
ԱՐՑԱԽԻ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՀԱՐՑՈՎ ՄԱԿԻ ՆԻՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐԸ
17 Օգոստոսի կառավարութեան նիստին ընթացքին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ամփոփեց ՄԱԿի Ապահովութեան խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով Արցախի մէջ ստեղծուած մարդասիրական ճգնաժամին վերաբերեալ: Ան յատկապէս առանձնացուց հետեւեալ արդիւնքները. «Առաջին՝ միջազգային բարձրագոյն ատեանում ընդգծուեց Լաչինի միջանցքի փակ լինելը: Իհարկէ, Հայաստանի հանրութեանը կարող է տարօրինակ թուալ, որ սա արձանագրում եմ որպէս ՄԱԿ անվտանգութեան խորհրդում տեղի ունեցած քննարկման արդիւնք, բայց չպէտք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թէ Լաչինի միջանցքը փակ չէ: Երկրորդ՝ ՄԱԿի անվտանգութեան խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար (մարդասիրական) ճգնաժամի առկայութիւնը եւ այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչութեան կեանքն ու անվտանգութիւնը դրուած են կասկածի տակ: Երրորդ՝ ընդգծուեց, որ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղութիւններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերեալ, Ադրբեջանի կողմից չի կատարուել: Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագոյն ատեանում ճշմարտութիւնը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հաստատուած հումանիտար ճգնաժամի վերաբերեալ բարձրաձայնուած է: Նաեւ միջազգային հանրութեան կողմից հաւաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»:
Փաշինեան շեշտեց, որ այս պահուն միջազգային հանրութեան այս կոչը իրագործուած չէ եւ 22 բեռնատարներ՝ շուրջ 400 թոն մարդասիրական բեռներով, Լաչինի միջանցքի մուտքին մօտ կը սպասեն Արցախ անցնելու կարելիութեան:
Ասոր զուգահեռ, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան հրատապ նիստէն առաջ ըսաւ, որ Արցախի Հանրապետութեան ժողովուրդը յոյսով կը սպասէ ժողովի շօշափելի արդիւնքներուն եւ անոր յաջորդելիք գործընթացներուն:
«Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրութեան եւ դրա կոնկրետ (յստակ) դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլեւ՝ ցեղասպանութիւնների կանխարգելման, մարդու եւ ժողովուրդների իրաւունքների ու ազատութիւնների երաշխաւորման գործում միջազգային հանրութեան ստանձնած իրաւական ու բարոյական պարտաւորութիւնների համար», ըսաւ Յարութիւնեան՝ աւելցնելով. «Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿի Անվտանգութեան խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատութեան միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեանը համապատասխան։ Մեր ժողովրդի կենսագործունէութեան համար բաւարար ու բարենպաստ միջավայր եւ միջազգային երաշխիքներ ապահովելուց յետոյ մենք պատրաստ ենք ներգրաւուել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ ու արդարացի կարգաւորման միջազգային գործընթացում: Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտութեան կարգաւորումը պէտք է հիմնուած լինի առաջնահերթօրէն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ ցեղասպանութեան կանխարգելման սկզբունքների վրայ: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրաւունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների հակադրման փորձերը»: