

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Նոր Աշխարհը իր հասարակական, քաղաքական, կենցաղային ու մշակութային իւրայատուկ կառոյցով ու բնոյթով հետաքրքրութեան իւրովի տեղ է գտել մեր ժամանակակից գրականութեան մէջ: Նոր Աշխարհ գաղթած կամ Ցեղասպանութիւնից ճողոպրած ծնողներից ծնուած ու այս երկրում հանրայայտ դարձած հայագիր կամ անգլիագիր մեր գրողներից շատերը իրենց ստեղծագործութիւններում հայի դիտանկիւնով անդրադարձել են Նոր Աշխարհի բազմաբղետ իրադարձութիւններին, իրավիճակներին, որոնց կարելի է գնահատել նոյնիսկ համամարդկային արժեհամակարգով: Բենիամին Նուրիկեանի, Յակոբ Կարապենցի, Արամ Հայկազի, Դաւիթ Խրդեանի, Նենսի Գրիգորեանի, Փիթըր Սուրեանի, Քրիս Բոհջալեանի եւ միւսների ստեղծագործութիւնները պատմում են ոդիսականը տարագիր հային, որ թողնելով հայրենի օջախը վերջնահանգրուան է գտել Խաղաղականից մինչեւ Ատլանտեան ջրերը տարածուած Ամերիկայի Միացեալ Նահանգներ կոչուող այս ցամաքամասում, ուր եւ ամէն տարի մի ափից մինչեւ միւսը՝ երեք ժամ տարբերութեամբ պիտի տօնել Նոր Տարին:
Նոր Աշխարհի մասին այս անգամ իր մտորումներն ու փորձառութիւնները գրի է առել բանաստեղծուհի Նունէ Լեւոնեանը, «Այդ Տարին» խորագիրը կրող գրքում: Հեղինակուհու արձակ այս գործը վերը յիշուած հեղինակների գործերից տարբերւում է նրանով, որ նա ծնուել ու մեծացել է Հայաստանում եւ փորձել է որոշ համեմատութիւններ անել խորհրդային եւ ամերիկեան կենսապայմանների ու ազդեցութիւնների միջեւ: «Մենք անտանելի ցաւի հետ անգերազանցելի դիմադրողականութիւն եւ հոգեբանական ամրութիւն ունենք,- գրում է հեղինակը եւ աւելացնում,- ու դա եւս պարզ դարձաւ ինձ համար ամերիկացիների հետ շփումից յետոյ: Ոչ մի ամերիկացի չէր դիմանայ այն ցաւի կէսին, որի միջով մենք անցնում ենք պատմականօրէն: Նրանք այլ կերտուածք ունեն: Ու դրա շնորհիւ է նաեւ, որ նրանք անկեղծօրէն ուրախանալ գիտեն, խօսքը միանշանակ արտայայտում է այն, ինչ նկատի ունեն. նրանք չունեն ենթատեքստ, փոխաբերութիւն, մի բան ասել՝ այլ բան նկատի ունենալ, ծիծաղել արցունքների միջից եւ ներքին աստիճաններ, որոնցով բարձրանում է մեր ասելիքն արտաբերելուց առաջ: Նրանք չունեն մեր հոգու կշռաքարը. թեթեւ են ժամանցի համար՝ դրանից բխող բոլոր առաւելութիւններով ու թերութիւններով»:
Նշելով հանդերձ, որ իր գիրքը նպատակ չունի գովաբանելու Ամերիկան կամ «յեղաշրջելու» աշխարհի վերաբերմունքը Ամերիկայի նկատմամբ, հեղինակուհին, ով տեղափոխուելով Ամերիկա այժմ ապրում ու շարունակում է ստեղծագործել Նոր Աշխարհում, փորձել է նաեւ անկեղծօրէն պատմել այն, ինչ տեսել է Ամերիկայում, թէեւ համեստօրէն աւելացրել, թէ,- իր բառերով,- «ամէնեւին էլ ամփոփ չէ պատկերը»: Առաջին անգամ Ամերիկա մուտք է գործել Նիւ Եորքի օդանաւակայանից, որտեղից էլ միանալով ամերկաբնակ իր ամուսնուն՝ Ադամին, ուղեւորուել է Վերմոնտի նահանգի Բրատելբորօ քաղաքը, ուր ապրել է Ամերիկա տեղափոխուելու առաջին տարին, եւ ուր Նոր Աշխարհի փորձառութիւնների մասին գրի է առել իր «Այդ Տարին» գիրքը:
Ըստ իս, շատ դիպուկ ու նպատակամէտ խորագրիր ունի բանաստեղծուհու արձակ այս գործը, քանզի, անկախ նրանից, թէ մենք՝գաղթածներս, քանի՜ տարիներ, կամ տասնամեակներ առաջ ենք եկել ու կայք հաստատել այս ափերում, մեր յուշաշխարհում իւրայատուկ տեղ են գտել խարխափանման այն հաճելի ու տհաճ, դժուար ու դիւրին, ուրախ ու մռայլ, մի խօսքով լաւ ու վատ իրավիճակները, փորձառութիւններն ու տպաւորութիւնները, որ ունեցել ենք առաջին օրը եւ առաջին տարին՝ Նոր Աշխարհում: Եւ արդարեւ, «Այդ Տարին» Նունէի այս գործը, ըստ ամենայնի, միտում է ներկայացնել,- գրքի բառերով,- «հեղինակի ապրած առաջին տարուայ մասին՝ իրադարձութիւնների, մարդկանց, սովորոյթների եւ մշակութային ընկալումների համեմատութեան խճանկարի տեսքով»:
Նունէ Լեւոնեանը մասնագիտութեամբ հոգեբան է: Աւարտել է Երեւանի Պետական համալսարանի փիլիսոփայութեան եւ հոգեբանութեան բաժանմունքը: Աշխատել է որպէս երեխաների հոգեբան-խորհրդատու, դասաւանդել է էթնիկական (ցեղային) հոգեբանութիւն Հայկական Բաց համալսարանում: Հրատարակել է «Յոյս» եւ «Դասեր, Որ Պէտք Չեն Գալու» խորագրերով բանաստեղծութիւնների երկու ժողովածուներ: «Այդ Տարին» նրա երրորդ գիրքն է:
Թէեւ հեղինակը դիտել է տալիս, որ գիրքը աւելի շուտ՝ յուշագրային, օրագրային բնոյթ ունի եւ որ այն չի միտում հանդէս գալ որպէս գեղագիտական կառուցուածքով գրական-գեղարուեստական ստեղծագործութիւն, այդուամենայնիւ, այդ յուշերում ու օրագրային էջերում ներկայացուած են առօրեայ կեանքի այնպիսի դրուագներ, որոնք խօսում են հոգեբանի ակնոցով դիտուած մարդկային արժեհամակարգի, փոխ ըմբռնումների, մարդկային բարի կամեցողութեան գնահատման ու կշռադատման մասին եւ յաճախ այդ դրուագներն ու իրավիճակները գունաւորւում են նաեւ բանաստեղծական զգայունակութեամբ ու արտայայտչական հնարանքներով, որոնք, ինչ խօսք, գեղագրական իւրովի երանգ են տալիս «Այդ Տարին» գրքին: 2017ի Օգոստոսի 15ի օրագրութեան մէջ հեղինակը նկարագրում է, թէ ինչպէս հանրախանութի դրամարկղի երկար հերթաշարքում հացի բոքոնը ձեռքում սպասում էր վճարման, երբ հարեւան դրամարկղի հերթից տարիքով մի կին մօտենում է եւ տեսնելով, որ նրա վճարելիքը մի առարկայ է միայն, բարեհաճօրէն իր հերթը առաջարկում եւ զիջում է հեղինակին: «Զարմացայ,- գրում է հեղինակը,- քանի որ շատ հեռու էինք, ոչ միայն կարող էր չառաջարկել, այլեւ կարող էր ընդհանրապէս չնկատել ինձ, վերջում էլ բարի օր չմաղթել ու գործերիս՝ յաջողութիւն: Մարդիկ երբեմն քայլեր են անում, որոնցից դու ամաչում ես: Ամաչում ես, որ նոյնը ուրիշի հանդէպ չես արել կամ արել ես շատ քիչ»:
Խորհրդային կարգերի ազդեցութեան տակ մեծացած հեղինակի համար հետաքրքիր է դարձել «Excuse me» (ներողութիւն) եզրը Ամերիկայում: «Ներողութիւն բառը սկսել է ծակել ականջներս,- գրել է նա: Խանութներում, գրասենեակներում, ցանկացած տեսակի կառոյցներում անսպասելիօրէն դիմացդ դուրս եկող մարդիկ անվերջ ներողութիւն էին խնդրում: Պատճառը, ենթադրում եմ, անսպասելիօրէն քեզ շատ մօտ յայտնուելն էր՝ առանց նախազգուշացման: Այնուամենայնիւ, ես սովորեցի նաեւ ներողութիւն խնդրել կողքովս անցնող մարդկանցից»:
2017ի Հոկտեմբերի 18ին Նիւ Եորքի համալսարաններից մէկը այցելելիս, հեղինակը գրել է․ «Անհաւատալի է, թէ ինչ հնարաւորութիւններ եւ պայմաններ ունեն ուսանողները սովորելու համար, իսկ նրանց գրադարաններում կարելի է ուղղակի ապրել», իսկ յետոյ բաղձալի համեմատութեամբ աւելացրել է, որ «եթէ մեր ուսանողութիւնը փայտէ ճռճռացող նստարաններին նստելով ու հազուագիւտ գրքերը հարիւրաւոր էջերով պատճէնելու համար հերթեր կանգնելով էլ հիանալի սովորում ու բարձունքներ է նուաճում, ինչե՜ր կանէր՝ ունենալով այս պայմանները»:
Ի շարս Նոր Աշխարհի այլազանութիւնների, հեղինակին տպաւորել է նաեւ անկանոն սննդառութեան հետեւանքով տարածուած գիրութեան, ինչպէս նաեւ սակաւաշարժութեան հարցը: Հսկայական տարածութիւնների պատճառով մարդիկ տեղից տեղ գնալու համար ստիպուած՝ դիմում են փոխադրամիջոցների․ «կենսակերպից բացառելով շարժումը», գրել է հեղինակը եւ համեմատելով, աւելացրել՝ «Հայաստանում մենք չենք նկատում, որ շարժւում ենք: Ամէն ինչ մօտ է ու հասանելի, մենք քայլում ենք դէպի խանութ, օգտւում ենք տրասնպորտից (փոխադրամիջոց), իջնում, նորից ենք քայլում, լուացք ենք անում, փռում չորանալու՝ չորացող սարքի մէջ նետելու փոխարէն, բարձրանում-իջնում ենք վերելակ չունեցող շէնքերում եւ այդ ամէնը չենք անուանում ֆիզիկական վարժութիւն: Բա չէ՞ որ դրանք ամենաիսկական ֆիզիկական վարժութիւններն են: Շարժումը մեր կեանքում անփոխարինելի տեղ է զբաղեցնում եւ ի սպառ բացակայում է Ամերիկայում»:
Նունէ Լեւոնեանը բանաստեղծուհի է: Գրականութեան ու արուեստի աշխարհի երկրպագու: Ստեղծագործող: Եւ բնական է, որ Նոր Աշխարհում բանաստեղծուհու համար ամենափնտռելին արուեստն էր: Թէեւ,- նշում է Նունէն,- «Արուեստը չի փնտռում քեզ Ամերիկայում. դու այն պիտի փնտռես: Կը գտնես, եթէ փնտռես, եւ բախողի առաջ այն, ի հարկէ, կը բացուի»: Այդպէս էլ նա փնտռում, գտնում եւ միանում է The New England Poetry Club գրական միութեանը, ուր հնարաւորութիւն է ունենում միութեան հանդիպումներից մէկում ներկայացնել իր բանաստեղծութիւնների թարգմանութիւնը, արժանանալով ներկաների բարձր գնահատանքին: Բանաստեղծուհին անշուշտ հպարտութեամբ է տոգորուել, իմանալով, որ միութեան գրական շրջանակներում հեղինակները ծանօթ էին հայերին, եւ որ միութեան նախագահը՝ ամերիկահայ բանաստեղծուհի Դայանա Տէր Յովհաննիսեանն էր, իսկ միութեան անդամների ցուցակում յաճախակի էին լինում հայերի ազգանուններ: «Այնտեղ ինձ համար յուզականօրէն շատ կարեւոր պահեր եղան,- գրում է բանաստեղծուհին եւ աւելացնում,- նախ՝ պարզելը, որ ամերիկեան գրականութիւնն ու պոէզիան կիլօմետրերով հեռու են նրանից, ինչը ես երբեւէ գրականութիւն եմ համարել: Կարօտելը նրան, ինչը ես գրականութիւն եմ համարել: Քննարկումները, լեզուն, ոգին, ասելիքն ու մարդկանց կարօտելը: Այստեղ ամէն ինչ այնքան ուրիշ էր, որ դժուարանում եմ բառեր գտնել նկարագրելու համար»:
«Այդ Տարին» արձակ գործը այն համոզումն է ստեղծում, որ բանաստեղծուհի Նունէ Լեւոնեանը հանդէս է գալիս նաեւ արձակագրի խոստումնալից հեռանկարով: Ուստի եւ, չափածոյ հետագայ ստեղծագործութիւնների կողքին, լիայոյս ենք, որ կը տեսնենք նաեւ նրա արձակ նոր գործերը:
Գլենդէլ