ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ
Ես չգիտեմ, երբեւէ կը բացուե՞ն ՊԱԿի արխիւները, արդեօ՞ք լոյս աշխարհ դուրս կ’ելնեն բոլոր մութ ու զազիր գործերը:
Չգիտեմ նաեւ ո՞վ է կրում կամ ո՞վ պիտի քաւի Սիմէոն Կիւլոյի անմեղ արեան մեղքը: Ամէն դէպքում ես իմ բարոյական պարտքն եմ համարում հասարակութեան դատին յանձնել այս նիւթերը, որով գուցէ կը մեղմեմ մեղքի զգացումի իմ բաժինը, քանի որ այս ոճրագործութիւնը կատարուել է ակամայից մի ազնիւ մարդու պատճառով, ում ժառանգորդն եմ ես:
… Սփիւռքը մեծ հետաքրքրութիւն եւ շահագրգռուածութիւն էր ցուցաբերում Լեռ Կամսարի գրական ժառանգութեան նկատմամբ: Սիմոն Վրացեանը տարիներ շարունակ համոզում էր երգիծաբանին իր գրական արխիւը արտասահման անցկացնել: Այդ նպատակով բանակցում էին նաեւ ռամկավարներ Արբակ Դարբինեանը եւ Յարութիւն Վարդապետեանը:
Երկար տարիներ հեղինակը չէր համաձայնւում Հայաստանից դուրս հանել ձեռագրերը: Արխիւը արդէն երկու անգամ բռնագրաւուել էր ՊԱԿի կողմից, եւ նա վախենում էր, որ կարող է լրիւ զրկուել գրական վաստակից: Բացի դրանից, կը վտանգուէր նաեւ իր ժառանգների ապահովութիւնը:
Սակայն հալոցքի տարիներին, երբ թւում էր, թէ կայ որոշ ազատութիւն, եւ տեսնելով, որ հայրենիքում ոչ մի կերպ չի կարողանում լոյս ընծայել իր քաղաքական սաթիրան, նա վերջապէս տեղի է տալիս եւ 1961 թուին որոշում է որոշ նիւթեր տրամադրել պոսթընաբնակ լրագրող, «Ծիրանի գօտի» հանդէսի գլխաւոր խմբագիր Սիմէոն Կիւլոյին:
Այդ աղէտալի մտայղացման պատճառով տաղանդաշատ լրագրողը վճարում է իր կեանքով, իսկ արդէն յանձնուած նիւթերը անհետանում են…
Թող այս էջը տուրք լինի Սիմէոն Կիւլոյի լուսաւոր յիշատակին եւ որոշ չափով ինչ-որ տեղ թեթեւացնի Լեռ Կամսարի հոգու տառապանքը…
Յ.Գ.- Բռնադատուած գրողների եւ մտաւորականների արխիւային նիւթերը ՊԱԿը յանձնել է Պետական արխիւ ի պահպանութիւն, բացի Լեռ Կամսարի արխիւից:
Տեսնես, ինչո՞ւ…
… Ասենք, գլխի եմ ընկնում…
Սիմէոն Կիւլօ
Պոսթըն, 1960թ.
Ինծի համար շահեկան դարձաւ Լեռ Կամսարի ինքնութիւնը ճշդելու հարցը՝ մասնաւորաբար վերջին հինգէն վեց տարիներու ընթացքին, երբ իմ հարց ու փորձիս մէջ՝ նկատեցի զիրար հակասող տեղեկութիւններ, տրուած ինծի՝ պատասխանատու անձերու կողմէ:
Պէյրութէն շատ կարեւոր անձ մը (Վահէ Վահեան), որ երկու անգամ Հայաստան գացած էր, կը գրէր ինծի, թէ Լեռ Կամսարը մեռած էր 1938ին, տարագրութեան ճամբին, շատ յառաջացած տարիքին մէջ: Ամիսներ վերջ, երբ օր մը կարդացի Սիմոնեանի մէկ յօդուածը, որուն մէջ կը յիշէր, թէ Լեռ Կամսարը Երեւանի մէջ էր եւ «Ոզնի» շաբաթաթերթը կը խմբագրէր, վերոյիշեալ անձին ուշադրութեան յանձնեցի այս պարագան, ստուգութեան համար: Շատ քաղաքավարի նամակ մը ստացայ իրմէ, ըսելով՝ թէ նորէն Հայաստան հրաւիրուած է ինք, եւ այս անգամ «ամէն ինչ կը ստուգեմ եւ կը գրեմ քեզի»: Մինչեւ այս տողերս գրելը դեռ ստացած չեմ որեւէ լուր իրմէ:
Դիպուածով հանդիպեցայ բանաստեղծ Կ. Սիտալին, որ Պոսթըն եկած էր խօսելու Աւ. Իսահակեանի 80ամեակին առթիւ: Երբ վերստին հարցուցի Լեռ Կամսարի մասին, եւ վերոյիշեալ տեղեկութիւնը յիշեցի, ան սրբագրեց զայն, ըսելով.
– «Ոզնի» թերթին խմբագիրը Լեռ Կամսարը չէ, այլ Էտ. Խոճիկը: Մեղուաբուծութիւն կ’ընէ Լեռ Կամսարը:
– Դուն զինքը տեսա՞ր:
– Ոչ: Գրական ժողով ունէինք, բայց եկած չէր: Եւ երեք ամիս կեցայ, սակայն առիթ չեղաւ զինքը տեսնելու:
– Ըսել է, թէ մեր հանճարեղ երգիծաբա՞նը… գրիչը լքած՝ մեղուներու հետ կ’անցունէ իր ժամանակը… Ողբալի կացութիւն է այս…
Հարցուցի իր մասին՝ Հայաստանէն նոր վերադարձած բանաստեղծ Յակոբ Գույումճեանին: Ան ալ կը կարծէր, թէ Լեռ Կամսարը մեռած էր:
Կիպրոսէն ուսուցիչ մը (Ն. Յովհաննէսեան) կը թղթակցէր հետս: Երբ գրեցի իրեն այս մասին, պատասխանեց, թէ ինքը շատ մտերիմ կերպով կը ճանչնար Լեռ Կամսարը, որը մեռած էր 1938ի, տարագրութեան ճամբին: «Ուրիշ բանի չհաւատաս»:
Ամէնէն վերջ, Մարտիրոս Ճաւեանի յուղարկաւորութեան օրը՝ Նիւ Եորքէն քաղաքս ժամանած Օգսէն Սարեանին դիմեցի նոյն հարցումով: Նոր էր Հայաստանէն վերադարձեր:
– Ես տեսայ զինքը,- պատասխանեց: – Ուզեց «Լրաբեր»ին աշխատակցիլ…
Մինչեւ հիմա ստացածս տեղեկութիւններուն մէջ՝ ամէնէն ցնցիչը այս էր: Անհաւատալի թուալու աստիճան: Հետս կատա՞կ կ’ընէր արդեօք: Սկեպտիկի մը թոնով հարցուցի դարձեալ.
– Վստա՞հ ես, թէ հետդ խօսողը Լեռ Կամսարն էր… Դուն զինքը կը ճանչնա՞ս, եթէ դէմդ ելլէ:
– Եղբայր, մարդը ինծի ուսուցիչ էր Վանի մէջ. ինչպէ՞ս չճանչնամ… Ո՞ր մէկ գրագէտի մասին կ’ուզես՝ հարցուր, բոլորն ալ կը ճանչնամ…
Դժբախտաբար, առանձին չէինք Օգսէնին հետ. յուղարկաւորներով շրջապատուած էինք: Շուրջինները տպաւորելու համա՞ր այդպէս կ’ըսէր, չհասկցայ:
Ճարահատ՝ նստեցայ նամակ մը գրեցի Արտասահմանեան երկրների հետ բարեկամութեան եւ մշակութային կապի հայկական ընկերութեան նախագահ Բերսաբէ Գրիգորեանին, թէ Լեռ Կամսարի մասին ուսումնասիրութիւն մը կ’ուզեմ գրել, անհրաժեշտ է հետեւեալ երեք հարցերու ճշդումը.
1.- Ո՞վ է Լեռ Կամսարը: 2.- Կ’ապրի՞ ներկայիս, ո՞ղջ է: 3.- Ի՞նչ է իր հասցէն:
Բերսաբէ Գրիգորեանը փոխանակ նամակիս պատասխանելու, պատշաճ տեսած էր նամակս ուղղակի յանձնել… Լեռ Կամսարին:
Շուտով իրմէ ստացայ հետեւեալ նամակը, որ գերագոյն հաճոյք պատճառեց ինծի, վերջ դնելով փնտռտուքիս:
Յարգելի ընկեր Սիմէոն Կիւլոյ
30 Մայիսի, 1960թ.
Դուք Պոսթընից գրած ձեր նամակով Հայաստանի ԱՕՔՍից ուզում էք իմանալ երեք բան իմ մասին.
Ի՞նչ է իսկական «կնքուած» անունս:
Ներկայիս ապրո՞ւմ եմ, թէ մահացած եմ:
Եթէ ողջ եմ՝ իմ հասցէն:
Երեք շատ բարդ եւ դժուարին հարցեր, որոնց ես ինքս անգամ դժուարանում եմ պատասխանել:
Բայց փորձենք:
Սկսում եմ իմ իսկական անունից:
Ես 1888 թուին աշխարհ գալուց ի վեր կոչուել եմ Արամ Թովմաղեան: 1921 թուին, երբ փաստաթղթերս ներկայացրի վարչութիւն անձնագիր ստանալու՝ այնտեղ սխալմամբ Թովմասեան էին նշանակել, եւ ես այս քառասուն տարի է ապրում եմ որպէս «վրիպակ» անձ:
Հետագային, տեսնելով, որ սխալ անունով էլ կարելի է շիտակ ապրել, հետեւեալ հարցը ծագեց գլխումս:
Արդեօ՞ք ճիշդ պէտք է համարել այն, որ մարդիկ իրենց ողջ կեանքում մի անունով ապրեն: Եթէ անունը նրա համար է դրւում մարդկանց վրայ, որ մէկը միւսից զանազանենք՝ չէ՞ որ անհատ մարդն էլ իր կեանքի ընթացքին տարբեր սկզբունքներ է դաւանում եւ որպէս բարոյական դէմք տարբեր անուններ էլ պիտի կրի:
Քրիստոսի առաքեալներից Պօղոսը, օրինակ, քանի քրիստոնէութիւնը հալածում էր՝ Սողոս էր կոչւում: Իսկ երբ ինքն էլ հաւատացեալ դարձաւ՝ իր Սողոս անունը Պօղոսի փոխեց ամենայն իրաւամբ:
Հաւատացեալն ու անհաւատը ինչպէ՞ս կարող են միեւնոյն անունը կրել:
Ես ինքս մինչեւ 1935 թիւը երբ գրում էի՝ Լեռ Կամսար էի, բայց դրանից յետոյ, երբ դադարեցի գրելուց՝ դարձայ Լուռ Կամսար:
Բնական է: Անունը պէտք է համապատասխանի կրողի բովանդակութեանը, այլապէս կ’ասեն՝ «անունը կայ, ամանում չկայ»…
Մշտական անուն պէտք է դնել մարդու վրայ նրա մեռնելուց յետոյ միայն, եւ այդ պրակտիկան արդէն կիրառւում է մեզանում:
Առաջները մեր պետական գործիչներին անմահացնելու համար կենդանեօք նրանց անունները դրւում էին քաղաքների, գիւղերի եւ կոլխոզ խանութների վրայ: Բայց երբ յանկարծ փոխւում էին նրանց քաղաքական համոզմունքները՝ փոխւում էին նաեւ նրանց անուններով կոչուող քաղաքների անունները՝ առաջացնելով մեծ տեխնիկական անյարմարութիւններ: Այդ պատճառով էլ մեր կառավարութիւնը ընդունեց մի որոշում, ըստ որի մարդիկ անմահանալ կարող են իրենց մահուանից յետոյ միայն…
Ընկեր Սիմէոն, համոզուեցի՞ք, որ իմ իսկական անուան մասին Հայաստանի ԱՕԿՍը ձեզ ոչինչ ասել չէր կարող:
Հիմա գանք իմ կենդանի կամ մեռած լինելու հարցին:
Մեռա՞ծ եմ ես, թէ կենդանի: Ահա ձեզ մի հարց, որին դժուարանում եմ պատասխանել:
Եւ այդ գրողը չի իմանայ, եւ ինչ էլ ասեն՝ նրանց խօսքին մի՛ հաւատացէք:
Շատ գրողներ ինքզինքնին կենդանի են յայտարարում, բայց իրապէս մեռած են… ընթերցող չունենալու պատճառով:
Այդ մասին հասարակութիւնը պիտի դատի՝ գրողն ի՞նչ իմանայ:
Մոսկուայում ձմեռ ժամանակ անցորդը չի զգում, թէ իր ականջները սառել են, դէմից եկող անցորդն է զգուշացնում.
– Է՜յ, ընկեր, ականջներդ սառել են…
Գալով ձեր երրորդ հարցին՝ հասցէս, դա էլ շատ սերտ կապուած է իմ կենդանի կամ մեռած լինելուս հետ:
Եթէ մեռած եմ՝ հասցէս կը լինի Երեւանի գերեզմանատուն, իսկ եթէ կենդանի եմ՝ Երեւան, Լենինի պողոտայ, համար 15:
Այս երկուսից ընտրէք, որը կ’ուզէք:
Ընկեր Սիմէոն, եթէ որոշել էք ուսումնասիրութիւն գրել իմ մասին, ցանկալի էր, որ ինձ մեռած համարէիք. որովհետեւ կենդանի հեղինակները երբեք չեն արժանանում այն փառքին, ինչի արժանանում են մեռածները:
Խորին յարգանքներով՝
Լեռ Կամսար
Երեւան
Սիմէոն Կիւլոյին՝ Պոսթըն
1960թ., Երեւան
Յարգելի Սիմէոն Կիւլօ, իմ պոսթընաբնակ բարեկամ:
Դուք ձեր նամակում գրում էք՝ «Կիպրոսից, Սիրիայից հասնող լուրերը ասում են, որ դուք մեռած էք: Հայաստան այցելող էքսկուրսանտներն էլ հակասական տեղեկութիւններ են տալիս ձեր մասին. մէկն ասում է մեռած է, միւսը՝ կենդանի: Սրանով խնդրում եմ անկեղծութեամբ ինձ յայտնել. «Դուք մեռա՞ծ էք, թէ կենդանի՝ ինչո՞ւ չէք երեւում մամուլում»:
Դրան ի պատասխան գրում եմ:
Ես կենդանի եմ, բայց այդ ապացուցելու համար ոչ մի «իրեղեն ապացոյց» չունեմ: Իմանալով, որ կեանքումս սուտ խօսած չունեմ՝ պիտի հաւատաք իմ բանաւոր հաւաստիացումներին:
Ես մամուլում երեւալ չեմ կարող, որովհետեւ մամուլի տեսուչ Գէորգ Հայրեանը չի թողնում: Որսկանի նման ետեւիցս ման է գալիս, որ թերթում երեւամ՝ իսկոյն խփում է: Մի անգամ ինձ «Գրական թերթում» բռնեց, ականջիցս քաշելով տարաւ կենտրոնական օրաթերթ «Սովետական Հայաստան», այնտեղ ինձ բոլորի առջեւ «գռեհիկ» անուանեց ու խփեց: Գրողների միութեանն էլ հրամայեց ծունկի գալ ու ներողութիւն խնդրել, իրենց օրգանում իմ ֆելիէտոնը տպագրած լինելու համար:
Որ թերթին մօտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս եւ բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում:
Միայն «Ոզնի» երգիծական հանդէսը իր դրան տակից մի անցք է թողել, երբ Գէորգ Հայրեանը ուրիշ կողմ է նայում՝ գաղտագողի այդ անցքից ներս եմ սողում, մի ֆելիէտոն տպում ու դուրս գալիս փախչում: Որ տեսաւ, սեւս կը տայ:
Այստեղ ես հանդէս եմ գալիս ծպտուած, Արա Մասեան անուան տակ: Ընթերցողներս կարդում եւ ասում են.
– Սա Արա Մասեանը որքա՜ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի: Եւ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթուել իմ ընթերցողին եւ ասել.
– Գրկի՛ր ինձ, հէնց ես Լեռ Կամսարն եմ…
Այսպիսի զուլում մարդ է այդ Գէորգ Հայրեանը:
Դուք երեւի տեսած կը լինէք նրան. այս ամառ նա Ամերիկա եկաւ պտոյտի:
Վերադարձին թերթում գրեց իր ճամբորդական տպաւորութիւնները, որոնք ջրիկ լինելու համար ոչ ոք չկարդաց:
Այս «յաջողութիւնից» խրախուսուած նա առանձին գրքով հրատարակեց այն, որ էլ աւելի չկարդան:
Ամբողջ Հայաստանի գրողների բախտը այդ մարդն է տնօրինում: Յիսուն տարուայ սիրուած գրողին կարող է փոշիացնել, իսկ փոշուց յիսուն տարուայ սիրուած հեղինակ ստեղծել:
Յարգելի Սիմէոն, ինչո՞ւ մի անգամ Հայաստան չէք գալիս պտոյտի: Եթէ գաք՝ կը տեսնէք, մեռա՞ծ եմ, թէ կենդանի:
Գրում էք՝ թէ ուզում եմ ձեր մասին մի ուսումնասիրութիւն գրել: Շնորհակալ եմ: Եթէ նոր բնակարան ստացած լինէի, այնպէ՜ս կ’ուզենայի ձեզ իմ տանը հիւրասիրել: Կենտկոմի առաջին քարտուղարը սա չորս տարի է խոստանում է, բայց ոչ բնակարան է տալիս, ոչ էլ իմ դիմումին է պատասխանում: Նրանից պատասխան ստանալու համար ուզում եմ դիմել Մոսկուա:
Եթէ Մոսկուան էլ չպատասխանեց՝ ուզեմ-չուզեմ ձեր միջոցով պիտի դիմեմ ՄԱԿին: Իմ հարցը շատ նման է այնտեղ նստած Չան Կայ Շիին («Ա.»- Պէտք է ըլլայ Չէք), երկուսս էլ կորցրել ենք մեր ոտների տակի հողը:
Նա Չինաստան չունի, ես՝ բնակարան:
Յարգանքներով՝ Լեռ Կամսար
Սիրելի Սիմէոն Կիւլօ,
24. 12. 1960թ.
Իմ պոսթընաբնակ բարեկամ.
Իր ժամանակին ստացել եմ Նոյ. 1ի նամակը եւ պատասխանել եմ իր ժամանակին: Այսօր գրում եմ մի երկրորդ նամակ այնպէս, ինչպէս որսորդը որսին նշան բռնելիս կրակում է միաժամանակ երկու գնդակ՝ մէկնումէկը նպատակին հասցնելու համար:
Բայց քանի որ որոշել ես Մայիսին անպայման այցելել ինձ անձամբ՝ նամակներս նպատակին չհասնեն էլ, շատ չեմ մտահոգուի՝ ինչու որ մի քանի ամսից «որսը» իր ոտովը կը գայ իմ դուռը…
Իմ նամակները շատ նման են Նոյի բաց թողած թռչուններին. ոմանք դուրս են գալիս «աղաւնիներ» եւ պատասխան են բերում, ոմանք էլ «ագռաւների» նման ինձ թողնում են անպատասխան:
Այնուհետեւ կ’ուզենայի շնորհաւորել ձեր Նոր տարին, եթէ հաստատ իմանայի, թէ Ամերիկայում Նոր տարի գոյութիւն ունի, եւ մարդիկ առհասարակ ուրախանալու սովորութիւն ունեն: Մեզ սովորեցրել են, որ կապիտալիստական երկրներում մարդիկ միայն դժբախտ են:
Քո գալու լուրն առնելով, անմիջապէս ԱՕՔՍի նախագահ Բերսաբէին գնացի եւ խնդրեցի միջամտել ուր որ հարկն է՝ ինձ մի ներկայանալի բնակարան տրամադրելու համար: Ներկայ բնակարանում ամաչում եմ քեզ ընդունել: Դա ոչ թէ բնակարան, այլ կաւաշէն, կաւածեփ, կաւածածկ մի որջ է, որին առընթեր նախապատմական մարդու քարայրն անգամ կարող է պալատ համարուել: Իմ բնակարանային պայմաններով թէպէտեւ չեմ հասել տակաւին «քարի դարին», բայց դժգոհ չեմ: Դիոգենեսն ապրում էր մի տակառի մէջ շատ երջանիկ:
