
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Խոր Վիրապի, Նորավանքի, Արցախի ու Արեւմտեան Հայաստանի վանքերի ու կոթողների վրայ արտայայտուած հայ մշակոյթի ու ճարտարապետութեան խորհրդանիշները, զարդանախշերը, հայկական հին ձեռագրերից մէջբերումները ժամանակակից արուեստի միջոցներով ներդաշնակօրէն համադրուել են դեկորատիւ (զարդական) արտիստ Արփի Տապաղեանի «Սուրբ Գանձեր» անուանումով հաւաքածույում, որ Լոս Անջելեսի հայ համայնքին կը ներկայացուի Դեկտեմբերի 7ին՝ Բրբենքում գործող «Լուսանետ» ցուցասրահում:
Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆում ճանաչում ունեցող Տապաղեանը նշում է, որ հայկական մոտիւներով (յօրինանիւթերով) առաջին անգամ է ստեղծագործում, ինչի առիթ է դարձել Արցախեան վերջին ողբերգութիւնը: «Դեկորատիւ արտիստ եմ եւ միշտ օգտագործել եմ եւրոպական արուեստը, մոտիւները, ու երբեք առիթ չեմ ունեցել հայկականը օգտագործելու, թէեւ միշտ մտքումս կար: Արցախեան աղէտից յետոյ, շատ մտախոհ էի, երբ հայերը ստիպուած եղան հեռանալ իրենց դարաւոր հողից՝ թողնելով այնտեղ հայկական մշակոյթով, արուեստով ու պատմութեամբ լի եկեղեցիները, վանքերն ու յուշարձանները: Որոշեցի գործել, եւ իմ աշխատանքներով էլ ներկայացնել նաեւ այդ կոթողների միջոցով ներկայացուած հայ արուեստը: Ուսումնասիրութիւններ կատարեցի, իմ համար շատ բացայայտումներ արեցի նաեւ նախաքրիստոնէական ժամանակաշրջանի հայ արուեստի մասին, օգտուել եմ նաեւ Արմէն Քիւրքչեանի հայկական զարդարուեստների գրքից», պատմում է Տապաղեանը: Իր հետազօտութիւնները նա ամփոփել եւ ինքնատիպ դիզայներական (ուրուագիծի) լուծումներով՝ հայ մշակոյթի ու ճարտարապետութեան իւրայատուկ դետալները (մանրամասնութիւնները) ներկայացրել է ժամանակակից արուեստի ոճերին համահունչ:


Տապաղեանի առաջին հաւաքածուն կազմուած է 13 աշխատանքներից, որ պատրաստուել է կարճ ժամանակում՝ Արցախի սեպտեմբերեան դէպքերից յետոյ: «Հաւաքածուս կոչել եմ «Սուրբ Գանձեր», որովհետեւ հայկական մշակոյթի իւրաքանչիւր արտայայտչամիջոց հայ ժողովրդի համար սուրբ է: Այբուբենն օրինակ. չեմ կարծում, որ աշխարհում կայ եւս մէկ ազգ, ով իր տառերն այդքան սիրում է, կրում է որպէս զարդ, հագուստի մաս, տպագրում ու փակցնում է պատերին, օգտագործում կենցաղային իրերի վրայ»: Տապաղեանն իր աշխատանքների կողքին ներկայացնում է նաեւ բնօրինակներն ու պատմում դրանց մասին: «Իմ համար յատկապէս հոգեհարազատ են արցախեան գանձերը, եւ շատ տպաւորուած էի Գանձասարում Հասան Ջալալ Վահթանգեան իշխանի տապանաքարի (1214-1216) վրայ տեղակայուած հայկական վեցաթեւ աստղի ու յաւերժութեան նշանից, որն էլ տեղ գտաւ իմ հաւաքածույում: Արեւմտեան Հայաստանից էլ, ինձ հետաքրքրեց 11րդ դարի Իշխան եկեղեցու վրայ մի դետալ, որ ժամանակակից դիզայնում ամենաշատ կիրառուող նշաններից է: Պատմութիւնն ուսումնասիրելիս հանդիպեցի պարզաբանման, ըստ որի պատկերի մէջտեղում գտնուող կէտն Աստուած է, կամ այն ինչին երկրպագել են մեր նախնիները, եւ անհամար շրջանակները պտըտւում են այդ կէտի շուրջ», իր ուսումնասիրութիւնների մասին կիսւում է Տապաղեանը:
Նրա հաւաքածույում առանձնայատուկ տեղ ունի Տիգրան Մեծի պատկերը, որ ըստ արուեստագէտի, խորհրդանշում է հայոց ուժը. «Մենք, որպէս ժողովուրդ, շատ ծանր օրեր ենք ապրում նաեւ այսօր, բայց չպէտք է տխրենք, պէտք է նայենք պատմութեանը, ուժ առնենք եւ զօրանանք, եւ միշտ յիշենք, որ եթէ Տիգրանը կարողացաւ ստեղծել ծովից ծով Հայաստան, մենք էլ կարող ենք այսօր, երբ այսքան ներուժ ունենք հայրենիքում եւ Սփիւռքում՝ Տիգրան Մեծի օրինակն ունենալով որպէս լաաւագոյն խորհրդանիշ»:
Տապաղեանը նշում է, որ իր նպատակն է, երիտասարդներին ծանօթացնել հայոց մշակութային գանձերին, եւ հնարաւորութիւն ընձեռել՝ իրենց տները զարդարելու մեր հազարամեայ հայկական մշակոյթի արտայայտումներով: «Ես Լիբանանում եմ մեծացել, եւ թէ՛ մեր ծնողները, թէ՛ դպրոցը, թէ՛ ակումբը մեծ դեր են ունեցել կերտելու մեր մէջ հայկական ինքնութիւնը: Յիշում եմ, որ թէեւ մանուկ էինք ու պատանի, բայց ինչ հայկական էր, Հայաստանից էր՝ մեզ համար սուրբ էր: Այն համոզմունքն ունեմ, որ հայ մշակոյթի միջոցով է, որ գոյատեւելու ենք»:



Արփի Տապաղեանի հայկական առաջին՝ «Սուրբ Գանձեր» հաւաքածուն կը ներկայացուի Բրբենքում գործող Լուսանետ Քըլեքթիւ (Lusanet Collective) խանութ-սրահում: Ցուցահանդէսի բացումը տեղի կ՛ունենայ Դեկտեմբերի 7ին, եւ կը տեւի ողջ ամսուայ ընթացքում: «Առաջին գործս երբ տեղադրեցի սոցիալական (ընկերային) էջումս, «Լուսանետ»ից իմ հետ կապուեցին, եւ ասացին, որ հետաքրքրուած են իրենց մօտ ներկայացնելու իմ ցուցահանդէսը: Դա ոգեւորեց ինձ շարունակելու աշխատել, եւ առիթ դարձաւ, որ հայկական թեմաներով իմ առաջին անհատական ցուցահանդէսն ունենամ Լոս Անջելեսում»:
«Լուսանետ»ի համահիմնադիր Լուսինէ Սիմոնեանը նշում է, որ վաճառասրահը նաեւ գործում է որպէս ցուցասրահ, որտեղ ներկայացւում են հայ արուեստագէտների աշխատանքներ: «Արփի Տապաղեանը ամերիկեան դիզայներական աշխարհում ճանաչուած է, եւ մենք վաղուց էինք հետեւում նրա գործունէութեանը: Նա ներկայացուած է Pasadena Showcase House of Design-ում, որը մեծ ձեռքբերում է, եւ կարեւոր է, որ ոչ-հայերին էլ ներկայացնում է հայ արուեստը: «Լուսանետ»ում փորձում ենք միշտ լուսաբանել հայկականը, հայ դիզայներների, եւ մեր շատ ոչ-հայ յաճախորդներ կրում են հայկական զարդեր, հիմա էլ կարող են օգտուել հայկական արուեստի գործերից», նշում է Սիմոնեանը: