ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մէթիու Պրայզայի վերջին տարածաշրջանային այցը նշանաւորուեց նրանով, որ հարաւային Կովկասում նա պաշտօնապէս ներկայացաւ ո՛չ թէ որպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ, այլ, ինչպէս ինքը բնորոշեց, ԱՄՆ պետքարտուղարի ուժանիւթի գծով խորհրդականի օգնական։
Անշուշտ, պաշտօնների այս զարմանահրաշ համադրումը ամենեւին էլ չխանգարեց Մ. Պրայզային իր տեսակէտներն արտայայտելու՝ տարածաշրջանի երկրներին յուզող տարբեր խնդիրների, այդ թւում նաեւ հակամարտութիւնների կարգաւորման գործընթացի վերաբերեալ։
Նրա յայտարարութիւնների բովանդակութիւնից բխող առաջին տպաւորութիւնն այն է, որ ամերիկեան դիւանագիտութիւնը սկսել է աւելի զգուշաւոր մօտեցումներ որդեգրել հարաւկովկասեան հակամարտութիւնների մօտալուտ կարգաւորման հեռանկարի հանդէպ։
Դա ստիպում է Մ. Պրայզայի նման ընդգծուած լաւատեսին ճշգրտումներ կատարել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին իր նախորդ գնահատականներում. «Այն, որ հակամարտութեան կարգաւորումը մօտ է, քան երբեւէ, չի նշանակում, որ այն կարող է լուծուել»։
Այսինքն՝ առնուազն մինչեւ Հայաստանում եւ ապա Ատրպէյճանում սպասուող նախագահական ընտրութիւնները կողմերը պէտք է զբաղուեն միայն Մ. Պրայզայի մատնանշած՝ «հետաքրքիր գաղափարների» քննարկմամբ։
Դժուար չէ նկատել, որ ամերիկեան կողմի զգուշաւորութիւնը սերտօրէն կապուած է նաեւ Քոսովոյի կարգավիճակի շուրջ ծաւալուող միջազգային-քաղաքական զարգացումներում փոխզիջումային տարբերակ գտնելու վերջին անօգուտ փորձերի հետ։
Այս ամէնը ցոյց է տալիս, որ հարաւային Կովկասը որպէս ամերիկեան արտաքին քաղաքականութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող ուղղութիւն, իր պաշտօնավարման ժամկէտներն աւարտող հանրապետական վարչակազմի կողմից սկսել է արժեւորուել աւելի երկարաժամկէտ հաշուարկների դիտանկիւնով։ Իսկ դրանք պահանջում են առաջին գծի վրայ պահել ոչ միայն խաղաղութեան պահպանման, այլեւ տարածաշրջանի տնտեսական համարկման բնորդի յստակեցման խնդիրը։ Հայաստանն այս համաթեքսթում ԱՄՆի կողմից դիտարկւում է Վրաստանի հետ միասին աստիճանաբար մէկ ընդհանուր տնտեսական տարածութեան մէջ ներառուող երկիր։ Պատահական չէ, որ Մէթիու Պրայզան իր այցը առաջին հերթին նուիրեց Հայաստանի ուժանիւթային հնարաւորութիւնների այլազանացման խնդրի լուծմանը։ Այս հիմքի վրայ աւելի առարկայական տեսք է ստանում Հայաստանում նոր ու անվտանգ հիւլէակայանի կառուցման հեռանկարը, որի գործարկումը կարող է բաւարարել նաեւ Վրաստանի կարիքների մի մասը։
Ընդ որում, Մ. Պրայզայի խօսքերով՝ ԱՄՆը չի ցանկանում, որ այս հարցում Հայաստանն ընտրութիւն կատարի Եւրոմիութեան եւ Ռուսաստանի միջեւ։ Ընդհակառակը՝ «նրանք պէտք է այստեղ աշխատեն միասին»։ Ստացւում է, որ ԱՄՆը փորձում է ստեղծել հարաւային Կովկասով շահագրգիռ ուժի կենտրոնների ջանքերի որոշակի համադրութիւն Հայաստանի, իսկ հետագայում՝ նաեւ ողջ տարածաշրջանի համարկման համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող ուժանիւթի ոլորտում։ Այդ համադրութեան մէջ սկսում է ուրուագծուել հայ-վրացական ընդհանուր տնտեսական-քաղաքական տարածութեան ձեւաւորման առաջադրանքը, որը թոյլ կը տայ տնտեսապէս ամրապնդուած երկու երկրներին աւելի ինքնուրոյն քաղաքականութիւն վարել բոլոր հարեւանների հետ յարաբերութիւններում։
Նման ինքնուրոյնութիւնը չի ենթադրում Ռուսաստանի տնտեսական շահերի ոտնահարում Հայաստանում, սակայն անկասկած միտուած է վերջերս մեծ ծաւալների հասած հայ-իրանական ուժանիւթի ծրագրերի սահմանափակմանը։
Այսպիսով, Մէթիու Պրայզայի վերջին տարածաշրջանային այցը ցոյց է տալիս, որ ԱՄՆը փորձում է հարաւային Կովկասում աստիճանաբար վերադառնալ իր քաղաքականութեան աւանդական սկզբունքներին՝ տնտեսական համարկման արեւմտեան բնորդի արմատաւորմանը, որին զուգահեռ յառաջիկայում հնարաւոր է նաեւ անցումը ժողովրդավարական արժէքների աւելի հետեւողական պաշտպանութեանը։
Ժամանակը ցոյց կը տայ՝ արդեօ՞ք սրանք թելադրուած են Իրանի հանդէպ ԱՄՆի ունեցած ծրագրերով կամ՝ Ռուսաստանի հետ ինչինչ մարտավարական համաձայնութիւնների հասնելու ցանկութեամբ, թէ՞ հանդիսանում են մեր տարածաշրջանում աշխարհի թիւ մէկ գերտէրութեան քաղաքականութեան հիմնարար փոփոխութեան սկիզբը։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օգոստոս 1, 2007