
«Լուսակն» հրատարակչութիւնը օրերս լոյս է ընծայել վաստակաշատ պատմաբան Երուանդ Փամպուքեանի «ՀՅ Դաշնակցութեան Ծածկանուններու Բառարան. Անձնանուններ, Տեղանուններ, Թուանշանային Ծածկագրեր» ուշագրաւ աշխատութիւնը, որը միաժամանակ «Վէմ Մատենաշարի» հինգերորդ հատորն է։ Այն ներառում է ՀՅԴ յեղափոխական գործունէութեան առաջին քառասնամեակի ընթացքում ծածկագրուած՝ անհատ գործիչների անձնանունների, նրանց գործունէութեան վայրերի՝ Հայաստանի ու յարակից երկրների տեղանունների, ինչպէս նաեւ գաղտնի նամակագրութեան մէջ օգտագործուող թուանշանային ծածկագրերի աղիւսակները։ Սա մի եզակի աշխատութիւն է, որն իր արտաքուստ ոչ մեծ ծաւալների մէջ իրականում հսկայական տեղեկատւութիւն է պարունակում 19րդ դարի վերջերի ու 20րդ դարի առաջին տասնամեակների հայ ազատամարտի ու Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութեան վերաբերեալ։
Նրա իւրաքանչիւր տողում առկայ անհատ գործիչների կամ տեղանունների ծածկագրուած անուանումները բացայայտելու եւ ընթերցողի դատին ներկայացուող աղիւսակները կազմելու համար հեղինակից հսկայական ջանքեր ու բազում տասնամեակներ են պահանջուել։ Հիմք ընդունելով ՀՅԴ Կենտրոնական արխիւում պահուող վաւերագրերը, Երուանդ Փամպուքեանն անցել է այդ մեծ տառապանքի միջով եւ այսօր ընթերցողի սեղանին է դրել մի արժէքաւոր աշխատութիւն, որն անկասկած ունենալու է բազում վերահրատարակութիւններ, որովհետեւ մէկ անհատի համար ուղղակի անհնար է ընթերցել ՀՅԴ պատմութեան բոլոր վաւերագրերը ու բացայայտել նրանցում առկայ բոլոր ծածկագրուած անուանումները։
«Վէմ» համահայկական հանդէսի խմբագրակազմի եւ այս վաղուց սպասուող աշխատութիւնն իրենց հետագայ գիտական պրպտումների համար անհրաժեշտ սեղանի գիրք համարող բոլոր պատմաբանների անունից ջերմօրէն շնորհաւորում ենք մեր աւագ գործընկերոջը եւ նրան ցանկանում առողջութիւն ու ստեղծագործական նոր նուաճումներ։
«ՎԷՄ» ՀԱՆԴԷՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