Թուրքիայում արդէն խոստովանում են, որ իրենց դժուար թէ յաջողուի կանխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ամերիկեան Քոնկրէսի կողմից, ուստի նրանց վերջին յոյսը մնացել է նախագահ Ճորճ Պուշը, որը կարող է չստորագրել օրէնսդիրների ընդունած փաստաթուղթը։
Սակայն չպէտք է մոռանալ, որ հանրապետականների վարչակազմի նման հակաքայլը ԱՄՆում 2008 թուականին տեղի ունենալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին հրաշալի նուէր կը դառնայ իրենց մրցակից դեմոկրատների համար՝ ամերիկահայ համայնքի մօտ 1 միլիոն քուէների տեսքով։ Այսօր անգամ հանրապետական վարչակազմի անանուն ներկայացուցիչն է պարզաբանում. «Մենք երբեք չենք ասել, որ Օսմանեան կայսրութիւնում 1915թ. տեղի ունեցած դէպքերը ցեղասպանութիւն չեն, պարզապէս մենք չենք օգտագործում այդ բառը»։
Հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում «ցեղասպանութիւն» հասկացութեան շուրջ ձեռնարկուող նման բառախաղը՝ ԱՄՆ ողջ Մերձաւոր-միջին արեւելեան քաղաքականութեան մէջ սկզբնաւորուող լուրջ եւ հիմնարար փոփոխութիւնների համաթեքսթում։
Թուրքիայի հանդէպ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ԱՄՆի որդեգրած քաղաքականութիւնը, հիմնուած թուրքական բանակի ամրապնդման միջոցով տարածաշրջանային սթաթուս քոյի պահպանման սկզբունքի վրայ, վերածուել է անախրոնիզմի։ Թուրքիան ձեւաւորում էր ԽՍՀՄի դէմ ուղղուած ՆԱԹՕի հարաւային խմբաւորումը, սանձում արաբական ազգայնականութեանը, թիկունք կանգնում Իսրայէլին եւ այլն։ Այս բոլոր նպատակներն արդէն դարձել են աւելորդ ԽՍՀՄի փլուզման, արաբական երկրների եւ Իսրայէլի միջեւ ուժերի նոր հաշուեկշռի ձեւաւորման եւ վերջապէս՝ Պալքաններում, հարաւային Կովկասում ու Իրաքում ամերիկեան իրական ներկայութեան համաթեքսթում։
Ամենեւին էլ պատահական չէ, որ Իրաքում ԱՄՆ քաղաքականութեան փոփոխութեան մասին վկայող առաջին լուրջ ազդանշանը՝ Սատտամ Հիւսէյնի մահապատիժը եւ նրան յաջորդած Քէրքուքի շուրջ ծաւալուող քրտերի ու թուրքմէնների մրցակցութիւնը, Թուրքիան ընդունել է իբրեւ իրեն ուղղուած բացայայտ մարտահրաւէր։ Բանն այն է, որ Մոսուլի նման նաւթով հարուստ Քէրքուքը եւս անցնում է քրտերի վերահսկողութեան տակ։ Թուրքիան կորցնում է թուրքմէնների համայնքի միջոցով Քիւրտիստանի ձեւաւորումը կանխելու լծակները։ Ուստի վարչապետ Ռ. Էրտողանը օրերս սպառնալից շեշտով պահանջել է վերականգնել էթնիքական հաշուեկշիռը հիւսիսային Իրաքում եւ պահպանել սիւննիների ու շիիների միասնական պետութիւնը։ Աւելին՝ Ռ. Էրտողանն անգամ նշել է, որ Թուրքիայի համար ներկայումս Իրաքն աւելի կարեւոր է, քան Եւրոմիութեան հետ բանակցութիւնները, այսինքն՝ սպառնալիք է նրա ազգային անվտանգութեան համար։ ԱՄՆը իր հերթին Իրաքում տեղակայուած ամերիկեան զօրքերի հրամանատար է դարձրել վերջերս Իրաք ներթափանցած թուրք զինուորականներին ձերբակալած ու ստորացրած մի զօրավարի, Թուրքիային հասկացնելով, որ նրա մուտքն Իրաք ուղղակի արգելուած է։
Թուրքիայի համար Իրաքի պառակտման ու Քիւրտիստանի ձեւաւորման հեռանկարը ոչ թէ Իրաքի, այլ հէնց իր տարածքային ամբողջականութեանը նետուած ուղղակի եւ անմիջական մարտահրաւէր է։ Քանզի եթէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը Հայկական հարցի վերաբացման սկիզբն է, ապա Իրաքի պառակտումը դիտւում է իբրեւ քրտական հարցը անմիջականօրէն Թուրքիա «ներմուծելու» քայլ։ Դրանով Թուրքիան շատ շուտով կանգնելու է հարաւ-արեւելեան նահանգները Քոսովոյի վերածուելու վտանգի առաջ, որից մինչեւ նախկին Հարաւսլաւիային բաժին ընկած Տէյթոնը ընդամէնը մէկ քայլ է։
Գիտակցելով այս հեռանկարների անխուսափելիութիւնը, Թուրքիայի ղեկավարութիւնը յառաջիկայում նորից Ուաշինկթըն է ուղարկելու արտգործնախարար Ա. Կիւլին, որը փորձելու է այս անգամ էլ վերարծարծել «քրտական ահաբեկչութեան» դէմ պայքարի խնդիրը։
Սա նշանակում է, որ Եւրոմիութեան հետ բանակցութիւնների մասնակի սառեցումից յետոյ Թուրքիայի վրայ ուժեղացող ամերիկեան ճնշումները նպատակ ունեն հիմնաւորապէս խարխլել այդ երկրի կայսերական յաւակնութիւնները, որոնք Թուրքիան դարձրել են մի հսկայական խցան՝ հարաւային Եւրոպան, Մերձաւոր Արեւելքը եւ հարաւային Կովկասն ու Միջին Ասիան միմեանց կապող ճանապարհների վրայ։ Հայկական, քրտական, ալաուիական եւ այլ հարցերի վերաբացումը եւ միաժամանակ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման պահանջը դառնում են Թուրքիան տարածաշրջանային նոր իրողութիւններին համապատասխանեցնելու խիստ ցաւոտ գործընթացի ներքին ու արտաքին խթանիչները։
Կարծում ենք՝ այս անգամ գործ ունենք ոչ թէ առանձին վերցուած հարցերի շուրջ ԱՄՆի ու Թուրքիայի միջեւ առաջ եկած հակասութիւնների, այլ միաժամանակ՝ արաբական աշխարհում, Պալքաններում, հարաւային Կովկասում եւ Եւրոմիութեան, Ռուսաստանի ու Իրանի հետ յարաբերութիւնների հարցում լուրջ ու սկզբունքային տարաձայնութիւնների կուտակման գործընթացի հետ։
Սա նշանակում է, որ ԱՄՆը հիմնաւորապէս է զբաղւում Թուրքիայով, որը փաստօրէն արդէն դիտւում է ոչ թէ իբրեւ դաշնակից երկիր, այլ Միացեալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականութեան լուրջ խոչընդոտ։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»,
Յունուար 11, 2007