
ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍՅԱՆ

Հայոց Ցեղասպանութեան յիշատակման միջոցառումների շրջանակում եւ նշանաւորելով հայկական ֆիլմարուեստի 100ամեակը, Գլենդելի AMC Americana սրահում ցուցադրուեց Վիգէն Չալդրանեանի «Վարդապետի Լռութիւնը» ֆիլմը:
Միջոցառումը կազմակերպուել էր Գլեդելի քաղաքապետարանի, հայկական շարժապատկերը արտերկրում խթանող՝ Armenian Film Society-ի եւ Glendale Arts կազմակերպութեան համագործակցութեան շնորհիւ: Երեկոն բացեց Hi-Am Quartet քառեակը՝ Կոմիտասի ստեղծագործութիւնների կատարմամբ:
2016ին նկարահանուած «Վարդապետի Լռութիւնը» ֆիլմը Կոմիտասի մասին է եւ նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին: Ֆիլմը զարմանալիօրէն դառնում է այսօրուայ իրականութեան արձանագրողը: Անցեալն առեղծուածային վարպետութեամբ, բազմաթիւ լարերով «տեղաւորւում» է ներկայի մէջ՝ ընդգրկելով ժամանակակից մարդու այսօրուայ դրաման, նրա ցաւի ու յուսալքութեան այսօրուայ համրութիւնը:
Ապրիլի 16ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսը դահլիճ էր եկել՝ նորից խորհելու ու կիսելու Կոմիտասի լռութիւնը: Ցուցադրութիւնից առաջ հանդիսատեսին ողջունեց ծերակուտական Անտոնի Պորտանտինոն, ով բազմաթիւ անգամ շեշտել է իր աջակցութիւնը հայ համայնքին ու հայկական հարցերին: Գլենդելի քաղաքապետարանի կողմից իր խօսքը փոխանցեց Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Էլեն Ասատրեանը՝ գնահատելով բեմադրիչ Վիգէն Չալդրանեան ներդրումը հայ ֆիլմի պատմութեան մէջ եւ այս ցուցադրութիւնը՝ առիթ ամերիկացի հանդիսատեսին՝ ծանօթանալու հայ ֆիլմին եւ պատմութեան:
Բեմադրիչ Վիգէն Չալդրանեանը հանդիսաւոր շնորհաւորեց ֆիլմի հայ արուեստագէտներին եւ ուրախութիւն յայտնեց, որ հայկական ֆիլմարուեստին հարիւր ամեակը նշւում է նաեւ հայրենիքից հեռու: Նա հայ ֆիլմի պատմութիւնը բաժանեց երկու փուլի՝ երբ ֆիլմ արտադրողները կարողանում էին ստեղծագործել պետական հոգածութեամբ եւ անկախութեան վերջին երեսուն տարիների ընթացքը՝ երբ ֆիլմը ապրեցուեց հայ արուեստագէտների խանդավառութեան եւ նուիրումի շնորհիւ, քանի որ պետութիւնը՝ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով, նախկինից աւելի պակաս նիւթական օգնութիւն էր յատկացնում:
««Վարդապետի Լռութիւնը» ֆիլմը նկարահանման աշխատանքները սկսուել են 2014ին եւ հասկանալով, որ ապրում ենք շատ պատասխանատու շրջան, ուզում էի ունենալ դրա անդրադարձը ֆիլմում՝ պարզորոշ զգալով զուգահեռները հարիւր եւ աւելի տարի ձգուող եղեռնագործութիւնների եւ հայ-ադրբեջանական բախումների միջեւ: Յոյս ունէի, որ պատմութիւն եմ արձանագրում, շատ ցաւով եմ հասկանում, որ ֆիլմը շարունակում է մնալ արդիական, որ յուսալքութեան արտայայտման ձեւը մնում է համրութիւնը», ասում է Չալդրանեան: