Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ դիտել կու տայ, թէ հրամայական է միացեալ ջանքերով պարտադրել միջազգային հանրութիւնը` ճիշդ գնահատական տալու Ատրպէյճանի կողմէ Արցախի մէջ ցեղային զտման քաղաքականութեան, եւ զայն կանխելու ուղղութեամբ ձեռնարկելու համապատասխան միջոցներու, որոնք արդէն կ՛ուշանան:
Յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Ադրբեջանի կողմից պաշարուած Արցախում հումանիտար (մարդասիրական) աննախադէպ ճգնաժամը խորանում է:
«Այսօր Ադրբեջանը փակել է նաեւ Արցախը սնուցող գազատարը, որի արդիւնքում 120,000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիւս այլ կենսական խնդիրների, զրկուել է նաեւ ջեռուցման հնարաւորութիւնից: 30,000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը: Ողջունելով եւ կարեւորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այսօրուայ պաշտօնական նամակն աւելի քան 30 պետութիւնների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պէտք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայեացքները, բոլոր օրակարգերի գլխավերեւում ունենան աղէտալի իրավիճակում յայտնուած Արցախի հարցը եւ միասնական ջանքերով աշխարհի ուշադրութիւնը հրաւիրեն անկանխատեսելի զարգացումներով օրէցօր սաստկացող հումանիտար աղէտի վրայ:
«Սա պէտք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք պէտք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրութեանը` ճիշդ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ (ցեղային) զտման քաղաքականութեանը, եւ այն կանխելու ուղղութեամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդէն իսկ ուշանում են»: