«ԱՊԱՌԱԺ»
Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման 100 օրը, իսկ մի քանի օր առաջ տօնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրուարեան զարթօնքի 35ամեակը: Պայքարը շարունակւում է:
Այս օրերի եւ այս տարիների ընթացքում շատ անգամներ առիթ է եղել խորհելու, վերաիմաստաւորելու համար պայքարի նպատակն ու ցանկալի վերջնաարդիւնքը: Յատկապէս դժուարին պահերին, երբ թւում է, թէ հաւաքական տոկունութիւնը տեղիք է տալիս, հարկ է մէկ անգամ եւս վերաթարմացնել մղիչ ուժը:
Իրօք, ո՞րն է մեր պայքարի ուղին, եթէ երկու բառով, ապա` ազգային-ազատագրական պայքարը: Ինչպէս իւրաքանչիւր ազգի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նպատակը իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, զարգանալու եւ ստեղծագործելու իրաւունքի իրացումն է: Իսկ այդ իրաւունքի իրացման անհրաժեշտ եւ անշրջադարձելի պայմանը սեփական կառավարման համակարգի` հայկական պետականութեան առկայութիւնն է:
Այս դիտանկիւնից Արցախեան ազատագրական պայքարը հայ ժողովրդի իղձերի իրականացման կարեւոր մի հանգրուան է, որը մեր, մեր հայրերի եւ մեր զաւակների արեամբ եւ քրտինքով միս ու արիւն է ստացել եւ դարձել համահայկական յաղթանակի, ազգային գաղափարի ներուժի սնուցման աղբիւր:
Այն, որ Արցախը վերջին 30 տարիների ընթացքում համայն հայութեան մտասեւեռման եւ համախմբման խորհրդանիշն է եղել, անժխտելի է: Իսկ այն ապազգային հոսանքը, որը ցանկանում է առօրեայից հանել Արցախը եւ համահայկական օրակարգը ձեւաւորել առանց Արցախի, այլ բան չէ, եթէ ոչ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մի քաղաքականութիւն, որով այսօր զբաղուած են Հայաստանի իշխանութիւնները` Փաշինեանի գլխաւորութեամբ: Ապազգային են այն գաղափարները, որոնք սերմանում են այսօրուայ Հայաստանի իշխանութիւնները. Հայաստանը միայն 29 000 կմ չէ, Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ:
Հայկական կոչուող պետութիւնը պէտք է հոգա ու տէրը լինի իր ազգային առաքելութեանը: Հայ ժողովուրդը հայկական պետութեանն է պատուիրակել իր իղձերի իրականացման առաքելութիւնը: Այս դրոյթն ամրագրուած է հայկական զոյգ պետութիւնների հռչակագրերում:
Շրջափակման 100 օրուայ շեմին, պայքարը խորհրդանշող դիմադրութեան, այս հանգրուանում` Արցախի շուրջ համահայկական համախմբումը, Արցախը առանցք դարձնելը, Արցախով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մէկ անգամ եւս վերաիմաստաւորելը անշրջելի հրամայական է:
Մարտ 17, 2023