«Արմէնփրէս»ին տուած հարցազրոյցին ընթացքին Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան շեշտեց, որ ոչ ոք պէտք է մոռնայ, թէ հակամարտութիւնը ծագած է Արցախի կարգավիճակին շուրջ վէճին իբրեւ արդիւնք, ինչ որ ի սկզբանէ ճանչցուած է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին կողմէ:
Յարութիւնեան անդրադարձաւ Ատրպէյճանի կողմէ Լաչինի միջանցքի ապօրինի փակման, Ատրպէյճանի նախագահի վերջին յարձակողական յայտարարութիւններուն եւ Արցախի ժողովուրդին ուղղուած սպառնալիքներուն, ատրպէյճանական կողմէ հնչող յայտարարութիւններուն, թէ Լաչինի միջանցքը բացառապէս մարդասիրական բեռներու տեղափոխման համար է:
Ստորեւ՝ «Արմէնփրէս»ի՝ Արայիկ Յարութիւնեանի հետ հարցազրոյցը.
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Պարոն նախագահ, ինչպէ՞ս էք գնահատում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակէտի տեղադրումը: Նախեւառաջ, կարեւոր է յստակեցնել, որ Արցախ-Հայաստան ճանապարհին արդէն ադրբեջանական երկու ապօրինի անցակէտ է գործում, մէկը՝ Հակարիի կամրջի մօտ Ապրիլի 23ից, իսկ միւսը՝ Շուշիի մօտ, որտեղ Ապրիլի 28ին ադրբեջանցի ոստիկանները փոխարինել են Դեկտեմբերի 12ից ճանապարհը արգելափակած Ադրբեջանի կառավարութեան՝ քաղաքացիական հագուստով գործակալներին կամ »էկօ-ահաբեկիչներին«: Ուստի, անկախ այն հանգամանքից, որ Հակարիի կամրջի մօտ տեղադրուած ապօրինի անցակէտում ադրբեջանական կողմը իբր »սահմանային վերահսկողութիւնէ է ձեւացնում, Արցախի շրջափակումը ոչ միայն շարունակւում է, այլեւ՝ ժամանակի ընթացքում անվտանգային ռիսկերն (վտանգները) ու հումանիտար (մարդասիրական) հիմնախնդիրները աւելի են սրւում Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողապաշտ) վարքի պատճառով:
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Իմ գնահատականն արտացոլուած է Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի Ապրիլի 23ի յայտարարութեան մէջ, որով բացարձակ անընդունելի ենք համարել ՌԴ խաղաղապահ զօրակազմի պատասխանատուութեան տիրոյթում գտնուող եւ միջազգայնօրէն ճանաչուած Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի արգելափակումը եւ այնտեղ անցակէտի տեղադրումը: Այդ քայլով Ադրբեջանն Արցախի ժողովրդին վերջնականապէս դարձրել է պատանդ իր ձեռքում՝ էթնիկ (ցեղային) զտման աճող ռիսկով, իսկ 2020 թ. Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան յետագայ գործողութիւնը դրել լուրջ վտանգի տակ: Դիմել ենք նաեւ Եռակողմ յայտարարութեան կողմերին եւ յատկապէս Ռուսաստանի Դաշնութեանը՝ անյապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակէտը հանելու եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով: Դեռեւս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային եւ հումանիտար խնդիրների լուծման ուղղութեամբ:
Անընդունելի ու ցաւալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտօրէն խախտում է Եռակողմ յայտարարութեան դրոյթները, այլեւ չի կատարում ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակայ որոշումները: Ուստի, մեր հիմնաւոր ակնկալիքն է միջազգային հանրութեան բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ նշուած պարտաւորութիւնների անյապաղ ու ամբողջական կատարման նպատակով:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ադրբեջանական հեռուստատեսութեանն օրերս տուած հարցազրոյցում Իլհամ Ալիեւը հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել արցախահայութեանը, ասելով՝ »Ղարաբաղում ապրող հայերը կամ պէտք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիութիւն, կամ էլ պէտք է իրենց համար այլ բնակութեան վայր գտնեն«: Վերջնագրային լեզուով տեւական ժամանակ խօսելն ինքնին մի կողմից խօսուն կերպով վկայում է այդ երկրի ղեկավարութեան դաւանած ոչ-քաղաքակիրթ արժեհամակարգի մասին, բայց, որ ուշագրաւ է, միւս կողմից էլ մերկացնում է հարեւան երկրի ղեկավարի հռետորաբանութեան մէջ լուրջ հակասութիւնը: Խօսքն այն մասին է, որ 44օրեայ պատերազմից յետոյ Ալիեւն անդադար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծուած է: Միգուցէ նրա ագրեսիւութիւնն ու վերջնագրային ոճը պատճառաբանուած են ա՞յն բանով, որ իրենից բացի աշխարհում ոչ ոք նման պնդում չի անում, եւ որ հիմնախնդիրն ամենեւին էլ լուծուած չէ: Այլապէս, եթէ լուծուած է, ինչո՞ւ է այդքան նեարդայնանում (կը ջղայնանայ):
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Նախ՝ ինչ վերաբերում է ընդհանրապէս ինտէգրմանը (համարկման), ապա շատ աւելի պահանջուած ու ցանկալի է Ադրբեջանի քաղաքական ղեկավարութեան ինտէգրումը (համարկումը) քաղաքակիրթ աշխարհին, քաղաքական մշակոյթին, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարական արժեհամակարգին: Կարծում եմ, դրանով իսկ շատ հարցեր կը լուծուէին հարեւան պետութիւնների հետ Ադրբեջանի յարաբերութիւններում:
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախեան հակամարտութեանը, ապա, իրօք, Ադրբեջանի նախագահն արդէն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծուած է, եւ որ »Լեռնային Ղարաբաղ« հասկացութիւն այլեւս գոյութիւն չունի: Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամէնի շուրջ նա չունի լայն միջազգային հանրութեան համաձայնութիւն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծուած, եւ սրա հետ պէտք է հաշուի նստել:
Երբեմն կարեւոր է հակամարտութեան պատմութեան մէջ փնտռել հարցերի պատասխանները: ԽՍՀՄ Սահմանադրութեան չեղարկման հետեւանքով խորհրդային հանրապետութիւնների ձեւաւորման եւ տարածքային բաժանման իրաւական հիմքերը վերացել են: Պետութիւնները հռչակւում էին այդ տարածքներում ապրող առանձին տիտղոսակիր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ: Գործնականում նախկին Հայկական ԽՍՀն, ԼՂԻՄը եւ ադրբեջանական ԽՍՀն միաժամանակ հռչակեցին իրենց անկախութիւնը՝ միջազգային իրաւունքին եւ ԽՍՀՄ օրէնսդրութեանը համապատասխան: Ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցութիւն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետութեան սահմանադրութեան ձեւաւորմանը: Սակայն, նորաստեղծ ադրբեջանական հանրապետութիւնն անհիմն յաւակնութիւներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Միեւնոյն ժամանակ, միջազգային հանրութիւնն ի սկզբանէ արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը: Այստեղ գոյութիւն ունի անչափ կարեւոր մի հանգամանք: 1992 թուականի Յունուարի 30ին Ադրբեջանը, ճանաչուած լինելով ընդամէնը մի քանի պետութիւնների կողմից, Հայաստանի հետ նոյն օրն անդամագրուեց ԵԱՀԽին: Այդ պետութիւնների ինքնիշխանութիւնը ԵԱՀԽի կողմից ճանաչուել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնւում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշուելու է ԵԱՀԽ հովանու ներքոյ անցկացուելիք խաղաղութեան համաժողովի ժամանակ: Երկու պետութիւններն էլ տուել են նման համաձայնութիւն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը եւ ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտաւորութիւն:
