Մարդու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները շատ առումներով կապուած են աղեստամոքսային համակարգի հետ․ որքան առողջ են աղիքները, այնքան քիչ են խնդիրները, այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թէ ինչը կարող է խախտել մարդու աղիների փխրուն հաւասարակշռութիւնը։
Տարածուած, բայց շատերի կողմից անտեսուող այդպիսի մի գործօն է շատակերութիւնը։ Աղիքային հիւանդութիւնները կարող են սրուել ոչ թէ այս կամ այն մթերքն օգտագործելու, այլ այդ մթերքը չարաշահելու, այն շատ ուտելու պատճառով։ Առողջ մարդը կարող է ուտել եւ՛ աղի, եւ՛ կծու, եւ՛ քաղցր սնունդ, բայց՝ չափաւոր։
Բացի այդ, օրուայ ընթացքում պէտք չէ անընդհատ ուտել, եթէ քաղցած չէք։ Սնունդ ընդունել կարելի է յաճախ, բայց ոչ այնքան, որ քաղցի զգացողութիւնը չհասցնի զարգանալ։ Դա նոյնպէս շատակերութեան կամ սննդի չարաշահման օրինակ է։ Բացի այդ, օրուայ ընթացքում պէտք է թողնել, որ աղիքները «հանգստանան»։ Իսկ ընթրել հարկաւոր է քնելուց առնուազն 3 ժամ առաջ։
Շատ բժիշկներ նշում են, որ աղիների առողջութիւնն սկսւում է բերանի խոռոչում։ Մասնագէտները խորհուրդ են տալիս հնարաւորինս լաւ ծամել սնունդը, քանի որ այն ինչպէս հարկն է մանրացնելն ու թքով մշակելն օգնում է աղիներին աւելի լաւ մարսել սնունդն ու միաժամանակ չծանրաբեռնուել։
Մէկ այլ կարեւոր գործօն է ֆիզիկական ակտիւութիւնը (աշխուժութիւնը)․ աղեստամոքսային համակարգը «սիրում» է, երբ մարդը շարժւում է։ Պարտադիր չէ անպայման սպորտով (մարզանքով) զբաղուել կամ ֆիզիկապէս գերծանրաբեռնուել։ Պէտք է ընդամէնը օրուայ ընթացքում շարժուել, հրաժարուել նստակեաց կեանքից․ թեթեւ վարժութիւններ անել, քայլել՝ երեկոյեան 15-20 րոպէ յատկացնել զբօսանքին։
Հնարաւորինս քիչ օգտագործել ցաւազրկող դեղամիջոցներ, որոնք վնասում են ոչ միայն ստամոքսը, այլեւ աղիների լորձաթաղանթը։ Սա կարող է դառնալ սրտխառնոցի ու գազերի կուտակման պատճառ, իսկ առաւել լուրջ դէպքերում կը յանգեցնի արիւնահոսութիւնների։
Պարբերաբար բուժզննում անցնելը թոյլ կը տայ ժամանակին նկատել խնդիրները։ Մասնագէտները խորհուրդ են տալիս 45 տարեկանից յետոյ իւրաքանչիւր տասը տարին մէկ անգամ կոլոնոսկոպիկ հետազօտութիւն անցնել։ Նման բուժզննումը թոյլ կը տայ յայտնաբերել ու հեռացնել աղիների պոլիպները (պողիպները), որոնք կարող են ժամանակի ընթացքում չարորականալ ու վերածուել քաղցկեղի։ Ընդ որում՝ ընտանեկան պատմութիւնում հաստ աղիքի քաղցկեղի դէպքերի առկայութեան դէպքում առաջին բուժզննումը հարկաւոր է աւելի վաղ տարիքում անցնել։