
ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԸ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած ճգնաժամը եւս մէկ անգամ հաստատում է այն տարբերակը, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ միջազգային հարթակներում պէտք է կարողանանք ճիշդ ներկայացնել իրավիճակը` ընդգծելով այս իրողութիւնը: Այս մասին յայտարարեց Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանը` Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ԱՄՆ Հայ Դատի Արեւմտեան շրջանի կազմակերպած տեսակապով հանդիպման ժամանակ: Փետրուարի 6ին, Գլենդելի Երիտասարդական կենտրոնի սրահը լեցուն էր Արցախի ճակատագրով մտահոգ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներով, այդ թւում էին` Արեւմտեան Ամերիկայի թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը, Զարեհ վրդ. Սարգսեանը, որ ներկայացնում էր Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ արք. Տօնոյեանին, վերապատուելիներ Հենրիկ Շահնազարեանն ու Պերճ Ճամպազեանը, ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, հասարակական, քաղաքական գործիչներ:
ԱՄՆ Հայ Դատի Արեւմտեան շրջանի ատենապետ իրաւաբան Նորա Յովսէփեանն իր խօսքում յայտնեց, որ Ռուբէն Վարդանեանի հետ հանդիպման կազմակերպման նպատակն էր, որ համայնքն Արցախի բարձրաստիճան պաշտօնեայից անմիջականօրէն լսի իրավիճակի մասին, եւ հնարաւորութիւն ունենայ հարցեր ուղղելու նրան ու համերաշխութիւնը յայտնելու արցախցիներին: «Մեր հայրենակիցներն անմարդկային շրջափակման մէջ են, որ իրականացւում է այդ տարածաշրջանից հայերի էթնիկ (ցեղային) զտման նպատակով, կամ աւելի վատ` Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակուող ցեղասպանական նպատակների իրագործումն է: Մեզանից շատերը յուսահատուած են անարդարութիւնը կասեցնելու պայքարում, սակայն թոյլ տուէք հաւաստիացնել, որ Հայ Դատի գրասենեակն աշխատում է եօթ օր 24 ժամ` իրազեկելու մարդասիրական այս ճգնաժամի մասին, ԱՄՆ կառավարութեանն ու որոշում կայացնողներին մղելով, որ գործողութիւններ ձեռնարկեն պաշտպանելու Արցախը Ադրբեջանական նախայարձակումից»:

Յովսէփեանը նշեց միջոցառումները, որ կիրառւում են տարբեր, այդ թւում` դաշնային, նահանգային, տեղական մակարդակում, եւ ներառում են քարոզչական աշխատանքները տարբեր հարթակներում, պաշտօնեաների հետ առանձին տարուող աշխատանքը, համայնքի կազմակերպումը եւ այլ: Նա այնուհետեւ ներկայացրեց տեսակապով ձեռնարկին միացած ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին, ով պատմեց Արցախի շրջափակումը վերացնելու ուղղութեամբ ԱՄՆ գործողութիւնների մասին, եւ իր համերաշխութիւնը յայտնեց Արցախի ժողովրդին: «Ես անհանգստացած եմ, որ անօրինական եւ վտանգաւոր այս շրջափակումը կարող է լինել Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի դէմ մէկ այլ պատերազմի նախերգանք, եւ այդ առումով կենսական է, որ շարունակենք Բայդենի վարչակազմի ուշադրութիւնը սեւեռել մարդասիրական այս աղէտի վրայ: Գործընկերներիս հետ աշխատում ենք մի բանաձեւի վրայ, որը կը դատապարտի Արցախի շրջափակումը, եւ կոչ կ՛անի ԱՄՆին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կասեցնել այդ երկրին տրուող ռազմական օժանդակութիւնը, մի երկիր, որ շարունակում է պատերազմել իր հարեւանների հետ` ոտնահարելով մարդու իրաւունքները, ինչն անընդունելի է», իր խօսքում նշեց Ադամ Շիֆը: Կոնգրեսականն ընդգծեց նաեւ Հայ Դատի եւ համայնքի համատեղ աշխատանքի կարեւորութիւնը` մինչեւ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համար երկարատեւ խաղաղութեան հասնելը: Շիֆը յայտարարեց, որ հրաւիրել է ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանին իր հետ միասին մասնակցելու Փետրուարի 7ին ԱՄՆ նախագահի տարեկան ելոյթի արարողութեանը Կոնգրեսում:
Ադամ Շիֆին գործունէութեան համար նրան տեսակապով շնորհակալութիւն յայտնեց Ռուբէն Վարդանեանը, եւ մանրամասներ ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակի շուրջ: «Շուրջ 60 օր է, որ շրջափակման մէջ ենք, եւ սա միայն սննդի ու դեղորայքի խնդիր չէ: Մեզ մօտ շատ աւելի խորքային ճգնաժամ է, որովհետեւ Ադրբեջանը բացի ճանապարհը փակելուց, նաեւ պարբերաբար անջատում է գազն ու էլեկտրաէներգիան (ելեկտրականութիւնը): Ունենք նաեւ տնտեսական ճգնաժամ: Ադրբեջանն ամէն ինչ անում է, որ մենք ոչ միայն ամէնօրեայ խնդիրներ ունենանք, այլեւ փորձում է ստեղծել իրավիճակ, որ մարդիկ յուսահատուեն եւ ապագայի հետ կապուած յոյսեր չունենան: Միաժամանակ, Ադրբեջանն ամէնուր յայտարարում է, որ ճգնաժամ չկայ, բայց իրենք չեն հասկանում, որ նման քաղաքականութեամբ աւելի են հաստատում, որ ճգնաժամ կայ եւ վիճակը ծանր է: Օրինակ ասում են, որ Կարմիր Խաչի եւ ռուս խաղաղապահների մեքենաները կարող են հանգիստ անցնել միջանցքով եւ սահմանափակումներ ճանապարհին չկայ, բայց եթէ հաշուենք ամսուայ ընթացքում Կարմիր Խաչի եւ խաղաղապահների երթեւեկած մեքենաների քանակը, նոյնն է, ինչ մինչ շրջափակումը մէկ օրում էր: Կրթութեան հետ էլ խնդիրներ կան` մանկապարտէզները, դպրոցները չեն աշխատում սննդի եւ ջերմութեան բացակայութեան պատճառով: Մշակութային կեանքն էլ կաթուածահար է եղած», պատմեց Վարդանեանը:
Պատերազմը չի աւարտուել եւ շարունակւում է հիբրիդային (խառնածին) տարբերակով տարբեր հարթակներում, յայտարարեց Արցախի պետնախարարը, եւ երախտագիտութիւն յայտնեց համայնքին տեղեկատուական, քարոզչական դաշտում աշխոյժ գործունէութեան համար: Վարդանեանը տեղեկացրեց, որ շրջափակման ընթացքում շուրջ 40 հազար յօդուած է տպագրուել տարբեր երկրներում: «Արցախի հարցը բարձրաձայնուել է եւ քննարկուել տարբեր միջազգային հարթակներում` ՄԱԿում, Եւրախորհրդում, տարբեր երկրներում, եւ մենք միջազգային հանրութեանը ներկայացրել ենք իրականութեանը: Այս անգամ Ադրբեջանին չյաջողուեց աշխարհին ներկայացնել, որ Արցախի շրջափակումն իրենց ներքին հարցն է, ենթարկել մարդկանց եւ կոտրել նրանց կամքը`ապրելու մեր հողի վրայ, մեր օրէնքներով, մեր աւանդոյթներով ու արժէքներով: Ուրախ եմ յայտնել, որ չնայած բոլոր դժուարութիւններին, արցախցիները շատ պինդ են: Շատ եմ շփւում, եւ ամէն տեղ նոյն բանն եմ լսում` մենք պատրաստ ենք դիմանալու, մենք մեր հայրենիքը չենք լքելու»:


Ռուբէն Վարդանեանի ելոյթին հետեւեցին հարցեր համայնքի ներկայացուցիչներից: Հարցուպատասխանը համակարգող ԱՄՆ Հայ Դատի Արեւմտեան շրջանի գրասենեակի գործադիր տնօրէն Սարգիս Պալըքեանը հնչեցրեց ամենաշատ տրուած հարցը, թէ ինչպէ՞ս կարող է համայնքը աջակցել Արցախին, եւ օժանդակութեան ո՞ր ձեւն է առաւել նպատակայարմար այս պահին: «Ամէն տեսակ աջակցութիւն ողջունելի է: Ամենակարեւորը, որ մարդիկ չմոռանան, թէ ինչ է կատարւում Արցախում, անհրաժեշտ է տեղեկատուական դաշտն աշխոյժ պահել: Պէտք է հասկանանք, որ ունենք լուրջ իրավիճակ քաղաքական դաշտում, եւ պէտք է ամէն ձեւով ճնշումն ուժեղացնենք Ադրբեջանի կառավարութեան վրայ, որ իրենց քայլերն անընդունելի դառնան ողջ աշխարհում, եւ քայլեր ձեռնարկենք ե՛ւ երկրի, ե՛ւ անձերի դէմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով: Ադրբեջանը մեծ պայմանագրեր է կնքել Եւրոպական տարբեր երկրների հետ, եւ փորձում է աշխարհին ներկայանալ այլ դէմքով, բայց մենք պէտք է ճնշումը շարունակենք` պնդելով, որ իրենք չեն կարող մաս կազմել զարգացած երկրների, երբ նման կերպ են վարւում արցախահայութեան հետ», նշեց Վարդանեանը: Անդրադառնալով կարգավիճակի հարցին, նա յայտնեց, որ ամենակարեւորը Արցախի անկախութեան ճանաչումն է, եւ այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Վարդանեանը տեղեկացրեց, որ Արցախի կարգավիճակով պայմանաւորուած, Հայաստանն է օգնում միջազգային ատեաններում ներկայացնել Արցախի հետ կապուած հարցերը, եւ ներկայում աշխատում են հայաստանցի իրաւաբանների հետ` իրաւական հարթակներում եւս դրանք ներկայացնելու համար: Պետնախարարը կարեւորեց նաեւ օդային ճանապարհի բացումը, եւ Ստեփանակերտի օդանաւակայանի օգտագործումը, որին պէտք է հասնել միասնական, հետեւողական ջանքերով: Վարդանեանը երախտագիտութիւն յայտնեց Սփիւռքին`աջակցութեան համար` նշելով արցախցիներին աջակցելու այս պահին ամենանպատակայարմար միջոցի մասին. «Բարեգործական ընկերութիւնները, բարերարներ փորձում են ամէն կերպ աջակցել, եւ ուղարկում են մեծ քանակի սնունդ, դեղորայք, սակայն դրանց Արցախ հասցնելը խնդիր է սահմանափակումների պատճառով: Մենք փորձում ենք բոլոր մարդկանց հաւասարապէս սնունդ հասցնել, եւ այդ նպատակով կիրառում ենք կտրօնային համակարգ: Այս իրականութիւնից ելնելով, այս պահին աւելի ճիշդ կը լինի գումար ուղարկել»: Ռուբէն Վարդանեանը պատասխանեց նաեւ ռուս խաղաղապահների գործունէութեան մասին հարցին, նշելով, որ նրանց գործողութիւնների մանդատը (յանձնարարութիւնը) սահմանափակ է, ինչպէս նաեւ թուակազմը` 2000: «Ադրբեջանական կողմից ովքեր որ շրջափակել են ճանապարհը, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ են, եւ խաղաղապահները չեն կարող զէնք կիրառել: Ադրբեջանը միջանցքի փակման գործում ներդրեց բնապահպանների` դժուարացնելով հարցի լուծումը ռազմական ուժի կիրառմամբ: Ռուս խաղաղապահներն են այժմ պահպանում արցախցիների անվտանգութիւնը, եւ նրանց կորցնելն աղէտ կը լինի մեր համար, ուստի ես հանդէս եմ գալիս նաեւ նրանց ներկայութեան ժամկէտը երկարաձգելու, եւ լիազօրութիւններն աւելացնելու օգտին», յայտարարեց Վարդանեանը:
Արցախի պետնախարարի խօսքով, իրավիճակը մի կողմից ստեղծել է ծանր ճնշում, միւս կողմից մեզ աւելի է ամրապնդել, համախմբել եւ մի բռունցք է դարձրել: «Փորձում ենք միասին ամէն ինչ անել, որ աշխարհին իրազեկենք իրականութեան մասին, եւ միաժամանակ հասկանանք, որ միակ ուղին դա պայքարն է, եւ ոչ թէ համակերպուելն Ադրբեջանի պայմանին, որ պէտք է ենթարկուենք եւ դառնանք իրենց մասը: Մենք պէտք է պայքարենք, ինչպէս 35 տարի առաջ, երբ սկսուեց շարժումն Արցախում եւ շարունակւում է մինչ օրս: Վստահ եմ, որ աշխարհը մեզ կ՛օգնի միայն այն ժամանակ, երբ կը զգայ, որ մենք ուժ ունենք, եւ մեր ուժն ու կամքը ոչ մի բան չի կարող կոտրել, փոխել: Այդ մեծ էներգիան (ներուժը) ես զգում եմ Արցախում, եւ հաւատում եմ, որ այն ուժ կը տայ, ոչ միայն արցախցուն, այլ նաեւ համայն հայութեանը», իր խօսքն ամփոփեց Վարդանեանը:
ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանն էլ կարեւորեց Ադրբեջանի նկատմամբ համահայկական ուժերով ճնշումների կարեւորութիւնը: «Շատերը յիշում են, որ 1988 թուականին, երբ Խորհրդային Միութեան ժամանակ Արցախը սկսել էր բարձրաձայնել իր իրաւունքների եւ ազատութեան մասին` միայն հայութիւնն էր հաւատում, որ նման հնարաւորութիւն ունենք որպէս ժողովուրդ, որպէս հայկական աշխարհ: Արցախցիներն ասել են այո, եւ պատմութիւնը ցոյց տուեց, որ մեր միասնականութեան արդիւնքում տօնեցինք բազմաթիւ տօներ մեր սիրելի Շուշիում, Դադիվանքում եւ այլուր, որտեղ եօթանասուն տարի հայութիւնը մուտք չունէր: Եկէ՛ք մեր գործողութիւններով պաշտպանենք, փրկենք, տնտեսապէս վերականգնենք Արցախը, որպէս ամուր, ինքնիշխան, հայկական միասնական հայրենիքի մի մասնիկ, որ ի վիճակի է իրեն պաշտպանել թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական դաշտում», նշեց Աւետիսեանը:
Տեղեկանք.- Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) միակ կազմակերպութիւնն է, որը Լաչինի միջանցքով մուտք ունի Արցախ: ԿԽՄԿն վերջերս ստեղծել է հիմնադրամ, որի միջոցով կարելի է նուիրատուութիւն կատարել Արցախին: