Հայաստանի Հանրապետութիւնում վերջին մէկուկէս տասնամեակում իրականացուած տնտեսական բարեփոխումները, որոշակի դրական արդիւնքներով հանդերձ, ունեն շարունակութեան ու հետագայ ծաւալման ստոյգ մարտահրաւէրներ։ Ինչպիսի՞ն են ձեռքբերումները եւ տնտեսական քաղաքականութեան հետագայ խնդիրները։ Այս հարցերի շուրջ է մեր հարցազրոյցը ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխաւոր խորհրդական ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍԵԱՆՑԻ հետ։
Հ.- Պարոն Ներսիսեանց, համառօտ՝ ինչպիսի՞ն են ՀՀում իրականացուած տնտեսական բարեփոխումների արդիւնքները։
Պ.- 1991թ. անկախութիւնից սկսած՝ ՀՀը ձեռնարկել է կառուցուածքային բարեփոխումների ընդարձակ ծրագրեր՝ կենտրոնացուած ծրագրաւորուած տնտեսութիւնից անցում կատարելու դէպի բաց, հիմնականում մասնաւոր, շուկայական ազատ տնտեսութեան՝ ժողովրդավարական գործընթացների միջոցով:
Միեւնոյն ժամանակ, մենք խուսափել ենք կոշտ եւ անիմաստ կապուածութիւնից գաղափարական ծայրայեղութիւններից եւ առաջնորդւում ենք միջազգային յաջողուած փորձով: Այսպիսով, հիմնական նպատակն է եղել ստեղծել ուժեղ մաքրոտնտեսական նախադրեալներ եւ մասնաւոր հատուածի միջոցով ապահովել յարատեւելի տնտեսական աճ: Բարեփոխումների առաջին փուլում.
– Բոլոր արդիւնաբերական եւ սպառողական գները եւ առեւտուրը ազատականացուած են: Այսօր Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբաց տնտեսութիւնը՝ ներմուծման նուազագոյն դրոյքաչափերով (0 եւ 10%), առանց արտահանման դրոյքաչափերի եւ քանակական սահմանափակումների (բացարձակապէս առանց քոթաների).
– Գիւղատնտեսական հողերը եւ բնակտարածութիւնները մասնաւորեցուած են, եւ պետական ձեռնարկութիւնների մասնաւորեցման գործընթացն այսօր գրեթէ աւարտուած է.
– Անհրաժեշտ ենթակառուցուածքները հիմնովին վերականգնուել են եւ պատրաստ են օժանդակելու աճող արտադրութեանը.
– Սահմանուել է հարկման բարենպաստ եւ յառաջատուական կարգ, եւ այն աշխատում է որպէս ամավարկի քաղաքականութեան կարեւոր գործիք: Հարկման դրոյքաչափը նուազագոյններից է անցումային տնտեսութիւնների մէջ.
– Հիմնադրուել է Կենտրոնական դրամատունը, ստեղծուել է ազգային արժոյթը, եւ գործում է փոքր, բայց կայուն դրամատնային համակարգը՝ որպէս դրամավարկային քաղաքականութեան կարեւոր գործիքներ:
Չկայ արժոյթի փոխանակման ոչ մի արգելք, եւ դրամական միջոցները կարող են ազատ փոխանցուել դէպի Հայաստան եւ Հայաստանից դուրս.
– Հասարակական օգնութիւնը ընդհանուր նպաստներից ուղղուել է դէպի հասցէագրուած օգնութեան եւ գլխաւորապէս յատկացւում է անպաշտպան խաւերին: Նպաստները թափանցիկ են եւ ամավարկով նախատեսուած՝ ապահովելու գործուն վերահսկում եւ միջոցների մատչելիութիւն.
– Նոր տնտեսական համակարգի համար ստեղծուած է հիմնական իրաւական դաշտ, եւ այն զարգանում է՝ համաձայն մասնաւոր սեփականութեան, պայմանագրերի կնքման ազատութեան եւ անձեռնմխելիութեան մասին Ազատական տնտեսութեան հիմնադրոյթների.
– Հիմնադրուել է օրէնքով նախատեսուած Քաղծառայութեան խորհուրդ, եւ ամբողջ պետական վարչամեքենան վերակազմաւորւում է, որպէսզի հաշուետուութեան եւ հակակշռութեան սկզբունքով ձեւաւորուի արհեստավարժ ու ազնիւ քաղծառայութիւն.
– Տնտեսութիւնը կայունացուել է, քանի որ 1998թ. սկսած՝ սղաճի տարեկան չափը տատանուել է ցածր միանիշ թուերի շուրջ (անցեալ տարի 2% էր), եւ ազգային արժոյթը՝ դրամը, արդէն քանի տարի է, որ տարածաշրջանում ամենակայուն եւ ամենաուժեղ արժոյթն է: 1994-2000ին տնտեսութիւնը հաստատուն աճել է տարեկան մօտ 5.5%ով; 2001ից ի վեր՝ միջին տարեկանը 12%ով, եւ անցած տարի (2005թ.) տնտեսական աճի կշռոյթը կազմել է 14%: Իսկ այս տարի Յունուար-Ապրիլի տուեալներով տնտեսութիւնը աճում է 9.7%ով:
Մենք յոյս ունենք այս տարին եւս փակել երկնիշ տնտեսական աճով.
– Արտաքին առեւտուրը զանազանակերպուել է դէպի Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Նոր աշխարհի հետ ընդլայնուող առեւտրի, եւ արտահանումն այժմ աճում է տարեկան շուրջ 28%ով: Թէ՛ առեւտրային հաշուեկշռի եւ թէ՛ ընթացիկ հաշուի պակասորդը չնայած բարձր է, սակայն հաստատուն կերպով աստիճանաբար կրճատւում է։
Եւ այս բոլորը ձեռք են բերուել՝ չնայած մի քանի լուրջ արտաքին ցնցումների եւ ներքին ողբերգութիւնների հակադիր ազդեցութիւններին:
Հ.- Այնուամենայնիւ, ցանկացած բարեփոխում, դրական արդիւնքներով հանդերձ, որպէս կանոն, ունենում է չնախատեսուած, անցանկալի բացասական հետեւանքներ։ Մեր պարագայում ինչպիսի՞ն են դրանք։
Պ.- Կարող եմ նշել հետեւեալը։ Զգալի տնտեսական աճի եւ նրա արդիւնքների բաշխման միջեւ գոյացել է խոր անհաւասարակշռութիւն: Թէեւ աղքատութիւնը երկրում 1998թ. 56%ից նուազել է ու ներկայումս շուրջ 25% է, եւ ընդհանուր գործազրկութիւնը իջել է 40%ից՝ շուրջ 15%, այդուհանդերձ, եկամուտների անհաւասարութիւնը դեռեւս անընդունելիօրէն մեծ է: Հայաստանում Ճինիի գործակիցը, որը չափում է երկրում անհաւասարաչափ բաշխումը, եկամտային կտրուածքով 0.27 է եղել մինչեւ անցումային շրջանը, իսկ ներկայումս այն շուրջ 0.4 է: Նշեմ, որ 1996թ. Ճինիի գործակիցը եղել է ամենաբարձրը եւ կազմել է 0.65:
Այստեղ պէտք է աւելացնել, որ Ճինիի ծախսային գործակիցը Հայաստանում զգալիօրէն աւելի ցածր է՝ մօտ 0.3, քան եկամտային գործակիցը: Այս տարբերութիւնը հիմնականում վերագրւում է ստուերային տնտեսութեանը եւ արտասահմանից դէպի Հայաստան ընտանեկան օժանդակ դրամական փոխանցումներին: Եւ հէնց այս բաշխման անհաւասարակշռութիւնն է մասամբ բացատրում ապագայ տնտեսական հեռանկարների հանդէպ հասարակութեան որոշ զանգուածների սահմանափակ վստահութիւնը եւ արտագաղթին հրահրումը: Աւելացնեմ, որ վերջերս արտագաղթը կտրուկ նուազել է եւ փոխարէնը հայրենադարձների շօշափելի հոսք է սկսուել դէպի Հայաստան:
Հ.- Իսկ ի՞նչ կ’ասէք հարկային բարեփոխումների մասին:
Պ.- Բարձր տնտեսական աճի դիմաց հարկային հաւաքագրումները եղել են անբաւարար՝ կազմելով ՀՆԱի («Ա.».- համախառն ներքին արտադրութիւն) շուրջ 14%ը (կամ ՀՆԱի շուրջ 17%ը՝ ներառեալ ընկերային ապահովագրութեան վճարումները): Սա բաւարար չէ որեւէ երկրում պետական ղեկավարման, պաշտպանութեան, անվտանգութեան եւ ընկերային յոյժ առաջնահերթ պահանջները լիարժէք եւ արդիւնաւէտ հոգալու համար: Հարկային հաւաքագրումները պէտք է կազմեն ՀՆԱի շուրջ 20%ը, եւ այդ մակարդակին մենք աստիճանաբար պէտք է ձգտենք հասնել: Այստեղ խնդիրը ոչ թէ հարկերի բարձրացումը կամ նոր հարկերի ներդրումն է, այլ հարկային կարգապահութեան եւ հարկային հաւաքագրումների զգալի բարելաւումը:
Շեշտեմ, որ յաճախ գլխաւոր մեղաւորը պետական պաշտօնեան է, ոչ թէ գործարարը, եւ խնդրի լուծումը ոչ թէ գործարարին կեղեքելն է, այլ օրէնքով սահմանուած հարկերի հաւաքագրումը, իսկ մեղադրեալ պաշտօնեաների դէմ քրէական գործ յարուցելը, ժողովրդի վստահութիւնը նեղ անձնական նկատառումներով չարաշահելու համար: Ցաւօք, նրանք, որ մեծապէս օգտւում ու շահում են նոր տնտեսական բարենպաստ պայմաններից, շրջանցում են իրենց պարտականութիւնները դէպի հանրութիւնը՝ հարկերից խուսափելով, եւ վտանգում մեր պետականութիւնը եւ նոյնիսկ վտանգում հէնց իրենց շահերի յարատեւելիութիւնը:
Հ.- Հաշուի առնելով այս խնդիրները՝ դրանց լուծումների հարցում ի՞նչ մօտեցումներ են որդեգրւում։
Պ.- Նշուած բացասական երեւոյթներից պարզ է, որ անհրաժեշտ է կտրուկ ուժեղացնել ընկերային եւ տնտեսական ռազմավարութիւնների եւ քաղաքականութիւնների թէ՛ բովանդակային եւ թէ՛ վարչական համակարգումը՝ բարելաւելու տնտեսական աճի որակը, ընկերային արդարութիւնն ու բաշխման հաւասարակշռութիւնը եւ, այսպիսով, օժանդակելու հանրապետութեան զարգացման կենսունակութեանը:
ՀՀ նախագահի առաջնորդած տնտեսական ռազմավարութիւնը վերակենտրոնացրել է բարեփոխումների ծրագրերը, որոնց ողնաշարը այժմ մասնաւոր ներդրումներն են՝ որպէս զարգացման խթան՝ աւելացնելու արտադրութիւնը եւ բարձրացնելու արդիւնաւէտութիւնը:
Այս քաղաքականութեան իրականացման կիզակենտրոնն է՝ աւարտել միջին ու խոշոր պետական ձեռնարկութիւնների մասնաւորեցումը եւ ներքին ու օտարերկրեայ դրամագլխի արագ ներգրաւումը՝ օժանդակելու արդիւնաւէտ ներդրումները մասնաւոր հատուածում եւ հիմնական ենթակառուցուածքներում՝ բարձր տնտեսական աճ եւ զբաղուածութիւն ապահովելու համար:
Միեւնոյն ժամանակ, յատուկ ուշադրութիւն է դարձուելու ընկերային ներդրումներին՝ յատկապէս կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում։ Դրանք վճռորոշ կը լինեն՝ ապահովելու բարձր տնտեսական աճի յարատեւելիութիւնը եւ անցումային շրջանում բարեփոխումների հանդէպ ժողովրդի վստահութիւնը՝ աղքատութեան յաղթահարման համապարփակ ռազմավարութեան ներքոյ:
Հ.- Պետական կառավարման բարեփոխումների բնագաւառում ի՞նչ քայլեր են նախատեսւում։
Պ.- Պետական միջոցների արդիւնաւէտ համախմբման եւ յատկացման համար ռազմավարութիւնն այժմ պահանջում է, որ կառավարման վարչամեքենան կտրուկ կրճատի վատնումները եւ փտախտը, բարեփոխի հարկերի ու մաքսատուրքերի կառավարումը եւ բարելաւի պետական ծառայողների համակարգը: Եւ այսպիսով, տնտեսած միջոցները վերաբաշխուեն առաջնահերթ նպատակների ուղղութեամբ: Մասնաւոր միջոցների համախմբման համար ռազմավարութիւնը պահանջում է մի շարք համապարփակ եւ ներդաշնակ միջոցառումներ՝ ապահովելու բարենպաստ միջավայր թէ՛ ներքին եւ թէ՛ օտարերկրեայ ներդնողների եւ ընդհանրապէս գործարարութեան զարգացման համար:
Նոր նախաձեռնութիւնները կոչուած են բարելաւելու գործարար միջավայրը, հեռացնելու ներդրումների վարչական խոչընդոտները եւ վերացնելու փոքր ու միջին մասնաւոր գործարարութեան աւելորդ կանոնակարգումներն ու արգելքները:
Վերջին տարիների զարգացումների Հայաստանը զգալիօրէն բարելաւել է իր դիրքը գործարար աշխարհում: Աշխարհահռչակ «Հերիթէյճ» հիմնադրամի եւ «Ուոլ սթրիթ ճըռնըլ» թերթի հրատարակած՝ 2004թ. «Տնտեսական ազատականութեան ինտեքս»ի համաձայն՝ նորանկախ հանրապետութիւններից Հայաստանը «ամենաբացն ու ներդրումների նկատմամբ պատրաստակամն է»: 1996թ. իր գրաւած 115րդ տեղից Հայաստանը 2005թ. բարձրացել է 27րդ տեղը՝ համատեղելով Ճապոնիայի հետ եւ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան եւ Նորվեկիան, եւ կտրուկ առաջ անցնելով իր անմիջական հարեւան երկրներից: Նոյն զեկոյցի համաձայն՝ Վրաստանը զբաղեցնում է 68րդ տեղը, Թուրքիան՝ 85րդ տեղը, Ատրպէյճանը՝ 123րդ տեղը եւ Իրանը՝ 156րդ տեղը:
Հ.- Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է ընկերային-տնտեսական բարեփոխումների յառաջիկայ ռազմավարութիւնը։
Պ.- ՀՀ ընկերային-տնտեսական ռազմավարութեան կարեւոր մաս է աղքատութեան յաղթահարումը մասնաւոր հատուածի աճով պայմանաւորուած աշխատատեղեր ստեղծելու եւ ընկերային ենթակառուցուածքներում (առողջապահութիւն, կրթութիւն, քաղաքացիական հասարակութիւն) ներդրումներ կատարելու միջոցով եւ զուգահեռ ու լրացուցիչ պետական ու մասնաւոր հատուածի ջանքերով:
Ներկայիս արագ եւ փոփոխուող բարձր արհեստագիտութեան միջազգային տնտեսութեան պայմաններում բարձրորակ աշխատուժով համալրումը, բնակչութեանը նոր տնտեսական կարգերի հմտութիւններով վերապատրաստումը եւ հիմնական կրթութեան ու առողջապահութեան ծառայութիւնների անաչառ ապահովումը աղքատութեան կրճատման ռազմավարութեան հիմնական բաղադրիչներից են, այսինքն՝ ներդրումներ, արտադրութիւն, արդիւնաւէտութիւն, արտահանմամբ պայմանաւորուած յաւելեալ աճ, եւ այսպիսով՝ կենսամակարդակի աստիճանական բարելաւում՝ աւելի մեծ զբաղուածութեան եւ աւելի բարձր աշխատավարձերի միջոցով:
Բարեփոխումների այս ծաւալուող քայլերը եղել եւ շարունակում են մնալ հիմնաքարային եւ հեռանկարային: Պարզ է, որ անցումային շրջանում այն բոլորիցս անձնական մեծ զոհաբերութիւններ եւ վարքագծի փոփոխութիւններ է պահանջում, եւ այս փուլում բարեփոխումների արդիւնքները բնակչութեան բոլոր խաւերի համար կարող են անմիջապէս շօշափելի չլինել: Այնուամենայնիւ, մենք շարունակելու ենք բարեփոխումներն իրականացնել ժողովրդավարական ազատ քննարկումների գործընթացի, փոխզիջումների, հաշուետուութեան եւ հակակշռութեան համակարգի միջոցով եւ օրէնքի ընթացակարգերում՝ ուղղորդուելով, ի հարկէ, մեր վերականգնուած հոգեւոր արժէքներով:
Մենք համարում ենք, որ ժողովրդավարական պայմաններում իրականացուող բարեփոխումներն աւելի կայուն ու յարատեւելի են եւ ներդրումների համար վստահելի դաշտ են ապահովում: Սոցիալ-տնտեսական քաղաքականութեան համակարգումը հզօրացնելու եւ յաջողելու պայմաններում եւ գործարար մթնոլորտի բարելաւման ու լրացուցիչ ներքին եւ արտաքին մասնաւոր ներդրումների շարունակ ընդլայնման շնորհիւ, այս տասնամեակի համար մեզ հնարաւոր կը լինի ապահովել տարեկան աճի տեմպի երկնիշ ցուցանիշ, եւ այդ աճի արդիւնքների յառաջատուական բաշխմամբ բարեփոխումների օգուտները ողջ բնակչութեան համար զգալի կը լինեն՝ կեանքի որակի աստիճանական բարելաւման միջոցով: