Արցախի նախկին պետական նախարար, Արցախի մէջ իր բարեսիրական գործունէութեան համար վարկ ունեցած Ռուբէն Վարդանեանի 2024ի Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի թեկնածութիւնը առաջադրուեցաւ ՝ իր բարեսիրական եւ մարդասիրական գործունէութեան համար։
Անոր թեկնածութիւնը առաջադրեցին շուրջ հինգ տասնեակի հասնող հեղինակաւոր անձեր՝ անոր նոր եւ աննախադէպ կրթական, բարեսիրական, գիտական եւ մարդասիրական կառոյցներու ստեղծման եւ օժանդակութեան համար, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկիրներու մէջ։
Լուրը հաստատեցին Ռուբէն Վարդանեանի գրասենեակէն՝ յայտնելով. «Առաջադրողները տպաւորիչ եւ միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբէն Վարդանեանի` որպէս մարդասերի եւ բարերարի կերպարը եւ նրա հետեւողական ջանքերը` ուղղուած անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական (ընկերային) ծրագրերի միջոցով երկարատեւ կայունութեան ու զարգացման գործիքների ներդրմանը: Այդ համատեքստում մասնաւորապէս յիշատակուել է նրա գործունէութիւնը շրջափակուած Արցախում, որտեղ Ռուբէն Վարդանեանը մեծ ջանքեր է ներդրել` փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ դժուարին վիճակում յայտնուած մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելաւման հնարաւորութիւններ ստեղծել:
Գնահատելի է համարուել այն, որ Ռուբէն Վարդանեանի բարեգործութիւնն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ գլոբալ (համաշխարհային) ազդեցութիւն ու նշանակութիւն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մէկը` «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ուղղուած է աշխարհի բոլոր անկիւններում, բոլոր մայրցամաքներում օգնելու եւ ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կեանքը բարիք են գործում: Վարդանեանին առաջադրման ներկայացուած յարգարժան անձանց նամակում կարեւոր է համարւում նաեւ այն, որ նա յարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրօնի, այլեւ այլոց ժառանգութեան նկատմամբ. որպէս դրա վառ օրինակ նշւում է Ռուբէն Վարդանեանի նախաձեռնութեամբ վերանորոգուած Շուշիի իրանական մզկիթը»։