«Քրմուհին» գեղարուեստական առինքնող շարժանկարը տեսնելուց, նրա արարումը իրականացնող ստեղծագործող երախտաւորներին լսելուց ու նրանց հետ ծանօթանալուց յետոյ ես՝ որպէս հայ մշակոյթի պատմութեան մասնագէտ, չեմ կարող լռել:
Շարժանկարը խտացրած արտայայտութիւնն է հայ ոգու: Հայը կարողացել է մշակութային մեծ նուաճումներ արձանագրել ամէնից դժուար, նոյնիսկ անհնարինութեան պայմաններում: Հայ պետականութեան, երկրի ամբողջականութեան վերացման ու երկրի տնտեսական նահանջի պայմաններում հայը կերտել է Ոսկեդար: 10-15 դարերի ընթացքում, սելճուք-մոնկոլ-թաթար տիրապետութեան օրերին, հայ ազգը ապրել է իր Վերածնունդը: Օսմանեան բռնութեան օրերին, 19րդ դարում, նա արձանագրել է իր Զարթօնքը: Արդի հայ պատմութեան ծանրագոյն դժուարութիւնների պահին ծնունդ է առնում Վիգէն Չալտրանեանի «Քրմուհին»: Այն նաեւ արտայայտութիւնն է այն իրողութեան, որ նիւթապաշտութիւնն ու անաստուածութիւնը չեն կարող հայ ազգի հաւաքական յիշողութիւնից սրբել այնտեղ արմատաւորուած աստուածայինը, քրիստոնէական հաւատը: Հեղինակը կարողացել է արուեստի լեզուով մարմնաւորել հայի ազգային գիտակցութեան ամբողջականութիւնը իր գոյութեան ողջ պատմութեան ընթացքում՝ առանց անտեսելու նրա աստիճանաւորման փաստը:
Այսպիսով, հիմնաւորուած է հեղինակների ձօնը: Նրանք շարժանկարը ձօնել են նախնեաց յիշատակին, մանաւանդ Հայաստանում քրիստոնէութեան յաղթանակի, հայ եկեղեցու հաստատման ու հայ քրիստոնէական մշակոյթի կերտման համար պայքարած հայ երախտաւորների յիշատակին:
Առաջին դարի կէսերին, երբ վերացել էր Արտաշէսեան իշխանութիւնն ու առաջին քայլերն էին արւում Արշակունեաց թագաւորութեան հաստատման ուղղութեամբ, Քրիստոս Յիսուսի չորս առաքեալներ Հայաստան աշխարհում սկզբնաւորեցին առաջին քրիստոնէական համայնքները: Մինչեւ 3րդ դարի վերջերը հայ հին կրօնը դաւանող բազմաթիւ հայեր, այդ թւում նաեւ քրմեր ու քրմուհիներ, ընդունեցին քրիստոնէութիւնը: Մովսէս Խորենացին նկարագրում է, թէ ինչպէս Հռիփսիմեանց կոյսերը Հայաստան մուտք գործելով անցնում են գաւառներով ու այնտեղ հանդիպում քրիստոնէութուն ընդունած իգական սեռի ներկայացուցիչների, որոնց թւում քրմուհիների: Յաճախ ժամանածները մնում էին նոր տեղում ու նրանց փոխարէն խմբին միանում էին տեղի անդամները: Բացռուած չէ այն հաւանականութիւնը, որ շարժանկարի քրմուհին լինի դրանցից մէկը:
Բոլոր ելոյթ ունեցողները մեծ գոհունակութեամբ արձանագրեցին, որ «Քրմուհին» շարժանկարը հայ եւ ամերիկացի վարպետների համագործակցութեան ծնունդ է, երկու տարբեր մշակոյթների համաձուլուածք: Այս նշանակում է, որ «Քրմուհին» գործադրել է նաեւ նախնեաց մի այլ սուրբ աւանդոյթ եւս: Հայ նշանագրերի, հայ այբուբենի ստեղծող, հայ թարգմանչաց շարժման սկզբնաւորող ու Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան կազմակերպիչ Մեսրոպ Մաշտոցը գտնում էր, որ հարուստ, մարտունակ ու ազգապահպանումը ապահովող ազգային մշակոյթ ստեղծելու համար անհրաժեշտ է իւրացնել այլ ժողովուրդների նուաճումները, համաշխարհային գանձարանում կուտակուած հարստութիւնը, բայց կուլ չգնալ ուրիշին, չձուլուել ուրիշի մէջ, այլ միշտ պահպանել հարստացող ու զարգացող սեփական դիմագիծը: Իրօք: Մեղուն նեկտար է հաւաքում բազմաթիւ ծաղիկներից, բայց չի նոյնանում նեկտարներից ու ծաղիկների բոյրերից որեւէ մէկի հետ: Նա ստեղծում է իրեն բնորոշ մեղրը: «Քրմուհին» այդ ճանապարհին տարուող վճռական մի քայլ է, համաշխարհայնացումը արգելակող մի ստեղծագործութիւն:
Բարձրարուեստ գեղանկարչական ստեղծագործութիւնը անհնարին է մի հանդիպմամբ ընկալել իր ամբողջութեան մէջ: Նկարի հետ ամէն մի հանդիպում դիտողի մօտ առաջացնում է մի նոր զգացմունք, մի նոր միտք, մի նոր գաղափար, մի նոր զուգորդում: Նոյնն է պարագան նաեւ «Քրմուհին» շարժանկարի բնոյթն ունեցող ստեղծագործութեան համար: Շարժանկարը ստեղծուած է հարուստ ստեղծագործական երեւակայութեան հէնքի վրայ, որտեղ պատկերուած են յաջորդող անակնկալ նորանոր պատկերներ՝ առանց խախտելու գործի կարուցուածքային ու տրամաբանական ամբողջականութիւնը: Շարժանկարի ուժականութիւնը ստեղծուած է հէնց այդպիսի հոգեբանական-իմացական ու ճանաչողական վիճակների յաջորդականութեան միջոցով: Ուիլեըմ Սարոյեանը նախընտրում էր գործադրել այս եղանակը:
Շարժանակարի ամէն մի փուլում իրար հիւսուած են ազգագրականը, պատմականը, կրօնականը, հոգեբանականը, բժշկականն ու խորհրդաւորութիւնը, արդի գիտական հետազօտութիւնն ու անցեալի աւանդոյթը: Դեռ երկար ժամանակ այդ ասպարէզի մասնագէտները պիտի քննարկեն բարձրացուած հարցերը, խնդիրներն ու թնճուկները եւ ուրախանան ամէն մի յայտնութեան համար:
Նկարն այսքան խօսուն ու տպաւորիչ չէր լինի, եթէ Չալտրանեանը չունենար յստակ տեսլական, գեղարուեստական հարուստ մտածողութիւն, եթէ դերասանական կազմի ամէն մի անդամ ու արտադրութեան ամէն մի մասնակից լաւագոյնս չձգտէր կատարել իր բարդ ու դժուարին առաջադրանքը: Համոզեցուցիչ էին դերակատարումները, վարպետ օպերատորական աշխատանքը, իմաստալից նկարահանումները, ներդաշնակող երաժշտութիւնը: Չալտրանեանը կարողացել էր իր շուրջ հաւաքել արուեստասէր մարդկանց ու նրանց ուժերը ներդաշնակել ու համադրել նպատակադրուած աշխատանքում: Մէկը տարել է արտադրութեան նիւթական ծանր բեռը, միւսը ներդրել է իր կազմակերպչական շնորհքը, երրորդը՝ իր դերասանական ու երաժշտական տաղանդը, չորրորդը՝ շարժանկարային արուեստի իր հմտութիւնը: Ես բոլորին իմ շնորհակալութիւնն եմ յայտնում հայ մշակոյթը արուեստի մի նոր ստեղծագործութեամբ հարստացնելու համար:
Ծ.Խ.- Ժապաւէնը Փետրուար 16ին եւ 23ին, երեկոյեան ժամը 8ին պիտի ներկայացուի Կլէնտէյլի «Ալեքս» սրահին մէջ: