Մայիսի 6ին Ջաւախքում տօնում են Ծռատօնը: Ուխտի են գնում տարբեր սրբավայրեր, մոմ վառում, աղօթում եւ օրը վերածում տօնի:
Վաղ առաւօտից մարդիկ խմբերով բարձրանում են Տաւշանկա բլրի գագաթ, այն սրբավայրեր, որտեղ ախալքալաքցիներն ամէն տարի Մայիսի 6ին ուխտագնացութիւն են կատարում:
Գոյութիւն ունի լեգենդ (առասպել), որ այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կը ծռուի: Մարդիկ հաւատում են, որ հնում շատերը գործ են արել եւ անմիջապէս ձեռքերը, ոտքերը ծռուել են: Իսկ եթէ ստիպուած էին որեւէ անյետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապէս յետոյ մի քիչ գարի էին ցանում: Հաւատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրայ կրելով Սբ. Գէորգի պատիժը:


Այս տօնը «կարեւոր» է նաեւ յղիների համար: Ծռատօնին յղի կանանց Ջաւախքում արգելում են գործ անել, յատկապէս կտրող, ծակող իրեր օգտագործել: Ջաւախքում հաւաստիացնում են, որ այս օրը, եթէ յղի կինը գործ է անում, ապա երեխան ծնւում է նշանով: Ահա, թէ ինչու Ջաւախքում Մայիսի 6ը բառի բուն իմաստով ոչ-աշխատանքային է:
Ծռատօնը, որն այսքան տարածուած է մեր հասարակութեան շրջանում, չնայած իր մէջ կրօնական տարրեր է պարունակում, բայց եւ ժողովուրդն այցելում է այս կամ այն սրբատեղի, սակայն ոչ մի կապ չունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրացոյցի եւ տօների հետ:
Աղբիւր՝ jnews.ge