
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում գործող Վայրի բնութեան եւ մշակոյթի բարեգործական հիմնադրամը (Wilderness & Culture Fund (WCF) Մարտի 13ին առաջին անգամ Լոս Անջելեսի հայ համայնքին կը ներկայացնի իր տեսլականն ու ծրագրերը, որոնք ուղղուած են կանաչ եւ բնութեան հետ ներդաշնակ Հայաստան կերտելու նպատակին:
Կազմակերպութեան ծրագրերը մասնաւորապէս վերաբերում են սահմանամերձ համայնքների զարգացմանը, որտեղ աշխատանքներ են տարւում ջրի եւ արեւային էներգիայի (ուժանիւթի) հասանելիութեան բարելաւման, գիւղատնտեսութեան արդիականացման, տեղացիների համար աշխատատեղերի ստեղծման եւ ենթակառուցուածքային բարելաւումների ուղղութեամբ: Անտառվերականգնմանն առնչուող ծրագրերի մասին հիմնադրամի նախագահ Ռուբէն Խաչատրեանը մասնաւորապէս նշում է՝ «Շրջակայ միջավայրի պաշտպանութիւնը եւ կենսաբազմազանութեան պահպանումը շատ կարեւոր են մեզ համար: Այդ պատճառով մենք որոշել ենք կենտրոնանալ վայրի պտղատու ծառերի տնկման վրայ` վայրի բնութեան համար արժէքաւոր սննդի աղբիւր ապահովելու համար: Մեր նպատակն է պահպանել Հայաստանի բուսական եւ կենդանական աշխարհը եւ վայրի բնութեան միգրացիոն (գաղթի) միջանցքները, միաժամանակ պայքարելով անտառահատումների դէմ»:
Կազմակերպութեան ծրագրում առանձնայատուկ տեղ ունի արջերի փրկութեան նախագիծը: Ըստ Խաչատրեանի, աճելավայրերի կորուստը, որսագողութիւնը, ճաշարաններում արջ պահելու մշակոյթը եւ մարդ-վայրի բնութիւն հակամարտութիւնը վտանգում են արջերի գոյութիւնը Հայաստանում: Հիմնադրամի ջանքերով, արջերն ազատւում են վանդակներից, ստանում անհրաժեշտ բուժօգնութիւն, սնունդ եւ հոգատարութիւն: Հնարաւորութեան դէպքում նրանք վերադառնում են վայրի բնութիւն:
Վայրի բնութեան եւ մշակոյթի բարեգործական հիմնադրամի ծրագրերի եւ կազմակերպութեանն աջակցելու հնարաւորութիւնների մասին առաւել մանրամասն կը հնչի Մարտի 13ին` Հայ արուեստի կենտրոնում: Ձեռնարկին նախատեսուած է նաեւ լուսանկարների ցուցահանդէս եւ կարճամետրաժ (կարճ տեւողութեամբ) ֆիլմի ցուցադրութիւն, որը կը պատմի Հայաստանում կատարուած աշխատանքների մասին: Կը լինի նաեւ հիւրասիրութիւն, որտեղ այցելուները կարող են համտեսել Հայաստանի համերը: