
Միացեալ Նահանգների կողմից զէնքի միջազգային վաճառքը սկսուել է Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ, սակայն միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ է ԱՄՆի կողմից զէնքի վաճառքը հասել մեծ ծաւալների: Զէնքի վաճառքի` աննախադէպ ծաւալների հասնելու հիմնական պատճառներից մէկը ԽՍՀՄի եւ ԱՄՆի միջեւ մրցակցութիւնն էր Սառը պատերազմի ժամանակ: Այդ տարիներին ԱՄՆն օգտագործել է զէնքի վաճառքը որպէս Արեւմտեան Եւրոպայի պաշտպանութեան հիմնարար միջոց, իսկ առաւել լայն իմաստով` ԱՄՆ նպատակն էր կանխել ԽՍՀՄ յառաջխաղացումը եւ կոմունիզմի տարածումը:
Այժմ Միացեալ Նահանգները զէնքի արտահանմամբ աշխարհում առաջատարն է: ԱՄՆն զէնքի արտահանումը 2012-2016 թթ. համեմատ 2017-2021 թթ. մեծացրել է 14 տոկոսով` իր համաշխարհային մասնաբաժինը 32 տոկոսից հասցնելով 39 տոկոսի: ԱՄՆի եւ մեծութեամբ զէնքի երկրորդ արտահանող Ռուսաստանի միջեւ զէնքի վաճառքի ծաւալների տարբերութիւնը զգալիօրէն մեծացել է. եթէ 2012-2016 թթ. երկու երկրների արտահանումների միջեւ տարբերութիւնը կազմում էր 34 տոկոս` յօգուտ ԱՄՆի, ապա 2017-2021 թթ.` 108 տոկոս: 2017-2021 թթ. ԱՄՆն սպառազինութիւն է մատակարարել 103 երկրների:
Միացեալ Նահանգների 37րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրօք զէնքի վաճառքը վերածուեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն գործիքներից մէկի` հիմք դնելով «Նիքսոնի դոկտրինին (վարդապետութեան)»: Ըստ այս դոկտրինի` զէնքի վաճառքը դիտարկւում էր որպէս աշխարհում ազդեցութիւնը պահպանելու միջոց: Այդ դոկտրինի որդեգրումը պայմանաւորուած էր նրանով, որ Նիքսոնը անհանգստացած էր Վիետնամում ամերիկեան ներգրաւուածութեամբ, քանի որ նրա` նախագահի պաշտօնը ստանձնելու ժամանակ ԱՄՆն արդէն 4 տարի ներգրաւուած էր Վիետնամի դէմ պատերազմում` տալով 25 հազար զոհ: Նպատակը, առանց ԱՄՆ համաշխարհային ազդեցութեան թուլացման, Վիետնամից ամերիկեան զօրքերի աստիճանական դուրսբերումն էր, ինչպէս նաեւ հետագայում այլ հակամարտութիւններում, առանց ԱՄՆ զօրքերի օգտագործման, ամերիկեան ներկայութեան ապահովումը: Այդ ամէնն իրականացուելու էր զէնքի վաճառքի եւ տնտեսական օգնութեան միջոցով: Զէնք ստացող երկրները ԱՄՆ զէնքի միջոցով պէտք է պատասխանատուութիւն ստանձնէին իրենց պաշտպանութիւնը կազմակերպելու համար: Բացի այդ` ԱՄՆի համար զէնքերի արտահանումն ու համատեղ զօրավարժութիւնների անցկացումը սկսեցին դիտարկուել որպէս այլ երկրներում ռազմակայաններին հասանելիութիւն ձեռք բերելու միջոց:
Միացեալ Նահանգների կողմից զէնքի վաճառքը ներկայումս կարգաւորւում է 1976 թ. «Ամերիկեան արտահանման վերահսկումների ակտի (օրէնք)» միջոցով (ԱԱՒԱ, «American Export Controls Act» (AECA): Այս ակտում սահմանւում է, որ Միացեալ Նահանգների նպատակը շարունակում է մնալ պատերազմներից եւ սպառազինութեան խնդիրներից զերծ աշխարհը, որտեղ ուժի կիրառումը ենթակայ է օրէնքի գերակայութեանը, եւ միջազգային խնդիրները լուծւում են խաղաղ ճանապարհով: Ըստ այդմ, ակտով թոյլատրւում է ԱՄՆ կառավարութեանը զէնք վաճառել բարեկամական երկրներին, որոնք ունեն բաւարար միջոցներ` սպառազինելու իրենց ռազմական ուժերը կամ ստանձնելու ծախսերի մեծ մասը` առանց իրենց տնտեսութիւնները չափազանց մեծ բեռի տակ դնելու: Այնուամենայնիւ, վաճառքի գործընթացը պէտք է համապատասխանի ակտում նշուած սահմանափակումներին եւ վերահսկման մեխանիզմներին (գործիքակազմերուն), ԱՄՆ ազգային անվտանգութեան նպատակներին եւ ՄԱԿի կանոնադրութեան նպատակներին ու սկզբունքներին:
Ակտը առաջ բերեց 4 կարեւոր փոփոխութիւն: Նախ` ֆորմալիզացուեց (պաշտօնականացուեցաւ) գործադիր ճիւղի առաջատար դերը զէնքի վաճառքի իրականացման եւ դրա համար բանակցութիւնների հարցում` առաջնային պատասխանատուութիւնը բաժանելով Պետական դեպարտամենտի (բաժանմունքի) եւ Պաշտպանութեան դեպարտամենտի միջեւ: Երկրորդ` Սպիտակ տունը պարտաւորւում էր տեղեկացնել Կոնգրեսին մօտալուտ վաճառքի մասին որոշակի գումարային սահմանն անցնելուց յետոյ (խոշոր սպառազինութիւն` $14 մլն., պաշտպանական մասնիկներ, վերապատրաստում կամ այլ տեսակի պաշտպանական ծառայութիւններ` $50 մլն., ՆԱՏՕի անդամ-պետութիւնների, Աւստրալիայի, Ճապոնիայի, Հարաւային Կորէայի, Իսրայէլի եւ Նոր Զելանդիայի դէպքում` համապատասխանաբար $25 մլն. եւ $100 մլն.): Երրորդ` Սպիտակ տունը պարտաւորւում էր գնահատել իւրաքանչիւր առաջարկի քաղաքական-ռազմական ռիսկերը (վտանգները)` ապահովելու ազգային անվտանգութեան շահերի գերակայութիւնը: Ի վերջոյ, Կոնգրեսին վերապահուեց զէնքի վաճառքի արգելումը ծանուցումից յետոյ 30 օրուայ ընթացքում:
Բացի զէնքի վաճառքի իրաւական կարգաւորումներից` կայ նաեւ քաղաքական բաղադրիչ: ԱՄՆ զէնքի վաճառքի քաղաքականութիւնը սահմանւում է որոշակի փաստաթղթով` «Սովորական սպառազինութիւնների փոխանցման քաղաքականութիւն» («Conventional Arms Transfer Policy»), որը պարբերաբար թարմացւում է նախագահների կողմից: Ընդհանուր առմամբ լուրջ փոփոխութիւններ չեն կատարւում, սակայն կայ այս կամ այն չափանիշի շեշտադրման տարբերութիւն: Այսպէս, ի տարբերութիւն Նիքսոնի 1995 թ. քաղաքականութեան, Օբամայի 2014 թ. հրամանագրում մարդու իրաւունքների եւ դրանց խախտումների վրայ առաւել մեծ շեշտադրում էր արուել, մասնաւորապէս որպէս չափորոշիչ նշւում էր, որ ստացող կողմը չպէտք է սպառազինութիւնն օգտագործի մարդու իրաւունքների դէմ ոտնձգութեան կամ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը (կանոնները) խախտելու կամ ահաբեկչութեան համար` դրանով իսկ կանխելով որեւէ ձեւով ԱՄՆի ներքաշումը կամ ասոցացումը նման խախտումների հետ: Ի լրումն Օբամայի քաղաքականութեանը` Թրամփի վարչակազմը շեշտում էր նաեւ ԱՄՆ տնտեսական անվտանգութեան հարցը: Բայդենի վարչակազմը նմանատիպ փաստաթուղթ դեռեւս չի ընդունել, այնուամենայնիւ, վերջինիս քաղաքական առաջնահերթութիւններից ակնյայտ է, որ մարդու իրաւունքներն ու ժողովրդավարութեան պահպանումը առանցքային կարեւորութիւն կը ստանան նաեւ այս ոլորտում:
ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԷՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՒԵՐԸ
ԱՄՆի կողմից օտարերկրեայ պետութիւններին զէնքի վաճառքը իրականացւում է երկու ձեւով: Առաջին` ուղիղ կոմերցիոն (առեւտրական) վաճառք, որի դէպքում օտար կառավարութիւնը, կորպորացիան (հաստատութիւնը) կամ անհատը ուղիղ ձեւով աշխատում է ԱՄՆ պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտի իր գործընկերների հետ` սպառազինութիւն կամ ռազմական ծառայութիւն ձեռք բերելու նպատակով: Այս դէպքում ԱՄՆ կառավարութիւնը եւ պաշտպանութեան դէպարտամենտը ուղղակիօրէն ներգրաւուած չեն: Եթէ զէնքը կամ ռազմական ծառայութիւնը ներառուած է «Զէնքերի միջազգային շրջանառութեան կարգաւորումների» («International Traffic in Arms Regulationsէ) ակտում եւ դրան կից ԱՄՆ ռազմամթերքի ցանկում (USA Munitions List), Պետդէպարտամենտի կողմից լիցենզիա (արտօնագիր) կամ թոյլտուութեան այլ ձեւ ստանալը պարտադիր է:
Երկրորդ` օտարերկրեայ ռազմական վաճառք, որի դէպքում օտար պետութիւնը դիմում է ԱՄՆ պաշտպանութեան դէպարտամենտին` նրա միջոցով զէնք գնելու համար: Նախ օտար պետութիւնը պէտք է դիմում ուղարկի (Letter of Request) ԱՄՆ պաշտպանութեան դէպարտամենտի համապատասխան մարմին (Defense Security Cooperation Agency): Դիմումը մշակւում է այս գործակալութեան կողմից` դառնալով «Առաջարկի եւ ընդունման նամակ» (Letters of Offer and Acceptance): Այնուհետեւ, արժանանալով ԱՄՆ կառավարութեան եւ օտար պետութեան հաւանութեանը, նամակը փոխանցւում է Պետդէպարտամենտին, որը դիտարկում է այն իրաւական եւ քաղաքական շրջանակներում: ԱԱՒԱով սահմանուած գումարային շեմն անցնելու դէպքում այդ մասին ծանուցւում է Կոնգրեսին: Դէպարտամենտի կողմից վաճառքի` հաւանութեան արժանանալուց յետոյ համապատասխան մարմինը «Առաջարկի եւ ընդունման նամակը» ներկայացնում է գործընկեր երկրին: Այնուհետեւ ԱՄՆ պաշտպանութեան դէպարտամենտը սկսում է վաճառքի գործընթացը:
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԵՐԸ ԶԷՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑՈՒՄ
ԱՄՆի կողմից զէնքի վաճառքի գործընթացում հետաքրքրական է Կոնգրեսի դերը, որը կարող է արգելք կիրառել զէնքի վաճառքի նկատմամբ ծանուցումից 30, իսկ ՆԱՏՕի անդամ-պետութիւնների եւ Աւստրալիայի, Ճապոնիայի, Հարաւային Կորէայի, Իսրայէլի, Նոր Զելանդիայի դէպքում`15 օրուայ ընթացքում։ Կոնգրեսի կողմից նման լիազօրութիւնների ձեռքբերումը պայմանաւորուած էր նրանով, որ նախկինում Նիքսոնի վարչակազմը միակողմանիօրէն էր գործել այս հարցում, մասնաւորապէս` Իրան, Սաուդեան Արաբիա եւ Քուվէյթ զէնքի փոխադրման ժամանակ: Դա հետեւեց 1974 թ. Կոնգրեսի կողմից «Օտարերկրեայ աջակցութեան ակտի» Նելսոն-Բինգհեմի ուղղման ընդունմանը, որով նախագահը պարտաւորւում էր տեղեկացնել Կոնգրեսին 25 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող զէնքի վաճառքի մասին, որից յետոյ Կոնգրեսը սահմանուած ժամկէտում կարող էր բանաձեւով արգելափակել վաճառքը: Փոփոխուած ակտն արագ գործի է դրւում, երբ Ջ. Ֆորդի վարչակազմը 1975 թ. Յուլիսին տեղեկացնում է Կոնգրեսին Յորդանանին օդային պաշտպանութեան հրթիռների մարտկոցներ վաճառելու մտադրութեան մասին: Հաշուի առնելով, որ Կոնգրեսն անհանգստացած էր Իսրայէլի (որի կառավարութիւնը դէմ էր վաճառքին) անվտանգութեամբ, եւ նախագահի վարչակազմը Կոնգրեսի հետ նախապէս չէր խորհրդակցել` վաճառքը կասեցուեց: Այնուամենայնիւ, այն իրականացուեց մէկ տարի անց` մի շարք փոփոխութիւններ մտցնելուց յետոյ, որոնք փարատեցին մտահոգութիւնները: Սա դարձաւ կարեւոր նախադէպ զէնքի վաճառքի հարցում Կոնգրեսի դերի առումով։
Այս ընթացակարգերը հետագայում ընդլայնուեցին 1976 թ. «Ամերիկեան արտահանման վերահսկումների ակտով» եւ հետագայ փոփոխութիւններով: 1986 թ. Կոնգրեսը լրացում կատարեց ԱԱՎԱում` պահանջելով ընդունել համատեղ բանաձեւ զէնքի վաճառքն արգելափակելու համար: Վաճառքն արգելելու համար Կոնգրեսի երկու պալատները պէտք է ընդունեն համատեղ բանաձեւ, իսկ նախագահն իր հերթին կարող է վետօ կիրառել: Այդ դէպքում վետօն հնարաւոր կը լինի շրջանցել երկու պալատներում ձայների 2/3րդի միջոցով: Այնուամենայնիւ, նախագահը կարող է շրջանցել ԱԱՒԱով սահմանուած 30օրեայ զննման ժամկէտը` պաշտօնապէս զեկուցելով Կոնգրեսին (ԱԱՒԱ 36(b)(1)ի կամ 36(c)(1)ի համաձայն), որ ստեղծուել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է իրականացնել զէնքի վաճառքը` ելնելով ԱՄՆ ազգային շահերից: Նախագահը պէտք է Կոնգրեսին ներկայացնի իր որոշման մասին մանրամասն զեկոյց, որը պէտք է ներառի արտակարգ հանգամանքների նկարագրութիւնը: Հարկ է նշել, որ Կոնգրեսը երբեք յաջողութեամբ չի արգելափակել զէնքի վաճառքը համատեղ բանաձեւով, բայց յաճախ մօտ է եղել դրան: Այնուամենայնիւ, զէնքի վաճառքի վերաբերեալ իր անհամաձայնութիւնը Կոնգրեսն արտայայտում է` յաճախ ազդելով ժամանակի եւ վաճառուելիք զէնքի կազմի փոփոխութեան վրայ: Օրինակ` 1986 թ. Ապրիլի 8ին ԱՄՆ նախագահ Ռ. Ռէյգանը պաշտօնապէս առաջարկեց Սաուդեան Արաբիային վաճառել 1700 «Sidewinder» եւ 100 «Harpoon» հրթիռներ, 200 «Stinger» հրթիռի արձակիչ եւ 600 «Stinger» հրթիռի վերալցաւորող սարք: Մայիսի 6ին Սենատն ընդունեց համատեղ բանաձեւ, որն արգելում էր այդ վաճառքը: Ներկայացուցիչների պալատի անդամները, համամիտ լինելով Սենատի հետ, ընդունեցին համանման բանաձեւ: Չնայած Մայիսի 21ին նախագահը բանաձեւի հարցում կիրառեց վետոյի իր իրաւունքը, այնուամենայնիւ, տուրք տալով Կոնգրեսի մտահոգութիւններին, չներառեց վիճայարոյց «Stinger» հրթիռներն ու արձակիչները: Յունիսի 5ին Սենատն իր քուէարկութեամբ պահպանեց նախագահի վետոն, եւ «Sidewinder» ու «Harpoon» հրթիռների վաճառքը տեղի ունեցաւ:
Չնայած ԱԱՒԱով իրեն տրուած լիազօրութեանը` Կոնգրեսը գործնականում քիչ ջանքեր է գործադրում զէնքի վաճառքն արգելելու համար առկայ գործնական եւ քաղաքական խոչընդոտների պատճառով: Դա պայմանաւորուած է հետեւեալ հանգամանքներով: Նախ` եթէ Կոնգրեսում մեծամասնութիւն է կազմում նախագահի կուսակցութիւնը, իրենց համար շահագրգռուածութիւնը փոքր է` հակադրուելու իրենց կուսակցութեան ներկայացուցչին: Երկրորդ` անգամ եթէ նախագահն ու Կոնգրեսում մեծամասնութիւն կազմող կուսակցութեան անդամները տարբեր ուժերի ներկայացուցիչներ են, այնուամենայնիւ, Կոնգրեսի ներկայացուցիչները յաճախ ձեռնպահ են մնում զէնքի վաճառքի գործընթացն անիմաստ ձգձգելուց կամ կասեցնելուց: Պատճառն այն է, որ պաշտպանական արդիւնաբերութիւնը ԱՄՆ արդիւնաբերական առանցքային ուղղութիւններից է, որն աշխատատեղերի զգալի հնարաւորութիւններ է ստեղծում երկրում: Ուստի խօսելով զէնքի վաճառքի դէմ` նրանք կարող են զրկուել պաշտպանական արդիւնաբերական ոլորտի ընկերութիւնների աջակցութիւնից եւ ընտրազանգուածի ձայներից:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱՄՆ ԶԷՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ
Ինչ վերաբերում է զէնքի վաճառքի արգելքին կամ սահմանափակումներին հակամարտող երկրների համար, ապա դրանք սահմանուած են «Ամերիկեան արտահանման վերահսկումների ակտի» 38րդ բաժնում, որի համաձայն` զէնքի վաճառքի եւ ռազմական ծառայութիւնների մատուցման լիցենզիաներ շնորհելիս ԱՄՆ նախագահը պէտք է հաշուի առնի, «թէ դա արդեօք կը նպաստի՞ սպառազինութիւնների մրցավազքին, զանգուածային ոչնչացման զէնքերի ստեղծմանը, միջազգային ահաբեկչութեանը աջակցութեանը, հակամարտութեան առաջացմանը կամ էսկալացիային (մագլցումի տանող), կը վնասի՞ զէնքի վերահսկման կամ չտարածման երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերին կամ այլ պայմանաւորուածութիւնների»: Այսինքն` հակամարտութեան առաջացմանը կամ էսկալացիային յանգեցնելու հանգամանքը ոչ թէ ուղղակիօրէն արգելում է զէնքի վաճառքը, այլ գործօն է, որը վաճառքի ժամանակ պէտք է հաշուի առնել:
Հակամարտող կողմերին զէնքի վաճառքի սահմանափակումներ նշւում են նաեւ հենց նախագահների թողարկած քաղաքական փաստաթղթերում: Նմանատիպ սահմանափակում ներառուած էր ե՛ւ Օբամայի , ե՛ւ Թրամփի նախագահական հրամանագրերում: Վերջիններիս քաղաքականութիւնը ենթադրում էր ԱՄՆի կողմից զէնքի վաճառքի սահմանափակում, եթէ այն կարող էր լինել ապակայունացնող եւ վտանգաւոր միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար: Այնուամենայնիւ, ԱՄՆ շահերի գերակայութեան պարագայում վաճառքը կարող է իրականացուել հանգամանքների մանրամասն ուսումնասիրութիւնից յետոյ, յատկապէս այն դէպքում, երբ չկայ այդ հարցում բացարձակ իրաւական արգելք:
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին զէնքի վաճառքի արգելքին, ապա նմանատիպ իրաւական արգելք սահմանուած էր 1993 թ. «Զէնքերի միջազգային շրջանառութեան կարգաւորումների» ակտի 126րդ յօդուածի 1ին կէտով, որով Ադրբեջանն ու Հայաստանը ներառուած էին այն երկրների ցանկում, որոնց արգելուած էր զէնք վաճառել: 126րդ յօդուածի 1ին կէտը այնպիսի կարգաւորում է, որն արգելում է որոշ երկրների համար զէնքի եւ պաշտպանական ծառայութիւնների լիցենզիաների տրամադրումը: Այնուամենայնիւ, 2001 թ. Սեպտեմբերի 11ի դէպքերից յետոյ այդ ցանկում կատարւում են լուրջ փոփոխութիւններ: Նախ` 2002 թ. դրանից դուրս են հանւում Տաջիկստանն ու Հարաւսլաւիայի Դաշնային Հանրապետութիւնը (Սերբիա, Մոնտենեգրօ), իսկ 2003 թ.` Հայաստանն ու Ադրբեջանը: Այդուհետ Հայաստանին եւ Ադրբեջանին ԱՄՆի կողմից զէնքի վաճառքի իւրաքանչիւր հարց ենթակայ է առանձին քննարկման եւ քննութեան:
126րդ յօդուածի 1ին կէտի նոր փոփոխութեամբ ներկայումս երկրները, որոնց արգելւում է զէնքի վաճառքը, բաժանւում են երկու խմբի: Առաջին խմբում են այն երկրները, որոնց ընդհանրապէս արգելւում է զէնքի վաճառքը: Դրանց թւում են Բելառուսը, Մեանմարը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հիւսիսային Կորէան, Սիրիան եւ Վենեսուելան: Երկրորդ խմբի երկրներին արգելւում է զէնքի վաճառքը` բացառութեամբ օրէնքով սահմանուած դէպքերի: Դրանց թւում են Աֆղանստանը, Կամբոջան, Կենտրոնաֆրիկեան Հանրապետութիւնը, Կիպրոսը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնը, Եթովպիան, Էրիթրէան, Հայիթին, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Ռուսաստանը, Սոմալին, Հարաւային Սուդանը, Սուդանը եւ Զիմբաբուեն: Այլ կերպ ասած` ԱՄՆին արգելւում է զէնք վաճառել այս ցանկում նշուած երկրներին, որի մէջ Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս ներառուած չեն:
Այսպիսով` իրաւական առումով չկայ խիստ սահմանափակում Միացեալ Նահանգների կողմից Հայաստանին զէնքի վաճառքի հարցում: Թէեւ 1976 թ. «Ամերիկեան արտահանման վերահսկումների ակտի» 38րդ բաժնով զէնքի վաճառք իրականացնելիս պէտք է հաշուի առնել, թէ դա արդեօք կը յանգեցնի՞ հակամարտութեան առաջացմանը կամ էսկալացիային, այնուամենայնիւ, դա բացարձակ արգելք չէ, այլ պարզապէս մի հանգամանք, որը պէտք է հաշուի առնել, եւ յաճախ նաեւ կարող է շրջանցուել: Ուստի օրէնքը թոյլ է տալիս ԱՄՆ նախագահի վարչակազմին զէնքի վաճառքի քաղաքականութիւնն իրականացնել ԱՄՆ ազգային տնտեսական եւ քաղաքական շահերից ելնելով: Ստացւում է` Հայաստանի` որպէս հակամարտութեան մէջ գտնուող երկրի պարագայում բացարձակ իրաւական արգելք չկայ ԱՄՆից զէնք գնելու համատեքստում, յատկապէս երբ Հայաստանը ոչ թէ հակամարտութիւն հրահրող, այլ ադրբեջանական ագրեսիայից պաշտպանուող կողմ է, ինչը հաստատում են նաեւ ԱՄՆ պաշտօնեաները: ԱՄՆից զէնք գնելու պարագայում այն օգտագործուելու է հայ ժողովրդին Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւններից պաշտպանելու համար: Այնուամենայնիւ, զէնք ձեռք բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ԱՄՆ թէ՛ գործադիր, թէ՛ օրէնսդիր ճիւղերի բացարձակ համաձայնութիւնը, քանի որ Հայաստանի դէպքում հակամարտութեան մէջ գտնուելուց ոչ պակաս խնդրահարոյց է ՀԱՊԿի անդամ եւ Ռուսաստանի անմիջական ազդեցութեան գօտում լինելը:
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«Դրօշակ» թիւ 10, 2023 թ.