Սակայն, ԵԱՀԽին անդամակցելուց յետոյ Ադրբեջանն անմիջապէս խախտեց իր միջազգային պարտաւորութիւնը: ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական յենակէտերի՝ Ադրբեջանը լայնածաւալ ռազմական ագրեսիա (յարձակում) սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դէմ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտուեց ինքնապաշտպանութեան իր իրաւունքից: Ադրբեջանի ագրեսիան պսակուեց պարտութեամբ իր իսկ համար: Արցախի Հանրապետութիւնը (ԼՂՀն) դե ֆակտօ (իրողապէս) կայացել է 1992-94 թուականներին Ղարաբաղեան առաջին պատերազմում ձեռք բերած յաղթանակի արդիւնքում: Միջազգայնօրէն ճանաչուել է ԼՂՀի ու Ադրբեջանի զինուած ուժերի շփման գիծը: Միջազգային բանակցութիւններում ցայսօր չկայ ոչ մի պայմանաւորուածութիւն ինչպէս ԼՂՀ կարգավիճակի, այնպէս էլ ԼՂՀի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ: Կարգավիճակի շուրջ որեւէ համաձայնութիւն չկայ նաեւ 2020 թ. Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութիւնում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս:
Աւելին, պէտք է հաշուի առնել նաեւ, որ Ադրբեջանի Գերագոյն խորհրդի կողմից 1991 թ. Օգոստոսին ընդունուած «Ադրբեջանի պետական անկախութեան վերականգնման մասին» հռչակագրով եւ նոյն տարուայ Հոկտեմբերին ընդունուած «Ադրբեջանի պետական անկախութեան վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարուել է Խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդութիւնից եւ իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետութեան իրաւայաջորդը: Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նոյնպէս Լեռնային Ղարաբաղը միջազգայնօրէն համարւում էր որպէս վիճելի տարածք՝ պաշտօնապէս ընդունուած Ազգերի Լիգայի կողմից: Ուշագրաւ է նաեւ, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ աւելի լայն սահմաններ ունէր, եւ ԽՍՀՄ կազմում գոյութեան առաջին տարիներին նոյնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան հետ: Այս փաստերից շատ կարեւոր հարց է ծագում, թէ արդեօք Ադրբեջանի անկախութեան հռչակուած հիմնարար փաստաթղթերով չի՞ ընդունուել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների վիճելիութեան փաստը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Հերթական անգամ խախտելով ռազմական ուժ չկիրառելու մասին իր միջազգային պարտաւորութիւնները՝ Ադրբեջանը 2020 թուականին վերսկսել է Արցախի Հանրապետութեան դէմ իր նախայարձակ գործողութիւնները, բայց, այնուամենայնիւ, համաձայնուել է մի շարք պայմաններով ստորագրել զինադադարի մասին Եռակողմ յայտարարութիւնը: Մասնաւորապէս, որքան էլ մեզ համար ցաւալի ու անընդունելի լինէր, այնուամենայնիւ, Արցախի Հանրապետութեան որոշ տարածքներ իրեն յանձնելու դիմաց, ըստ էութեան, Ադրբեջանը պատասխանատուութիւն է ստանձնել երաշխաւորելու Արցախի եւ Հայաստանի միջեւ ցամաքային անվտանգ միջանցքը, ինչպէս նաեւ պարտաւորուել է իր զօրքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ դրանք գտնւում էին հրադադարի հաստատման պահին: Ադրբեջանն անմիջապէս սկսեց անտեսել ոչ միայն ստանձնած պարտաւորութիւնները, այլեւ այն, թէ ինչ հանգամանքներում է դրանք ստանձնել, փորձելով ամէն ինչ տեղաւորել իր կողմից իբր բարի կամքի դրսեւորման շրջանակներում: Մինչդեռ եղել են կոնկրետ (յստակ) պայմանաւորուածութիւններ, այնպե՞ս չէ:
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ի հարկէ: Ադրբեջանը շատ շուտ մոռացաւ, որ պարտաւորութիւն է ստանձնել երաշխաւորելու միջազգայնօրէն ճանաչուած Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների երկու ուղղութիւններով տեղաշարժի անվտանգութիւնը: Ադրբեջանը նաեւ փորձում է անտեսել այն փաստը, որ պատասխանատուութիւն է ստանձնել Արցախում զօրքերի շփման գծի պահպանման համար: Մեզ համար կարեւոր այլ պայմանաւորուածութիւններ նոյնպէս չեն կատարուել, այդ թւում՝ ռազմագերիների, պատանդների ու այլ պահուող անձանց ազատումը, բռնի տեղահանուած քաղաքացիների վերադարձն իրենց հայրենի տներ:
Ադրբեջանն այդ պարտաւորութիւնները ստանձնել է, այո, ի հատուցումն պատերազմի դադարեցման, իր հազարաւոր զինուորների կեանքերի փրկման ու այն տարածքների, որոնք իրեն են անցել առանց որեւէ կրակոցի:
Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որեւէ պայմանաւորուածութիւն չի եղել այդ փաստաթղթով: Ոչ ոք չպէտք է մոռանայ, որ հակամարտութիւնը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վէճի արդիւնքում, ինչն էլ ի սկզբանէ ճանաչուել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշուած չէ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Թէ՛ հակամարտութեան սկզբում, թէ՛ ռազմական սրացումների ընթացքում, թէ՛ բանակցային գործընթացի ժամանակ եւ թէ յետպատերազմական ժամանակաշրջաններում Ադրբեջանը շարունակաբար խեղաթիւրել է ոչ միայն հիմնախնդրի բուն էութիւնը, այլեւ հիմնախնդրի կարգաւորմանն առնչուող փաստաթղթային հենքը: Ամենաթարմ օրինակը՝ ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է ջանքեր գործադրել 2020 թուականի Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան համատեքստից դուրս բերելու »Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ« խօսքերը, եւ այդ նախադասութիւնը ներկայացնելու որպէս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից հայկական զինուած ուժերի (ներառեալ՝ Արցախի Պաշտպանութեան բանակի) դուրսբերման պահանջ:
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ադրբեջանն իր ապօրինի պահանջներով ու նախայարձակ գործողութիւններով փորձում է փլուզել ԱՀի ու նրա ժողովրդի անվտանգութեան առկայ փխրուն համակարգը: Այդ նպատակին են միտուած Արցախի Պաշտպանութեան բանակը զինաթափելու պահանջները, ինչպէս նաեւ նրա նիւթատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները: Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգութեան բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտօնական Բաքուին հնարաւորութիւն տալով առանց պատերազմի զաւթել Արցախը:
Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան 4րդ կէտը հերքում է փաստաթղթի ադրբեջանական մեկնաբանութիւնը: Այդ պարբերութիւնը յստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զօրակազմի տեղակայման, հետեւաբար նաեւ՝ հայկական զօրքերի դուրսբերման աշխարհագրութիւնը: Կողմերի շփման գիծը եւ Լաչինի միջանցքը նշուած են որպէս Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի տեղակայման տարածքներ:
Այսինքն՝ 4րդ կէտը պայմանաւորուածութիւն է մեր զինուած ուժերի դուրսբերման մասին ոչ թէ ամբողջ Լեռնային Ղարաբաղից, ինչպէս դա փորձում է ներկայացնել Բաքուն, այլ՝ այն վայրերից, որտեղ տեղակայուած է ռուսական խաղաղապահ զօրախումբը: Քանի որ խաղաղապահները տեղակայուած չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչպէս նաեւ չունեն միջազգային մանդատ (յանձնարարութիւն) եւ իրենց գործառոյթների իրականացման համար ուժ կիրառելու լիազօրութիւն կամ կարողութիւն, այդ պատճառով Արցախի Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումներն իրաւունք ունեն եւ պարտաւոր են մարտական հերթապահութիւն իրականացնել շփման գծում:
Յայտարարութեան մէջ ոչ մի խօսք չկայ Արցախի Հանրապետութեան ապառազմականացման եւ հանրապետութիւնից սեփական զինուած ուժերի դուրսբերման մասին: Մինչդեռ, բացի Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնների չկատարումից, հէնց Ադրբեջանն է շարունակել ագրեսիւ գործողութիւնները՝ սկսելով գրաւուած եւ յանձնուած տարածքների անզուսպ ռազմականացումը՝ պայմաններ ստեղծելով Արցախի ու Հայաստանի դէմ հետագայ նախայարձակ գործողութիւնների համար: Ի դէպ, արժէքաւոր է յիշել, որ հակամարտութեան կարգաւորման գրեթէ բոլոր փաթեթներով միջազգային հանրութիւնը նախատեսել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնուող տարածքները պէտք է ապառազմականացուեն, իսկ Ադրբեջանը կատարում է ճիշդ հակառակը: Ուստի, հաշուի առնելով, որ տարածաշրջանում վտանգի միակ աղբիւրը հէնց ադրբեջանական կողմն է՝ միջազգային հանրութիւնը պէտք է հետեւողական լինի կանխելու ադրբեջանական նոր ագրեսիւ գործողութիւնները, այդ թւում՝ ապառազմականացնելով Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող նշուած տարածքները:
Քաջ հասկանալով խաղաղապահների հնարաւորութիւնների սահմանափակութիւնները՝ նրանք պէտք է, այնուամենայնիւ, աջակցեն Արցախի քաղաքացիների համար անվտանգ ու արժանապատիւ կենսապայմանների ստեղծմանը, այդ թւում՝ յարգելով ինքնապաշտպանութեան մեր իրաւունքը: Էթնիկ զտման վտանգի ենթարկուող ժողովրդին կամ պէտք է պաշտպանել՝ »պաշտպանելու պարտականութեան« միջազգային հայեցակարգի շրջանակներում, կամ էլ ապահովել ինքնապաշտպանութեան միջոցներով եւ հնարաւորութիւններով: Որքան էլ ուժեղ ու վտանգաւոր է Ադրբեջանի կողմից իրականացուող ճնշումը՝ Արցախն ունի ինքնապաշտպանութեան իրաւունք, իսկ միջազգային հանրութիւնը՝ պաշտպանելու պարտականութիւն: Անկախ Արցախի ժողովրդի ձեռքի տակ եղած միջոցներից եւ հնարաւորութիւններից՝ նա պարտաւոր է եւ իրաւունք ունի պաշտպանուելու յանուն իր իսկ փրկութեան: Միջազգային հանրութիւնն էլ պէտք է որոշի, թէ ինչպէս կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիւանագիտական ճանապարհո՞վ, թէ՞ ինքնապաշտպանութեան համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Կ՛ուզէինք անդրադառնալ ադրբեջանական քարոզչամեքենայի եւս մի թէզի, որը 2020 թ. Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան դրոյթների խեղաթիւրման հերթական փորձն է: Այսպէս, Ադրբեջանի իշխանութիւնները պնդում են, որ Լաչինի միջանցքը նախատեսուած է բացառապէս հումանիտար բեռների տեղափոխման համար: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք սա:
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Իրօք, տեւական ժամանակ է՝ Բաքուն պնդում է, որ Լաչինի միջանցքը նախատեսուած է հումանիտար (մարդասիրական) բեռների տեղափոխման համար միայն, եւ որ իբր միջանցքի օգտագործումն Արցախի տնտեսական զարգացման կամ անվտանգութեան ապահովման նպատակներով Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեամբ արգելւում է: Ադրբեջանը նաեւ պարբերաբար դժգոհութիւն է յայտնում այլ պետութիւնների քաղաքացիների Արցախ մուտք գործելու կապակցութեամբ: Աւելին՝ Բաքուն նպատակ է հետապնդում Լաչինի միջանցքի նկատմամբ հաստատելու անձնագրային եւ մաքսային սեփական վերահսկողութիւն, ինչի ուղղութեամբ էլ վերջին օրերին լրացուցիչ ագրեսիւ ու ապօրինի գործողութիւններ է կատարել:
Իրականում նշեալ՝ Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան 6րդ կէտում խօսւում է Լաչինի միջանցքի ստեղծման մասին, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ որը մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ: Յայտնի է, որ Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութիւնում եւ աւելի ուշ ընդունուած միւս եռակողմ փաստաթղթերում որեւէ յիշատակում չկայ քաղաքացիների մուտքի եւ ելքի սահմանափակումների, ներմուծուող եւ արտահանուող բեռների դասակարգման, ինչպէս նաեւ օգտագործուող փոխադրամիջոցների տեսակների մասին: Ամէն դէպքում, նոյնիսկ այդ պարագայում մենք մշտապէս պատրաստ ենք եղել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով բեռնափոխադրումների թափանցիկութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ: Այդ շրջանակներում ռուսական կողմին քանիցս առաջարկել ենք տեղադրել համապատասխան տեխնիկական սարքեր՝ իրենց կողմից իրականացուող վերահսկողութեան բարելաւման նպատակով: Նաեւ քանիցս յայտարարել ենք միջազգային փաստահաւաք առաքելութիւն ընդունելու պատրաստակամութեան մասին, սակայն բոլոր այդ նախաձեռնութիւնները արգելափակուել են հէնց Ադրբեջանի կողմից:
Եւ Ադրբեջանի շարունակական ագրեսիւ վարքի պայմաններում առնուազն ընկալելի չէ որոշ դերակատարների ուշադրութեան ու խօսոյթի սեւեռումը զուտ հումանիտար հարցերի եւ բեռնափոխադրումների լրացուցիչ վերահսկողութեան վրայ: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են ողջ տարածաշրջանում վտանգի միակ աղբիւր հանդիսացող փղին՝ սենեակում մուկ փնտռելով:
Ինչ վերաբերում է Եռակողմ յայտարարութեան 6րդ կէտով ամրագրուած Ադրբեջանի պարտաւորութեանը՝ երաշխաւորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային (փոխադրութեան) միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով տեղաշարժի անվտանգութիւնը, ապա միանշանակ է, որ այդ պարտաւորութիւնը չի նշանակում ներկայութիւն այնտեղ, այլ՝ զերծ մնալ անվտանգային խնդիրների ստեղծումից՝ որպէս սպառնալիքի հիմնական աղբիւր: Յստակ է, որ ՌԴ խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ մնացած Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի ռեժիմն (դրութիւնը) արդէն բացառում է ադրբեջանական ցանկացած ներկայութիւն ու միջամտութիւն այնտեղ:
2020 թուականի Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան դրոյթները միակողմանիօրէն վերանայելու եւ միջազգայնօրէն ճանաչուած կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկուող եւ բացառապէս հումանիտար բեռնափոխադրումների համար ճանապարհի փոխակերպելու փորձերն իրաւազօր չեն, ուստի եւ պէտք է մերժուեն:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Այդ դէպքում ո՞րն է ելքը:
ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ելքը մեր վճռական ու երկարատեւ պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողութիւնների համախմբման ու արդիւնաւէտ իրացման միջոցով: Արցախի ժողովրդի ինքնորոշման բնական ու անառարկելի իրաւունքը, վերջիվերջոյ, պէտք է յաղթանակի, որի ճանապարհին Հայաստանի Հանրապետութեան եւ ողջ հայ ժողովրդի աներեր ու անմնացորդ սատարումը պարզապէս անհրաժեշտ պայման է:
Եթէ մենք կարողանանք բաւարար կամք ու կարողութիւն ցուցաբերել այս պայքարում՝ այս փուլում առնուազն կանխելու մեր կենսական շահերի հաշուին անդառնալի զիջումներն ու կորուստները, ապա դրա շնորհիւ ե՛ւ կը կարողանանք երկարատեւ պայքար մղել մեր հայրենիքի պաշտպանութեան ու ազատութեան համար, ե՛ւ աստիճանաբար կը շահէնք պատշաճ միջազգային ուշադրութիւն ու աջակցութիւն: Վերջ ի վերջոյ, յաջողում են միայն պայքարող ազգերը, իսկ իրաւունքներն այս աշխարհակարգում չեն տրւում հէնց այնպէս, դրանք վաստակում ու պահպանում են շարունակական պայքարով: