Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Նախորդ անգամ Արգամ Մանասեանին եւ Աշոտին հետ, գաղտնօրէն ձայնագրուած խօսակցութիւն մը «մտիկ ըրինք»… կարդալով: «Օրէնքով գող» Վլէին եւ Սամսոն Իվանիչին միջեւ կայացած խօսակցութիւնը շատ հարցեր պարզաբանեց. անոնցմէ հիմնականը ան է, որ Վլէն հրաման տուած է Սամսոն Իվանիչին (որուն «մաֆիա»ի անունը «Կոտոշ» է), եօթանասուն հազար ռուբլիի դիմաց պաշտօն մը ապահովել. որո՞ւն աթոռն է այդ մէկը արդեօք…: Շուտով կը յստականայ:
***
««- Քեզ ո՞վ էր ասում՝ մինիստր (նախարար) դառնաս, – ծիծաղեց Վլէն: – Լաւ խաղամոլ էիր, էլ ի՞նչ էիր ուզում: Ապրէիր հանգիստ…»
«- Լա՜ւ խաղամոլ… Լաւ խաղամոլը քեզ եօթանասուն հազար ռուբլի չէր տարուի… Ով հասնում է՝ ֆռռացնում է ինձ»:
«- Էլի սկսեցիր նվնվալ, – արհամարհանքով ասաց Վլէն: – Հօրդ փողերն ես տարւում, էլի, կամ էլ թէ հալալ քրտինքդ: Կարծում ես չիմացա՞յ, թէ քանիսով տուեցիր շոքոլատի ցեխը (տուրմի արտադրամասը): Կամ թէ ինչի յանկարծ շաքարի պահեստում չոփուռ Մանուկին նշանակել տուեցիր… Բերանս չի բացի, հա…»
«- Դու նստի իմ փողերը հաշուի, – փնթփնթաց Սամսոն Իվանիչը»:
«- Ինչի՞ չպէտք է հաշուեմ, էգուց-միւս օրը էլի իմ ճեպն (գրպանը) են մտնելու, – ծիծաղեց Վլէն»:
«- Երկու շաբաթ, Վլէ,- աղաչական ձայնով ասաց մինիստրը: – երկու շաբաթ»:
«- Օֆ, հաց հաւաքող ես, էլի… երկու շաբաթ յետոյ կա՛մ հրաման, կա՛մ փողս՝ տոկոսներով… Թէ չէ դու ինձ լաւ գիտես, Սարի Թաղի Սամo: Հա, լսի, ձեր մինիստրութիւնում գիտե՞ն, որ քո խուլիկանական անունը «Կոտոշ» է»:
Մինիստրն ինչ-որ բան պատասխանեց, բայց չլսուեց: Երեւի թիկունքով էր կանգնած դէպի միքրոֆոնը (բարձրախօսը): Յետոյ լռութիւն տիրեց, այնքան երկար, որ Արգամ Մանասեանին թուաց, թէ ձայնագրութիւնն աւարտուել է: Եւ քիչ մնաց վեր թռչէր, լսելով այդ Վլէ կոչուածի ճիչը.
«- Արա, Մանո՞ւկ, ի՞նչ եղաւ քեզ: Դէ արի…»
Ու հայհոյեց:
Լսուեց չխկոց ու ձայնագրութիւնն աւարտուեց: Եւ նորից հնչեց Անբախտ Աբրահամի ձայնը: Հարսանիքի աղմուկ էր, ու նա ինչ-որ քաւորի կենաց էր խմում հրճուանքով:
Աշոտն անջատեց մակնիթոֆոնը (ձայնագրութեան մեքենան), նայեց իր նախկին տնօրէնին:
– Պէտք կը գա՞յ, Արգամ Պետրովիչ:
Արգամ Մանասեանը քրտնել էր: (…) Թաշկինակը մի վայրկեանից ջուր դարձաւ:
– Ասում եմ՝ պէտք կը գա՞յ, Արգամ Պետրովիչ, – կարծելով, թէ Մանասեանը չլսեց, կրկնեց վարորդը:
– Չգիտեմ, Աշոտ ջան, – ասաց Արգամ Մանասեանը: – Բայց դու ո՞նց ես յաջողացրել այս ձայնագրութիւնը:
– Չեմ ասի, Արգամ Պետրովիչ, մի նեղացէք: Ես խօսք եմ տուել:
– Դէ, ի հարկէ, ի հարկէ, – անմիջապէս համաձայնուեց Արգամը: – Իսկ այդ Վլէն ջահե՞լ տղայ է: Շատ առոյգ էր ձայնը:
– Ձեզանից մեծ կը լինի, – ամաչելով համեմատութեան համար, ասաց Աշոտը: – Նրա տղաները լաւ գործի են: Մէկը Գլխկազի պետի տեղակալն է, իսկ միւսը՝ կօշիկի գործարանի տնօրէնը:
– Իսկ ինքն, ուրեմն, գո՞ղ է:
– Գող է, Արգամ Պետրովիչ, զակոննի (իսկական, oրէնքով) գող…
(…)
Արգամ Մանասեանը մտքերի մէջ ընկաւ: Ի՞նչ է անելու այս ժապաւէնը: Սա, ի հարկէ, ռումբ է: Բայց ի՞նչ հետեւանք կ՛ունենայ դրա պայթիւնը: Եթէ, ինչպէս Աշոտն է ասում եւ ինչպէս համոզուած է ինքը, Սամսոն Իվանիչը միայն կատարող է, ուրեմն միտք ունի՞ (իմաստ ունի՞) պայթեցնլ նրան: Ի՞նչ կը տայ դա: Բայց միւս կողմից էլ ինքը՝ Արգամ Մանասեանը, որպէս մարդ եւ կոմունիստ (համայնավար), իրաւունք ունի՞ թաքցնելու այս փաստը: Պարտաւոր չէ՞ ահազանգել ամենուրէք, եւ աւելի շատ՝ վերեւներում, թէ ինչ էք անում, արթնացէք, դուք գիտէ՞ք, թէ ով է մինիստրը, Կենտկոմի անդամ եւ Գերագոյն խորհրդի դեպուտատ (պատգամաւոր) Սամսոն Յովհաննէսի Պատալեանը: Սովորական, աւելի ճիշդ՝ արտասովոր մի խաղամոլ, կաշառակեր ու գող, «Կոտոշ» մականունով նախկին խուլիկան, Սարի թաղի Սամոն: Եւ այդ գողն ու աւազակը ղեկավարում է մի ամբողջ մինիստրութիւն, տնօրինում հարիւրաւոր եւ հազարաւոր մարդկանց բախտը, կրակոտ ելոյթներ ունենում ամպիոններից, աշխատողներից պահանջում ազնուութիւն եւ բարեխղճութիւն, կոչ անում անձնուէր աշխատանքով, բարոյական բարձր յատկանիշներով, յաղթական քայլերով գնալ դէպի կոմունիզմի (համայնավարութեան) լուսաշող գագաթները: (…)
– Աշո՛տ,- ասաց նա կրկին աւտոմեքենայ (ինքնաշարժ) նստելով, – մի շարժուիր ու նորից միացրու այդ ժապաւէնը:
Նա լսում էր գրեթէ շունչը պահած, աւելի ու աւելի սարսափելով: Այս ի՞նչ է կատարւում: Ի՞նչ է կատարւում: Եւ ի՜նչ հանգիստ են խօսում ցեխերի (արտադրամաս) ու պահեստների վաճառքի մասին: Յետոյ, ուրեմն, միանգամայն իրաւացի է Աշոտը. պարզւում է, որ իր տեղը որոշակի գին է ունեցել: Եթէ այստեղ խօսքը «Արգիշտի» գործարանի տնօրէնի պաշտօնին էր վերաբերում, իսկ դրանում Արգամ Մանասեանը համոզուած էր, ապա ուրեմն իր աթոռն արժէ մօտ եօթանասուն հազար ռուբլի եւ Վռամ Մաշուրեանը պատրաստ է տալ այդ գումարը: Ուրեմն հարիւր տոկոսով իրաւացի էր Մհեր Սամսոնեանը, երբ ասում էր, թէ եթէ չես վճարում վերեւներին, էլ քեզ ինչի՞ համար պիտի պահեն: Ուրեմն Սամսոն Իվանիչին ընդամէնը մի առիթ էր հարկաւոր, որպէսզի ազատուի «ժլատ ու անհասկացող» Արգամ Մանասեանից եւ աճուրդի հանի նրա աթոռը: Ի հարկէ:
– Աշոտ, – ասաց նա դատախազութեան շէնքի մօտ իջնելով աւտոմեքենայից: – Աշոտ ջան, ես դեռ չգիտեմ, թէ ինչ պիտի անեմ այս անիծուած ժապաւէնը: Բայց բոլոր դէպքերում շնորհակալ եմ քեզանից: Ո՞վ գիտէ, գուցէ թէ հենց սա է ինձ փրկողը:
Վարորդը շառագունեց գովասանքից:
– Արգամ Պետրովիչ, բայց դուք գիտէք, չէ՞, որ լուսանկարներն ու ձայնագրութիւնները դատարանում իբրեւ ապացոյցներ չեն անցնում:
Արգամ Մանասեանը ժպտաց.
– Իսկ դո՞ւ որտեղից գիտես, սիրելի հետախոյզ:
Վարորդն աւելի կարմրեց.
– Այնտեղից (բանտ մնացած է Աշոտը. «Այնտեղը» բանտն է) , – ասաց նա: – Այնտեղ, Արգամ Պետրովիչ, մարդ ահագին բան է սովորում: Ես, օրինակ, եթէ ձեր տեղը լինէի, ժապաւէնը կ՛արտագրէի մի քանի անգամ: Ո՞վ գիտէ, թէ ինչ կարող է պատահել:
Արգամ Մանասեանը գլխով արեց:
– Խելօք խորհուրդ է»:
***
Երբ Արգամ Մանասեան Աշոտին կ՛ըսէ, թէ ձայնագրութիւնը կատարած ընկերները կրնան դժուար կացութեան մատնուիլ՝ Աշոտ կը հանգստացնէ զինք, յայտնելով, որ ընկերները իրենց մեքենաներուն մէջ եղած են ձայնագրութեան ժամանակ: Իսկ խաղամոլները շատ հաւանաբար իրարմէ կասկածին եւ զիրար բզկտեն… Բայց Արգամ Մանասեան կը պնդէ:
***
«- Աշոտ, իսկ պէտք չէ՞, որ մենք ինչ-որ բան անենք քո ընկերների համար: Մարդիկ վտանգի են ենթարկել իրենց, չարչարուել են…Գուցէ…
Աշոտը չթողեց, որ նա աւարտի խօսքը եւ ասաց խռոված ձայնով, արժանապատուութեամբ.
– Աշխարհում ամէն ինչ չէ, որ կարելի է փողով անել, Արգամ Պետրովիչ: Կը ներէք, ի հարկէ:
Արգամ Մանասեանը ամաչեց.
– Ներիր ինձ, – ասաց նա շտապով: – Ներիր, հա՞, Աշոտ: Ես ինձ լրիւ կորցրել եմ, տղաս…»: