է, հանդիսականը սպասում է հանդէսի սկսուելուն:
Հանդէսը բացուած յայտարարուեց Յ. Օվայեանի միջոցաւ, տեղեկացուեց հանդիսութեան ծրագիրը, ապա նա որպէս հանդիսավար կարդաց բացման խօսքը նուիրուած մեծարեալին, որից մէջբերում ենք՝
«Հայդուկ Մանսուրեան, իմ կարծիքով, ընտրած է մշակոյթին սատարելու ամենատառապալից, ամենաձանձրացուցիչ ու ամէնէն շատ համբերատար աշխատանք պահանջող բնագաւառը՝ ԲԱՌԱՐԱՆԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆը, եթէ կարելի է այդպէս որակել: Ո՛չ վէպ է կամ պատմուածք, որ հետաքրքրութեամբ կարդաս, եւ ո՛չ ալ քերթուած՝ ուր բանաստեղծը երկնած ըլլայ պահ մը վերացնելու զայն իր առօրեայէն…:
«Ուրկէ՞ ծագում առած է իր մէջ բառարան պատրաստելու հետաքրքրութիւնը, գէթ անծանօթ է ինծի: Կը յուսամ Հ. Մանսուրեանը կամ իմ վաղեմի բարեկամս՝ Սեպուհ Յովհաննիսեանը, որ գլխաւոր բանախօսն է այսօր, կը լուսաբանեն մեզ…»:
Այնուհետեւ յարգելի հանդիսավարը տեղեկացրեց Անդրանիկ Սարեանից ստացած շնորհաւորական ուղերձի մասին, որից մի հատուած բերում ենք այստեղ.
«Հայդուկ Մանսուրեանը շարք է մտնում իր կոթողային գործով այնպիսի մեծութիւնների շարքում մեր բառարանագրական անդաստանում, ինչպէս ասենք՝ Սեբաստացի Մխիթար Աբբահայրը, Նորայր Բիւզանդացին, Ստեփան Մալխասեանը, Էդուարդ Աղայեանը, ինչու չէ, նաեւ երջանկայիշատակ Գարեգին քհն. Հանանեանը, որպէս նախակարապետ պարսկերէնից հայերէն բառարանի սկիզբ դնողը, երեսնական թուականներին՝ Նոր Չուղայում»:
Լեւոն Գաթրճեանն իր մի քանի ելոյթներով ոգեւորիչ եւ խանդավառ մթնոլորտ է ստեղծում, արժանանալով ներկաների ծափահարութեան:
Ընթերցւում է Սեպուհ Յովհաննիսեանի կենսագրականը: Նա մի քանի համալսարանների տարբեր ճիւղերի վկայեալ, ազգ.-հասարակական գործիչ եւ մտաւորական, բեմ է հրաւիրւում ներկայացնելու պրն. Հայդուկին որպէս բառարանագիր: Յարգելի բանախօսը իր 45 րոպէի հետաքրքրական գրախօսականով վեր է հանում բառարանագրութեան կարեւորութիւնը տուեալ լեզուների գիտութեան հետ կապուած, որոնց տիրապետելով, հեղինակը լաւագոյնս արդարացրել է իր մեղուաջան աշխատանքը: Յարգելի մտաւորականը անդրադարձաւ պարսկերէնից հայերէն լեզուներով բառարանագիրների պատմականին, շեշտելով պրն. Հայդուկի բառարանների առաւել կատարելութիւնը:
Ս. Յովհաննիսեանի խօսքից մէջբերում ենք կատարում.
«Շուրջ յիսուն տարիների քո տքնաջան աշխատանքը բեղմնաւորուել է ու տուել հասուն ու օգտակար բերք: Թող ուտողաց անուշ լինի այն: Բայց մանաւանդ պատիւ քեզ, որ չարմահալցուն վայել հետեւողականութեամբ քայլել ես անվարան ու անսայթաք՝ կեանքիդ տալով իմաստ ու յաւերժութիւն»:
Ելնելով կատարուած գնահատանքներից պէտք է աւելացնել, որ պրն. Հայդուկը իրանահայ ճանաչուած դէմք է իր կատարած աչքառու ծառայութեան համար: Նա բառագիտութեան տեսութեամբ զբաղուող, պրպտող, հետազօտող եւ ստուգաբանող է: Կարելի է ասել կեանքի մեծ մասի տարիները, գոյապրուստի աշխատանքին առընթեր, յատկացրել է երկու հատորից բաղկացած պարսկերէնից հայերէն բառարանները գրելու համար: Նաեւ պէտք է ասել, որ ծով աշխատանքի կարիքն է զգացւում բառարան գրելու համար: Սիրելի Հայդուկը իր հեզահամբոյր բնաւորութեամբ եւ մեղուաջան աշխատանքի հետեւողականութեամբ արգասաւորել է երկար տարիների նեղութիւնները այդ զոյգ վերահրատարակուած բառարաններով: Նա նաեւ հրատարակել է անգլերէնից հայերէն գրպանի բառարան, ճամբին է հայերէնից պարսկերէն բառարանը:
Ընթերցւում է Հայդուկ Մանսուրեանի կենսագրութիւնը եւ բեմ է հրաւիրւում հանդէսի առիթով իր սրտի խօսքն ասելու:
Պրն. Հայդուկը պատմում է Իրանում իր անցեալ կեանքի եւ հետաքրքրութիւնների մասին, թէ ինչպէս 1930ական թուականներին Եւրոպայից ներթափանցող բարեփոխութիւնների շնորհիւ ուսման եւ գիտութեան տարածման աշխատանքներ են ծաւալւում Իրանում, հայկական շրջանակներում պահանջ է զգացւում բառարանների, ուստի պայմանները իրեն մղում են այդ բնագաւառում իր սէրը ցուցաբերել ծառայողական նպատակով: Ապա՝ խոր յարգանքներով շնորհակալութիւն է յայտնում Սեպուհ Յովհաննիսեանից, միութեան Կենտրոնական վարչութիւնից եւ Յակոբ Օվայեանից ու ներկաներից:
Հայդուկ Մանսուրեանը ներկաների ծափերին է արժանանում որպէս երախտագիտութեան արտայայտութիւն:
Հանդիսավարի հրաւէրով կատարւում է գինեձօնի արարողութիւն… առանց գինու հեղման: Բեմ հրաւիրուած անձանց միջոցաւ կատարւում են բարեմաղթանքի եւ գովասանական արտայայտութիւններ ուղղուած պրն. Հայդուկին:
Հայ-ամերիկեան տարեցների միութեան կողմից Յ. Օվայեանը յուշանուէր է յանձնում պրն. Հայդուկին:
Այնուհետեւ ներկաները հրաւիրւում են օգտուելու հիւրասիրութեան սեղանից:
Բարձր տրամադրութեամբ իր աւարտին է հասնում հանդիսութիւնը նոր գինեձօնների ակնկալութեամբ: Իւրաքանչիւր արժէքաւոր գիրք մի ոսկեայ զարդ է մեր մշակութային գանձանակի հարստացման ի խնդիր:
Դեկտեմբեր 26, 2006
Կլէնտէյլ-Լոս Անճելըս