Պետական դպրոցներ յաճախող հայ աշակերտների յանձնախումբը (Commitee for Armenian Students in Public Schools, CASPS) Մայիս 29, 2007ին, կազմակերպել էր յատուկ հանդիսութիւն, յարգելու համար Կլէնտէյլի պետական դպրոցներն աւարտող առաջադէմ հայ աշակերտներին, որոնք այս տարի 12րդ դասարանում կարողացել էին հաւաքել 3.5 եւ աւելի բարձր միջին:
Աւելի քան 180 այս կարգի հայ աշակերտներ, իրենց ծնողների, ուսուցիչների, խորհրդատուների, տնօրէնների, կրթաշրջանի պատասխանատուների եւ համայնքի ներկայացուցիչների հետ հաւաքուել էին Pacific Community Center-ի սրահում, տօնելու իրենց յաջողութիւնը:
Յանձնախմբի գործադիր տնօրէն Արսինէ Յովհաննիսեանի եւ ձեռնարկի պատասխանատու Մեդիա Քալագնամոսի բարի գալստի խօսքերից յետոյ, ձեռնարկը յաջողութեամբ վարեց օրուայ հանդիսավար՝ 2005 թուի շրջանաւարտ Լիա Օգանէսեանը: Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը իր օրհնութեան խօսքի մէջ գնահատեց աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին ու տնօրէններին եւ խրախուսեց աշակերտներին, որ իրեց ուսման աւարտին՝ իրենց կարողութեան սահաններում ծառայեն հէնց այն համայնքին որ իրենց այստեղ է հասցրել: Նոյն գաղափարը հաստատեց երկար տարիների մանկավարժ եւ այժմ Կլէնտէյլի Կրթաշրջանի խորհուրդի անդամ Չաք Սամպարը, որը իր միջոցներով հիմնադրել է բարեսիրական մի հաստատութիւն, որ ամէն տարի կրթաթոշակներ է յատկացնում առաջադէմ աշակերտներին: Նա ասաց, որ ինքը շատ բան է պարտական այս համայնքին, որ երբ ինքը փոքր տարիքում եկաւ այս քաղաքը, նրան ընդունեցին գրկաբաց եւ տուին լաւագոյն կրթութիւն եւ ապագան, որի համար ինքը շատ երախտապարտ է:
Ապա 500ական տոլար կրթաթոշակով գնահատուեցին ամենաբարձր միջինով չորս միջնակարգ դպրոցներից շրջանաւարտ եղած հինգ հայ աշակերտներ: Կրթաթոշակները տրամադրուած էին Հայ կրթական հիմնարկութեան կողմից եւ հաստատութեան ներկայացուցիչ Ալեք Բաղդասարեանը յանձնեց դրանք:
“Screemers” ժապաւէնի արտադրող Քարլա Կարապետեանը օրուայ բանախօսն էր, որը ներկայացրեց հատուածներ իր պատրաստած ժապաւէնից եւ խօսեց մարդկային արժէքներով ապրելու եւ առաջնորդուելու կարեւորութեան մասին: Նա խրախուսեց աշակերտներին՝ գտնելու նոր միջոցներ դէպի դրականը փոխելու աշխարհը: “Screemers” ժապաւէնը Ցեղասպանութիւնը դատապարտող մի աշխատանք է:
Վերջին խօսողն էր Կլէնտէյլի դպրոցների վերատեսուչ դոկտ. Մայքըլ Էսքալանթէն, որը շնորհաւորեց աշակերտներին եւ նրանց ծնողներին՝ իրենց արձանագրած յաջողութեանց համար, որից յետոյ յանձնախմբի անդամ Լորա Աթոյեանի ղեկավարութեամբ աշակերտներին տրուեցին գնահատագրեր՝ քոնկրէսական Էտըմ Շիֆի, նահանգային ծերակուտական Ճէք Սքաթի, նահագային խորհրդարանական Փօլ Գրիգորեանի եւ Պետական դպրոցներ յաճախող հայ աշակերտների յանձնախմբի կողմից:
Ինչպէս Արսինէ Յովհաննիսեանը իր բացման խօսքի մէջ ասաց, մենք յաճախ ենք անդրադառնում մեր աշակերտների բացասական կողմերին եւ ձախողումներին, սակայն սա ձեռնարկը գեղեցիկ առիթ է, որ երեւան հանենք նրանց առաջադիմութիւնները եւ յաջողութիւնները:
Այս յանձնախումբը, որ աշխատում է Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի հովանու ներքոյ, հիմնուել է 1994 թուին, եւ սպասարկում է պետական դպրոցներ յաճախող հայ աշակերտներին, նրանց օգնելով իրենց կրթական, հոգեբանական եւ ընկերային հարցերում: Պետական դպրոցների ղեկավարութեան հետ համագործակցաբար, Յանձնախումբը ցարդ սպասարկել է աւելի քան 3500 աշակերտների, Կլէնտէյլի եւ Լոս Անճելըսի պետական դպրոցներում: