
Դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք կատարուած եռօրեայ ուխտագնացութիւնների շղթայի 69րդ օղակը եւս աւելացաւ 13-15 Յուլիս 2023ին, հայրապետական բարձր օրհնութեամբ Արամ Ա. կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանի, նուիրուած հայ եկեղեցու հանճարեղ կաթողիկոսներից՝ Ս. ՆԵրսէս Շնորհալի հայրապետի վախճանման 850ամեակին:
Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ատրպատականի Հայոց թեմի Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախմբի կազմակերպութեամբ, ինչպէս նաեւ Ատրպատականի պետական կառոյցների անվերապահ գործակցութեամբ, այս տարի եւս եռօրեայ ուխտագնացութիւնը բացառիկ յաջողութեամբ իր աւարտին հասաւ, հազարաւոր ուխտաւորների հաւատաւոր մասնակցութեամբ: Սոյն ուխտագնացութեան մասնակից էին թեմի հոգեւորականաց դասը, Պատգամաւորական ժողովի անդամները, ԻԻԽում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ դեսպանատան եւ ՀՀ արտգործնախարարութեան շուրջ 30 հոգանոց ներկայացուցչական կազմը, ասորական համայնքից Իլիուշ քահանան եւ այլ հրաւիրեալներ:
Պատմական Արտազ գաւառում Սբ. Թադէոս առաքեալի վեհակառոյց վանքի կամարների տակ, 1954 թուականից սկսուած այս պաշտօնական ուխտագնացութիւնը, ամէն տարի իւրայատուկ ապրումներով եւ հոգեւոր ու ազգային իր մթնոլորտով գօտեպնդում է համայն իրանահայութեանը, յատկապէս ատրպատականցի հային, ինչպէս նաեւ հեռաւոր երկրներում ապրող բիւրաւոր հայերին, որոնք երբեմն անձամբ ներկայ գտնւելով եւ երբեմն հեռակայ կարգով հետեւում են սոյն ուխտաւորութեան:
Ատրպատականի տարբեր շրջաններից՝ Թաւրիզից, Ուրմիայից, Սալմաստից, Բեդելբոյից, Իրանի տարբեր քաղաքներից՝ Թեհրանից, Սպահանից, Ահուազից, Արաքից, Անզալիից եւ այլ շրջաններից, ինչպէս նաեւ հայրենիքից ու արտասահմանից շուրջ 5 հազար ուխտաւորներ ժամանեցին Ս. Թադէոս առաքեալի վանքը, սկսեալ 12 Յուլիս 2023ից, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին եւ յատկապէս Շաբաթ օրուայ հանդիսաւոր Սուրբ պատարագին, ազգային տօնախմբութեամբ կատարելու Վանքի Ուխտի օրը:
Անցեալ տարիների աւանդութեան համաձայն, Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախմբի կողմից տասնեակներով վրաններ էին լարուել Սբ. Թադէի վանքի շրջակայքում, հիւրընկալելու համար բոլոր ուխտաւորներին: Ուխտաւորներից ոմանք, հեռաւոր շրջաններից լինելով, Չորեքշաբթի, 12 Յուլիս 2023ից արդէն ժամանել էին վանք եւ լարել իրենց վրանները, մէկ օր եւս ապրելու Սբ. Թադէի վեհ միջավայրում:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՄԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՎԱՆՔԻ ՄՈՒՏՔԻՆ
Ուրբաթ, 14 Յուլիս 2023ի երեկոյեան ժամը 5ին, Սուրբ Թադէի վանք ժամանեց Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ սրբազանը: Վանքի վերջին պտոյտի մօտ, սրբազանի շքախումբը կանգնեց եւ հայ նահատակների յուշարձանի առջեւ «հոգուոց» արտասանուեց, պետական պատասխանատուների ներկայութեան: Ապա, վանքի մուտքին հաւաքուած ուխտաւորները ծափողջոյններով եւ տաճարի զանգի ղօղանջի ներքոյ դիմաւորեցին սրբազան հօրը: Վանք ժամանման առաջին պահին, սրբազան հայրը օրհնեց Խնամակալ կանանց պատրաստած եւ հայկական գեղջկական տարազով պճնազարդուած աղջնակի ձեռամբ իրեն մատուցուած «Աղուհաց»ը, մաղթելով որ հայի սեղանից եւ հայի կեանքից անպակաս լինի աղուհացի համը, եւ Սբ. Թադէից ճառագայթող սրբութեամբ օրհնուեն բոլոր հայ ընտանիքները, համայն մեր ժողովուրդը եւ մեր տառապակոծ հայրենիքը;
Թափօրը տաճար ուղղուելով, Սբ. խորանի առջեւ տեղի ունեցաւ Կանոնական աղօթքը: Երկրպագութիւնից յետոյ, սրբազան հայրը ողջունեց ներկայ ուխտաւորներին, իր ուրախութիւնը յայտնելով այն սքանչելի երեւոյթին, որը այս տարի եւս պարզուել էր վանքի շրջակայքում. «Տաղաւարահարաց տօնի պատկերը պարզուեց մեր աչքերի առջեւ, երբ տեսանք մեր ժողովրդի վրանները վանքի շրջակայքում: Բացառիկ է այս երեւոյթը ներկայ դարում քրիստոնէական կեանքում: Շատ ուխտատեղիներ եւ սրբավայրեր կան քրիստոնեայ աշխարհում, որտեղ ուխտաւորներ այցելում են եւ իրենց ուխտն ու աղօթքը կատարում: Սակայն երեք օրեր շարունակ սրբավայրում, վրանների ներքոյ մնալու երեւոյթը, համայն քրիստոնեայ աշխարհում յատուկ է, եւ այն՝ մեր Սբ. Թադէի վանքում: Թող ձեր սրտից բխած բոլոր աղօթքները լսելի լինեն ամենակալ Աստծու ականջին, Սուրբ Թադէոս առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի բարեխօսութեամբ», ասաց սրբազանը, գօտեպնդելով բոլոր հաւատացեալներին, որ յուսադրուեն, մեր ազգի ու հայրենիքի համար լաւագոյն օրերի սպասումով: Սրբազանը նաեւ յայտնեց, որ այս տարուայ ուխտագնացութիւնը վերնագրուել եւ ձօնւում է Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի վախճանման 850ամեակին: «12րդ դարի մեր զարգացած հայրապետներից Ներսէս Շնորհալին, վստահաբար կապի մէջ էր եղել Սբ. Թադէի վանքի վանահայրերի հետ, եւ իր աստուածաբանական մտքերն ու միջեկեղեցական հաւատոյ խնդիրները քննարկել նրանց հետ: Այսօր երբ տօնում ենք նրա 850ամեակը, այս նուիրական տաճարի քարերի վկայութեամբ օրհնում ենք նրա յիշատակը եւ վաստակը», ասաց սրբազանը, հրաւիրելով բոլոր ուխտաւորներին վերանայել Կիլիկեան աշխարհի հայոց հայրապետի աստուածաբանական, գրական, բանաստեղծական, երաժշտական եւ մշակոյթի այլ բնագաւառներում թողած ժառանգը:

ՕԾՈՒՄ՝ ՏԱՃԱՐԻ ԵՐԿՈՒ ՆՈՐԱՇԷՆ ԴՌՆԵՐԻ
Երեկոյեան ժամը 5:30ին, նախագահութեամբ եւ ձեռամբ առաջնորդ սրբազանի, օծումը կատարուեց Սբ. Թադէի տաճարի հիւսիսային եւ հարաւային դռների, որոնք գտնւում են զանգակատան մօտ: Իսկական դռները ապահովական պատճարներով տասնամեակներից ի վեր Թաւրիզի հայոց թանգարան տեղափոխուած լինելով, դրանց փոխարէն փայտեայ սովորական դռներ էին ամրացուել: Այս տարի, առաջնորդ սրբազան հօր օրհնութեամբ եւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական գրասենեակի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանի նախաձեռնութեամբ, սոյն դռները փոխարինուեցին իրենց նախկին դռների օրինակով պատրաստուած նորերով, բարերարութեամբ տէր եւ տիկին Էդւին եւ Այտա Միրզայեանների, մէկը ի յիշատակ իրենց հօր Արամայիս Միրզայեանի, իսկ միւսը՝ մօր՝ Համասփիւռ Միրզայեանի:
«Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ, առաջնորդ սրբազանը սրբալոյս միւռոնը հեղուց սրուակի մէջ, եւ ապա իր բութով երեք անգամ օծեց իւրաքանիւր դուռը, յանուն Ամենասուրբ Երրորդութեան: Օրհնութեան եւ օծման արարողութիւնից յետոյ, առաջնորդ սրբազանը բացատրական խօսքով լուսաբանեց ներկայ ուխտաւորներին, եկեղեցու դրան սրբութեան մասին, որտեղից ներս մտնողին հաւատքը քննութեան է ենթարկւում «Մի ոք յերախայից»ի երգեցողութեան պահին, երբ թերահաւատներն ու չմկրտուած անձինք այդ պահին դուրս՝ գաւիթ էին ելնում, եւ դռները փակւում էին: Ուստի, նա վեր հանեց եկեղեցու դրան սրբութիւնը, եւ թելադրեց, որ եկեղեցուց ներս մտնողները, հին աւանդութիւնը վերականգնելով, միշտ համբուրեն եկեղեցու դուռը եւ ապա մտնեն ներս: «Եկեղեցու դռնից ներս մտնողը, երբեւիցէ կասկած չի՛ ունենալու Աստծու ամենակարող զօրութեան: Այս է եկեղեցու դրան իմաստը եւ արժէքը, որտեղից ներս մտնողը ստանալու է իր բոլոր խնդրանքների պատասխանը եւ կեանքի փրկութիւնը», ասաց սրբազանը:
Սրբազան հայրը այս առիթով բարձր գնահատեց Շերլի Աւետեանի նախաձեռնութիւնը, մայր դուռից յետոյ սոյն երկու դռների քանդակման ծրագիրը յղանալու համար: Նա միաժամանակ շնորհաւորեց դռների բարերար ամոլին, որոնք անջնջելի յիշատակ թողուցին Սբ. Թադէի տաճարին, ի յիշատակ իրենց ծնողաց: Սըրբազան հայրը բարերար ամոլին նուիրեց իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում» մատենաշարի առաջին երկու հատորները: Նոյն առիթով, Շերլի Աւետեան յուշանուէր յանձնեց բարերարին:


ԳՈՐԳԱՐՈՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ՎԱՆՔԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ
Տաճարի դռների օծման արարողութիւնից անմիջապէս յետոյ, սրբազան հօր ձեռամբ բացումը կատարուեց իրանեան հին գորգերի ցուցահանդէսին, վանքի հարաւային ցուցասրահում, որտեղ ցուցադրուել էին շուրջ երկու հարիւր տարուան նմուշներ: Հետաքրքիր էր, որ տարբեր տասնամեակիների ընթացքում օգտագործուած թելեր եւ գոյներ, ինչպէս նաեւ կերպեր այնքան գեղեցիկ համադրուել էին: Այս առիթով, սոյն ցուցահանդէսի կազմակերպիչ ընկերութիւնը հնադարեայ նմուշներից մէկը նուիրեց սրբազան հօր, իսկ երկու գորգեր, մեծ հաւատքով նուիրաբերեց Ս. Թադէի տաճարին, որոնք տեղադրւեցին խորանի բեմի վրայ եւ դասի մէջ:
ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ
Ուրբաթ երեկոյեան ժամը 8ին կատարուեց Հսկումի Գիշերային ժամերգութիւնը, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Հսկայ տաճարի աջ կողմում, ամէն տարուայ աւանդութեան համաձայն տեղադրւել էր հսկայ խաչափայտը, մեխերով պատուած, որի վրայ հաւատացեալներ կախում էին իրենց աղօթքներն ու խնդրւածքները, ուխտերն ու փափաքները, խնդրելով Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:
Յայտնենք, որ քահանայ հայրերը Հինգշաբթի, Ուրբաթ եւ Շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւններ կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների փափաքը իրականացնելով: Խորհրդակատարութիւններից բացի, նրանք նաեւ աղօրհնէք կատարեցին առ ի հոգեւոր նախապատրաստութիւն մատաղացու ոչխարների զենման: Ժողովրդի զաւակներից շատեր իրենց նոր գնած կրծքախաչերի համար օրհնութիւն էին հայցում հոգեւորականներից, նախքան դրանք իրենց կրծքից կախելը: Հանդիպած հոգեւորականին դիմում էին նրանք օրհնութիւն խնդրելով, որոնց ընդառաջում էին ուխտագնացութեան մասնակից բոլոր հոգեւորականները:


ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԱՆՔՈՒՄ
Ուրբաթ օր, երեկոյեան ժամը 9ին, Վանքի հարաւային շրջափակում տեղի ունեցաւ գեղարուեստական ծրագիր, կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախմբի եւ Շերլի Աւետեանի, համագործակցութեամբ Թաւրիզի «Տաթեւ» պարախմբի եւ Թեհրանի «Ակունք» պարախմբի, գեղարուեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի: Պարային ելոյթը յագեցուած էր ազգային նուագներով եւ երգերով, հանդիսութեան տալով երգի ու պարի փառատօնի տեսք: Հանդիսավարութիւնը ստանձնել էր Նայիրի Դիլանեանը, որը նաեւ ասմունքեց, կիթառի նուագակցութեամբ երաժիշտ Սեւան Գասպարեանի:
Երկու պարախմբերը իրենց աշխուժ մասնակցութեամբ, հայոց վանքերի հնադարեայ ուխտագնացութիւնների համն ու հոտը վերյիշեցրին ներկայ ուխտաւոր բազմութեան, որոնք քաջալերական ծափողջոյններով իրենց գնահատանքը յայտնեցին, տեղի սահմանափակ հնարաւորութիւններում եւս իրենց լաւագոյնը մատուցած երիտասարդութեան: Նշենք, որ «Տաթեւ» պարախումբը նաեւ այսպիսով բացումն էր կատարում իր հիմնադրման տասնամեակի առիթով կատարելիք ծրագրերի:
Իր գնահատանքի խօսքով բոլոր ուխտաւորների սրտի թարգմանը հանդիսացաւ սրբազան հայրը: «Մեր ժողովրդի երիտասարդութիւնը քնած չէ, անտարբեր չէ, ազգային կեանքից հեռու չէ, եկեղեցուց չի՛ հեռացել, իր ազգային արժէքների ու սրբութիւնների պահապանն է. ահա այս պատգամը տուեցին մեր երիտասարդ-երիտասարդուհիները այսօր, Սբ. Թադէի վանքում: Նրանք իրենց ինքնավստահ շարժումներով, ազգասիրութեամբ համակուած պարերով, զգացմունքային բորբ ապրումներով արտասանուած քերթուածներով եւ մեղեդիացած երաժշտութեամբ, Վանքի զոյգ գմբէթներին նայելով, վերանորոգեցին իրենց ազգասիրութեան, հայրենասիրութեան եւ եկեղեցասիրութեան ուխտը: Այն պատկերը, որ այստեղ վայելեցինք, կրկնօրինակն էր ժողովրդային այն մեծ տօնախմբութիւնների, որոնք Հայոց Ցեղասպանութիւնից առաջ մեր վանքերում՝ յատկապէս Մշոյ Սուլթան Սբ. Կարապետի վանքում տեղի էին ունենում: Ահա թէ ինչպէս անմեռ է հայի ոգին: Ահա թէ ինչպէս շարունակում ենք մեր ազգային աւանդութիւնները, կոտորածից, սպանդից, Ցեղասպանութիւնից վերյառնելով», ասաց սրբազանը եւ բարձր գնահատեց բոլոր կազմակերպիչների աշխատանքը: Նա յատուկ գնահատանք յայտնեց զոյգ պարախմբերի գեղարուեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանին եւ պատասխանատու Նայիրի Դիլանեանին, ինչպէս նաեւ պարուսոյցներ՝ Մարիա Գասպարեանին, Մանէ Նազարբէգեանին եւ Սեպուհ Անտոնեանին: Սրբազան հայրը այս առիթով յուշանուէրներ յանձնեց յիշեալ անձերին, ինչպէս նաեւ Շերլի Աւետեանին, Խնամակալ մարմնի ատենապետուհի Էմմա Յարութիւնեանին, եւ Վանքերի յանձնախմբի պատասխանատու Գագիկ Յարութիւնեանին եւ կիթառահար Սեւան Գասպարեանին: «Ակունք» եւ «Տաթեւ» պարախմբերի կողմից եւս յուշանուէրներ յանձնուեցին բոլոր այն անձերին, որոնք օժանդակել էին ծրագրի յաջողութեան:
Յայտնենք, որ ելոյթի կազմակերպման աշխատանքները նիւթապէս հովանաւորել էին Ռիմա Գրիգորեանը, Էմմա Տիգրանեանը, Սեդա Շահնազարեանը, Աշոտ եւ Սեդա Ֆարմանեանները, Էդիկ եւ դոկտ. Յասմիկ Գասպարեաններ եւ այլ նուիրատուներ:
Շուրջ մէկ ժամ տեւած ելոյթը մեծ տպաւորութիւն թողեց ուխտաւոր բազմութեան վրայ, որ հիացած մեր երիտասարդութեան ներուժից, նորովի յուսադրուեց մեր ազգի եւ յատկապէս իրանահայութեան ապագայով:
ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Յաջորդ օրը, Շաբաթ, 15 Յուլիս 2023ի առաւօտեան ժամը 9:30ին, վանքի մօտակայքում լարուած պետական վրանի տակ, պաշտօնական հանդիպում կայացաւ առաջնորդ սրբազանի եւ Չալտրանի կուսակալ Մոհամմէտ Ռեզայի միջեւ: Ներկայ էին Ատրպատականի պետական պատասխանատուներ բարձրաստիճան զինուորականներ եւ ապահովական կառոյցների գնդապետներ եւ ԻԻԽի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանը: Այս առիթով, կուսակալը սրբազան հօր եւ հայ համայնքի ներկայացուցիչներին նուիրեց նահատակաց յուշապատկերի օրինակներ:
Ապա վանքի նորակառոյց սեղանատան մէջ սրբազան հօր, Չալդրանի կուսակալի, Մշակութային ժառանգութեան պետական հիմնարկի տնօրէնի, Պատգամաւորական եւ Թեմական ժողովների անդամների, Արա Շահվերդեանի, Ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախմբի անդամների ներկայութեան, տնօրէն Շերլի Աւետեան, իր օգնականների Ալէն Գրիգորեանի եւ Կարէն Մկրտիչեանի հետ, ներկայացրեց վանքում տեղի ունեցած շինարարութիւնների մասին ամփոփ տեղեկագիր, տեսաժապաւէնի ընկերակցութեամբ:
Առաջնորդ սրբազանը խօսք առնելով, նախ փառք տուեց Աստծուն, որ 1954 թուականից սկսեալ ամէն տարի շարունակւում է սոյն ուխտագնացութիւնը, եւ 69րդը լինելով, իր շուրջ համախմբում հայ ուխտաւորների մեծ բազմութեան: Սրբազան հայրը երախտագիտութիւն յայտնեց Իրանի Կրօնական Մեծ առաջնորդ Այաթ. Ալի Խամենէին, կրօնական այն ազատութեան համար, որով յատկանշւում է Իսլամական հանրապետութիւնը, իր լայնախոհ բարձր ղեկավարութեամբ: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց նաեւ պետական բոլոր պատասխանատուներին, Ատրպատականի արեւմտեան շրջանի նահանգապետին, Չալդրանի կուսակալութեան, ապահովական մարմիններին, քաղաքապետութեան, հրշէջի եւ բուժօգնութեան ծառայութիւններին, իրենց պատրաստակամութեան համար: Վերջապէս, սրբազանը գնահատանքով արտայայտուեց Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանի կատարած հսկայական աշխատանքի մասին, որը միշտ համադրուած է լինում Ատրպատականի Թեմական խորհրդի հետ: «Իրանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է, մենք տարբեր կրօնների պատկանելով հանդերձ, ճակատագրւած ենք ո՛չ միայն միասին ապրել այս երկրում, այլեւ միասնական ճիգով ծաղկեցնել այս երկիրը: Այդ ծաղկումին շօշափելի մէկ օրինակն է Սբ. Թադէոս առաքեալի վանքը այստեղ՝ Չալդրանում, որի օրինակը վարակիչ պիտի լինի ամէն տեղ, երկրի ամբողջ տարածքում եւ արտասահմանում», շեշտեց սրբազանը:
Իր խօսքում կուսակալը բարձր գնահատեց հայ ժողովրդի հոգեւոր կապուածութիւնը եւ ուժեղ հաւատքը Սբ. Թադէի վանքին, որ տարէցտարի աւելի մեծ թուով ներկայ է լինում սոյն ուխտագնացութեան: Խօսք առաւ նաեւ պատգամաւոր Արա Շահվերդեանը, շնորհակալութիւն յայտնելով ե՛ւ պետական պատասխանատուներին՝ իրենց օժանդակութեան համար, ե՛ւ Թեմական խորհրդին ե՛ւ Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկին, կազմակերպ ուխտագնացութեան համար:
Սրբազան հայրը այս առիթով Իրանի պետութեան խորհրդանիշ արծաթեայ կրծքազարդեր ամրացրեց պետական պատասխանատուների լամբակներին, իրենց ցուցաբերած աջակցութեան առ ի գնահատանք: Նոյն կրծքազարդից նուիրուեց նաեւ Արա Շահվերդեանին, Էդիկ Մեջլումեանին եւ Էդւին Միրզայեանին: Շերլի Աւետեանը եւս յուշագրեր յանձնեց բոլոր պետական ներկայացուցիչներին եւ պաշտօնեաներին, որոնք միշտ ուշադիր են շինարարական աշխատանքներին:
Յայտնենք, որ պետական պատասխանատուները սոյն հանդիպումից քիչ անց ներկայ գտնուեցին սուրբ պատարագի առաջին մասին եւ յարգեցին հայ ուխտաւոր ժողովրդին, մասնակից լինելով նրանց աղօթքին:
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Շաբաթ, 15 Յուլիս 2023ին, Ուխտագնացութեան վերջին օրը, առաւօտեան ժամը 11ին, Սբ. Թադէի վանքի տաճարում հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց եւ պատգամեց Ատրպատականի հայոց առաջնորդ սրբազանը: Հանդիսաւոր թափօրը սկիզբ առաւ վանահօր խուցից, դպրաց դասի եւ ՀՄԱԿի Թաւրիզի մասնաճիւղի սկաուուտների առաջնորդութեամբ ուղղուեցաւ դէպի սուրբ տաճարը: Խորանին սպասարկում էին քահանայ հայրը, սարկաւագուհի Անի Մանուէլեանը, սարկաւագներ եւ դպիրներ՝ զոյգ բուրվառով, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ եւ մոմակրութեամբ: Սբ. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարուեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Քարոզից անմիջապէս առաջ, «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ, հանդիսաւորապէս բեմ բարձրացուեց Արամ Ա. կաթողիկոսի ստորագրած Հայրապետական սրբատառ կոնդակը, նուիրուած Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի վախճանման 850ամեակին, եւ առաջնորդ սրբազանի կողմից ընթերցուեց, ի լուր ուխտաւոր հաւատացելոց:
Թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը յղելով ներկայ ուխտաւորների բազմութեան, Աստծու պարգեւած շնորհքը տեսաւ իւրաքանչիւրի սրտին դրոշմուած, որոնք Սբ. Թադէոսի բարեխօսութեան ու Աստծու զօրութեան ապաւինած, ուխտաւորաբար հասել էին վանք: «Սրբի ուժն ու զօրութիւնն է, որ ձգում է ձեզ դէպի այս վանքը, որտեղ թեթեւանում է մարդու միտքը, սիրտն ու հոգին: Սա մեր Թափօր լեռն է, որտեղ երբ բարձրանում ենք, կտրւում ենք մեզ տանջող առօրեայից, որովհետեւ Աստծուն աւելի մօտ ենք զգում: Ահա գաղտնիքը հանգիստ ու անվրդով կեանք ունենալու. մօտենալ Աստծուն, եւ նրան յանձնել մեր բոլոր հոգսերը: Առաքեալը ասում է. «Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (Ա. Պտ 5.7), յայտնեց սրբազանը:
Սրբազան հայրը իր քարոզում անդրադարձաւ մեր ազգի ու հայրենիքի տագնապահար իրավիճակին, ցոյց տալով, որ թերութիւնը, տկարութիւնը, ցաւը մէկ աղբիւր ունի միայն, մեր անմիաբանութիւնը. «Այս վանքը վկայ, որ մենք դարերի փուք ու բորանին ենք դիմացել: Մենք տեսել ենք պատմութեան տօթն ու փոշին, մեր կաշուի վրայ զգացել ենք յարձակողապաշտ թշնամու թրի հարուածը, սակայն մէջք- մէջքի տալով, ձեռք-ձեռքի բռնելով, սիրտ-սրտի կապելով, դէմ ենք դրել ամէն տեսակ վտանգի: Ի՞նչ է փոխուել այսօր մեր կեանքում, որ մեր ազգի ու հայրենիքի ճգնաժամային, օրհասական այս ժամանակահատւածում, չենք կարողանում նոյնը անել, ինչ որ արել ենք մեր պատմութեան ողջ ընթացքում: Արդեօք փոխե՞լ ենք մեր նկարագիրը Վարդանանց, կամ հեռացել ենք Ցեղասպանութիւնից վերապրելու ազգային մեր վճռակամութիւնից եւ ազգահաւաք կատարելու փոխարէն ցրիւ ենք տալիս մեր ազգի զաւակներին…: Արդեօք որոշե՞լ ենք թշնամու ջրաղացին ջուր լցնել, մեր վերջնական պարտութիւնը փութացնելու համար: Հաւատացէ՛ք, որ այս է դաւաճանութիւնը. այլ տեղեր դաւաճանութիւններ չփնտռենք, ո՛չ էլ բռնազբօս որակումներ կատարենք: Սբ. Թադէի վանքում երեք օրեր միասին ապրելու այս օրինակելի օրինակը վարակիչ թող լինի մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ գտնուեն, Հայաստանում թէ Սփիւռքի ամենահեռաւոր անկիւնում: Այստեղ բոլորս զգում ենք, որ հաւասար ենք ո՛չ միայն Աստծու աչքին, այլեւ միեւնոյն պատկանելիութիւնը ունենք՝ միեւնոյն եկեղեցու զաւակ, միեւնոյն ազգի մէկ մասնիկ: Հետեւաբար մեր ազգի այս տեսակը եւ այս որակը եկէք բազմացնենք, եւ թող բոլոր հակառակորդները մեր միասնականութեան բախուեն, զգալու համար մեր անպարտելի ուժը: Մէկ պատգամ ունի այսօր սոյն ուխտագնացութիւնը. դա կոչ է միասնականութեան, ուղղուած բոլորիս: Այսօր, սոյն ուխտագնացութեամբ նշում ենք նաեւ մեր եկեղեցու 12րդ դարի ակնառու դէմքերից Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին, նրա վախճանման 850 ամեակի առիթով: Իր հոգեմտաւոր ներդրմամբ, ո՛չ միայն ճոխացրեց նա մեր եկեղեցին, այլեւ համայն քրիստոնեայ եկեղեցիների միութեան ու եղբայրութեան շեփորահարը հանդիսացաւ: Եթէ այսօր ապրեր նա, եւ տեսներ մեր ժողովրդի բաժան-բաժան իրավիճակը, վստահաբար ազգահաւաքի առաքելութեան էր լծուելու, մեր ժողովրդի միջեւ սէր ու միութիւն քարոզելով», շեշտեց սրբազանը, յոյս յայտնելով, որ Սբ. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը իր միասնականութեան պատգամով, ազգային մեր գիտակցութիւնը կը խթանի, ինքնագիտակցութեան հրաւիրելով մասնակից իւրաքանչիւր հային անհատապէս, եւ բոլորին՝ հաւաքաբար:
Աւարտին, նա շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց Ատրպատականի հայոց թեմի ազգային բոլոր կառոյցներին՝ Պատգամաւորական ժողովին եւ Թեմական խորհրդին, հոգեւորականաց եւ սարկաւագաց ու դպրաց դասերին «Կոմիտաս» երգչախմբին, Խնամակալ մարմնի կանանց, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, եւ ՀՄԱԿի կարգապահներին եւ սկաաւուտական կազմին, իրենց անվերապահ մասնակցութեան համար:
ՋՐՕՐՀՆԷՔ Ս. ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՋՈՎ
Սբ. պատարագի վերջաւորութեան կատարուեց ջրօրհնէք, վասն բժշկութեան հիւանդաց: «Ամէն Ալէլուիա»ի երգեցողութեան պահին, Սբ. Թադէոս առաքեալի մասունքակիր Աջով խաչանիշ օրհնուեց ջուրը, ի բժշկութիւն բոլոր տեսակի հիւանդութիւնների:
Տաճարի սրբազան կամարների ներքոյ, երգչախումբը հնչեցրեց «Կիլիկիա»ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ, իսկ սուրբ Աջով գլխաւորուած եկեղեցականաց թափօրը ուղղուեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտըտուելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր Մեր»ը: Սրբազան հայրը «Պահպանիչ»ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց Ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախմբի անձնուէր անդամներին, կատարուած կազմակերպ եռօրեայ ուխտագնացութեան համար:
Սբ. Թադէի ուխտագնացութիւնը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարաւոր ուխտաւորներով, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերարթնացման եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան ամրապնդման:
Յայտնենք, որ սուրբ պատարագից յետոյ, Վանքի սեղանատանը ճաշկերոյթ տրուեց ի պատիւ Հայաստանից ժամանած դիւանագէտների, կազմակերպութեամբ ՀՀ դեսպանատան, որին ներկայ գտնուեց առաջնորդ սրբազան հայրը ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան, ինչպէս նաեւ Ազգային բարերար Էդիկ Մեջլումեան ամոլի, ԻԻԽի պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ պաշտօնական այլ հրաւիրեալների:
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
ԹԱՒՐԻԶ