Թուրքիայի հանդէպ ԱՄՆի կողմից վերջին շրջանում գործադրուող լուրջ ճնշումների ազդեցութեամբ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման խնդիրը երկու երկրների արտաքին քաղաքականութեան օրակարգից աստիճանաբար տեղափոխւում է նաեւ ներքաղաքական գործընթացների հարթութիւն։
Եւ այս պայմաններում ակնյայտ է դառնում, որ Հայաստանն իր ներսում հասցրել է քննարկել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման բոլոր հնարաւոր տարբերակները, իսկ ահա Թուրքիան նոր է միայն մտնում տուեալ գործընթացի մէջ։ Մեր երկիրը 1998 թուականից յետոյ կանգ է առել այն յստակ ելակէտի վրայ, որ սեփական դիրքորոշումների կառուցողականութիւնը հարկաւոր է զուգորդել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ շահագրգիռ երրորդ երկրների աշխոյժ ներգրաւման հետ՝ այդ նպատակով նպաստելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի ծաւալմանը։
Սա է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման այն բանաձեւը, որը Հայաստանի ներսում արժանանում է հասարակութեան ու քաղաքական ուժերի մեծամասնութեան աջակցութեանը։ Քանզի որքան էլ Հայաստանի նախորդ իշխանութիւնները պատրաստակամութիւն յայտնեցին մի կողմ դնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը, միեւնոյն է, Թուրքիան շարունակեց շրջափակուած պահել մեր երկիրը՝ այն միշտ էլ թոյլ եւ իրենից կախեալ վիճակում պահելու համար։
Եւ ահա այժմ, երբ ԱՄՆի կողմից Հայոց Ցեղասպանութեան մօտալուտ ճանաչման հեռանկարը իրարանցում է առաջացրել Թուրքիայում, ակնյայտ է դառնում, որ այդ երկիրը չունի Հայաստանի հետ կառուցողական երկխօսութեան մի այնպիսի բանաձեւ, որն արժանանում է իր հասարակութեան աջակցութեանը։ Այս ամէնը փորձ է արւում քօղարկել շինծու փաստարկով, թէ իբր Հայաստանի հետ սահմանի բացման հարցը աննշան խնդիր է Թուրքիայի համար։
Բայց եթէ դա այդպէս է, ապա ինչո՞ւ է Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հեռանկարի առարկայացմանը զուգընթաց, անմիջապէս Հայաստան ուղարկում «անպաշտօն դեսպանի» գործառոյթներ իրականացնող Հայ-թուրքական տնտեսական յարաբերութիւնների զարգացման խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքին։ Իսկ վերջինս անգամ պնդում է, թէ Թուրքիայի խորհրդարանի պատգամաւորների աւելի քան 50 տոկոսի հետ անցկացուած հարցման արդիւնքում ոչ ոք դէմ չի եղել սահմանի բացմանը։
Հարց է առաջանում. եթէ այդքան միակամ են թուրք խորհրդարանականները եւ այդքան շատ են մեզ «սիրում», ապա ինչո՞ւ են Հայոց Ցեղասպանութեան ամերիկեան ճանաչման սպառնալիքի տակ դրուելուց յետոյ նոր միայն յիշել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտութեան մասին։
Այս միանգամայն տրամաբանական հարցի պատասխանը տալիս է ամերիկահայ փորձագէտ Ռիչըրտ Կիրակոսեանը, պնդելով, որ որքան էլ դա տարօրինակ է, հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացման բոլոր երեսներն այսօր կախուած են Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներից. «Ներկայումս Թուրքիայում իւրայատուկ յեղափոխութիւն է տեղի ունենում, իրականացւում է ազգային ինքնագիտակցութեան դինամիկ վերաիմաստաւորում, այդ պատճառով, երկու երկրների փոխյարաբերութիւնները շատ բանով կախուած են նրանից, թէ ո՞ր ուղիով կ’ընթանայ Թուրքիան՝ եւրոպական համարկմա՞ն, թէ՞ ազգայնամոլութեան ճանապարհով»։
1998 թուականից յետոյ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը Հայաստանի եւրոպական համարկման գործընթացի հետ համադրելու ռազմավարութիւնը յանգեցրեց նրան, որ, ֆութպոլային լեզուով ասած, գնդակը տեղափոխուեց Թուրքիայի խաղադաշտ։ Այս համադրական մօտեցումը ապացուցում է, որ այն ժամանակ, երբ «եւրոհամարկո՞ւմ, թէ՞ ազգայնամոլութիւն» հարցադրումը Հայաստանի համար վաղուց անցեալ է, Թուրքիայի համար այն նոր է միայն ներկայ դառնում։ Ուստի այսօր անհասկանալի է, թէ ինչու՞ են փորձում կրկին աշխուժանալ նման անցեալը վերյիշող ՀՀՇի ղեկավարները, որոնք որքան էլ փորձեցին համոզել Թուրքիային, թէ «մոռացել են» անցեալը, ոչնչի չհասան։
Այժմ, երբ Թուրքիան ինքը պէտք է կատարի իր ընտրութիւնը, Հայաստանը կարող է միայն վնասել այդ օրինաչափ գործընթացին, եթէ ոգեւորուելով Ք. Սոյեաքի կողմից ներկայումս խոստացուող հայ-թուրքական «տնտեսական շահ»երից, փորձի շեղուել առանց նախապայմանների երկխօսութեան ներկայ յստակ ելակէտից։ Աւելին՝ Հայաստանի աւելորդ զիջողականութիւնը ազգայնամոլութեան ամրապնդման խթան կը դառնայ Թուրքիայի ներսում, որը ջարդելու համար է այսօր ԱՄՆը առաջադրում «Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, կա՛մ սահմանների բացում» երկընտրանքը։
Ազգային ինքնագիտակցութեան վերարժեւորման հետ կապուած յեղափոխութիւնը, որը ակնկալւում է Թուրքիայում, Հայաստանի համար անցած փուլ է այլեւս։ Հայաստանը թէեւ ներքին առումով որեւէ բարդոյթ չունի Թուրքիայի հետ երկխօսութեան հեռանկարի հանդէպ, բայց առանձնապէս չպէտք է ոգեւորուի «բժշկի» ու «հիւանդի» յարաբերութիւններ յիշեցնող ամերիկա-թուրքական ներկայ բանավէճից՝ սպասելով մինչեւ այն պահը, երբ պարզ կը դառնայ, թէ ո՞ւր է տանում մեր հարեւանի «բուժման» գործընթացը։
Թուրքիայի ներքին հիւանդութիւնն այնքան է խորացել, որ այդ երկիրը շուտով կարող է թեւակոխել նաեւ ներքին ցնցումների հանգրուան՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով իր հարեւանների, այդ թւում՝ Հայաստանի համար։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Յունուար 17, 2007