Որքան էլ թանկ ու հասկանալի են մեզ համար Սողոմոն Թէհլիրեանի սխրանքի խորհուրդն ու պայծառ կերպարը, միեւնոյն է, նրա ապրած կեանքը լի է առեղծուածներով, անյայտ ու խորհրդաւոր բազում էջերով: Երեւի քչերը գիտեն, որ 1921ի Մարտի 15ին Թալէաթին ահաբեկելուց եւ ապա՝ Պերլինի դատարանի կողմից արդար ճանաչուելուց յետոյ նա փոխադրուել եւ բնակութիւն է հաստատել Սերպիայում մինչեւ 1950 թուականը: 1915 թուականի հայոց Մեծ Եղեռնից դեռ շատ առաջ՝ 1884ին, Սողոմոնի հայրը՝ Խաչատուրը, հայրենի Բագառիճ գիւղից փոխադրուել է սերպական Վալեւօ քաղաքը, խանութ բացել եւ զբաղուել վաճառականութեամբ: Սերպերի բարեհաճ վերաբերմունքը շոյել է Խաչատուրին, ու նա մտադրուել է որոշ ժամանակ բնակուել Սերպիայում: Ի՞նչ իմանար, սակայն, որ 1915 թուական պիտի լինէր, որ էլ երբեք չպէտք է վերադառնար հայրենի Բագառիճ ու իր վերջին հանգրուանը պիտի գտնէր սերպական հողում:
Սերպիայում ապրելու ու ստեղծագործելու եօթ տարիներին քանիցս առիթ եմ ունեցել այցելելու Վալեւօ, տեսել եմ Թէհլիրեանների գերեզմանը: Այցելել եմ նաեւ Սողոմոնի պելկրատաբնակ տարեց ու ջահել ազգականներին: Սողոմոնի աւագ որդու՝ Շահէնի հետ ծանօթացայ 1988ին: Դեռ այն ժամանակ է նա ինձ հետաքրքիր ու արժէքաւոր դրուագներ պատմել հօր մասին: Այդ զրոյցները ես խնամքով գրի եմ առել, մօտ երկու տասնամեակ սրբութեամբ պահել՝ յուսալով, որ դրանք պիտի համալրուեն նոր պատմութիւններով ու վաւերագրերով, որոնք կ’ամբողջացնեն որդու՝ այսօր արդէն 82ամեայ Շահէնի յուշերն ու մտորումները հօր մասին: 2006ի Նոյեմբերին Սերպիայում գտնուելու օրերին մի քանի անգամ եղայ Շահէնի հիւրընկալ յարկի տակ: Այդ այցելութիւնները շատ բանով հարստացրին Սողոմոնի մասին տարիների ընթացքում հաւաքածս նիւթը, հնարաւորութիւն տուին նրա նկարագրի նոր շերտեր ու երանգներ բացայայտել:
Շահէնի հետ խօսում եմ հիմնականում սերպերէն, ժամանակ առ ժամանակ մայրենիով ենք հաղորդակցւում: Հայոց բառուբանը այսօր էլ թեւածում է նրա հոգում, հնչում է ունկերում՝ վառ պահելով մայր երկրի կերպարը հայրենիքից հեռու, Սերպիայում, ուր ծնուել ու ապրում է մինչ օրս:
Իմ խնդրանքով նա բերում է խունացած մի թղթապանակ, որում տարբեր ձեռագրեր կան, արժէքաւոր վաւերագրեր, մօրը գրուած նամակի բնօրինակը, սերպերէն փաստաթղթեր: Նաեւ՝ լուսանկարներ: Դեղնած ու սուրբ մասունք դարձած լուսանկարներ… Խնդրում եմ, որ պատմի հօր՝ Սողոմոնի կեանքի պելկրատեան շրջանի մասին:
ՇԱՀԷՆԻ ՅՈՒՇԵՐԻՑ
«Թալէաթին ահաբեկելուց յետոյ հայրս մօտ երեք տասնամեակ ապրել է Սերպիայում, մի քանի տարի Վալեւոյում, ապա փոխադրուել է Պելկրատ, որտեղ 1925 թուականին ծնուել եմ ես: Տարեց սերպահայերը, ովքեր վաղուց արդէն չկան, լաւ էին ճանաչում հօրս, մտերիմ էին նրա հետ, յաճախ էին լինում մեր տանը: Յիշում եմ պելկրատաբնակ Վահան Մինախորեանին: 1940ականներին նա յաճախ էր լինում մեր տանը՝ հօրս մասին գիրք պատրաստելու նպատակով: Հայրս նրան մանրամասնութեամբ նկարագրում էր Եղեռնի սարսափները: Ես ականջալուր էի լինում այդ սահմռկեցուցիչ պատմութիւններին ու չէի կարող անտարբեր լինել: Պերլինեան յայտնի իրադարձութիւնների մասին հայրս գերադասում էր քիչ խօսել: Երբեք չէր մեծարում իրեն ու չէր պատկերացնում հերոսի պատուանդանին: Հօրս փոխարէն նրա յուշերը գրի էր առնում մեր ընտանիքի բարեկամ Վահան Մինախորեանը: Եղեռնի սարսափներին ու պերլինեան դատավարութեանը վերաբերող գրառումները նա հրատարակեց «Վերյիշումներ» առանձին գրքով, Գահիրէում, 1956 թուականին: Մինախորեանն անձամբ է պատմել հօրս, ես դա լաւ եմ յիշում, որ 1915ին շատերի հետ իրեն եւս մահուան դաժան դատաստան էր սպասւում, սակայն կեանքը փրկելու նպատակով նա նետուել է կամրջից: Վնասելով գլուխն ու ոտքը եւ չկարողանալով ինքնակառավարուել՝ դարձել էր հաշմանդամ:
Վահան Մինախորեանի գրառումներին առնչուող կարեւոր մի բան եմ ուզում յիշել: 1948-50ականներին, «Վերյիշումներ» գրքի հրատարակումից շատ առաջ, հայրս արտագրում էր Վահանի արած գրառումները՝ այդ ամէնը ձեռագիր վիճակում ունենալու համար: 1950 թուականին, Հարաւսլաւիայում կոմունիստական վարչակարգի տարիներին, մեր ընտանիքը մտադիր էր փոխադրուել այլ երկիր: Ստացանք ելքի վիզաներ եւ մեկնեցինք Մարոք, որտեղ ծնուեց դուստրս՝ Անիցան: Մեկնելուց առաջ, սակայն, հայրս կարծում էր, որ Մինախորեանի գրառումների իր արտագրած տարբերակը արտասահման տանելիս մաքսատանը կարող է կասկած յարուցել եւ խնդիրներ առաջացնել: Այդ պատճառով փաթեթաւորուած ձեռագիրը նա թողեց աներոջս մօտ՝ յուսալով, որ այդպէս աւելի ապահով կը լինի ու աւելի բարենպաստ ժամանակներ կը գան: Այդ տարիներին գողութեան դէպքեր յաճախ էին լինում: Ո՞վ իմանայ, գուցէ արժէքաւոր այդ ձեռագիրն էլ գողութեան զոհ դարձաւ: Եղբայրս՝ Զաւէնը, այդպէս էլ չվերադարձաւ Սերպիա: 1957ին հօրս հետ նա մեկնեց Սան Ֆրանսիսքօ, իսկ ես կնոջս՝ Ելիցայի ու դստերս՝ Անիցայի հետ վերադարձայ Պելկրատ»:
Շահէնը պատմում է Թէհլիրեան գերդաստանի երեւելի դէմքերի մասին, աւելացնում, որ իր ազգականներից Վազգէն Թէհլիրեանը 1980ականներին այցելել է Բագառիճ, շրջել հարազատ վայրերում՝ փորձելով գտնել հայրական օճախը: Յիշում է պապին՝ Խաչատուրին, որի գերեզմանին Երզնկայի Բագառիճ գիւղից՝ Վազգէն Թէհլիրեանի բերած մի բուռ հողն է շաղախուած…
Դարձեալ մտաբերում է հօրը՝ Սողոմոնին, որ որդիների մէջ հայրենասիրութեան սերմեր է սփռել ու պատգամել օտարութեան մէջ վառ պահել Հայաստանի կերպարը, քանի դեռ ցեղասպան թուրքը բանտուած է պահում մեր սրբութիւնները, քանի դեռ չի ամբողջացել հայի պատմական հայրենիքը:
ՇԱՀԷՆԻ ՅՈՒՇԵՐԻՑ
«Հօրս պատմածներից մի դրուագ եւս մեխուել է յիշողութեանս մէջ: Դա անհնար է մոռանալ: Երկրորդ աշխարհամարտից առաջ Թուրքիայի անվտանգութեան մարմինները դիմելով Հարաւսլաւիայի իշխանութիւններին, ասել են, թէ Պելկրատում է ապրում Թալէաթի ահաբեկիչ Սողոմոն Թէհլիրեանը: Հայրս, սակայն, այլ ազգանունով է ապրել Պելկրատում: Հարաւսլաւական ոստիկանութիւնը, ի պատասխան Թուրքիայի պահանջի, տեղեկացրել է, որ երկրում Թէհլիրեան ազգանունով քաղաքացի չի ապրում:
«Հայրս լաւ որսորդ էր ու յաճախ էր սիրում որսի գնալ: Որսորդմիութեան կազմում ամենատարբեր մարդիկ կային: Դրանց թւում էր նաեւ Պելկրատի ոստիկանապետը, որը լաւ յարաբերութիւններ ունէր հօրս հետ ու յարգանքով էր վերաբերւում նրան: Մի օր հայրս կանչ է ստանում ոստիկանապետից: Մինչ նրա մօտ գնալը, Սողոմոնը տեղեակ էր, որ Թուրքիայի անվտանգութեան մարմինները Թէհլիրեան ազգանունով քաղաքացու են փնտռում: Հանդիպման ժամանակ ոստիկանապետը, ներկայացնելով իրավիճակը, հարցնում է, թէ հայրս ճանաչո՞ւմ է արդեօք այդպիսի մարդու: Հայրս համարձակ անձնաւորութիւն էր, թաքցնելու եւ, առաւել եւս, կորցնելու ոչինչ չունէր: Պատասխանում է, որ Թէհլիրեանն ինքն է, ու պատմում է ոստիկանապետին ամբողջ ճշմարտութիւնը Եղեռնի մասին: Շփոթահար ոստիկանապետը ուշի ուշով լսում է Սողոմոնին, ապա սթափուելով՝ բարեկամաբար յորդորում նրան զգուշանալ եւ որքան հնարաւոր է՝ հեռու մնալ հանրութեան աչքից, գոնէ ժամանակաւորապէս, քանի դեռ խառնիխուռն ու վտանգաւոր օրեր են:
«Այդ տարիներին Սերպիայում ապրող հայազգի բոլոր քաղաքացիները հսկողութեան տակ էին, քանի որ նրանցից շատերը Սողոմոնի հասակակիցներն էին ու լաւ էին ճանաչում նրան: Սերպ ոստիկանապետը, անշուշտ, խորութեամբ էր ընկալել հօրս պատմածները, որոնք յիշեցրել էին նրան 500ամեայ օսմանեան լուծ տեսած սերպ ժողովրդի արիւնոտ ճակատագիրը: Այս ամէնը իրողութիւն է, որի մասին քչերը գիտեն»:
Անցեալի անմոռաց յուշեր, որոնք թանկ են ոչ միայն Թէհլիրեան գերդաստանի շառաւիղների, այլեւ ամբողջ հայութեան համար, քանի որ այդ ամէնը, մի գերդաստանի պատմութիւնը լինելուց զատ, պատկանում է մի ամբողջ ժողովրդի, որի երազապաշտ ոգին յոյսով ու հաւատով սպասում է նախնեաց երկրի կորուսեալ հատուածները միաւորուած տեսնելուն:
(*) Գրող, թարգմանիչ, սերպագէտ, Հայաստանի մէջ Սերպիոյ պատուոյ հիւպատոս
http://bedodem.blogspot.com/2009/03/blog-post.html
հոս ալ աչք մը նետեցէք, Սերպիա, այցելութեանս ու Թեհլիրեաններուն հետ հանդիպմանս մասին…