

ԱՆԱՀԻՏ ԱՄԻՐԵԱՆ
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմն Օգոստոսի 12ին իր հիւրընկալ դռներն էր բացել մայրենի լեզուի ուսուցիչների առջեւ: Այս տարի տեղի էր ունենում ուսուցչական 13րդ ամէնամեայ հաւաքը, որի ընթացքում ներկայացուեց եւ քննարկուեց նորանոր ուսումնական մեթոդների եւ փորձի փոխանակման, դպրոցներում երեխաների տարբեր վարքագծի ցուցաբերման, ժամանակակից արհեստագիտութեան օգտագործման եւ կրթամակարդակի բարելաւման վերաբերեալ բազմազան հարցեր:
Աշխատանիստին ներկայ էր մօտ 40 ուսուցիչ, իսկ առցանց՝ 30 մասնագէտ, ոչ միայն Ամերիկայի Արեւմտեան, այլեւ Արեւելեան, Կանադայի եւ մի հոգի Գերմանիայի թեմերից:
Բացման խօսքով հանդէս եկաւ Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, ով ներկայացրեց օրուայ ծրագիրը, ինչպէս նաեւ յայտարարեց, որ այս տարի առաջին անգամն է, որ հաւաքին մասնակցում են նաեւ քոյր թեմերի ներկայացուցիչներ։
Առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի անունից ներկաներին իր օրհնութիւնը բաշխեց Երեմիա վարդապետ Աբգարեանը, ով կարեւորեց ուսուցչի դերը սփիւռքահայ երեխաների հայեցի դաստիարակութեան եւ կրթութեան գործում եւ շեշտեց, թէ մեր հայրենիքի հզօրացման գործօններից մէկը Սփիւռքում մայրենիի ուսուցումն ու տարածումն է:


Աղօթքից եւ այս ծրագրի համահիմնադիրներից դոկտ. Էլլի Անդրէասեանի խօսքից յետոյ, դասախօսութեամբ հանդէս եկաւ կիրառական վարքագծի վերլուծութեան (Applied Behavior Analysis ) մասնագէտ Անի Լալայեանը: Նա կարեւորեց ուսուցչի դերը երեխայի կեանքում, նրա դժուար վարքագծի ցուցաբերման արդիւնքում մանկավարժի հմտութեան եւ համբերատարութեան գործօնը, դասարանում ստեղծուած բարդ իրավիճակում նրա ճիշդ մօտեցումը, ինչպէս նաեւ ուսուցիչ-ծնող կապի առանձնայատկութիւնները: Երբեմն ուսման համար անհրաժեշտ է, որ աշակերտը լինի ամբողջ դասարանի հետ, երբեմն՝ ոչ մեծ խմբում, իսկ երբեմն էլ՝ նոյնիսկ ուսուցչի հետ առանձնացուած։ Դաստիարակի աշխատանքն աւելի արդիւնաւէտ դարձնելու համար, անհրաժեշտ է երեխայի ծնողի հետ ստեղծել առողջ կառուցողական համագործակցային յարաբերութիւններ: Այս ամէնից յետոյ կարելի է յստակ ասել, որ մանկավարժը յաջողել է իր դժուարին աշխատանքում:
Աշխատանիստի հետաքրքրական պահերից էր «Ժամանակակից արհեստագիտութեանց օգտագործումը դասաւանդութեան ընթացքում» նիւթը, որը ներկայացրեց համակարգչային ձեւաւորող Իռեն Գումրույեանը:
Այսօրուայ դպրոցն անհնար է պատկերացնել առանց տեղեկատուական արհեստագիտութեանց կիրառման: Թուային միջոցների օգտագործումն ուսուցման ոլորտում դարձել է անհրաժեշտութիւն, որն էլ նպաստում է կրթական մակարդակի զարգացմանն ու բարելաւմանը: Տեղեկատուական արհեստագիտութեանց կիրառմամբ դասերի կազմակերպման առանձնայատկութիւնն այն է, որ գործունէութեան կենտրոնն աշակերտն է, որը ելնելով իր անհատական ընդունակութիւններից եւ հետաքրքրութիւններից՝ կառուցում է իր ուսուցման գործընթացը։ Այդօրինակ դասերի կազմակերպման ընթացքում յաճախ ուսուցիչը հանդէս է գալիս որպէս օգնական, խորհրդատու, որը խրախուսում է երեխայի իւրօրինակ մօտեցումը, խթանում է աշխուժութիւնը, նախաձեռնութիւնը, ինքնուրոյնութիւնը: Արդի արհեստագիտութեանց օգտագործումը դասի ընթացքում ունի մի շարք դրական առանձնայատկութիւններ.
– Դասերը ձանձրալի չեն լինում եւ հաճոյքով մասնակցում են բոլոր երեխաները.
– Դասերը երեխային դարձնում են տրամաբանական եւ որոնողական բնոյթի.
– Առցանց գրաւոր քննութիւններն աւելի հետաքրքիր են եւ աւելի շուտ են ընկալւում երեխաների կողմից.
– Առցանց եւ համացանցային խաղերն աջակցում են, որ երեխաներն աշխուժօրէն մասնակցեն դասին եւ հեշտութեամբ իւրացնեն նիւթը.
– Առցանց գրաւոր քննութիւններն եւ համացանցային խաղերը հեշտացնում են ուսուցչի գործունէութիւնը։
Մայրենիի մշակների ամէնամեայ հաւաքն ամփոփեց դոկտոր Էլլի Անդրէասեանը, ով կարեւորեց դասաւանդման նոր մեթոդների օգտագործումը, երեխայի ինքնուրոյն մտածելու եւ ինքնուրոյն արտայայտուելու կարողութիւնը, ինչպէս նաեւ հայկական դպրոցներում «Սոկրատեան զրոյց»ը (Socratic circle) կիրառելու մեթոդիկան:
Օրն աւարտուեց Միքայէլ քահանայ Կիւրեղեանի Տէրունական աղօթքով։
Անահիտ Ամիրեան` «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի մամլոյ պատասխանատու