Մեր երկուսիս դժուարութիւնը սկսւում է միայն մեռնելիս: Օրինակի համար, Դիոգենեսն ինչպէ՞ս պարզի իր ոտքը մի նեղ տակառի մէջ: Իսկ պպզած մեռնելը հնարաւոր չէ:
Գալով ինձ, իմ ցաւն էլ այն է, որ վախճանուելիս ես ոչ մի կերպ չպիտի կարողանամ համոզել ինձ, որ ես իրօք մեռել եմ, քանի որ բնակարանիս եւ գերեզմանիս մէջ ոչ մի էական տարբերութիւն չկայ: Երկուսն էլ կառուցուած են միեւնոյն հողից:
Սիրելի Սիմէոն, դու իմ աչքին մի շատ խստապահանջ մարդ կ’երեւիս: Այդ պատճառով քեզ նամակ գրելիս վախիցս տասն անգամ մտքերս չափում, ձեւում, նոր միայն գրում եմ: Պատահում էլ է, որ չափում, ձեւում ու չեմ գրում: Ու չգրած մտքերս աւելի շատ են լինում, քան գրածներս: Այդ է ահաւասիկ պատճառը, որ քեզ նամակ գրելիս աւելի շատ կչկչում եմ, քան «ձու» ածում: (1)
Կարօտում եմ քեզ շատ: Երբեմն ուզում եմ երազումս տեսնել քեզ, բայց աւա՜ղ, դա հնարաւոր չի՝ երկու տարբեր կիսագնդերում ապրած լինելու համար: Միաժամանակ չենք պառկում ու միաժամանակ վեր չենք կենում: Երբ ես քնած եմ՝ դու արթուն ես, եւ ընդհակառակը, երբ ես արթուն եմ՝ դու քնած:
Ձայն ունե՞ս, Սիմէոն, երգո՞ւմ ես: Ես երկու տող երգեմ, եթէ այն քեզ դուր գայ՝ գրիր շարունակեմ:
«Ա՜խ, իմ ճամբէն մոլոր գնաց,
Անտակ ծովին դէմ առաւ…»:
Գրիր գաղութահայ կեանքից: Դու «յառաջադիմակա՞ն» կուսակցութեանն ես պատկանում, թէ՞ «յետադիմական»: Այդտեղ կուսակցութեան պատկանելը կամաւո՞ր է լինում՝ թէ՞ բռնի: Եթէ կամաւոր՝ ինչո՞ւ պատահում են մարդիկ, որոնք «յառաջադիմականը» թողած, «յետադիմականին» են պատկանում:
Ինձ որ հարցնես՝ ես «ետեւի» եւ «առաջի» միջեւ խտրութիւն չեմ դնում: «Ետեւը»՝ դա մարդու անցեալն է, պատմութիւնը, իսկ «առջեւը»՝ ապագան, գալիքը: Արժէ՞ ստոյգ, արդէն պատահած անցեալը զոհել անստոյգ գալիքին: Մանաւանդ հիմա, որ աշխարհն ապրում է աթոմային պատերազմի սարսափներն ու երկրագունդը վիճակախաղի է դրուած:
Ոչ՝ երկուսից ես «ետեւը» կը նախընտրեմ «առջեւից»:
Ետեւում եմ թողել իմ ոսկէ մանկութիւնը, իմ կորուսեալ հայրենիքը, որոնց մասին ունեցած իմ յուշերի մի մասնիկը չեմ փոխի հազար անորոշ գալիքի հետ:
Իսկ եթէ խօսենք «մարդակազմութեան» լեզուով, պիտի ասենք, որ մարդուն իր «ետեւը» նոյնքան անհրաժեշտ է, ինչքան «առջեւը», ու մէկն առանց միւսի գոյութիւն ունենալ չի կարող:
Ճակատամարտում նահանջելն էլ յարձակման չափ հմտութիւն է պահանջում:
Համաձա՜յն ես: Եթէ այո՝ ց տեսութիւն:
Քո՝ Լեռ Կամսար
«Կարմիր Օրեր» Անտիպ Օրագրից
Շաբաթ 23, Յունիս, 1961թ.
Ստալինը իր ղեկավարութեան ժամանակ ամենայն անկեղծութեամբ յայտարարում էր.
– Ես արիւնարբու գազան եմ ու մարդ եմ սպաննում: Ինձ համար մարդն ու ճանճը միեւնոյն արժէքն ունեն:
Եւ մարդը ժողովրդից համակրանք չէր սպասում:
Բայց Խրուշչովը ներկայիս կամենում է երկու ձմերուկ բռնել իր մէկ ձեռքով: Ուզում է ե՛ւ ժողովրդի համակրանքը վաստակի, ե՛ւ մարդ սպաննի:
Այսպէս՝ նա ցերեկը մարդասէր է, գիշերը՝ մարդասպան:
Օ՜հ, լեզուս չի զօրում պատմել այն ոճիրը, որ կատարուեց հէնց այսօր աչքիս առջեւ:
Բայց պատմեմ ամէն ինչ սկզբից:
Ամերիկայի Պոսթըն քաղաքում ապրում էր մի ժուռնալիստ՝ Սիմէոն Կիւլօ անունով: Նա մտադրուած է լինում մի ուսումնասիրութիւն գրել իմ գրական գործունէութեան մասին: (Սեւ լինէր այն օրը, երբ մտադրուեց):
Բայց չի իմացել ո՞ղջ եմ, թէ մեռած: Դիմել է Հայաստան եկող տուրիստներին, դիմել է Սիրիա, Կիպրոս եւ աշխարհի այն բոլոր տեղանքը, ուր հայութիւն կայ՝ իմանալու տեղեկութիւն իմ ողջութեան մասին, բայց չի յաջողուել: Մեծ մասամբ պատասխանել են, թէ ես, իբր թէ, մեռել եմ աքսորի ճանապարհին, 1938 թուին: (Տեսէք «երկաթեայ վարագոյրի» թանձրութիւնը…):
Հա, վերջում այդ մարդը դիմում է Հայաստանի արտասահմանի հետ կուլտուրական կապի միութեան վարչութեանը, աղերսելով պատասխանել՝ ո՞ղջ եմ ես, թէ՞ մեռած:
Վարչութիւնը նամակը յանձնեց ինձ՝ անձամբ պատասխանելու համար:
Մեծ դժուարութեամբ պատասխանեցի այդ նամակին, որովհետեւ ես էլ ստոյգ չգիտէի՝ ողջ եմ, թէ՞ մեռած:
Ճարահատ, այդ բանն ստուգելու համար, մեծ ծախսեր կատարելով, ինքը՝ Սիմէոն Կիւլոն է վեր կենում Հայաստան գալիս:
Մենք պատահում ենք իրար «Արմենիա» հիւրանոցում, եւ ես սկսում եմ պատմել իմ գլխին եկած դժբախտութիւնները մէկ առ մէկ, քսան տարուայ աքսորս, անպատմելի խոշտանգումներս եւ այլն, եւ այլն:
Դու մի ասի, Չեկան, մագնիտոֆոնը (ձայնագրող սարք) միացրած, մեզ լսում է իր թաքստոցից…
Մտածելով, որ Ամերիկա վերադարձին Կիւլոն կարող է այս բոլորը պատմել աշխարհի հայութեանը, եւ գաղտնիքը բացուի, նոյն գիշերը խեղդում է հիւրանոցում իր «հիւրին» եւ յայտարարում «յանկարծամահ»…
Ու ես հիմա այսքան արտասուք չեմ ճարում ողբալու այդ անմեղ մարդու կորուստը, որ մեռաւ իմ պատճատով:
Մազերս փետտելով ման եմ գալիս հիմա ու նզովում եմ ինձ էլ, իմ «տաղանդն» էլ միաժամանակ, որ պատճառ դարձաւ այս ահաւոր, տմարդի ոճիրին:
Օ՜հ, օդ տուէք ինձ, խեղդւում եմ…
Չորեքշաբթի 6, Յուլիս, 1961թ.
Թաղեցի իմ անմոռանալի ընկեր Սիմէոն Կիւլոյին եւ հիմա իմ կեանքի մասին եմ մտածում: Ինչպէ՞ս պիտի վարուի ինձ հետ կառավարութիւնը, չէ՞ որ ես էլ նրա գործած յանցանքի մասնակիցն եմ:
Արդեօ՞ք ինձ էլ խեղդամահ կ’անի մի գիշեր: Բայս ես հիւրանոցում չեմ քնում: Տանն էլ հարեւաններս կ’իմանան:
Ոչ, ինձ կը կանչի Չեկա, կը հարցաքննի, թէ ինչո՞ւ ես ասել եմ նրան, որ քսան տարով աքսորուել եմ եւ ինչո՞ւ չեմ ասել, որ քսան տարով չեմ աքսորուել եւ ընդհակառակը, շատ երջանիկ եմ զգացել ինքզինքս՝ այն էլ ոչ թէ քսան, այլ երեսուն տարով:
Արդարացում չունեմ, պարզում եմ վիզս եւ «խեղդիր» ասում եմ: Չեկան խեղդում է, ու, որպէսզի թաքցնի իր ոճիրը, տանում է մի հեռաւոր փողոց ու դիակս աւտոյի տակ գցելով տափակացնում է եւ ասում.
– Հիմար մարդ, ինչո՞ւ փողոցում զգոյշ չես քայլում… (Ինչպէս Կիւլոյին մեղադրեցին դէպքից մի շաբաթ առաջ խմած մի բաժակ քոնիակի մէջ):
Բայց ինչո՞ւ եմ զուր տեղը գլուխս պայթեցնում՝ իմանալու համար, թէ ինչ մահով պիտի մեռցնի ինձ կառավարութիւնը: Հա՛մ մտածեմ, հա՛մ մեռնե՞մ…
Իրենք գիտեն, ինչ մահով կ’ուզեն, թող մեռցնեն:
Բայց, այնուամենայնիւ, խեղդուել կ’ուզեմ ես, ինչպէս իմ ըկներ Սիմէոնը, որպէսզի հանդերձեալ կեանքում, որպէս միատեսակ մահով մահացածներ՝ միասին լինենք:
Ի՞նչ իմանամ, միգուցէ այն աշխարհում մարդիկ տեսակագրւում են ըստ իրենց մեռելաձեւի՝ մանաւանդ Սովետական իշխանութիւնից յետոյ:
Առաջները բոլոր մարդիկ մեռնում էին բնական մահով, բայց պոլշեւիկները մահուան այնպիսի ձեւեր բերին աշխարհը, որ մարդ չի իմանում, թէ որով մեռնի: Ի՞նչ կը լինէր, եթէ մահուան այսպիսի բազմաթիւ ձեւերի հետ գէթ մի ձեւ էլ կեանքի մասին մտածէին:
Չէ՞ որ մեռնելու համար պէտք է, որ մարդ մի քանի տոկոսով ապրած լինի…
Հինգշաբթի 14, Յուլիս, 1961թ.
Որովհետեւ այս տարի դեղատները ճանճասպան թուղթ չեն ստացել, այդ պատճառով մարդիկ սպանում են ճանճերին պարտիզանական յարձակումներով: Իսկ դա գազանակերպ է լինում:
Բարեկամներիցս մէկը սեղանի մէջտեղը քաղցրութիւն էր դրել եւ յատուկ դրա համար պատրաստուած մի ռետինէ թերթիկով խփում եւ ջարդում էր այն բոլոր ճանճերին, որոնք, թառած քաղցրութեան վրայ, ծծում էին այն:
Այս տեսնելիս, մի նմանութիւն ընկաւ միտքս, եւ դրանից սարսռաց ողջ էութիւնս:
– Ուլան,- ասում եմ ինքս ինձ,- այս նոյն եղանակով մեր կառավարութիւնն է սպաննում արտասահմանեան հիւրերին, այն էլ իմ միջոցով:
Ինձ որպէս քաղցրութիւն դրել է մէջտեղ եւ արտասահմանից հիւր է ընդունում: Այս հիւրերից էլ ինձ մօտ գալիս են նրանք միայն, որոնք դէմ են սոցիալիզմին, եւ եկել են միայն նրա վատ կողմերը տեսնելու:
Եւ ահա շըրը՛փ, խփում է ու սպաննում նրանց:
Այսպէս սպաննեց Սիմէոն Կիւլոյին, այսպէս պիտի սպաննի նրա կնոջը, որ մտադիր է Հայաստան գալ իր ամուսնու գերեզմանին այցելութեան, պիտի սպաննի «Ծիրանի գօտու» խմբագրին, որ ուզում է գալ ինձ այցելութեան: (2)
Ուրեմն, ես այն խայծն եմ սովետների ձեռքում, որով ձուկ են բռնում: Ուրեմն իմ պատճառով այսուհետեւ էլ բազմաթիւ արտասահմանեան հիւրեր պիտի մեռնեն, ուրեմն ես խաղում եմ կին ու երեխայ ունեցող մարդկանց կեանքի հետ:
Բայց ի՞նչ կարող եմ անել: Կարո՞ղ եմ գրել նրանց՝ մի գաք Հայաստան, որովհետեւ ձեզ կը սպաննեն: Եթէ գրեմ էլ, փոստը վայր կը դնի իմ նամակը եւ չի ուղարկի:
Ի՞նչ անեմ, ասէք, ի՞նչ անեմ:
Հազար անգամ կ’ուզէի «տաղանդաւոր երգիծաբան» չլինել, որ մարդիկ չգային եւ իմ պատճառով չզոհուէին:
Այս ակամայ ոճրագործութիւնս ես ինչպէս հաշտեցնեմ խղճիս հետ: Ես կը մեռնեմ, ի հարկէ, եթէ իմանամ՝ այս անգամ էլ չեն գայ շիրիմիս այցելութեան…
1.- Միամիտ երգիծաբանը փորձում է տողատակով մի բան հասկացնել, որ փոստի յատուկ բաժնի աշխատակիցները իբր թէ չհասկանան:
2.- Նկատի ունի «Ծիրանի գօտի» հանդէսի հիմնադիր-տնօրէն Հրանդ Աւետիսեանին:
Ո Ղ Բ Ե Ր Գ
ՍԻՄԷՈՆ ԿԻՒԼՕ,
Իմ սիրելի հայրենակից,
Իմ թանկագին բարեկամ,
Իմ մտերիմ ընկեր,
Դու այդ ի՞նչ արիր…
Հեռուից հեռու, ովկիանոսի այն ափից սիրեցիր ինձ:
Ամբողջ վեց տարի ելար ինձ փնտռելու կենդանիների եւ մեռածների մէջ: Ու երբ յայտնաբերեցիր կենդանի՝ գրեցիր ինձ Պոսթընից.
– Գալիս եմ քեզ հիւր, պատրաստ կաց:
Ու ես իմ տան դուռը բաց թողած պառկեցի գիշերները, որ դու, եթէ գիշերով անգամ գաս, դուռս բաց գտնես առջեւդ:
Ու ելար արեւմտեան կիսագնդից արեւելեան կիսագունդ եկար ինձ տեսնելու:
Տեսանք իրար ու ողջագուրուեցինք:
Բայց ինչո՞ւ այդքան կարճ:
Ինչո՞ւ դեռ ասելիքդ չվերջացրած յիշեցիր, որ մահկանացու ես, յանկարծ հեռացար աշխարհից:
Այնպէս շտապեցիր մահուան կարաւանին հասնել, որպէս թէ շատ էիր ետ մնացել…
Բայց ես չեմ կարող հաշտուել այդ դառն իրականութեան հետ, չեմ վաւերացնում կատարուածը, չեմ փակում իմ դուռը եւ առաջուայ նման անքուն կը սպասեմ, իմ ընկե՛ր:
Մենք ծնուել ենք միեւնոյն երկրում, մեր մանկութիւնը լուսաւորել է այն արեւը, որ Վարագայ սարի ետեւից դուրս է եկել ու սուզուել Վանայ ծովում: Մենք շնչել ենք նոյն օդը, խմել նոյն աղբիւրից:
Ու այսօր կորցրել ենք մեր մանկութեան օրրանը, մեր անմոռաց ծննդավայրը անդարձ: Նրա անհուն կարօտի մի ծայրը իր անհուն ծանրութեամբ իմ սիրտն է ճմլում, միւս ծայրը քոնը, եւ այդ կարօտի քուլայում մեր սրտերը իրար ձուլուեցին:
Գաղթից շատ առաջ, մի անշառ ու բարի օր, չար թուրքը քո հօր կարմիր արիւնով ներկեց Տոնեայ Գէալէի կակաչները, որ առանց այդ էլ շատ կարմիր էին…
Ու դու մանուկ հասակում փախար օտար աշխարհ այն զուլում երկրից, որի հողը բարի է, իսկ մարդիկ՝ չար:
Երկար դեգերումներիդ դատարկեցիր դառնութեան բաժակներ իրար ետեւից: Կամեցար գրաշար դառնալ մի հայ տպարանատիրոջ մօտ, որ քեզ վռնդեց միայն նրա համար, որ նրան դիմելիս փոխանակ «էֆենտի» ասելու՝ «պարոն» ասացիր:
Մի հայ, որ կամենում է թուրքերէն մեծարուել:
Մի մարդ, որ տանը հայ է, դուրսը՝ թուրք…
Մի թուրք, որ մարդ է մորթում ոչ թէ սրով, այլ իր ոսկու քսակով:
Եւ դա աչքովդ տեսար, թէ ինչպէս բոլոր դրամատէրերը մի-մի «թուրք» են իրենց տպարաններում որպէս գրաշար աշխատող հայերի համար…
Իմ անմոռանալի Սիմէոն:
Դու իմ ունեցած առաւելութիւնների վրայ իմ չունեցածը աւելացնելով, մեծարեցիր ինձ մամուլում:
Բայց այդ մեծարումը ես չեմ նկատում անձնական:
Դու տարիներ շարունակ ապրելով հայրենիքից հեռու, անձամբ տեսնելով, թէ սփիւռքի հայերը ինչպէս են կամաց-կամաց ձուլւում օտարներին, հեռանում իրենց ազգութիւնից, քո արծուի հայեացքով փնտռեցիր եւ գտար հայ մշակոյթի ակնառու գործօններ, տնկեցիր որպէս պղնձէ օձ Սինա անապատում, որպէսզի գէթ մէկ ժամով ուշացնես հայ ազգի ջլատումը, նրա մի մասի օտարացումը:
Այդ իմաստով դու մեծարել ես ոչ միայն ինձ, այլ շատ-շատերին նրանցից, որոնք իրենց ուժի չափով մի-մի քար են դրել հայ մշակոյթի բարձրացող պատերին:
Եւ այդ կատարել ես դու քո վարպետ գրչով, դու՝ մեռնող հայութեան կանթեղին ձէթ լցնող լուսարար:
Հայրենիքից դուրս, հեռաւոր Պոսթընում, Հրանդ Աւետիսեանը հայ մշակոյթի մի փոքրիկ օճախ կպցրեց «Ծիրանի գօտի» անուանելով այն, ու դու ողջ եռանդով փուքս դարձար, փչեցիր, այդ մխացող օճախից բոց ստանալու, դրանով ջերմացնելու հայութիւնից սառող հոգիներին եւ յաջողեցիր՝ շնորհիւ քո ճարտար գրչի:
Բայց ինչո՞ւ եմ ասում այս բոլորը, երբ դու չկաս այլեւս, իմ Սիմէոն:
Իբրեւ վերջին խօսք, Սիմէոն, քեզ պիտի ասեմ հետեւեալը:
Դու աշխարհի մի ծայրից միւսը ճամբայ կտրեցիր, որ ինձ հիւր լինես:
Հիւր եկար կարճ ու ընդմիշտ հեռացար:
Հիմա էլ որպէս փոխայցելութիւն, ես եմ ճամբայ ընկել քեզ մօտ հիւր գալու: Դուռը բաց թող: Ու ես հիւր եմ գալիս քեզ մօտ ոչ թէ ժամանակաւոր, այլ յաւիտեանս չհեռանալու համար: Տեսնո՞ւմ ես, թէ ես որքան աւելի եմ սիրում քեզ, քան դու սիրեցիր ինձ:
Եօթանասուն տարի նաւելով կեանքիս ովկիանոսում, արդէն մօտ եմ ափերին ու պատրաստւում եմ նաւիս առագաստն իջեցնել:
Մօտ եմ քեզ շատ, իմ սիրելի ընկեր, համարեայ ստորակէտով ենք բաժանւում մենք իրարից: Գուցէ եւ բութ պիտի լինի դնել…
Ու որովհետեւ այսքան մօտ ենք իրար, Սիմէոն, չեմ ասում քեզ «մնաս բարով», այլ քեզ կ’ասեմ՝ ց տեսութիւն…
Մնամ՝
մեր տեսակցութեանն սպասող՝
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
1961թ. Յուլիս