

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աւրորա-Արշալոյս Մարդիգանեանը մէկ դար անց էլ շարունակում է առաքելութիւնը` աշխարհին ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան սարսափների մասին ականատեսի իր վկայութիւնները, եւ այս անգամ՝ հայ ռեժիսոր (բեմադրիչ) Իննա Սահակեանի` «Աւրորայի Լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն (animation=շարժանկար) շարժապատկերի միջոցով: Աշխարհի բազմաթիւ հեղինակաւոր փառատօներում մրցանակների արժանացած ֆիլմն այս օրերին ցուցադրւում է Միացեալ Նահանգներում:
Լոս Անջելեսում շարժապատկերի պրեմիերան (առաջին ցուցադրութիւնը) կայացաւ Օգոստոսի 17ին` Գլենդելի «Լեմլի» կինոթատրոնում (շարժապատկերի սրահին մէջ), որտեղ կը ցուցադրուի մինչեւ Օգոստոսի 31ը: «Արփա» միջազգային կինոփառատօնի եւ «Բարս Մեդիա» ընկերութեան համատեղ կազմակերպած ցուցադրութեանը ներկայ էր նաեւ ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իննա Սահակեանը:
1915 թ.ին, 15ամեայ դեռատի Արշալոյսը յայտնւում է Ցեղասպանութեան ոճրագործութիւնների թիրախում, ականատես է լինում իր ողջ ընտանիքի սպանութեանը, գերութեան է ընկնում թուրքական հարեմում եւ կրում անասելի զրկանքներ: Սակայն կամքի ուժի, չյանձնուելու վճռականութեան շնորհիւ, նրան յաջողւում է փրկուել եւ իրականացնել զօրավար Անդրանիկի իրեն վստահուած առաքելութիւնը` հասնել Միացեալ Նահանգներ եւ աշխարհին պատմել Հայոց Ցեղասպանութեան մասին:


Արշալոյս Մարդիգանեանի վկայութիւնները յայտնւում են ամերիկեան առաջատար լրատուամիջոցների առաջին էջերում`այնուհետեւ տեղ գտնում «Յօշոտուած Հայաստան» փաստագրական յուշագրութիւններում, որ դառնում «Հոգիների Աճուրդ» (Auction of Souls)` Հայոց Ցեղասպանութեան մասին Հոլիվուդում նկարահանուած առաջին ֆիլմում: Պրեմիերան տեղի է ունենում 1919 թ.ի Փետրուարին, Նիւ Եորքում` եւ արժանանում այնպիսի ուշադրութեան, որ ներկայացումներից հաւաքւում է աւելի քան 30 միլոն դոլար, ինչը «Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց» բարեգործական կազմակերպութեան միջոցով տրամադրւում է տասնեակ հազարաւոր հայ որբերի համար տարբեր երկրներում հանգրուաններ ու գոյութեան համապատասխան պայմաններ ստեղծելուն:
Ֆիլմում Արշալոյս Մարդիգանեանը, որ հոլիվուդեան ֆիլմ արտադրողների կողմից կնքուել էր Աւրորա անուանումով, մարմնաւորում է ինքն իրեն`առաւել իրական դարձնելով համր շարժապատկերը:
Հայաստանից վաւերագրական ֆիլմերի ռեժիսոր Իննա Սահակեանը, ծանօթանալով Արշալոյսի պատմութեանը` նրա հարցազրոյցների, «Հոգիների Աճուրդ» համր ֆիլմից պահպանուած 18 րոպէանոց դրուագների, յօդուածների ու գրքի միջոցով, որոշում է անդրադառնալ Մարդիգանեանի պատմութեանը նորովի` այն ներկայացնելով 21րդ դարի հանդիսատեսին առաւել ընկալելի միջոցներով: ««Աւրորայի Լուսաբացը» թէեւ Ցեղասպանութեան մասին է պատմում, բայց նաեւ խօսում է ուժեղ մարդու լեզուով, ով չնայած շուրջը տեղի ունեցող անհաւանական դաժանութիւններին, երբեք չյանձնուեց ու շարժուեց առաջ` իր գործողութիւններով օգնելով Մեծ Եղեռնը վերապրած հազարաւոր մարդկանց` այդ թւում երեխաների: Ֆիլմն ուժեղ մնալու եւ հետեւողական լինելու մասին պատմութիւն է, ինչի կարիքն այսօր բոլորս ունենք` ե՛ւ այստեղ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ առաւել եւս Արցախում», Գլենդելում կայացած առաջին ցուցադրութիւնից յետոյ, «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Իննա Սահակեանը:
«Աւրորայի Լուսաբացը» ֆիլմի հիմքում Արշալոյս Մարդիգանեանի վաւերագրական արխիւային հարցազրոյցներն են, որոնք հնարաւորութիւն են տալիս ծանօթանալ անմարդկային դաժանութիւնները վերապրած կնոջ ցաւը, հիանալ նրա կամքի ուժով, եւ արդարութեան հասնելու հաւատով: Իննա Սահակեանը, Արշալոյսի պատմութիւնը ներկայացրել է` համադրելով հոլիվուդեան ֆիլմից գտնուած կադրերը (տեսարանները), հարցազրոյցներն ու անիմացիոն վերարտադրումները: Այն հայ կինոյի (շարժապատկերի) պատմութեան մէջ առաջին հայկական լիամետրաժ (եկար ժապաւէն) վաւերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցուածքը անիմացիան է: Դա հնարաւորութիւն է տուել Սահակեանին նաեւ փոխանցել Արեւմտեան Հայաստանում այդ օրերի հայեցի միջավայրը` ի դէմս Խարբերդ նահանգի Չմշկածագ գիւղում բնակուող Արշալոյսի ընտանիքի կենսաձեւի:



«Աւրորայի Լուսաբացը» ֆիլմը մեծ ճանաչում է գտել աշխարհում` բազմաթիւ հեղինակաւոր փառատօներում արժանանալով մրցանակների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի (շարժապատկերի ակադեմիոյ) կողմից ներկայացուել է «Օսկար»ի 95րդ մրցանակաբաշխութեանը` «Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ» անուանակարգում: Մէկ դար անց էլ, Աւրորա-Արշալոյսի պատմութիւնը Միացեալ Նահանգներում արժանանում է աննախադէպ ընդունելութեան` Նիւ Եորքում, մէկ շաբաթ նախատեսուած ցուցադրութիւնները հանդիսատեսի պահանջով երկարացուել են եւս մէկ շաբաթով, ֆիլմը յայտնուել է «Նիւ Եորք Թայմզ»ի «Քննադատի Ընտրանիում» (Critic’s Pick), «Ֆիլմի կապակցուածութիւնը ռեժիսորի հմտութեան եւ Աւրորայի հերոսական ջանքերի արտացոլումն է` ապահովելու, որ պատմութեան մասին նրա հայեացքը չմոռացուի», նշւում է ակնարկում, որի մանրամասներին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով:
«Շարժապատկերը բաւական լուրջ մրցանակներ է ստացել տարաբնոյթ, այդ թւում` մարդու իրաւունքներին առնչուող փառատօններում: Ուրախ եմ նշելու, որ որոշ երկրներում ֆիլմը նաեւ առիթ է դարձել օրէնսդրական նախաձեռնութիւնների` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետ կապուած, նաեւ`առիթ է դարձել անդրադառնալու հայերի նկատմամբ այսօր իրականացուող ցեղասպանական գործողութիւններին: Արուեստը, ֆիլմը, այն զգայարաններն են արթնացնում մարդկանց մէջ, որ ստիպում են մտածել, եւ քայլեր անել: Միջազգային հանդիսատեսի համար, այս ֆիլմը հէնց այդ խթանն է, եւ մենք այսօր ականատես ենք, որ ֆիլմի դիտումից յետոյ, միջազգային հանրութիւնը հանդէս է գալիս Արցախում տեղի ունեցող իրավիճակի հետ կապուած նախաձեռնութիւններով», նշում է Իննա Սահակեանը:
«Աւրորայի Լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն շարժապատկերի նկարահանումները տեւել են եօթ տարի: Ֆիլմը ստեղծուել է «Զօրեան» հիմնարկի գիտական աջակցութեամբ: Այն հայ-գերմանա-լիտուական համատեղ արտադրութեան նախագիծ է: Իննա Սահակեանն ու արտադրող խումբը, որի անդամ է նաեւ հայաստանեան «Բարս Մեդիա» ընկերութիւնը, բազմաթիւ մարտահրաւէրներ յաղթահարելով, կարողացել են ստեղծել համաշխարհային առումով մրցունակ շարժապատկեր, որ միջազգային հանրութեան կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականների:
Գլենդելի «Լեմլի» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ, Իննա Սահակեանը պատասխանեց վաւերագրող, լրագրող Կարլայ Կարապետեանի հարցերին:
Շարժապատկերի լոսանջելեսեան պրեմիերային ներկայ էին ֆիլմարտադրութեան ամերիկահայ բազմաթիւ ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական, մշակութային գործիչներ, ովքեր բարձր գնահատեցին ֆիլմի թէ՛ գեղարուեստական կառուցուածքը, թէ՛ տեխնիկական իրականացումը` այն համարելով բացառիկ կինոարտադրանք: