Նախ եւ առաջ իմ մասին երկու խօսքով ասեմ, թէ տխուր իրականութիւն է, որ օտարուել եմ, բայց արի ու տես, որ սխալմունքներս հաւաքելիս եւ մէկընդմիշտ ինձ կորած չհամարելու համար եմ ջանացել երազ-ձգտումներ սնել եւ հնարաւորին սահմանում իմ ու իմ պէսների տխրութիւնները հաւաքելու գնով մխիթարուել…
Եւ արդարեւ, Լոս Անճելըս անուան տակ ու միմեանց պատրուսուած քաղաքներում ապրող հայութեան շրջապատում, ի հարկէ հիմնականում մտաւորականութիւն ներկայացնող հանդիպումներից հեռու չմնալիս, իրօք իւրօրինակ բարեբախտութիւն է եղել եւ ամէնուր Մասիս Արարատեան մարդուն տեսել եմ ձախ բռի մէջ թուղթ եւ աջում զինուորագրուած մատների մէջ գրիչն է եղել, կազմ ու պատրաստ եւ վայրկեան իսկ չկորցնելով մարդկանց դիմախաղերով էր տարւում, փշուր-փշուր ծաղրանք խառնելով իսկ, բայց ի հարկէ համ ու հոտով օժտելով էր նկարն աւարտում, անցնում միւսին, նրան, որի դէմքի վրայ, այդ ինքը գիտէր, որ կանչալամպ է վառւում…
Ասել է, թէ ի վերուստ էր բանը, որ տեսնող-բռնողն էր լինելու եւ վայրկեան իսկ չկորցնելով էր անցնում իր նոր «բաժինը» առնելու, սեփականացնելո՜ւ
Նոր բաժիննե՜ր…
Համբարք անել չկար, որ երբ ստուարածաւալ գրքերի մէջ է առել, ներկայացրել հասարակութեանը, համակրանք շահել եւ էլ աւելի ոգեւորուելով է անցել՝ իրեն զարմանք չպատճառելով հանդերձ՝ զարմացնելու ընթերցողներին, մէկն էլ ինձ, երբ այս անգամ միանգամայն նոր ճամբաբաց է անում…
Նոր ճամբաբա՜ց…
Ասել է, թէ իր ճշմարտութեան միւս երեսն է բացում, հաւաստում, թէ հէնց այնպէս չէ, որ մարդկային դէմքերի վրայ երեւացող խաղագծերում բնաւորութիւնների լուսաբանումէ է արել, նմանութիւններից հեռու չմնալով նկարել…
Եւ որտեղից-ո՜ւր, իսկապէս, անսպասելիք լինելու դիրքերից է Մասիս Արարատեանին յատուկ ե՛ւ Մասիսն է արժեւորուել, ե՛ւ Արարատը…
Շտապեմ ասել, թէ սպասելի էր, բայց իմ այսօրինակ օտարուածիս բաժին ընկած 15 տարիներում երբեւէ զգալի չէր եղել, թէ մարդը միաժամանակ հասուէ եղել ե՛ւ դիմախաղերն անել, ե՛ւ աչքաճամբաներով ներաշխարհներ թափանցել, շատ բաներ ու շատ բաներ գրի առնե՜լ…
Արդ, զարմանքից վեր, բայց ապրող-շարունակուող սերնդափոխն անող մարդկանց է փոխանցում «Անդի աշխարհում» գտնուողների իւրայատուկ զուլալուած անկեղծութիւններ, թէ ինչպէս է եղել բանը որ հայ մարդը կորցնելո՜վ, կորցնելո՜վ, եւ էլի ու էլի կորցնելով իսկ՝ մնացել է մարդկային թատերաբեմի վրայ եւ իր պատմութեան ճշմարիտ վկայութիւնների մտապահումներն անելու գնով է ապրել-շարունակուե՜լ…
Եւ, Աստուած իմ, այս անգամ էլ լիայոյս հաւատամքով ասեմ, թէ Մասիս Արարատեան գրողն իրեն մեռած ներկայացնելու գնով է հանդերձեալ աշխարհ մտնում, որ էլ աւելի հաւաստիքներատէր լինելով հայկական սխրանքների նկարագիրն անի, Հայկից ու հայկական շառաւիղ՝ Արայի ու նրան փոխարինողների պատմութեան էջերի վրայ իրենական լոյսի շողեր փռի, առաջանայ ու վկայի, թէ Շամիրամի կողմից Արա Գեղեցիկը պարտուելով իսկ չի պարտւում, երբ «ինձմէ յետոյ,- ասում է նա,- զաւակս՝ Սարդուր 2րդ եւ թոռնիկս՝ Ռուսա, յաջողեցան թագաւորութիւնս պահել…»:
Արդարեւ, զարմանալիք չլինելով իսկ հիացմունք է նուիրւում ընթերցողին, մէկն էլ ինձ, որ Մասիս Արարատեան մարդը տասնամեակներ շարունակ երգիծանքներով օժտուած դիմանկարներ անելով հանդերձ՝ կ’անցնի հայոց պատմութեան խորախորհուրդ լուսաբանումներ անելու համար երեւակայութեամբ մեռնել, պէտք է եղել, որ անցեալի ու նորի համատեղումն անի, հաւաստիքներ ներկայացնելու գնով վերապրեցնի անցեալը եւ շտապի փոխարինողներին նոր աւանդներ թողնել, թէ յաջորդաբար հայութեան երկնակամարում յառել է նաեւ Մեծն Տիգրանն ու տիգրանականները, Երուանդունիներն ու Արշակունի, Բագրատունիները…
Եւ այսպէս, շարունակաբար մի ոտքը կամ մէկ երեսը «անդի» աշխարհից չկտրելով իսկ, մնում է շուռ եկած ապրողներիս, յոյսի ու լոյսի ջահեր վառում, տրամադրում՝ հայի լինելիութիւնը պահպանելու ճամբավկաներին չմտահանելու գնով.
… Ապրել, շարունակուե՜լ…
… Ապրել, շարունակուե՜լ…