2005թ. Ազգային ժողովի ընտրութիւններից յետոյ 2006թ. Դեկտեմբերին մեր երկրի օրէնսդրական դաշտում բեկումնային պահ է արձանագրուել. համաժողովրդական հանրաքուէով ընդունել ենք սահմանադրութիւն, իսկ նախագահական ընտրութիւնների նախօրեակին փոփոխութեան ենթարկուեց ընտրական օրէնսգիրքը: Այս փոփոխութիւնները միտուած էին ընտրութիւնները ԼՂՀում դարձնելու աւելի ժողովրդավարական, աւելի արդար ու թափանցիկ:
Հիմնախնդիրները, որ առաջ են քաշուել Դաշնակցութեան կողմից՝ ԼՂՀ հարցի կարգաւորման, ԼՂՀ ժողովրդագրական վիճակի, ընկերային արդարութեան եւ օրէնքի գերակայութեան, պետական կառավարման համակարգի եւ ընկերային-տնտեսական ոլորտի զարգացման վերաբերեալ, իրենց արտացոլումն են գտել ԼՂՀ նախագահի թեկնածու Բակօ Սահակեանի նախընտրական ծրագրում: Պաշտպանելով Բակօ Սահակեանի թեկնածութիւնը, Հ.Յ.Դ. Արցախի Կենտրոնական Կոմիտէն կոչ է անում արցախահայութեանը՝ աշխուժօրէն մասնակցել ԼՂՀ նախագահի ընտրութիւններին եւ իր քուէն տալ Բակօ Սահակեանին:
Յունիսի 20ին սկսուել է ԼՂՀ նախագահի ընտրութիւնների վճռորոշ փուլը՝ քարոզարշաւը: Վճռորոշ այն առումով, որ հէնց այդ փուլում է վերջնականապէս ձեւաւորւում ժողովրդի վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ: Այդ փուլը որոշակի քննաշրջան է թեկնածուներից իւրաքանչիւրի համար: Ընտրազանգուածի դատին է յանձնւում նրանցից իւրաքանչիւրի նախընտրական ծրագիրը: Եւ քարոզարշաւի ընթացքն ու հանդիպումները ցոյց կը տան, թէ որքանով է այն համապատասխանում հասարակութեան պահանջներին: Ընդհանրապէս, իւրաքանչիւր ընտրութիւն քննութիւն է ժողովրդավարութեան համար, իւրաքանչիւր քարոզարշաւ քաղաքական մշակոյթի փորձաշրջան է: Այս երկուսից էլ, ճիշդն ասած, դեռ «խամ» ենք: Բայց բոլորս էլ համամիտ ենք այն անհերքելի ճշմարտութեան հետ, որ միջազգային հանրութեան մաս կարող ենք կազմել միայն զարգացած ժողովրդավարութեամբ, որ միայն ժողովրդավարութեան զարգացումը կարող է նպաստել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը:
Այսօր խորհրդարանական կուսակցութիւնները երկրի ապագայի համար ստանձնել են քաղաքական լուրջ պատասխանատուութիւն՝ սատարելով Բակօ Սահակեանին: Այդ նշանակում է՝ նրանք պատասխանատու են իրենց միասնական թեկնածուի նախընտրական ծրագրի դրոյթների իրականացման համար: Այն, որ Բ. Սահակեանի ծրագիրը իրատեսական է, կասկած չի յարուցում: Բայց այդ ծրագիրը դրոյթներից իրականութիւն կը դառնայ միայն ժողովրդի զօրակցութեամբ: Քարոզարշաւի առաջին իսկ օրերից այն արդէն զգացւում է: Բայց քարոզարշաւի առաջին իսկ օրերից «զգացւում է» նաեւ միտումնաւոր վերաբերմունք: Այդ միտումնաւորութիւնը գալիս է քաղաքական մշակոյթի պակասից: Քաղաքական մշակոյթը հասարակական գիտակցութեան որոշակի մակարդակ է, ցաւօք, որին դեռ չենք հասել: Թէկուզ ընտրութիւնների կազմակերպման եւ անցկացման համար ուղղակի պատասխանատուութիւն է կրում Կենտրոնական ընտրական յանձնաժողովը, ամբողջ հասարակութիւնը պարտաւոր է ապահովել քաղաքական մշակոյթի որոշակի մակարդակ:
Նախագահական ընտրութիւնները նպատակ չեն: Մեր նպատակը հզօր, ժողովրդավարական, աշխարհի կողմից ճանաչուած Արցախ-հայրենիքի կառուցումն է, նախագահական ընտրութիւնները՝ միջոց այդ ճանապարհին: Մեզ համար ընդունելի չեն մեր վարկանիշին ազդող անվայել միջոցներ: Ուրեմն պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ընտրութիւնները ընթանան հնարաւորինս արդար: Մաքիավելլու հանրայայտ ասոյթը՝ «Նպատակը արդարացնում է միջոցները» տեղին չէ այս պարագայում: Անվայել միջոցները անուանարկում են մեր նպատակը, նպատակ, որ մեր պետականութեան կայացման եւ ճանաչման գլխաւոր երաշխիքներից է: Այդ նպատակը վտանգելու իրաւունք չունենք: