2007ի Մայիսի 6ին Ֆրանսայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների ամենազգայացունց խնդիրը, ի հարկէ, այն էր, որ այդ երկրի պատմութեան մէջ առաջին անգամ պետութեան ղեկավարի՝ նախագահի պաշտօնը զբաղեցրեց ոչ ֆրանսացի՝ հունգարածին Նիքոլա Սարքոզին: Նա դարձաւ յետպատերազմեան Ֆրանսայի եօթներորդ նախագահը՝ այդ բարձրագոյն պետական պաշտօնում յաջորդելով Վենսան Օրիոլին, Ռընէ Քոթիին, Շարլ տը Կօլին, Ժորժ Փոմփիտուին, Ֆրանսուա Միթերանին եւ Ժաք Շիրաքին:
Դրան յաջորդեցին եւս երկու զգայացունց խնդիրներ: Առաջին՝ Ժողովրդական շարժում միութիւն՝ կառավարող տըկօլեան կուսակցութեան նախագահ նշանակուեց հայազգի Փաթրիք Տեւէճեանը, իսկ երկրորդ՝ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարի պաշտօնը յանձնուեց ընկերվարական Պեռնար Քուշնէրին, որը նախագահական արշաւի մինչեւ վերջին պահը պաշտպանում էր իր Ընկերվարական կուսակցութեան թեկնածու Սեկոլէն Ռուայալին՝ ընդդէմ Սարքոզիի: Եղաւ անգամ մի պահ, երբ ընկերվարականները տեսականօրէն քննարկում էին այն հարցը, որ եթէ յաղթանակի Սարքոզին, ապա ո՞վ կարող է հետագայում նրան պարտութեան մատնել, Քուշնէրը յայտարարեց՝ ես: Եւ այդ բոլորից յետոյ Սարքոզին հէնց Քուշնէրին առաջարկեց արտաքին գործերի նախարարի կարեւոր եւ հեղինակաւոր պաշտօնը, իսկ Քուշնէրն էլ ընդունեց այդ առաջարկը, որն առաջ բերեց նրա կուսակիցների խիստ քննադատութիւնը:
Այսօր վերլուծաբանները գլուխ են ջարդում՝ բացայայտելու Սարքոզիի նման քատրային քաղաքականութեան եւ Քուշնէրի կողմից Սարքոզիի առաջարկն ընդունելու դրդապատճառները: Տրւում են տարբեր, իրերամերժ բացատրութիւններ, որոնք, սակայն, աւելի շատ նոր հարցադրումներ են յարուցում, քան թէ՝ պարզութիւն մտցնում: Մի բան ակնյայտ է, որ Ֆրանսայի հինգերորդ հանրապետութեան արտաքին, հաւանաբար նաեւ ներքին քաղաքականութեան մէջ նոր փուլ է սկսւում, որի ընթացքում տեղի է ունենալու հիմնախնդիրների առաջնայնութեան վերանայում եւ նրանց ըստ կարեւորութեան նոր հերթականութեան սահմանում: Սարքոզին հրաժեշտ է տալիս Ժաք Շիրաքի արտաքին քաղաքականութեան մի շարք գերակայութիւններին: Նա արդէն հասցրել է յայտարարել, որ տեղի է ունենալու ջերմացում՝ ֆրանս-ամերիկեան յարաբերութիւններում, նոր, ոչ այնքան բարենպաստ մօտեցումներ՝ Ռուսաստանի հետ Ֆրանսայի փոխյարաբերութիւններում, շատ կարծր դիրքորոշում Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու նկատմամբ՝ այն կարծիքն ունենալով, թէ Թուրքիան տիպիկ ասիական երկիր է եւ նրա տեղը հէնց Ասիայում է եւ ոչ թէ՝ Եւրոպայում, որտեղ նրան չեն սպասում եւ այլն:
Ֆրանսայի արտաքին քաղաքականութեան նոր գերակայութիւնների մէջ առանձնայատուկ տեղ է գրաւելու մարդասիրական քաղաքականութիւնը, որի դերակատարումն աննախադէպ կը բարձրանայ եւ հաւանաբար կը կազմի Ֆրանսայի կողմից իր ընդհանուր քաղաքականութիւնն իրականացնելու առանցքը: Հէնց դրանով է բացատրւում նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտօնում Պեռնար Քուշնէրին նշանակելու փաստը, քանի որ նա այդ ասպարէզում ոչ միայն Ֆրանսայում, այլեւ ժամանակակից աշխարհում հաւասարը չունի: Ֆրանսայի արտաքին քաղաքականութեան մէջ մարդասիրական կողմի ուժեղացումով՝ պէտք է բացատրել նաեւ, որ Պեռնար Քուշնէրը համաձայնեց զբաղեցնել այդ պաշտօնը:
