Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութեան» թերթօնի քառասուներորդ բաժինը կը ներկայացնէր Արգամ Մանասեանի դատախազութեան շէնք մտնելը, իր դէմ եղած զրպարտութիւնները, շէնքէն սահմռկած դուրս գալը եւ վաղեմի դասընկերոջ՝ Վազգէն Միրզոյեանին գրասենեակը վազելը: Վազգէնը Կենտկոմի (Կեդրոնական կոմիտէ) բաժնի վարիչ է, բայց արդեօք բան մը կրնա՞յ ընել իր եւ Վարսիկին ընկերը այս մղձաւանջէն ազատելու համար:
Այսօրուան բաժնով պիտի հետեւինք երեք բարեկամներու ճաշին եւ խօսակցութեան:
***
«Դուռը Վարսիկը բացեց ու խեթ-խեթ նայեց Վազգէնին:
– Այ տղայ, որ զանգ տայիր՝ ի՞նչ կը լինէր:
– Մեզ ոչ մի բան պէտք չի, Վարսիկ ջան, – խեղճացաւ Կենտկոմի բաժնի վարիչը: – Ղաւուրմա, պանիր, թթու, լաւաշ, գինի…
(…)
Երբ Վարսիկը անիւաւոր սայլակի վրայից սեղանին էր դնում ուտելիքներն ու խմիչքը, Վազգէն Միրզոյեանը ձեռքերը շփում էր հիացած ու ներկայացնում մէկ-մէկ՝ բացագանչութիւններով ու մեկնաբանութիւններով:
– Էս մեր ղաւուրման… գլուխ սոխը չմոռնաս, Վարս ջան: Էս մեր լաւաշը: Ո՜ւխ: Էս մեր հորած (հորի մէջ դրուած) պանիրը: Դէ, եկ ու մի կեր: Էս գինին, գինին… մեր այգուց է, գիտե՞ս: Մալիշկա (գիւղ Վայոց ձորի մարզին մէջ): Հրաշք է: Էս շրջանակով մեղրը… Ինչքան խմած լինես, մի կտոր ուտես… Վերջ: Կտրում է: Էս մեր թթուն… Ո՜ւխ, անմահական… Սուտ բան է, մերս որ չլինի՝ կորած ենք, Արգամ ջան, մեր կուսակցութիւնն էլ, կառավարութիւնն էլ նա է: Իսկ սա, ասաց նա՝ պահարանից մի լիթրանոց մուգ շիշ հանելով ու դնելով սեղանին: – Սա դեղ է, որ կոչւում է հոնի (dogwood berry) օղի»:
***
Երբ երկու ընկերները լաւ մը կ՛ուտեն ու կը խմեն, Վարսիկը կը խնդրէ Վազգէնէն խօսիլ Արգամ Մանասեանը չարչարող հարցին մասին:
***
«- Խօսեմ, – գլխով արեց բաժնի վարիչը: – Ինձ տեղեկացրին, որ իմ սիրելի ընկերոջ՝ Արգամ Մանասեանի նկատմամբ քրէական գործ է է յարուցւում:
Արգամը նրան նայեց զարմացած, իսկ Վարսիկը ծիծաղեց:
– Լուրջ խօսիր, էլի, Վազգէն ջան:
– Միանգամայն լուրջ եմ ասում, Վարսիկ:
Խեղճ կինը տարակուսած մէկ ամուսնուն էր նայում, մէկ էլ ընկերոջը, սպասելով, թէ ուր որ է կը ծիծաղեն նրանք: Բայց որովհետեւ նրանք շարունակում էին լռել, դողացող ձայնով հարցրեց.
– Ինչի՞ համար:
– Հենց դրա համար, – թոյլ-թոյլ ծիծաղեց Վազգէնը, եւ Արգամը նկատեց, որ նա արդէն հարբած է: – Հենց նրա համար, որ ուտելու ժամանակ սիրում է խօսել:
Արգամը ծանր հայեացքով նայեց ընկերոջը:
– Ես չեմ խօսում, Վազգէն, – ասաց նա՝ ընդգծելով բառերը: – Եւ դու լաւ գիտես: Ես ոչ ուտում եմ եւ ոչ էլ ուտեցնում: Եւ երեւի հենց դա է իմ դժբախտութեան պատճառը:
– Կատակ եմ անում, լա՜ւ, – ձեռքը թափ տուեց Վազգէն Միրզոյեանը:
– Հա, բայց ի՞նչ է պատահել: Մտքովս չէր անցնի, թէ այդքան ծանր վիճակ է: Պատմիր ինձ, Արգամ. Ես ուզում եմ ամէն ինչ իմանալ:
Եւ Արգամ Մանասեանը պատմեց: (…) Պատմեց ամէն ինչի մասին՝ ե՛ւ աննիքոթին ծխախոտի գիւտի ու արտադրութեան, ե՛ւ զեկուցագրի անցած ճանապարհի մասին՝ մինիստրից (նախարար) սկսած մինչեւ Կենտկոմի քարտուղարը: Նա յուզուելով, բայց այնուամենայնիւ չկորցնելով հումորը, մանրամասն նկարագրեց իր նկատմամբ սկսուած հալածանքը: Ի վերջոյ՝ ո՞րն է իր մեղքը: Ասենք թէ սխալուել է, ասենք թէ տարօրինակ են թւում առաջարկները, բայց չէ՞ որ դրանք առաջարկներ են միայն: Մի՞թէ դրանց համար, առանց հրամանի, աշխատանքից հեռացնում են մարդուն: Եւ ոչ միայն հեռացնում, այլեւ դատի են տալիս՝ իբրեւ խոշոր յանցագործի: Միանգամից երկու ստուգումներ են կատարում, մէկը՝ դատախազութիւնը, միւսը՝ ժողովրդական վերահսկողութեան կոմիտէն: Նոյն մարդկանց կանչում ու հարցաքննում են երկուսն էլ…
– Յիմարութիւն է, – միջամտեց Վազգէն Միրզոյեանը: – Ես կը խօսեմ, որ կոմիտէն իր ստուգման արդիւնքները յանձնի դատախազութեանը եւ ինքը մի կողմ քաշուի: Եղա՞ւ:
Վարսիկը լսում էր ընկերոջը լայն բացած, զարմացած աչքերով, ասես արկածային գիրք էր կարդում նա:
– Եւ դա միակ բանն է, որ դու կարող ես անե՞լ, – դարձաւ նա ամուսնուն:
– Իմ թեւերը կտրել են, Վարսիկ, – բարկացաւ Վազգէն Միրզոյեանը: – Արգամը չգիտես ինչու լռեց այդ մասին: Շատ խորամանկօրէն, ինձ շարքից հանելու համար, անստորագիր նամակի հեղինակը նշել է, թէ իբր, քանի որ ես եմ Արգամ Մանասեանին օգնել նշանակուելու ծխախոտի գործարանի տնօրէն, նա էլ սիստեմատիկաբար (կանոնաւորաբար) կաշառք է տալիս ինձ:
– Եւ դրանով կտրել են քո թեւերը, – գլուխն օրօրեց Վարսիկը:
– Հա, հա՜, – աւելի բորբոքուեց բաժնի վարիչը: Ես ի՞նչ կարող եմ անել: Հենց որ միջամտեմ՝ պիտի ասեն՝ ըհը, տեսա՞ք… Ուրեմն ճիշդ էին ասում, որ…
– Դժուար է, ի հարկէ, – որոշեց ընկերոջը պաշտպանել Արգամը: – Վարսիկի կենացը չխմե՞նք, Վազգէն:
– Խմենք, բա, ոնց, – ուրախացաւ Վազգէնը: – Էլ ո՞վ ունենք հարազատ:
***
Վարսիկը ուրախ չէ սակայն. երբ կը լսէ Վազգէնին ինքնարդարացումները, կը սկսի լալ. իսկ երբ Արգամ կը կարծէ, որ իր պատճառով կու լայ, կ՛ըսէ. «Ես քեզ համար չեմ լաց լինում: – Ես Վազգէնի համար եմ լաց լինում»: Ասոր վրայ Վազգէն հարց կու տայ, թէ ինչո՞ւ:
***
«- Մի՞թէ դու իմ Վազգէնն ես, – ասաց նա կերկերուն, ողբացող կնոջ ձայնով: – Ես քեզ չեմ ճանաչում, Վազգէն… Այդ ի՞նչ արեցին քեզ հետ… Որտե՞ղ է քո առաջուան հպարտութիւնը, ազնուութիւնը, սկզբունքայնութիւնը: Ե՞րբ կորցրեցիր, ախպեր ջան: Եւ ինչի՞ համար, ինչի՞ փոխարէն: Դու այսօր այնպիսի բաներ ասացիր… Խելագարուել կարելի է: Եթէ այս բոլորը ճիշդ է, դու ի՞նչ գործ ունես այդտեղ՝ դրանց մէջ: Եթէ դու չես կարող պաշտպանել նոյնիսկ քո ընկերոջը, որին անմեղ տեղը հալածում ու դատապարտում են, էլ ինչի համար է քո իշխանութիւնը, ձեր իշխանութիւնը:
Զարմանալի բան էր կատարւում: Արգամին թւում էր, թէ հիմա Վազգէն Միրզոյեանը կը զայրանայ, դուրս կը գայ ափերից, կը յարձակի կնոջ վրայ, կը վիրաւորի նրան… Այնինչ՝ Կենտկոմի բաժնի վարիչը կանգնած էր կնոջ առջեւ՝ մոլորուած ու շփոթահար, ասես, դատարանի դիմաց , մեղադրեալի նման:
(…)
– Ես միշտ հպարտացել եմ քեզանով, Վազգէն ջան: Մեզ պէտք չի, հա՞: Մեր ինչի՞ն է պէտք: Եթէ դու կորցնում ես քեզ… Եթէ դու… դու չես մնում, դուրս արի, հա՞… Յիշո՞ւմ ես, ինչ լաւ էինք ապրում այն ժամանակ, երբ գիւղում էինք: Քաղցած էինք, բայց երջանիկ:
(…)
Վազգէն Միրզոյեանը ձեռքը կնոջ շրթունքներին տարաւ, փակեց բերանը:
– Բաւական է, – ասաց նա: – Վերջ տուր, լա՞ւ: (…) Ես քեզ ասացի՞, թէ նրա (Արգամի) համար ձեռքերս լուանում եմ: Ասացի միայն, որ հիմա՛ ոչինչ անել չեմ կարող, հիմա՛: Ալթունեանը եկաւ, թէ չէ՝ ես առաջինը նրա մօտ կը մտնեմ: Եւ ինչ ուզում ես՝ մտածիր, ո՛չ նրա համար, որ Արգամն իմ ընկերն է, այլ որովհետեւ հաւատում եմ նրան: Եւ հաւատում եմ վերակառուցման նրա առաջարկների ճշմարտութեանը: Պա՞րզ է: Հիմա գո՞հ ես: Դէ ժպտա: Ես իմ ազնիւ ընկերոջը չեմ կորցնի, Վարս: Թէեւ ճիշդն ասած՝ արժէր կորցնել եւ բաւականին հեռու, որովհետեւ զգում եմ, որ խանդում եմ: Նա ո՞վ է, որ նրա համար լաց ես լինում:
Վարսիկը հեռացրեց նրա ձեռքն ու ծիծաղեց արցունքի միջից.
– Խելա՜ռ»:
***
Երկու ընկերները կը մանկանան. Արգամ կը բռնէ Վազգէնին օձիքէն եւ «խանդում ես, հա՞… խանդում ես…» ըսելով գետին կը տապալէ զայն:
***
«Ու սկսեցին քաշքշել իրար, ընկան յատակին, գորգի վրայ. գոռգոռում էին, քրքջում ու քաշքշում էին:
Իսկ Վարսիկը նայում էր նրանց երջանկացած աչքերով, ձեռքերն իրար էր խփում ու ճչում… Վեր կացէք, ի՞նչ էք անում, ա՛յ խելառ ծերուկներ: Վաղը չէք կարողանալու շարժուել: Քեզ հետ եմ, Վազգէն… Քեզ հետ եմ, Արգամ… Վերջ տուէք… Խնդրեմ՝ էս երկրի յոյսն էլ սրա՜նց վրայ է»: