ԽԱՉԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Մի փոքր ժամանակ նուիրէք ու կարդացէք այս մէկը, կամ էլ ձեւացրէք թէ անիմաստ է նման նիւթերի վրայ ժամավաճառ լինելն ու շարունակէք ապրել, ինչպէս որ ապրում էիք:
Կիրակնօրեայ Los Angeles Times-ը հետաքրքիր յօդուածներ ունի իր էջերում, երբեմն: Այսօրուանն էլ բացառութիւն չէր: Անձրեւոտ օրը պարզապէս ստիպում էր մի բաժակ թէյ պատրաստել ու թերթել այն: Նախավերջին էջում մի յօդուած էր զետեղուած No More “Harmless” Recreational Drug Experimentation վերտառութեամբ: Կարճ՝ «ֆենտանիլ» անուանումը կրող մահաբեր թմրանիւթի վտանգների մասին տեղեկութիւններ էր տալիս հեղինակը: Փաստ. Միացեալ Նահանգներում 18ից 45 տարեկան չափահասների մահուան գերակշռող պատճառը բաժին է ընկնում ֆենտանիլին, որն աւելին է քան միւս պատճառները՝ ինքնասպանութիւնը, զէնքի գործածման արդիւնքում մահուան ելքը, ինքնաշարժի արկածի հետեւանքով մահերը:
Վերջերս Նիւ Եորքի բնակիչներից 3ը կոկային էին պատուիրել, արդիւնքում դրա փոխարէն ֆենտանիլ էր առաքուել, տեղն ու տեղը զոհուել էին: Լոս Անջելեսի Վենիս Կանալ ամենաթանկ բնակավայրերից մէկում դարձեալ 3 բնակիչ կոկային էին պատուիրել, չէին էլ կասկածել, որ կոկայինի փոխարէն ֆենտանիլ էին «քաշելու քթներին», զոհուել էին: Հիւսիսային Կալիֆորնիայում 17 տարեկան մի անձնաւորութիւն «Փերկօսէթ» դեղ էր գնել փողոցային վաճառականից, արդիւնքում… նոյն ելքը: Լոս Անջելեսի դպրոցներից մէկում 15 տարեկան աղջնակը ցաւազրկող դեղ էր կուլ տուել, տեղն ու տեղը մահացել էր, քանի որ փողոցի վաճառականից գնուածը ոչ թէ ցաւազրկող էր, այլ ֆենտանիլ:
Մեքսիկայից հիւսիս ուղղորդուող թմրանիւթերի գերակշռող մեծամասնութիւնն բաժին է ընկնում ֆենտանիլին: 2021ին 107,375 մարդ զոհուել է թմրանիւթերի չարաշահման արդիւնքում, համաձայն ամերիկեան CDC-ի՝ Center for Decease Control (Հիւանդութիւն զսպող կեդրոն) հեղինակաւոր կազմակերպութեան հրապարակած տեղեկութեան: Ֆենտանիլն օգտագործում են հիւանդանոցներում, այն ուժեղ ցաւազրկող է: Գաղտնիքը նրանում է, թէ հիւանդանոցներում կարողանում են գերճշգրիտ ձեւով սահմանափակել հիւանդին տրուող չափաբաժինը, իսկ փողոցային թմրավաճառները չունեն նման հնարաւորութիւն: Այսինքն կասկածում եմ, որ նրանց դա հետաքրքրում է: Նրանք միայն շահոյթով են առաջնորդւում: Իսկ շահոյթը ահռելի չափերի է հասնում: Դատէք ինքներդ: Ֆենտանիլը շատ էժան է համեմատած կոկայինի ու հերոյինի, դրա առաջին օգտագործումը առաջացնում է անխուսափելի կախուածութիւն, աւելի հզօր՝ քան հերոյինը: Հիմա. Հէնց նոր վերադարձանք սգոյ արարողութիւնից: Իմ հարազատներից մէկն էր մահացել՝ Երեւանում: Լաւ մարդ էր: Սովորութեան համաձայն, մի հարազատի գերեզման այցելելուց յետոյ հոգեճաշ էին մատուցել: Ճաշարանի տնօրէնի հետ էի զրուցում, եւ ահա թէ ինչ պատմեց. «Մի քանի ամիս առաջ Հայաստանից ջահել տղայ էր եկել, ծնողների ուրախութեան սահմանը չկար: Քէֆ էին կազմակերպել իմ ռեստորանում (ճաշարան) ինքնամոռաց պարում էին, հրճւում: Անցեալ օրն, այդ նոյն երիտասարդի հոգեհացն էր է: Ո՞նց, ի՞նչ եղաւ: Overdose-ից էր մահացել: Ծնողները մեռած էին՝ անթաղ: Հօր աչքերը մի կէտի վրայ էին սեւեռուած, իսկ մայրն անընդհատ կրկնում էր. «Ինչի՞ բերեցի, ինչի՞…»»:
Ցաւալի է, շա՜տ է ցաւալի: Նոր մարդ է աշխարհ գալիս, երջանկացնում ծնողներին ու շրջապատին: Ինչպէ՞ս է լինում, որ ընկնում են սատանայի ճանկն ու ոչ միայն իրենց կործանում, այլ խամրեցնում իրեն սիրող մարդկանց օրը, յարուցելով անդառնալի կորուստ ու անտանելի ցաւ: Տարիներ առաջ էր, հայ աշակերտներից մէկի մօտ մարիհուանա էին յայտնաբերել: Բերեցին ինձ մօտ: Երկար զրուցելուց յետոյ հօրը դպրոց կանչեցի: «Հա՜ դէ Մելիքեան ջան, ի՞նչ էք իրար խառնուել, ջահելութիւն այ արել: Ընենց աղմուկ էք սարքել կարծես, թէ մարդ սպանած լին»ջ: Պապանձուել էի: Մի՞թէ կարող էի ինչ որ ձեւով իրեն բացատրել, որ ոչ ոք միանգամից լուրջ թմրամոլ չի դառնում. ամէն ինչ սկսւում է փոքրից:
Գործն աւելի դժուարացել է մարիհուանայի օրինականանալուց յետոյ: Մեզ մօտ կարող էք մտնել խանութ ու «անձնական օգտագործման» մարիհուանա գնել, ասենք՝ ծխախոտի պէս: Արդիւնքում շատ շատերի մօտ արդէն սովորութիւն է դարձել: Առաջ հաւաքւում էին «մի երկու բաժակ» խմելու, հիմա «մի երկու քաշ» քաշում են: Ո՞նց բացատրէի, որ մարիհուանա ծխողների մի ահագին մաս կը կանգնի այդ սահմանին ու առաջ չի գնայ, բայց մի զգալի մասն էլ կը շարունակի իր «երթեւեկութիւնը» աւելի վտանգաւոր ուղղութեամբ, որտեղից ետդարձ չկայ:
Ընտրութիւն ունէք, ծնողներ, տատիկներ, պապիկներ: Կարող էք ձեւացնել թէ ամէն ինչ կարգին է ու շարունակել մտածել «ջահել է, պիտի ջահելութիւն անի», կամ ամենավաղ հասակից զգուշաւորութեամբ տեղեկացնել երեխաներին թմրանիւթի կործանարար հնարաւոր ազդեցութեան մասին:
Մի ուրիշ դէպք: Ինչ-ինչ պատճառներով ծանօթներիցս մէկի եղբայրը 45 տարեկանում սկսեց օգտագործել: Մինչեւ այդ նոյնիսկ օղի չէր խմում: Երբ տարել էին վերականգնողական շատ թանկարժէք մի հաստատութիւն, բժիշկը հարազատներին հետեւեալն էր ասել. «Այն մարդը ում ճանաչում էիք, այլեւս գոյութիւն չունի: Դուք նոր մարդու հետ գործ ունէք հիմա եւ պէտք է շատ զգոյշ լինէք, հոգատար, ու ոչ մի դէպքում անուշադրութեան չմատնէք իր որեւէ տարօրինակ վարքը»: Ի՞նչ կը լինի, եկէք ջայլամ չլինենք մեր հարազատների նկատմամբ:
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ ի չարէն…