1939թ. ծնուած, չորս զաւակների հայր եւ մասնագիտութեամբ բժիշկ Պեռնար Քուշնէրն առաջին անգամ չէ, որ յայտնւում է ֆրանսական կառավարութեան կազմում: Նա եղել է Ֆրանսայի առողջապահութեան, ապա նաեւ առողջապահութեան ու մարդասիրական գործերի նախարար, Մարդասիրական գործողութիւնների ընկերութեան հիմնադիրը եւ նախագահը, Նոպէլեան խաղաղութեան մրցանակին արժանացած Առանց սահմանի բժիշկներ համաշխարհային կազմակերպութեան հիմնադիրը եւայլն: Նա մարդասիրական օգնութիւն ապահովելու նպատակով եղել է Լիբանանում, Յորդանանում, Զայիրում, Տարֆուրում, Սալվատորում, Քոսովոյում եւ աշխարհի բազմաթիւ այլ երկրներում: ՄԱԿում Միացեալ Նահանգների նախկին մնայուն ներկայացուցիչ Ռիչըրտ Հոլպրուքն ընդգծում է, որ նա միշտ անարդարութեան դէմ է՝ անկախ այն բանից, որ դա ձախից է թէ աջից:
Իր այդ մարդասիրական բարձր առաքելութիւնն իրականացնելիս՝ Քուշնէրն առաջադրեց երկու կարեւոր դրոյթ: Առաջին՝ «մարդասիրական ներխուժում» դրոյթը, որի համաձայն, թոյլատրւում է միջամտել մի այլ երկրի ներքին գործերին, եթէ այնտեղ տեղի է ունենում մարդու իրաւունքների ոտնահարում, հարցականի տակ է դրւում ժողովուրդների եւ ցեղախմբերի ֆիզիքական գոյութիւնը: Քուշնէրն իր երկրորդ դրոյթը բանաձեւել է հետեւեալ կերպով. «Օրէնքը փոխելու համար երբեմն հարկ է լինում վերացնել օրէնքը»: Այն առաջադրուել է տարածքային ամբողջականութեան պահպանման օրէնքի եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի յարաբերակցութեան առնչութեամբ: Քուշնէրը բնաւ չի բացարձականացնում տարածքային ամբողջականութեան պահպանման օրէնքը: Բայց նա այդ հարցին մօտենում է մարդու իրաւունքների, ժողովուրդների եւ ցեղախմբերի ֆիզիքական գոյութիւնն ապահովելու տեսանկիւնից: Եւ եթէ տարածքային ամբողջականութեան օրէնքը հակասութեան մէջ է յայտնւում մարդու եւ ժողովուրդների անվտանգ գոյութիւնն ապահովելու, նրանց ինքնորոշման խնդրի հետ, ապա այդ օրէնքը, ըստ նրա, պէտք է վերացուի:
Քուշնէրը, որ մարդասիրական բնոյթի մեծ գործունէութիւն էր ծաւալել եւ վերոնշեալ երկու համարձակ դրոյթների հեղինակն էր, բնականաբար չէր կարող անտեսել կամ շրջանցել մի այնպիսի ազգային-քաղաքական հակամարտութիւն, որպիսին ղարաբաղեան հակամարտութիւնն էր: Այդ հակամարտութիւնն իր ծագման առաջին օրուանից գտնւում է համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում, քննարկւում է տարբեր ատեաններում, կազմակերպութիւններում, հաստատութիւններում, զանազան գիտաժողովներում եւայլն: Նա միաժամանակ զանազան միջազգային հետազօտական ծրագրերի գլխաւոր առարկան է:
1995թ. Օգոստոս-Դեկտեմբեր ամիսներում նման մի ծրագիր, որ կրում էր «Գործընկերներ՝ հակամարտութեան գծով. խաղաղութեան կամուրջների կառուցումն Անդրկովկասում» անուանումը, սկսեց մշակուել Միացեալ Նահանգների Մերիլէնտի համալսարանի Միջազգային զարգացման եւ հակամարտութիւնների կառավարման կենտրոնում: Ծրագրին մասնակցողներն էին՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ատրպէյճանի, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնելու պատիւը տրուած էր տողերիս հեղինակին: Ծրագրի շրջագծում իրականացուող քննարկումներն ըստ էութեան ընթանում էին Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան ուշադրութեան եւ հետաքրքրութիւնների շրջագծում, երբեմն նաեւ «Մէյսըն» եւ «Հոփքինզ» համալսարանների մասնագէտների հետ համատեղ:
Այդ քննարկումների առանձնայատկութիւններից մէկն այն էր, որ ամերիկեան կողմը մեզ՝ ծրագրին մասնակցողներիս, իւրաքանչիւրիս անհատապէս, հաշուի առնելով մեր մասնագիտութիւնը եւ ծրագրի շրջագծում մեր խնդիրները, տրամադրում էր բացառիկ արժէք ներկայացնող համապատասխան փաստաթղթեր եւ նիւթեր, որոնք այլ պարագաներում կամ Միացեալ Նահանգներից դուրս այլ երկրներում այն տարիներում մատչելի եւ հասանելի չէին մասնագէտներին: Շնորհիւ դրա՝ մենք հնարաւորութիւն ունեցանք ծանօթանալ ու քննարկումների ժամանակ օգտագործելու մի շարք շատ կարեւոր նիւթեր, որոնք վերաբերում էին ղարաբաղեան հակամարտութեան ծագմանը, պատճառներին, ղարաբաղեան հակամարտութեան եւ դրա լուծման հանդէպ տարբեր պետութիւնների քաղաքականութեանը կամ դիքորոշումներին եւայլն: Ինձ համար առանձնացուած բազմաթիւ նիւթերի, փաստաթղթերի եւ գրականութեան մէջ ես տեսայ մի փաստաթուղթ, որն անմիջապէս գրաւեց իմ ուշադրութիւնը: Այն վերնագրուած էր՝ «Լեռնային Ղարաբաղ. աշխատանքային փաստաթուղթ՝ յանձնուած Միացեալ ազգերի կազմակերպութեան Տնտեսական եւ ընկերային խորհրդին. Մարդու իրաւունքների յանձնաժողով»: Այն պատրաստել էին մարդու իրաւունքների պաշտպանները Ժընեւում, 1994թ., պարունակում էր արտակարգ կարեւոր փաստեր, վկայութիւններ եւ տեսակէտներ՝ ղարաբաղեան հարցի վերաբերեալ: Բերենք դրանցից միայն մէկ օրինակ: ՄԱԿին յանձնուած այդ փաստաթղթում նշուած էր, որ Լեռնային Ղարաբաղը եւ շրջակայ ընդարձակ հարթավայրային տարածքները Հայաստանի մասերն էին աւելի քան երկու հազարամեակ: Ատրպէյճանն առաջին անգամ այդ շրջանի նկատմամբ յաւակնութիւններ ներկայացրեց 1918թ., երբ յայտնուեց որպէս անկախ պետութիւն:
ՄԱԿին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ ներկայացուած վերոնշեալ աշխատանքային փաստաթղթում այդ եւ նման այլ արժէքաւոր տեսակէտների եւ տեղեկութիւնների կողքին ներկայացուած է Պեռնար Քուշնէրի, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսայի մարդասիրական գործերի նախարարի պաշտօնը, սկզբունքային բնոյթի խիստ արժէքաւոր կարծիքը, որը նա արտայայտել էր 1992թ. Մարտի 8ին՝ Փարիզում կայացած ասուլիսում: Նա Ղարաբաղը Հայաստանից բաժանող Լաչինի 6 քիլոմեթրանոց միջանցքը յայտարարում էր «յիմարութիւն»՝ աւելացնելով, որ դա քաղաքական եւ աշխարհագրական սխալ է, շեղում:
Քուշնէրի այդ յայտարարութիւնը վկայում է, որ նա լաւատեղեակ էր պատմութեանը եւ բաւականաչափ ստոյգ տեղեկութիւններ ունէր Ղարաբաղի հարցի ծագման պատճառների, հայկական տարածքները բաժանելու ռուս պոլշեւիկների ու ատրպեճանական ազգայնամոլների գործարքի մասին: Այլապէս՝ նա ոչ միայն այդ գործարքը, որի նպատակն էր թոյլ չտալ, որ Ղարաբաղն անմիջական սահման ունենար մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, յիմարութիւն չէր յայտարարի, այլեւ չէր ընդգծի, որ դա քաղաքական սխալ է՝ ի յաւելումն աշխարհագրական սխալի: Քուշնէրը նշել է, որ այդ քաղաքական եւ աշխարհագրական սխալը կամ շեղումը պէտք է ուղղուի: Եւ նա կատարում է յաջորդ կարեւոր յայտարարութիւնը. «Աւելի լաւ է համաձայնել եւ փոխել սահմանները՝ քան թէ սպաննել ժողովրդին: Ես սահմանների փոփոխութիւնը նախընտրում եմ մարդկանց զոհուել թոյլ տալուց»: Ընդգծենք, որ Քուշնէրն իր այս յայտարարութիւնը կատարել է, երբ խորհրդային եւ ատրպեճանական զօրամիաւորումները համատեղ իրագործում էին «Օղակ» ռազմական գործողութիւնը, որից զոհուեցին հազարաւոր հայեր, դատարկուեցին հայկական բազմաթիւ գիւղեր եւ իրենց բնակավայրերից բռնի արտաքսուած հայերը համալրեցին գաղթականների շարքերը: Նա ամբողջական տեղեկութիւն ունէր այդ հակամարդկային, բարբարոսական գործողութեան մասին: Ֆրանսայի արտաքին գործերի նախարարի սկզբունքային յայտարարութիւնը մամուլի ասուլիսում այդ տարիներում հազուադէպ երեւոյթ էր եւ լրիւ տեղաւորւում է նրա «մարդասիրական ներխուժման» եւ օրէնքը փոխելու համար «երբեմն պէտք է վերացնել օրէնքը» տեսադրոյթների մէջ: Նա անընդունելի է համարում սահմանների կամայական գծումը եւ յանուն այդ կամայական սահմանների պահպանման համար մարդկանց եւ ժողովուրդներին մահուան դատապարտելը: Նրա համար տուեալ յստակ պարագայում սահմանների ամբողջականութեան պահպանման օրէնքը դադարում է արդար եւ բանական օրէնք լինելուց եւ վերածւում է մարդկանց ու ժողովուրդների սպանդի օրէնքի:
Մեր կատարած աշխատանքների արդիւնքները որպէս հաւաքական մենագրութիւն՝ 1997թ. հրատարակուեցին Միացեալ Նահանգներում Մերիլէնտի համալսարանի կողմից «Ցեղային-քաղաքական հակամարտութիւնները՝ Անդրկովկասում. նրանց աղբիւրները եւ լուծման ուղիները» վերնագրով: Այդ նոյն թուականին Երեւանում ռուսերէնով հրատարակեցինք «Ղարաբաղեան հակամարտութիւնը. փուլերը, մօտեցումները, լուծման տարբերակները», իսկ 2004թ. անգլերէն՝ «Ղարաբաղեան հարցը. ազատութեան եւ անկախութեան փշէ ճանապարհը», որտեղ օգտագործուել են վերոնշեալ նիւթերը եւ ամբողջութեամբ մէջբերուել է Պեռնար Քուշնէրի կարծիքը:
15 տարի է անցել Քուշնէրի այդ յայտարարութիւնից, եւ կարող ենք ասել, որ նա չի դաւաճանել «մարդասիրական ներխուժման» եւ սահմանների վերաբերեալ սխալ օրէնքները վերացնելու իր տեսադրոյթներին: Հարկ համարելով հայ հանրութեանը տեղեակ պահել ղարաբաղեան հարցում Քուշնէրի դիրքորոշման մասին՝ միաժամանակ յոյս ենք փայփայում, որ մեր այս հաղորդումը տեսանելի դառնայ մեր պետութեան համապատասխան մարմիններին եւ արժանանայ նրանց ուշադրութեանը: