19րդ դարում դեղագործ Մելլերը նկատել է ափամերձ շրջանները բնակիչների առողջութեան եւ նրանց սննդակարգում ձկնատեսակների մեծ քանակի օգտագործման կապը: Մարդիկ աւելի քիչ էին տառապում սակաւարիւնութիւնից, գիշերային կուրութիւնից, ոսկորների հիւանդութիւնից: Լաբորատորի (տարրալուծարան) ուսումնասիրութիւնները հաստատել են ձկան իւղի առաւելութիւնները եւ թոյլատրուել է դրա վաճառքը դեղատներում: Տարիների հետ բժշկութիւնը աւելի ու աւելի է գնահատել ձկան իւղի բուժական յատկութիւնները:
Ձկան իւղը պարունակում է անփոխարինելի ճարպաթթումներ՝ օմեգա-3 եւ օմեգա-6, որոնք մարմինն ինքը չի կարող կազմել եւ ստանում է միայն սննդի միջոցով: Ձկան իւղը գլխաւորում է մարդու առողջութեան պահպանման համար անհրաժեշտ սննդանիւթերի ցանկը: Ամենամեծ քանակութեամբ այն հանդիպում է իւղոտ ձկան մէջ` սաղմոն, սարդին, իշխան, թունա, սկումբրիա:
Գիտական ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ ձկան իւղի ընդունման դէպքում սրտանօթային համակարգն աւելի քիչ է տուժում միջավայրի վատ պայմանների պատճառով: Այս յաւելումն արդիւնաւէտ կերպով պաշտպանում է յօդերի բորբոքումներից ու դրանց պատճառով առաջացող ցաւերից: Բացի այդ, այն մեղմում է «օստէոարթրոզ»ի ախտանշանները:
Ձկան իւղի որակեալ յաւելումները պարունակում են մեծ քանակութեամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են երիտասարդութեան պահպանմանը: Սթրեսները (ճնշում), անառողջ սնունդն ու միջավայրի վատ պայմանները նպաստում են ծերացմանը, իսկ ձկան իւղն օգնում է պահպանել մաշկի թարմութիւնը:
Պարբերաբար ձկան իւղ օգտագործելու դէպքում օրգանիզմում արագանում է սեփական ճարպաշերտերի այրման գործընթացը, ինչն օգնում է ուժ ստանալ եւ չգիրանալ:
Օմեգա-3 ճարպաթթուների ցածր մակարդակն արագացնում է գլխուղեղի ծերացումը, իսկ ձկան իւղը, որը հարուստ է այս ճարպաթթուներով, օգնում է խուսափել այդ խնդրից:
Մկանային զանգուածի կորուստը վկայում է ծերացման մասին, սակայն ձկան իւղն օգնում է պահպանել մկաններն ու բարելաւել դրանց վիճակը:
Այնուամենայնիւ, ձկան իւղ ընդունելիս պէտք է զգոյշ լինել, քանի որ աւելցուկը կարող է յանգեցնել բացասական հետեւանքների եւ կարող է յանգեցնել արեան շաքարի մակարդակի բարձրացման, արիւնահոսութեան հնարաւորութեան բարձրացման, ինչպէս նաեւ առաջացնել փորկապութիւն եւ սրտխառնոց: