ՆԱՅԻՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Երեւանեան պայծառ ու տաք աշունն իր գոյներով ու էութեամբ իսկական հակադրութիւն էր ստեղծել մարդկանց հոգիներում բոյն դրած ցաւի հետ. Արցախը բռնի ուժով հայաթափւում էր: Ամէնուրեք տխուր ու անբռնազբօս տրամադրութիւնը սքօղել էր բոլորին՝ ինչ-որ բանով զբաղուելու սիրտ չթողնելով:
Այդ օրերին էր, երբ ՀԳՄի (Հայ գրողներու միութեան) կլոր սրահը նորից դարձաւ մարդաշատ: Առիթը ամերիկահայ ժամանակակից արձակագիր Մարգարիտ Դերանցի հերթական գրքի՝ «Գմբէթաւոր Հովանոց» վէպի («Անտարես», 2023) շնորհանդէսն էր:
Ունկս բանախօսների՝ գրողին ու գիրքը բնութագրող վերլուծական-գնահատանքից չկտրելով՝ աչք գցեցի գիրքի սիրտ առած բառերին: Բացուած էջը կամայական էր, աչք զարնող նախադասութիւնը՝ պատահական ընտրուած «Հինչ էլ լինի, Ղարաբաղը յանձնուողը չի…»:
Սարսռացի:
Վէպի ենթավերնագրերը (թուով՝ 16) առաջին իսկ պահից ենթադրում են պատմուածքի համահաւաք ժողովածու, սակայն ընթերցելիս նկատելի է դառնում իւրաքանչիւր վերնագրի տակ միաւորուած դիպաշարի ու հերոսների միասնական, ագուցուած կապը: Պատումներն օրգանապէս միահիւսուած են՝ երկը դարձնելով կուռ ու ամբողջական: Հեղինակը տեքստային (շարադրական) ու բովանդակային առումով ժամանակի այնպիսի տեղաշարժ է կատարում, որ ընթացքը դառնում է միասնական ու անխախտ:
Վէպում դէպքերը զարգանում են մի քանի տարածաժամանակային հարթութիւններում՝ անցեալ դարի Շուշիի հրդեհի դէպքից մինչեւ Արցախեան առաջին հերոսամարտ, այնուհետեւ աշնանային այն տաք լուսաբացը, երբ «քշաթոխպը» (մառախուղ) նստեց ու մնաց հայրենի Արցախի՝ դեռեւս լիովին չապաքինուած ուսերին:
Երկի առաջին իսկ էջերից զգացւում է ցաւի, կորստի, կարօտի, պայքարի, մաքառման տրոփ, որը պարպւում է հայրենիքի նկատմամբ սիրոյ բռնկումով:
Վէպը հարուստ է նուրբ զգացական շերտերով ու հոգեբանական հարուստ ընդգրկումով: Հեղինակն ունի պատմելու հմուտ ձիրք, կառուցում է հետաքրքիր երկխօսութիւններ՝ հերոսներին դարձնելով խօսուն ու կենսունակ: Կերպարները տարբեր են ոչ միայն իրենց անխռով ու տխուր, զգացական ու ազդու, յախուռն ու համարձակ վարքագծով, այլեւ կեանքի բաշխած ծանր ու ազդու հարուածների ուժով, որոնցից թրծած ճակատագիրը դառնում է ընդհանրական՝ կոչուելով Հայրենիք:
Վէպի գլխաւոր հերոսներից է Հադրութի շրջանի, Քիւրաթաղ գիւղի Թերեզիկը, որը համագիւղացիների կողմից ստացել էր իր կերպարը բնութագրող մականուն՝ Բզէզիկ:
Ծնուած օրուանից աղջիկն անմասն չի մնացել ճակատագրի հարուածներից ծնուելուն պէս կորցրել է մօրը, հայրն էլ խռովելով իրեն բաժին հասած բախտից՝ հեռացել է տնից ու հայրենիքից՝ հասնելով Բաքու:
Սակայն վէպում այսքանով չի աւարտւում հօր կերպարի զարգացումը: Թշնամու ձեռքով հասցրած եւս մի դժնի հարուած՝ «սումգայիթեան սահմռկեցուցիչ ոճիրը», հօրն ու աղջկան միաւորում է: Հայրը վերադառնում է՝ հետը բերելով խոշտանգումից փրկուած հարեւանի աղջկան՝ Նիւշային:
Նիւշան, որի դերը վէպում հօր բարութեան ու մեծահոգութեան ընդհանրացումն է, իր մէջ կրում է հօր «նահատակուած ընտանիքի յիշողութեան ամփոփումը»:
Թերեզի համար հօր այցը սփոփանք էր, սէր, կարօտի փարատում, ինչը, անշուշտ, ստանում էր նաեւ իր զինուորական ամուսնուց, «ով սիրոյ մէջ կրքոտ էր, կռուի մէջ՝ անձնուրաց, սակայն նա ամիսներ յետոյ դարձաւ լոյսի եւ յաւէրժութեան ճամփորդ՝ վերջ դնելով հերոսուհու հասանելիք երջանկութեանը»:
Ընդգրկուն, իրենց ցուցաբերած վարքով համոզիչ, օրինակելի կերպարներ են Ամերիկայից Արցախ հասած հայրենասէր ու պատուախնդիր տղաները: Նրանցից մէկն էլ Թերեզի որդին էր՝ Գէորգը, ով անտեսելով կնոջ, ընկերների յորդորները՝ հասաւ հայրենիք՝ ցաւին իր բաժին փրկութիւնը տալու՝ «…չէ՞ որ հերոսի որդի էր»:
«Թերեզը մնացել էր հայրենիք սիրող որդու եւ որդի սիրող հարսիկի միջեւ»: Նրա մէջ «ընդվզում էր մի դատաւոր, որի վճիռն արդար էր ու չներող»:
Յուզիչ պատկերներով է նկարագրւում հայրենի գիւղում կազմակերպած Գէորգի եւ Վարդանի յուղարկաւորութիւնը:
«Իմացեալ մահն անմահութիւն է,- իր յուզիչ խօսքով ներկաներին սրտապնդում է փրոֆեսորը: – Մենք պարտուեցինք, բայց մեր զինուորը չպարտուեց»:
Բժիշկ Անդրանիկը խորհում է դասախօսի ասածների շուրջ՝ միաժամանակ մնալով իր անխախտ կարծիքին հաւատարիմ. «…էլի լինելիութեան վտանգ կայ: …ստացւում է՝ մեր կռիւները միշտ էլ կենաց-մահու են, բայց մեզ մեռնել չկայ…»:
Վաւերագիր պատում է «Դէպի Օմարի Լեռնանցք» վերտառութեամբ հատուածի հերոսական նիւթը, որի հիմքում ազատամարտիկ Մենուա Մանուէլեանի յուշամատեանն է:
Ազգային ինքնագիտակցութեան գաղափարախօսութեամբ առաջնորդուող տասնհինգ հոգանոց զինուած հայկական ջոկատը իրենից տասնապատիկ աւելի մեծ, մինչեւ ատամները զինուած ջոկատի հետ տալիս է անհաւասար մարտ, որոնց մասին, ինչպէս հեղինակն է գրում, «ոչ մի դասագրքում չի գրուել, եւ որ նման կռիւները որոշեցին աւելի մեծ ճակատամարտերի ելք»:
Վէպում տխուր ու ցաւոտ գոյներով է պատկերւում Թաղավարդի համար մղուող պայքարը, որը ի վերջոյ «փլուեց կորստի ցաւով»: «…թշնամական ջոկատները կանգնել էին դէմ-յանդիման՝ Վերին Թաղավարդում ադրբեջանցիներ էին, ներքեւում՝ հայերը»:
Դիպուկ ու ազդու խորհրդանիշ է «Երբեք չմեռնես» գլխում պատկերուած ճզմած խաղողով լեցուն հինգ տոննայանոց լի կաթսան, որը թշնամու կործանիչի անսպասելի հարուածից վեր է թռչում, շուռ գալիս՝ պարունակութիւնը տարածելով ամէնուր: Տան պատերից սկսում է ծորալ թանձր ու կարմիր մրգահիւթը:
«Կաթսան խաղաղ, բարի օրերի հրաժեշտն էր, որի կորստով յօդս ցնդեցին նախնեաց յոյսերը», գրում է հեղինակը:
Երկում հարուստ նկարագիր-պատկերներից իւրաքանչիւրը պատահականօրէն ստեղծուած չեն: Դրանց մէջ հեղինակը պարփակել է ապրած ցաւի խտութիւնը. «Հացի ցեխում խմորը ուռչել, թափուել էր կաթսայից դուրս, հասել մինչեւ յատակն ու քարացել»:
Երկն իր մետաֆորիկ (փոխաբերական) արտայայտչականութեամբ ընթերցողի մօտ աւելացնում է զգայական պատկերների առկայութիւնը, ինչպէս՝ «հրդեհի կծուահոտն ու սեւ մշուշը», «երկնքում ծուլօրէն ճառագայթող հեռաւոր աստղեր», «պատուհանի հորիզոնը կարմրեց», «սպիտակ անտարբերութեան մէջ փաթաթուած անտառածածկ լեռներ», «ծուխը խնկամանից լողաց դէպի երկինք», «մշուշն իջնում էր մինչեւ տների ներսը», «սմքած ալեւորն հողի մէջ այնպէս էր կանգնել, կարծես այնտեղից էր աճել», «քաղաքը կուչ էր եկել տագնապահար խոհերի մէջ, ննջում էր գիշերուան ընդառաջ՝ երազելով լուսաբացի մասին»:
Վէպում անտարակոյս կարելի է առանձնացնել նաեւ աֆորիստիկ (առածային) մտածողութեամբ՝ սեղմ ձեւակերպում ունեցող նախադասութիւնները, որոնց մէջ պարփակուած է դիպուկ ու խորը ասելիք:
«Պարտութիւնը նախ վաստակում են հոգու մէջ, յետոյ այն նիւթականանում է կեանքում՝ որպէս արժանապատուութեան կորուստ», «Մահուան հետ ընկերակցողներն անսանձ են լինում», «Դատարկութիւնը լրջութեան դիմակ է հագնում», «Իսկական կիրքն ազատագրւում է սոսկ սիրոյ շնորհիւ», «Ընկածով է որոշւում չընկածների բարոյականութիւնը»:
Զգացական անկեղծութեամբ հարուստ վէպը կոչ է լացն ու կսկիծը յաղթահարելով՝ լրջօրէն մտածել մեր ճակատագիր մասին:
Անշուշտ, Մ. Դերանցի իրապաշտ արձակում ծանր ու ցաւալի իրականութեան կողքին տեսանելի է ակնկալուող սպասման, սիրոյ, նուիրումի արտացոլանքը, որը, ինչպէս հեղինակն է նշում, «ծնւում է հայրենիքի հանդէպ խոր ապրումներից»՝ միաժամանակ հաստատելով մի պարզ, բայց կարեւոր բանաձեւում՝ «Մարդը չի կարող երջանիկ լինել, երբ հիւանդ է Հայրենիքը»: