Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
«Վերադարձի ամբողջ ճանապարհին Արգամ Մանասեանը խաղաղուած ննջում էր: Երազում թէ արթմնի (արթուն վիճակի մէջ) մօր հետ էր: Վա՜յ, մայրիկ ջան, մայրիկ, ինչ զարմանալի մարդ ես դու, մտածում էր նա:
Մտել էր այգի, պճղովի (որ դիւրութեամբ կարելի է երկու պճեղի, երկու կտորի վերածել) դեղձ էր ուտում՝ քաղելով ծառից ու ձեռի ափով սրբելով փոշին, երբ ականջին հասաւ Աշոտի ու մօր խօսակցութիւնը: Աշոտն էլ իր հերթին երեւի չէր դիմացել, որովհետեւ մօրն ասաց.
– Մայրիկ, ոչ ոքի ոչ մի բան չասես, քեզ մեծ գաղտնիք եմ յայտնում:
– Ի՞նչ գաղտնիք, տղայ ջան:
– Արգամ Պետրովիչին մինիստր (նախարար) են նշանակում:
Մի պահ լռութիւն տիրեց: Տեսնես ինչպէս կ՛արձագանգի մայրը:
– Իսկ դա իրա համար լաւ է՞, – հարցրեց նա:
Վա՜յ, մայրիկ, մայրիկ… Մի անգամ էլ, սրանից երեւի մի տասներկու-տասներեք տարի առաջ, երբ Արգամ Մանասեանը ամպիոնի վարիչ էր գիւղատնտեսական ինստիտուտում (հիմնարկ), աշխատողներով, դասախօսներով ու ասպիրանտներով (գիտա-հետազօտական հիմնարկի աշխատակից, որ կը պատրաստուի գիտական գործունէութիւն ունենալու) Ուջան եկան: Հաւաքուածների մէջ ամենաբարձր պաշտօնը Արգամն ունէր, բայց նա նկատեց, որ խնճոյքի ժամանակ մայրը զգուշութեամբ, հերթով մօտենում է մէկ սրան, մէկ նրան ու խնդրում.
– Արգամիս լաւ նայի, ցաւդ տանեմ, ձեռքդ գլխին պահի, ասածները սրտիդ մօտ մի ընդունի: Գիժ-գիժ խօսացող է, բայց սիրտը մաքուր է, սրտումը բան չկայ:
Նա աչքերը բացեց այն ժամանակ, երբ արգելակուեց մեքենան եւ լսուեց Աշոտի անհանգիստ ձայնը:
– Արգամ Պետրովիչ, ոնց որ Նայիրուհին է, հա՞… Մօտենա՞մ:
Նայիրուհի՞ն: Նայիրուհին ի՞նչ է անում այստեղ, մտածեց Արգամն ու միանգամից արթնացաւ: Մուտքի լապտերի լոյսի տակ տեսաւ, որ աղջիկը վիճում է ինչ-որ բարձրահասակ, նիհար տղայի հետ: Յաջորդ վայրկեանին Աշոտը մի կողմից, Արգամը միւս կողմից գրեթէ միաժամանակ ցած իջան աւտոմեքենայից (ինքնաշարժ): Տղան զարմանալի ճարպկութեամբ ձուլուեց մթութեանը, անհետացաւ:
– Նայիրուհի՞, – ձայնեց Արգամը յուզուած:
Աղջիկը լաց էր լինում:
– Ի՞նչ է պատահել, նա վիրաւորե՞ց քեզ…
– Չէ, ընդհակառակը, – հեծկլտաց աղջիկը:
– Ո՞վ էր: Նա՞ էր:
– Հա , – ասաց աղջիկը: – Ոչինչ չեմ հասկանում, հայրիկ: Ես նրա հետ չէի խօսում՝ այսինքն ինքն էլ չէր խօսում ինձ հետ: Իսկ այսօր, իսկ այսօր… Բռնել էր, չէր թողնում տուն գնամ. Ներողութիւն էր խնդրում, քիչ էր մնում՝ ոտքերս ընկնի: Սխալ եմ, ասում էր… Ու այնպիսի խօսքեր էր ասում… Իսկ ես ասում եմ՝ մի՞թէ հիմա դու ես, մի՞թէ մոռացել ես քո խօսքերը… Ես քեզ արհամարհում ու ատում եմ, ասում եմ… Ես չեմ ուզում տեսնել քեզ… Իսկ նա… իսկ նա ասում է՝ ես առանց քեզ ապրել չեմ կարող: Մոռանանք անցեալը, խնդրում եմ: Իսկ ես ասում եմ՝ ի՞նչ պատահեց, այս մի քանի օրուայ մէջ իմ ի՞նչը փոխուեց, որ դու, որ դու…
Արգամ Մանասեանը գրկեց աղջկայ գլուխը, կրծքին սեղմեց.
– Հանգստացիր, – ասաց նա: – Իրօք ինչ-որ բան փոխուել է, աղջիկս: Ինձ արդարացրել ու վերականգնել են, եւ նա երեւի արդէն գիտի այդ մասին: Նրանք անմիջապէս իմանում են ամէն ինչ:
Նայիրուհին ետ գցեց գլուխը, հօրը նայեց դեռեւս արցունքոտ աչքերով.
– Ճի՞շդ ես ասում, հայրիկ:
– Ճիշդ եմ ասում, – ասաց Արգամը… – Այնպէս որ դու շատ խելացի ես վարուել՝ վանելով ու մերժելով նրան: Բաներ կան, որ մոռանալ ու ներել չի կարելի, աղջիկս… Հաստատ…
Նայիրուհին հառաչեց:
– Ինչո՞ւ ես հառաչում, – հարցրեց հայրը:
– Մի բան ասեմ, չնեղանաս, հայրիկ, հա՞: Ախր մենք հաստատ չենք կարող ասել… նա իրօ՞ք գիտի այդ մասին, թէ գուցէ անկեղծօրէն զղջացել ու հասկացել է: Ճիշդ չե՞մ ասում: Եւ յետոյ… եւ յետոյ հեշտ է ասելը՝ մի՛ մոռանայ, մի՛ ների… Հե՜շտ է ասելը… Շատ կ՛ուզենայի քեզ հետ վերեւ բարձրանալ ու տեսնել, թէ դու, օրինակ, կարողանալո՞ւ ես չմոռանալ ու չներել…
– Ո՞ւմ, – զարմացաւ Արգամ Մանասեանը:
– Քո բարեկամներին: Նրանք բոլորը առաջուայ նման հիմա մեր տանն են:
Արգամն զգաց, որ ծանր է շնչում:
– Իսկ դու չե՞ս բարձրանում:
– Այս տեսքով չեմ ուզում, – ասաց Նայիրուհին, պոկուելով հօր գրկից: – Մի քիչ յետոյ կը գամ, հայրիկ:
Առաջին միտքը փախչելն էր: Հարկաւոր է փախչել՝ ուր պատահի: Միայն թէ չտեսնի նրանց, չտեսնի այդ դէմքերը: Տարօրինակը այն էր, որ Արգամ Մանասեանը առաջին հերթին նրանց մասին էր մտածում. Մտածում էր, թէ ինչպէս պիտի ամաչեն նրանք՝ տեսնելով իրեն: Երեւի դա շատ ծանր պահ կը լինի: Յետոյ մտածեց, որ եթէ ամաչէին, չէին գայ: Ո՞վ էր նրանց ստիպողը: Բայց ինչո՞ւ են եկել: Ինչպէ՞ս են եկել: Որեւէ բան գիտե՞ն, թէ բնազդօրէն են հաւաքուել: Ինչպէ՞ս կարող էին իմանալ, երբ Վազգէն Միրզոյեանը նոյնիսկ իրենից՝ Արգամ Մանասեանից ուզում էր գաղտնի պահել կատարուածը: Ի հարկէ, ներս մտնի թէ չէ, կը կռահի անմիջապէս՝ գիտեն թէ չգիտեն: Չէ՜, արժէ ներս մտնել: Ի հա՛րկէ: Արժէ նայիլ նրանց աչքերի մէջ: Անպայմա՛ն: Ու տեսնել, թէ նրանք ինչպէս են նայում իրար…
– Գնանք, – ասաց նա Աշոտին:
– Ես տուն գնամ, Արգամ Պետրովիչ, – խնդրեց վարորդը:
– Չէ, դու պէտք է իմ կողքին լինես, – ասաց Արգամ Մանասեանը:
Վերելակի մէջ նա սովորականի պէս արագօրէն հանեց պիջակը (բաճկոնը), թեւին գցեց ու թուլացրեց փողկապը:
– Արգամ Պետրովիչ, – նոր միայն նկատեց Աշոտը, – բա ձեր գլխարկն ո՞ւր է:
– Քամին տարաւ, – ծիծաղեց Արգամը:
– Ո՞նց թէ, – զարմացաւ վարորդը:
– Այդպէս եղաւ, – ասաց Արգամ Մանասեանը: – Կա՛մ պիտի գլուխս կորցնէի, կա՛մ գլխարկս: Լաւ էր, որ գլխարկս կորցրեցի»: