ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հայ գրականութեան մեծերից Լեւոն Շանթի «Հին Աստուածներ» թատերգութեան հիման վրայ բալետ ունենալու տարիներ առաջ ծնուած գաղափարը իրականութիւն կը դառնայ ընթացիկ տարուայ Դեկտեմբեր ամսին: Ինչպէս տեղեկացնում են Հայաստանից, Երեւանի Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կը կայանայ նշուած բալետի առաջնախաղը Դեկտեմբերի 1ին եւ կը կրկնուի Դեկտեմբերի 2ին եւ 3ին:
Բալետի երաժշտութեան հեղինակն է Հայաստանում, եւ երաժշտական աշխարհում, լայն ճանաչում վայելող, տաղանդաւոր երգահան Վաչէ Շարաֆեանը:
Յամառ եւ հետեւողական ջանքերի, Արեւմտեան Ամերիկայի Համազգայինի Երաժշտական միաւորի կազմակերպութեամբ, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների եւ հանրութեան աջակցութեան շնորհիւ, կարելի դարձաւ յաղթահարել սոյն բալետի ճանապարհին ծառացած նիւթական եւ այլ կարգի խոչընդոտները եւ յանգել այսօրուայ ձեռքբերումին:
Արդէն կեանքի է կոչուած բալետի բեմադրման գեղարուեստական խումբը, որն արդէն լծուած է բեմադրութեան աշխատանքին:

Բալետի բեմադրիչը եւ խմբավարն է Հայաստանի լաւագոյն արուեստագէտներից Կարէն Դուրգարեանը: Ստորեւ բեմադրութեան մաս կազմող միւս արուեստագէտների անունները.
– Լիբրետոյի եւ գեղարուեստական գաղափարի հեղինակ՝ Նարինէ Գրիգորեան
– Բեմադրիչ եւ պարադրող՝ Արա Ասատուրեան
– Բեմադրող եւ զգեստների նկարիչ՝ Վիկտորիա Ռիէտօ Յովհաննիսեան
– «Կոնցերտմէյստեր»՝ Լիանա Մնացականեան
– Ներկայացում վարող բեմադրիչ՝ Անժետա Պոտոսեան
– Լոյսերի նկարիչ՝ Սամուէլ Մալերեան։
Բալետը պիտի մնայ թատրոնի խաղացանկում եկող տասնամեակում եւ հետագայում էլ, որպէս արժէքաւոր ներդրում հայ արուեստի գանձարանում:
Յուսով ենք, այն կը կարողանայ դուրս գալ Հայաստանի սահմաններից եւ բեմադրուել աշխարհի թատրոններում, եթէ համապատասխան աշխատանք տանենք եւ լինենք ինքնամատոյց, մեր արժէքները ինքներս ներկայացնենք, առանց սպասելու, որ ուրիշներ կատարեն այդ գործը: