Յարգելի պարոն նախագահ,
Այս ամպիոնից հանդէս գալու իւրաքանչիւր առիթը խոնարհման զգացողութեամբ է պատում, քանի որ գիտակցում ես, որ իւրաքանչիւր երկիր աշխարհում լսում է միւսին՝ փորձելով ըմբռնել ընդհանուր շահերն ու մօտեցումները:
Մեզանից նրանք, որ փոքր երկրներ են ներկայացնում, այնպիսի զգացողութիւն ունեն, ասես մեծ պետութիւններն համընդհանուր ցաւերին են անդրադառնում, իսկ մենք՝ փոքրերս, պէտք է մեզ առանձնայատուկ, մեր տարածաշրջաններին յուզող խնդիրներով զբաղուենք: Կարծես գերակայ համընդհանուր խնդիրների մասին խօսելը հաւակնոտ կը հնչէր եւ ճիշդ կը լինէր, որ թողնուէր նրանց, ովքեր զօրութիւնն ունեն դրանք լուծելու:
Սա իմ 10րդ տարին է այստեղ, եւ ես կը յանդգնեմ այդ չգրուած կանոնը խախտել: Այս տարի, երբ ֆինանսական ճգնաժամերն յաւելուել են քաղաքական ու բնական աղէտների վրայ, այնքան ակնյայտ է դառնում այն, որ թէեւ մեր ընդհանուր խնդիրներն ու մարտահրաւէրները մեզ բոլորիս համար հաւասար չափով են վտանգ ներկայացնում, դրանք, այնուամենայնիւ, մեզ վրայ տարբեր չափով են ազդեցութիւն գործում: Փոքր երկրները, որ ամէն ինչից աւելի քիչ ունեն՝ լինի դա զանազանեցումը, պաշարների քանակը, խուսանաւելու կարողութիւնը, ընտրութիւններն ու միջոցները, շատ աւելի են վտանգուած, աւելի մեծ ռիսքի են ենթարկւում, աւելի խոցելի են, քան նրանք, որոնք մեծ տարածք, շատ բնակչութիւն եւ աւելի մեծ ներուժ ունեն:
Միեւնոյն ժամանակ, այն խոշոր քաղաքական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները, որոնք տեղ են գտել այս նստաշրջանի օրակարգում՝ խաղաղութիւն եւ անվտանգութիւն, տնտեսական աճ եւ կայուն զարգացում, մարդու իրաւունքներ, զինաթափում, թմրանիւթեր, յանցաւորութիւն, միջազգային ահաբեկչութիւն, որեւէ սահման չեն ճանաչում: Մեր երկրներից որեւէ մէկը չի կարող անհատապէս դրանք յաղթահարել, եթէ ակնկալում ենք դրանց համար արդիւնաւէտ լուծումներ գտնել: Դրանց լուծումը մեր ընդհանուր շահերից է բխում: Խնդիրները ահռելի են եւ ամբողջ մարդկութեանն են վերաբերում: Եւ քանի որ հնարաւոր չէ դրանք միայն մեր սահմանների ներսում լուծել, ամենեւին չի նշանակում, որ որեւէ մէկն իրաւունքը կամ շռայլութիւնն ունի դրանց հետեւանքների համար պատասխանատուութիւնը սեփական ուսերից թօթափելու:
Երբ շուկան մի տակառ նաւթի գինը հասցնում է 80 տոլարի, նրանք, որ չափազանց փոքր են եւ զգալի պաշարներ չունենեն, անմիջապէս կրում են դրա ազդեցութիւնը: Եւ ճիշդ այնպէս, ինչպէս մեծ տէրութիւնները, որոնք վառելանիւթի մեծ ախորժակ ունեն, երբեմն իրենց քաղաքականութեանը չհամապատասխանող գործարքներ են կնքում, մենք էլ ենք վարւում այդպէս: Մեզ համար էներկետիկ անվտանգութիւնը համաշխարհային թուաբանութիւնից շատ աւելին է, այն մեզ համար կեանքի ու մահու խնդիր է:
Երբ կլիմայի փոփոխութիւնը զգալի բնապահպանական տատանումների է յանգեցնում, երկար չի տեւում, մինչեւ երկարատեւ երաշտներն ու մեծածաւալ անձրեւները վնասեն մեր գիւղատնտեսութիւնն ու աւիրեն տնտեսութիւնը, կամ բարձրացող ափերը հասնեն մեր քաղաքներին: Բայց մենք տարածք ու զանազանեցուածութիւն չունենք դրանք յաղթահարելու եւ յարմարուելու համար:
Այն ժամանակ, երբ Իրաքում նոր պայթիւնի բացակայութիւնը համարւում է լուր, եւ երբ մեծածաւալ աւերածութիւնները առօրեայ երեւոյթ են դարձել, մենք՝ փոքր պետութիւններում աւելի սուր կերպով ենք միջազգային հանրութեան կամքի եւ կարողութիւնների, հեռաւոր վայրերում ընթացող բռնութիւնների ու ստորացման նկատմամբ նրանց հանդուրժողականութեան առումով մեր խոցելիութիւնն զգում:
Երբ տնտեսական զարգացումը կախուած է վատ եղանակի, հիւանդութիւնների եւ պատերազմի բացակայութիւնից, եւ երբ այս երեք չարիքներից առնուազն երկուսը յաղթահարելու կարողութիւնը նրանց ձեռքում է, ովքեր հսկայական հնարաւորութիւններ ունեն ամոքելու եւ խաղաղութիւն բերելու, փոքր պետութիւններն իրօք վտանգուած են եւ անօգնական:
Երբ զինաթափումն ու սպառազինութիւնների վերահսկողութիւնը դադարում են համընդհանուր խաղաղութեանը հասնելու միջոց լինելուց եւ փոխարէնը դառնում են քաղաքական միաւորներ քաղելու եղանակ, փոքր պետութիւնները ինքնապաշտպանութեան սեփական հնարաւորութիւններին են դիմում: Այլ խօսքով, մենք դառնում ենք խնդրի մի մասը, որովհետեւ լուծումը պարզ չէ եւ ոչ էլ հասանելի:
Երբ Տարֆուրը դառնում է անօգնականութեան խորհրդանիշ, մենք՝ աշխարհի փոքր անկիւններում, գիտակցում ենք, որ ուժը փոխարինել է պատասխանատուութեանը: Մարդու իրաւունքների ամենագոյ լեզուն չի կարող փոխարինել քաղաքական կամքին: Ցեղասպանութիւնը պէտք է կանխարգելուի, այլ ոչ թէ՝ յիշատակման արարողութիւնների վերածուի: Սերնդէսերունդ մենք նոր անուններ ենք տալիս իբրեւ թէ անմարդկային մեքենայութիւնների հանդէպ մարդու վրդովեցուցիչ հանդուրժողականութեանը, նոր անուններ՝ սարսափին, եղեռնագործութեանը, ջարդերի վայրերին, համատարած սպանութիւններին նրանց, ովքեր պատկանում են հասարակութեան մի հատուածի, դասակարգի, էթնիք խմբի, ցեղի կամ կրօնի: Մօտ հարիւր տարի առաջ հայերի համար դա Տէր Զօրի անապատն էր, յաջորդ սերնդի համար Աուշուիցն էր, յետոյ սպանութիւնները Քամպոտիայում: Իսկ վերջերս՝ Ռուանտան: Եթէ այս դէպքերից իւրաքանչիւրում՝ ցեղասպանութեան հետ մէկտեղ այդ անունները յիշեցնում են անտարբերութեան, անօգնականութեան, պատերազմի քօղի ներքոյ կոծկելու մասին, այսօր Տարֆուրը քաղաքական նպատակայարմարութեան, խուսափողականութեան եւ պարզ անյարմարութեան հոմանիշն է դարձել: Տարֆուրը ամօթի հոմանիշն է:
Իմ կոչը, փոքր երկրների անունից, այն է, որ միջազգային հանրութիւնը այս խնդիրներից իւրաքանչիւրը լուծի հէնց նրանց տեսանկիւնից, յանուն նրանց իսկ յաղթահարման, այլ ոչ թէ որպէս համաշխարհային ուժային գլուխկոտրուկի մի մաս: Երբ աշխարհի տէրութիւնների միջեւ լարուածութիւնը մեծանում է, բեւեռացումն է ուժեղանում եւ նուազում է փոքր պետութիւնների քրտնաջան աշխատանքի եւ շատ ջանքեր պահանջող փոխլրացման ու հաւասարակշռման քաղաքականութիւնների արդիւնաւէտութիւնը: Մեր սեփական՝ խուսանաւելու եւ համաշխարհային խնդիրների լուծմանը մասնակցելու շրջանը նեղանում է:
Բայց, պարոն նախագահ եւ յարգելի գործընկերներ, թոյլ տուէք ակնյայտը նշել: Մենք յոյս ենք դրել համաշխարհային տէրութիւնների կարողութեանը՝ իրենց կարճաժամկէտ հակասութիւններն ու տարաձայնութիւնները մի կողմ դնելու եւ գիտակցելու, որ իրենց ուժն ու ազդեցութիւնը նրանց չեն ապահովագրում մեզ վրայ ազդեցութիւն գործող մի շարք խնդիրներից: Այն նրանց չի ապահովագրում նաեւ մարդկութեան բարօրութեան համար այդ ուժն ու ազդեցութիւնը պատշաճ կերպով չկիրառելու հետեւանքներից:
Պարոն նախագահ, անցեալ ամիս մենք նշեցինք անկախութեան 16ամեակը: Այս տարիների ընթացքում մենք յաղթահարել ենք բազմաթիւ փոփոխութիւններ եւ ներս ենք քաշուել մեր առօրեայի վրայ ազդեցութիւն ունեցող տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների մէջ:
Մենք կարող ենք միայն հպարտանալ նրանով, ինչի հասել ենք՝ բաց, զանազանեցուած տնտեսութիւն, աճի բարձր ցուցանիշներ, ուժեղ ֆինանսական համակարգ, նաեւ՝ բարելաւուած ընտրական գործընթացներ, աւելի կանգուն հասարաական կառոյցներ, իր իրաւունքներին առ աւելի իրազեկուած բնակչութիւն: Սա մեզ աւելի մեծ վճռակամութիւն է տալիս լուծելու մնացեալ տնտեսական խնդիրները՝ անհաւասար աճը, աղքատութիւնը գիւղական շրջաններում եւ ցածր աշխատավարձերը, եւ աւելի զօրացնել ժողովրդին ու խորացնել ժողովրդավարութիւնը:
Մենք այս ամէնին հասել ենք չնայած չկարգաւորուած հակամարտութեանը եւ արհեստական սահմանափակումներին, ինչպէս նաեւ տարածաշրջանային համագործակցութեան բացակայութեանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ներառուած է գլխաւոր նստաշրջանի օրակարգում ձգձգուած հակամարտութիւնների թեմայի ներքոյ: Բայց, պարոն նախագահ, որեւէ բանաձեւ, որ մի զամբիւղի մէջ է դնում բոլոր հակամարտութիւններն, արդէն իսկ ի սկզբանէ թերի է: Այս հակամարտութիւններից իւրաքանչիւրը տարբեր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տեղը չէ սա: Սա չպէտք է քննարկուի ՄԱԿում, քանի որ բանակցւում է ԵԱՀԿում: Նախ, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը սառեցուած չէ: Մենք շարունակում ենք բանակցել եւ սանթիմեթր-առ-սանթիմեթր մօտենում ենք լուծմանը: Երկրորդը, բաւականին մշակուած փաստաթուղթ ունենք սեղանին, որը ոչ թէ երազային մտածողութեան վրայ է հիմնուած, այլ հիմնարար խնդիրների եւ նրանց հետեւանքների վրայ: Միասին նրանք հաւասարակշռուած լուծման կը յանգեցնեն: Երրորդը, գործընթացի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ որոշելու իրենց ապագան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում ոչինչ, որն իրեն չի պատկանում. նրանք ուզում են խաղաղ, ապահով ապրելու եւ սեփական ապագան որոշելու իրաւունք, նրանք ուզում են օգտագործել այն իրաւունքը, որ այստեղ ներկայացուած իւրաքանչիւր ժողովուրդ իր պատմութեան այս կամ այն հանգրուանում օգտագործել է:
Պարոն նախագահ, մենք ուշի ուշով հետեւում ենք Քոսովոյի շուրջ զարգացումներին: Մենք շատ պարզորոշ լսում ենք միջազգային հանրութեան բարձրաձայնումը, թէ Քոսովոն չի կարող նախադէպ լինել այլ հակամարտութիւնների համար: Թէեւ մենք մտադրութիւն չունենք Քոսովոն որպէս նախադէպ օգտագործելու, որովհետեւ այն կը հակասի մեր դիրքորոշմանն առ այն, որ բոլոր հակամարտութիւնները տարբեր են: Միեւ նոյն ժամանակ մենք չենք հասկանում եւ չենք կարող ընդունել հակառակ տրամաբանութիւնը. այն է՝ Քոսովոյին անկախութիւն է շնորհուել, որեւէ այլ ժողովուրդ չի կարող ինքնորոշման հասնել: Որեւէ մէկը չպէտք է ասի մեզ, թէ չափաբաժիններ կան ազատութեան ու անվտանգութեան համար:
Պարոն նախագահ, ի վերջոյ փոքր երկրի իրազեկուածութիւնը համաշխարհային գործընթացներից եւ տեղը դրանցում չեն կարող, չպէտք է փոխարինեն նրանց, որոնք գործելու զգալի միջոցներ եւ քաղաքական կամք ու կարողութիւն ունեն: Բացութեան ու ներառուածութեան այս դարում պարտադրանքի եւ բացառման հին մեքանիզմներին տեղ չկա: Փոխարէնը, փոխզիջման ու կոնսենսուսի նոր գործիքներն են պիտանի մարդկութեան տեւական նպատակին՝ խաղաղութեանն ու բարգաւաճմանը հասնելու համար:
Շնորհակալութիւն:
3 Հոկտեմբեր, 2007