ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

«Ուրախ Ենք, Որ Հոս, Լոս Անջելեսի Մէջ, Կրցած Ենք Չորս Սերունդ Հայ Պահել». Քրիստին Քէշիշեան
Մի ներքին ցանկութիւն կար զրուցելու Օննիկ Քէշիշեանի հետ: Հանդիպում էինք «Լարք» երաժշտական ընկերակցութեան համերգների, տարբեր միութենական ձեռնարկների ժամանակ: Լսել էինք, որ եղել է դասախօս, տնօրէն, տարել է հայանպաստ աշխատանքներ, եւ ունէինք ոչ-ամբողջական տեղեկութիւններ. ուշացել էինք տեսնելու այն եռանդուն գործունէութիւնը, որ նա վարել էր ամերիկահայ գաղութում, եւ ուզում էինք լսել այդ աշխատանքների մասին:
Այցելեցինք տէր եւ տիկին Օննիկ եւ Քրիստին Քէշիշեանների առանձնատունը՝ հարցերով բեռնաւորուած, սակայն մէկ կողմ դնելով դրանք, յանկարծ հետաքրքրուեցինք, թէ ինչպէ՞ս են ընտրել այս գողտրիկ վայրը՝ Հոլիվուդ, Սանսէթ: Օննիկի հայրը՝ «Կարաչիէն մինչեւ Աթէնք միակ դերձակ» համարուող Գէորգ Քէշիշեանը՝ գալով Պէյրութից, գնել էր այս տունը 1960ականներին, եւ մենք գտնւում էինք Քէշիշեանների պապենական տան մէջ:
Բաւական ճիւղաւորուած էր ընտանիքի պատմութիւնը՝ տարբեր երկրներ, զանազան պաշտօններ, բազմազան աշխատանքներ, մեծ գերդաստան:
Մարաշցի էին ծնողները: Նրանց ընտանիքում կային՝ անգլիքան եկեղեցու պատուելի, Իսկենդերունի հիւպատոսութեան մէջ ներկայացուցիչ, կար նաեւ վկայեալ քարոզիչ: Տարագրութեան Մարաշ-Հալէպ-Երուսաղէմ, յետոյ Փարիզ, Լոնդոն ճանապարհից յետոյ ամուսնանում է Գէորգը Էօժենի Աւագեանի հետ, եւ 1932 թուականին ծնւում է Օննիկը (ապա Օշինը, իսկ Անգինէն արդէն կար): Երեխան այնքան փոքր է ծնւում, որ ամէն վայրկեան սպասում են, թէ կը մահանայ. որոշում են մկրտել, որպէսզի կնքուած թաղուի: Վերապրում է մանուկը: Երբ լսում էինք, Քրիստինը ժպիտով միջամտեց. «Այնքան լսած եմ այս պատմութիւնը իր մօրմէն եւ մօրաքոյրներէն, կը կարծեմ թէ ես ծնած եմ Օննիկը»: Եւ մինչ օրս նուիրուած կողակիցը մանկան հոգատարութեամբ հետեւում է իր ամուսնուն:

Կարող ենք Օննիկին շատ ամփոփ ներկայացնել՝ օգտուելով Idaho Sunday Journal-ի (12-4-1966) յօդուածից, ուր խօսւում է Idaho-ի նահանգային համալսարանի դասախօս Քէշիշեանի մասին, որ իր չորս ուսանողների հետ մեկնել էր Utah-ի համալսարանը՝ մասնակցելու Միջին Արեւելքի պատմութեան նուիրուած գիտաժողովի. «Օննիկ Քէշիշեանը՝ պետութիւնը ներկայացնող ուսուցիչ Այդահոյի նահանգային համալսարանում, ընկերակցում էր ուսանողներին (անունները): Քէշիշեանը միացել է համալսարանի ուսուցչակազմին այս տարեշրջանում: Միջին Արեւելքի, պետութեան միջազգային եւ բաղդատական կապերի մասնագէտը ծնուել է Երուսաղէմում եւ այս երկիր է եկել 1956 թուին: Յաճախել է Պէյրութի Ամերիկեան համալսարանը եւ աւելի ուշ Լիբանան է եկել որպէս ամերիկեան զինուոր, ունեցել է թարգմանչի հանգամանք: Եղել է օտար թղթակից Միջին Արեւելքում, նաեւ լրագրի թղթակից, երկրորդական վարժարանի եւ քոլեջի ուսուցիչ՝ Կալիֆորնիայում: Ունի BA եւ MA աստիճանները ընկերային ուսմանց եւ քաղաքական գիտութիւնների մասնագիտութիւններով Կալիֆորնիայի պետական քոլեջից եւ PhD-ի թեկնածու է Claremont Graduate School, CA դպրոցից: Քէշիշեանը ընթացքի մէջ է վերակազմաւորելու Այդահոյի համալսարանում Միացեալ ազգերի քոլեջական խորհուրդը, մի կազմակերպութիւն, որն ուղղուած է խթանելու ուսանողի արթնութիւնը միջազգային կապերի հանդէպ եւ խորացնելու նրանց հասկացողութիւնը Միացեալ ազգերի գործողութիւնների նկատմամբ»:
60 տարի առաջ գրուած նիւթից ելնելով՝ այս աշխատանքները կարելի է համարել Քէշիշեանի մասնագիտական ձեւաւորման սկիզբը, նաեւ՝ ամերիկեան հասարակութեան մէջ ինքնադրսեւորման հաստատուն քայլերը: Քրիստինը ասում է. «Հայ ենք մենք, չենք կրնար կղզիանալ, անպայման պէտք է որպէս ամերիկեան քաղաքացի կապ ունենանք ոչ միայն հայ, այլեւ ամերիկեան շրջանակներու հետ: Միշտ ընտրութիւն (vote) ըրած ենք առաջին օրէն եւ չենք կեցած: Չենք կրնար գանգատիլ որեւէ բանէ, եթէ մասնակցութիւն չունենանք»:
25 տարեկան հասակում Օննիկը ոտք է դնում Միացեալ Նահանգներ որպէս մշտական քաղաքացի, պաղեստինեան վտարանդիների համար սահմանուած օրէնքի հիման վրայ: LA Times-ը (18 Օգոստոս 1957) գրում է. «Երուսաղէմում ծնուած Օննիկը… ամբողջացրել է 7 տարուայ քոլեջի պատրաստութիւն երկու երկրներում (յաճախել է նաեւ Պէյրութի Աւետարանական քոլեջը), տիրապետում է 4 լեզուների, ղեկավարել է երկու գիշերային դպրոցներ Պէյրութում, աշխատել է որպէս խմբագրի օգնական Պէյրութում հրատարակուող անգլերէն շաբաթաթերթի, կազմակերպել եւ որպէս խմբագիր ներկայացրել է թերթեր իր յաճախած դպրոցներում եւ համալսարաններում, աշխատակցել է լուրերի ամերիկեան գլխաւոր գործակալութիւնների հետ»:
Սակայն, այնուամենայնիւ Օննիկը ուզում էր գալ Միացեալ Նահանգներ:
Առաջին աշխատանքը, որ սկսում է կատարել ամերիկեան ցամաքամասում, պաշտօնավարելն էր LA Times-ում: 6 ամիսներ անց արդէն զօրակոչւում է բանակ եւ ամերիկեան զինուորը մեկնում է Լիբանան: Ասում է Օննիկը. «Ամէնէն երջանիկ զինուորն էի, քանի որ ծնողքս հոն էին տակաւին»: Նա ծառայել է նաեւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում:

Զինուորական շրջանն աւարտելուց յետոյ Քէշիշեանն ամբողջացնում է իր ուսումնառութիւնը Ամերիկայում: Մինչ Օննիկը որոշում էր իր դոկտորական թէզի թեման, դոկտ. Շումանը, որ այցելու դասախօս էր համալսարանում ասում է՝ ինչո՞ւ չես գրում հայութեան մասին, եւ աւարտաճառի թեման լինում է՝ «Integritive and Dysfunctional factors in the formation of the Armenian nation»: Օննիկ Քէշիշեանը ստանում է Ph.D.-ի վկայականը Claremont Graduate School, CA դպրոցից: Իմիջիայլոց, Օննիկը յայտնում է, որ Նարէկ որդին միշտ յորդորում է տպագրել այդ աշխատանքը, իսկ ինքը մտածում է. «Է՜հ, ո՞վ է կարդացողը»: Պէտք է տպագրուի՝ մեր պատմութեան համար:
Այնուհետեւ ստանձնում է քաղաքական գիտութիւնների եւ միջազգային յարաբերութիւնների դասախօսի պաշտօնը Այդահոյի նահանգային համալսարանում: Այստեղ դասաւանդած տարիներին համալսարանի թերթը հրատարակում է յօդուած Քէշիշեանի մասին, ուր ասւում է, թէ Քէշիշեանի դասախօսութիւնները համեմւում են նրա պատմած անեկդոտներով: Դրանցից մէկն էր, երբ Օննիկը յիշում է թէ ինքը եւ Յորդանանի ապագայ թագաւոր Հուսէյնը նոյն դասարանում էին (Յորդանանում) եւ սիրահարուած էին միեւնոյն աղջկան այնքան ժամանակ, մինչեւ որ հայրերը տանում են նրանց տարբեր դպրոցներ: Քէշիշեանը ապա դասախօսում է Նիւ Եորքի նահանգային համալսարանների երկու մասնաճիւղերում՝ Պոտսդամ եւ Փլեթսբուրգ, ինչպէս նաեւ՝ Վըրճինիայի Փոլիթեքնիկ հիմնարկութեան մէջ: Այս բոլոր հաստատութիւններում Օննիկ Քէշիշեանը հիմնում է ուսանողական միութիւններ, կազմակերպում է գիտաժողով միջազգային յարաբերութիւնների վերաբերեալ, մասնակցում է գիտաժողովների իր մասնագիտութեան գծով:
Պրոֆ. Բըրտմանի հետ համագործակցաբար 1970 թուին Պոտսադամի համալսարանում սկսում են հրատարակել «Ագորա» (յուն.- շուկայ) պարբերականը, դարձնելով գաղափարների հրապարակ այն, որ բաշխւում էր ողջ Միացեալ Նահանգների տարածքով:
Ընտանեօք Արեւելեան ափում գտնուելով, դժուար էր զաւակների հայեցիութեան պահպանումը: Հայկական եկեղեցի յաճախելու եւ հայ տեսնելու համար Կիրակի օրերին նրանք մեկնում էին Մոնթրէալ: Որդիներ Նարեկը եւ Գէորգը անպայման պէտք ունէին հայկական միջավայրի: Եւ երբ 1974 թուին Օննիկը Կալիֆորնիայից առաջարկ է ստանում դառնալու տնօրէն Մոնթեբելլոյի Մեսրոպեան դպրոցում, Օննիկ Քէշիշեանը՝ համալսարանի դասախօսի պաշտօնը թողնելով, ընդունում է այն: Զաւակները շրջանաւարտ են դառնում Մեսրոպեան Ազգային դպրոցից, ինքը պահեր ունէր դասաւանդելու Հայ Դատի մասին: Այստեղ մնաց մինչեւ 1980 թուականը:
Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամը, եւ Սան Ֆերնանտօ հովիտի Սրբոց Նահատակաց եկեղեցու եւ միջնակարգ դպրոցի հոգաբարձութեան նախկին ատենապետը չէր կարող հեռու մնալ հայ իրականութիւնից: Երբ հարցրինք, թէ ինչպէ՞ս դարձաք կուսակցական, Օննիկը յիշեց Պէյրութի գիշերային դպրոցներում դասաւանդելը, խանդավառութիւնը ազգային կեանքով, եւ բնականօրէն՝ իր մուտքը շարքեր: Իսկ ինչպիսի՜ գոհունակութեամբ էր ասում, որ իր կուսակցական կնքահայրը եղել է գեներալ Դրօն:

Զարմանալիօրէն Գէորգ եւ Էօժենի Քէշիշեանի ընտանիքի երեք զաւակները՝ Անգինէ, Օննիկ, Օշին, ամէն տեղ էին: 20 Մայիս 2009ի «Ասպարէզ»ում գրել էինք. «Տիկին Անգինէի գործունէութեան յատկանշական կէտերից է նրա ծառայութիւնը հայկական տարբեր գաղափարական հոսանքներին: Եթէ նրա եղբայրները՝ Օննիկ Քէշիշեանը եւ Օշին Քէշիշեանը ունեն առանձնացած յստակ ուղղութիւններ՝ ողջախոհ համագործակցութեան սկզբունքներով, ապա Անգինէն նրանց համադրումն է, որի հիմքը, անշուշտ, արուեստագէտ լինելն է: Այսպէս էինք բնութագրել Քէշիշեան զաւակներին, որ չնայած իրենց տարբեր ուղղութիւններին, ոչ մի հարց չեն ունեցել իրար հետ եւ շատ սիրով էին, ինչպէս ասում է Օննիկը:
Ազգային ենթահողն անկասկած իր ծլարձակումը պիտի ունենար Ամերիկայում, այն բոլոր վայրերում, ուր գտնւում էր Օննիկ Քէշիշեանը: Բարձրաձայնում էր Հայկական հարցը, խօսում էր հայոց մասին, կազմակերպում էր նստաշրջաններ հայկական ուսմանց վերաբերեալ: Տեղի հայկական գաղութների հետ ունենում էր սերտ համագործակցութիւններ, ինչպէս Նիւ Եորքի շրջանի Սիրաքիւզի եւ Մեսինայի հայ համայնքներում: Օննիկը ասում է՝ «ազգին համար ամէն տեղ կ՛երթայինք»: Այս հայկական գաղութները կազմաւորուել էին Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ, դրանց ներկայ սերունդները արդէն բոլորովին հեռացած էին իրենց արմատներից: Օննիկը բարձր է գնահատում այս ամերիկահայերին, որոնք իրենց օգնութեամբ թեւ ու թիկունք կանգնեցին Միջին Արեւելքի իրենց եղբայրներին եւ քոյրերին:
Մեսրոպեան դպրոցից յետոյ Օննիկ Քէշիշեանը երկու տարի դասաւանդում է Գլենդելի հանրային քոլեջում: Ապա 80ական թուականներին նա ստանձնում է Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի տնօրէնութիւնը: Այդ շրջանում, հանդէս գալով որպէս Հայ Դատի ներկայացուցիչ, Քէշիշեանը դէմ կանգնեց նահանգային Ծերակոյտի թիւ 63 որոշմանը, որ պահանջում էր անգլերէնի վաւերացումը որպէս Կալիֆորնիա նահանգի պաշտօնական լեզու: Հեռատես քաղաքագէտը զգում էր, որ այն կարող է վնասել ազգային փոքրամասնութիւնների ինքնութեան պահպանմանը եւ ասում էր. «Մենք դէմ ենք օրէնսդրական խտրականութեան» («Ասպարէզ»):
Տարիներ անց, Օննիկի յաջորդ նշանակումն էր՝ տնօրէնի օգնական Լոս Անջելեսի Միացեալ կրթական շրջանի Hollyood High School-ում: Միաժամանակ եղաւ Լոս Անջելեսի Միացեալ դպրոցական կրթաշրջանի հայկական հարցերի պատասխանատու յանձնախմբի ատենապետը:
Hollyood High School-ում, տնօրէն Dr. Jeanne Hon-ի որոշմամբ եւ կազմակերպութեամբ կարողացել էին դպրոց հրաւիրել Գարեգին Ա. կաթողիկոսին, եւ այդ աշխատանքներին օժանդակել էր Օննիկը: Կաթողիկոսը պիտի իր խօսքն ասէր հայ աշակերտութեան. միաժամանակ հրաւիրուել էին այլ պետական դպրոցների հայ աշակերտները, ինչպէս նաեւ բոլոր հայկական դպրոցների տնօրէնները: Չնայած օրէնքից դուրս էր կրօնական առաջնորդին ընդունելը, սակայն մինչեւ անգամ դպրոցի պաստառի վրայ դրուել էր նրա անունը՝ «Welcome Karekin I Catholicos Of All Armenians» (1966): Նոյնպիսի ընդունելութիւններ էին կազմակերպել նաեւ գրող, հրապարակագիր Մարք Արաքսի, հայրենի գրագիտուհի Սիլվա Կապուտիկեանի համար:

շքանշանով է պարգեւատրում մայր Էօժէնիին
Մշակութային նախասիրութիւնները մանկուց էին սերմանուել Օննիկի մօտ: Երուսաղէմում փոքր տարիքից սկսել էր ջութակ նուագել, որն ապա շարունակել էր Լիբանանում: Նա ասում է՝ ականջիս մէջ միշտ ձայներ կային, երգեր կային: Տանը երգում էր քոյր Անգինէն, որով հմայուած էին ունկնդիրները: Սակայն դեռ աւելի առաջ երգում էր մայր Էօժենին այն կատարելութեամբ, որ պատրիարքը թոյլատրում է նրան երգել եկեղեցու ժամերգութեան ընթացքին այն ժամանակներում, երբ որեւէ կնոջ արտօնուած չէր երգել այնտեղ: Քրիստինը եւս ունէր երաժշտական պատրաստութիւն. մանկուց նուագել էր դաշնամուր, հայրիկը Պէյրութում միշտ տարել էր համերգների:
Անցեալում ձեւաւորուած երաժշտական ճաշակն էր, որ տէր եւ տիկին Քէշիշեաններին կապեց Գլենդելում գործող «Լարք» երաժշտական ընկերակցութեան հետ: Քրիստինը, որ ունի մագիստրոսի աստիճան, MA եւ դասաւանդում էր ֆրանսերէն Լոս Անջելեսի Garfield High School-ում, ասում է. ««Լարք»ը շատ որակով երաժշտական կազմակերպութիւն է: Երբ համերգներուն կ՛երթանք, կը տեսնենք ձեռնարկին լրջութիւնը. առաջնակարգ մշակոյթի կեդրոն է»: Եւ որպէս գնահատանք այս հիմնարկութեան տարած աշխատանքներին՝ Քէշիշեանները վերջերս իշխանական նուիրատուութեամբ թիկունք կանգնեցին «Լարք»ին: Օննիկը այս երաժշտական դպրոցին նուիրեց նաեւ իր անձնական հնագոյն ջութակը:
Նուիրաբերելու յատկանիշը եւս ունի Քէշիշեանների ընտանեկան պատմութիւնը:
Հայր Գէորգ Քէշիշեանը ասում էր իր զաւակներին. «Ողջութեանս կ՛օգնեմ ձեզի, իսկ մահուընէս վերջ ունեցածս պիտի ձգեմ ազգիս»: Սակայն, նա կենդանութեան օրօք կատարեց իր օժանդակութիւնը Անթիլիասի կաթողիկոսութեանը՝ խնդրելով, որ միայն երկու տող գրուի այդ մասին: Քրիստինը պատմում է, թէ կեսուրհօր մահից յետոյ այդ առաքելութիւնը շարունակեց նրա տիկինը՝ Էօժէնին։ «Կեսուրմօրս մէկ ձեռքը Անթիլիասին վրայ էր, կը թղթակցէր կաթողիկոսին հետ. պահած եմ այդ նամակները»: Որպէս գնահատանք, Խորէն կաթողիկոսը՝ գտնուելով Միացեալ Նահանգներում, Քէշիշեանների բնակարանում «Կիլիկեան իշխանուհի» շքանշանով է պարգեւատրում մայր Էօժէնիին:

Սփիւռքեան հայրենասիրութիւնը որեւէ հայի համար իմաստաւորւում է Հայաստանի իրականութեամբ: Օննիկը այցելել է Հայաստան տասնեակ անգամներ, որոնցից չորս անգամը՝ Սովետական Հայաստան: Երբ ուզեցինք լսել նրա կարծիքը հայրենի ներկայ իրականութեան մասին՝ ասաց. «Կը խորհիմ, թէ սովետական շրջանին ժողովուրդը աւելի խանդավառ էր ազգային հարցերով»:
Հայրենիքը իր գնահատանքն է տալիս դոկտոր Օննիկ Քէշիշեանին: 2015 թուականին, երբ Էջմիածնում կայացող միւռոնօրհնէքի կնքահայրն էր դեռ Երուսաղէմից Օննիկի դասընկեր Հայկ Թիթիզեանը, Քէշիշեան ամոլը հրաւիրւում է այդ արարողութեանը եւ ընդունւում է պետական հիւրի հանգամանքով: Այնուհետեւ, 2016ին ստանում է կոնդակ եւ «Ս. Սահակ-Մեսրոպ» շքանշան ձեռամբ Յովնան արք. Տէրտէրեանի: «The Armenian Observer» թերթը (3 Փետրուար 2016) նշում է այն ծառայութիւնները, որոնց համար տրուել էր այդ գնահատանքը. «Նահանգային համալսարանների պրոֆեսորը թողնում է իր աշխատանքը, որպէսզի վարի տնօրէնի պաշտօն հայկական դպրոցներում: Նա ներգրաւուած է եղել հայկական ուսմանց մէջ իր ողջ կեանքի ընթացքում: Այդահոյում եւ Նիւ Եորքում, քոլեջի մակարդակով, քաղաքական գիտութիւնների կողքին նա դասաւանդել է հայկական մշակոյթ: Օննիկ Քէշիշեանը կազմակերպել եւ ղեկավարել է ՀՕՄի ամառային ուսման ծրագրեր UCLA-ում եւ Occidental քոլեջում, նաեւ՝ ամառային հայագիտական երկու դասընթացքներ «Լարք» երաժշտական ընկերակցութեան համար: Եղել է տնօրէնի օգնական Hollywood High School-ում: Քէշիշեանը հիմնել եւ վարել է հայոց լեզուի դասընթացքներ Գլենդելի հանրային քոլեջում, Լոս Անջելեսի Valley քոլեջում եւ Լոս Անջելեսի քաղաքային քոլեջում»:
Տէր եւ տիկին Օննիկ եւ Քրիստին Քէշիշեանների համար այժմ կայ ընտանիքը՝ որդիներ Նարեկը, Գէորգը եւ իր տիկին Թալինը իրենց զաւակներով՝ Դալար, Կարէն, Արամ: Քրիստինը մեծ գոհունակութիւն ունի. «Ուրախ ենք, որ հոս, Լոս Անջելեսի մէջ, կրցած ենք չորս սերունդ հայ պահել»:
Մեր յօդուածը պատրաստելիս օգտւում էինք գրութիւնների եւ նկարների այն ալբոմներից, որ խնամքով պատրաստել եւ դասաւորել էր Քրիստինը: Ծառայասէր ՀՕՄուհին, որ սկսել էր Նիւ Եորքից (Մեսինա), ապա Մոնթեբելլօ, յետոյ Հոլիվուդի «Մայր» մասնաճիւղ, եղած էր նաեւ Շրջանային վարչութեան անդամ, կարողացել էր վարչական բծախնդրութեամբ փոխանցել դէպքերի պատմական ընթացքը: Եթէ նոյնիսկ չհանդիպէինք իրար, կարելի էր այդ փաստաթղթերով վեր հանել Օննիկ Քէշիշեանի կեանքն ու գործունէութիւնը, սակայն նրանց խօսակցութիւնն է, որ համեմելու էր մեր աշխատանքը:
Առաջացած տարիքում, գործողութիւնները վերածւում են փիլիսոփայութեան, իսկ այդ փիլիսոփայութիւնը մեր ազգի պատմութիւնն է:


