Երկուշաբթի, 3 Հոկտեմբերին հրապարակած իր յայտարարութեամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը մեծ ցաւով գուժեց նուիրեալ դաշնակցական Շաղիկ Մարուխեանի մահը:
«Ընկերուհի Շաղիկը մանկութեան տարիներին ապրել է Լիբանանում, Յունաստանում, ուսանել Փարիզի Սորպոնի համալսարանում, ապա հաստատուել Երեւանում: Հաւատարիմ հօր եւ Դաշնակցութեան մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխեանը մշտապէս եղել է անկախ Հայաստանի զինուորը: Արցախում, Հայ Օգնութեան Միութեան բարեսիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան օրգան «Երկիր» պաշտօնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպութիւններում, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնում, «Հրայր Մարուխեան» հիմնադրամում իր կատարած աշխատանքներով ու մեծածաւալ ծրագրերով Շաղիկ Մարուխեանը նպաստել է հայոց նորանկախ պետականութեան կայացմանն ու զարգացմանը: Շաղիկ Մարուխեանի թողած լուսաւոր եւ օրինակելի յետագիծը պատմութեանը փոխանցող շարադրանքը դեռ կը ստեղծուի, իսկ նրա պայծառ անունը յաւերժ կը յիշուի սերունդների կողմից», կ՛ըսուի Գերագոյն մարմինի գուժին մէջ: