
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանը, Նոյեմբերի 2ին յայտարարեց նահանգի կողմից 1 միլիոն 750 հազար դոլարի դրամաշնորհ հայկական հինգ կազմակերպութիւններին տրամադրելու մասին: Կալիֆորնիայի 2022 թուականի բիւջէից այս յատկացումը հնարաւոր է դարձել Նազարեանի ջանքերով, եւ խորհրդարանականը շահառու կազմակերպութիւնների ներկայացուցիչներին յանձնեց գումարի խորհրդանշական վճարագրերը ՀԲԸՄի Մանուկեան-Տէրմիրճեան վարժարանում կայացած հանդիպման ժամանակ: «Նպատակն էր իմաստալից ներդրում կատարել հայ համայնքի տարբեր խմբերում հասարակական կազմակերպութիւնների միջոցով, որոնք տարատեսակ ծառայութիւններ են մատուցում հանրութեանը: Դրամաշնորհի շահառուների թւում են կրթական, մշակութային, մարզական գործունէութեամբ զբաղուող կազմակերպութիւններ, որոնք աշխատում են յատկապէս մանուկների ու երիտասարդների, յատուկ կարիքներ ունեցող երեխաների, ներգաղթեալների համար», նախաձեռնութեան նպատակների մասին իր խօսքում նշեց Ադրին Նազարեանը:
Դրամաշնորհ ստացած կազմակերպութիւններն են՝ Լոս Անջելեսի «Արարատ տուն»ը եւ «Էսքիճեան» թանգարանը (350 հազար դոլար), ՀԲԸՄ Մանուկեան-Տէրմիրճեան վարժարանը (750 հազար դոլար), ՀՄԸՄը (200 հազար դոլար), «Արեւ» ճամբարը (250 հազար դոլար) եւ Հայ Իրաւաբանների միութիւնը (200 հազար դոլար):
Ձեռնարկի ընթացքում, իւրաքանչիւր կազմակերպութեան ներկայացուցիչ տեղեկացրեց, թէ ի՛նչ ծրագրերի են ուղղուելու ստացուած ֆինանսական միջոցները:


1949 թուականից, հայ տարեցների համար նաեւ բժշկական խնամք ապահովող կեցավայր «Արարատ տուն»ը դրամաշնորհի մի մասը կ՛ուղղի Գլենդելում նոր հարկաբաժնի ձեռքբերման գործընթացին, իսկ միւս մասը՝ հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման կենտրոններից՝ ««Արարատ տան» ներքոյ գործող «Էսքիճեան» թանգարանին: «Գումարը յատկացնելու ենք ճանաչուած գիտնական, ցեղասպանագէտ Վահագն Տատրեանի մեծաթիւ աշխատութիւնների թուայնացմանն ու առցանց հրապարակմանը, ինչն առիթ կը տայ արխիւային բացառիկ նիւթերը հասանելի դարձնել Ամերիկեան համալսարանների ու մասնագէտների համար», նշեց թանգարանի տնօրէնուհի Մեկի Կոշինը:
ՀՄԸՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան փոխատենապետ Սեւակ Կարապետեանը յայտարարեց, որ դրամաշնորհը հնարաւորութիւն կը տայ ընդլայնելու յատուկ կարիքներ ունեցող մարզիկների համար նախատեսուած ՀՄԸՄի «Հրաշք» ծրագիրը:
Կարապետեանը երախտագիտութիւն յայտնեց Նազարեանին՝ յատուկ կարիքներ ունեցող պատանի-երիտասարդների հարցերում բացառիկ մօտեցման համար:
«Արեւ»ը, որ ամառային եւ ձմեռային ճամբար է պատանիների ու երիտասարդների համար՝ հայ մշակութային, պատմական, հոգեւոր արժէքների շուրջ, հնարաւորութիւն կ՛ունենայ դրամաշնորհը ներդնելու ընդլայնմանն ուղղուած ծրագրերում:
ՀԲԸՄի Մանուկեան-Տէրմիրճեան վարժարանի՝ միջինակարգի եւ երկրորդականի բաժինների տնօրէնուհի Անահիտ Նալբանդեանն էլ յայտնեց, որ իրենց տրուած միջոցները կ՛ուղղուեն «Համագործակցային ուսումնական կենտրոն»ի կառուցմանը, որի շուրջ աշխատանքներն ընթացքի մէջ են:


Հայ իրաւաբանների միութեան նախագահ Լիւսի Վարպետեանը շնորհակալութիւն յայտնելով Նազարեանին, եւ տեղեկացրեց, որ գումարը նախատեսում են յատկացնել «Արդարութիւն բոլորի համար» ծրագրին, որ մասնագէտների միջոցով իրաւաբանական անվճար ծառայութիւններ է մատուցում համայնքի ընկերային վիճակով անապահով խմբերին՝ բոլորին հասանելի դարձնելով արդարադատութիւնը:
Ձեռնարկին ներկաները բարձր գնահատեցին Ադրին Նազարեանի ներդրումը հայ համայնքի կեանքում՝ ընդգծելով, որ նա ամերիկահայ քաղաքական առաջին գործիչն է, ում յաջողուել է Կալիֆորնիայում հայկական շահերի արծարծումից բացի, նաեւ ֆինանսական աջակցութիւն յատկացնել համայնքի համար գործող կազմակերպութիւններին: Յիշեցնենք, որ նախորդ տարիներին, Ադրին Նազարեանի ջանքերով նաեւ, նահանգը շուրջ երեսուն միլիոն դոլարի ֆինանսական միջոցներ է յատկացրել Հայ-Ամերիկեան թանգարանին, Լարք երաժշտանոցին, Կալիֆորնիայում ԹՈՒՄՕ կենտրոնի ստեղծմանը:
«Այս դրամաշնորհները նախադէպ են ստեղծում հայ համայնքի համար ապագայում եւս դիմելու նահանգին: Սա հնարաւորութիւնների դուռն է, որպէսզի հայկական կազմակերպութիւնները կարողանան ասել, որ նախկինում բիւջէից ստացել են ֆինանսաւորում, ցոյց տալ, թէ որտեղ է ներդրուել գումարը, եւ դիմել նոր դրամաշնորհների», ընդգծեց Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանը:
