
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում, Մայիսի 11ին կայացաւ բացառիկ միջոցառում․ արցախահայերն առաջին անգամ համախմբուել էին մշակութային ձեռնարկի շրջանակներում: Գլենդելի զբօսայգիներից մէկում, «Մենք դեռ կը վերադառնանք» խորագրով միջոցառումը բազմապիսի զգացողութիւններ առաջացրեց ՝ յուզմունք, յիշողութիւններ ու կորստի ցաւ, բայց միաժամանակ՝ սէր ու ջերմութիւն միմեանց հանդէպ, ուրախութիւն՝ ծնուած Արցախ վերադառնալու բաղձալի յոյսից: Աւելի քան երկու հարիւր հաւաքուածների թւում էին՝ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, համայնքում ճանաչուած արցախցի արուեստագէտներ, հասարակական գործիչներ, գործարարարներ, տարբեր տարիներին Ամերիկա ներգաղթած համայնքի ներկայացուցիչներ, Գլենդելի քաղաքապետն ու համախոհներ: Նշելով ձեռնարկի նպատակների մասին՝ կազմակերպիչներն ընդգծեցին միացեալ ուժերով Արցախի մշակոյթի, աւանդոյթների ու սովորոյթների պահպանումը, որպէս առաջնահերթութիւն:
Միջոցառման բացումը Տէրունական աղօթքով ազդարարեց Պարգեւ սրբազանը։ «Այս երկրում, այս համայնքում արցախցիներս մեզ պէտք է այնպէս դրսեւորուենք, որ մեր միջոցով պատկերացում կազմեն մեր Արցախի, նրա էութեան, եւ նրա պայքարի մասին, եւ մեզանից շատ բան է կախուած: Եւ ամէնակարեւորը՝ պիտի յոյս եւ հաւատ ունենանք, որ Աստուած մեզ յետ կը տանի մեր չքնաղ հրաշք Արցախ աշխարհը», նշեց սրբազանը:
Ամերիկահայ գրող, արձակագիր Մարգարիտ Դերանցն իր խօսքում կարեւորեց միջոցառումը՝ ուրախութեամբ մատնանշելով բազմաթիւ մանուկների ու երիտասարդների ներկայութիւնը։ «Խօսք կայ, որ եթէ ցանկանում ես ոչնչացնել մի ազգ, ապա՝ ոչնչացրու նրա մշակոյթը: Այդ պատճառով, մեր մշակոյթի պահպանումն ու փոխանցումը մեր սերունդներին օդի պէս անհրաժեշտ է, քանզի նրանք են պահելու մեր արմատները: Կողմ եմ Արցախի մշակութային միութեան ստեղծմանը, որովհետեւ գիտեմ, որ անհրաժեշտ, վճռորոշ պահին, այն կարող է դառնալ նաեւ քաղաքական ուժ: Մեր ուղեղներում այսօր ներարկում են զոհի հոգեբանութիւնը, սակայն երբեք չպէտք է մոռանանք, որ մենք Արցախեան առաջին պատերազմի յաղթողներն ենք: Ցաւօք սրտի, Արցախը կորցրեցինք անհեթեթ ձեւով, անցանք ծանր ապրումներով, եւ հասկանում եմ, թէ ինչ է կատարւում մարդկանց սրտերում, բայց այնուհանդերձ պէտք է լաւատես լինենք, վերաիմաստաւորենք, վերարժեւորենք մայիսեան մեր պատմական յաղթանակները, եւ բոլորին մաղթում եմ՝ ոգի, կամք, նպատակասլացութիւն, որպէսզի նորից կրկնենք այդ յաղթանակները», նշեց Դերանց:
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրեանը, ողջունելով միջոցառման գաղափարը, յայտնեց, որ այն նաեւ լաւ առիթ է ծանօթանալու արցախահայերի կարիքներին, եւ ըստ այդմ, ներգաղթեալների նկատմամբ քաղաքապետարանի պարտաւորութիւններից ելնելով՝ ձեւաւորելու համապատասխան ծրագրեր նրանց խնդիրները լուծելու համար:
Ձեռնարկի հանդիսավար Սարգիս Գրիգորեանն այնուհետեւ բեմ հրաւիրեց կազմակերպիչներից Արթուր Գրիգորեանին, ով նաեւ Արցախեան պատերազմի մասնակից է՝ «Արիութեան մեդալ»ի շքանշանակիր, բարերար: Գրիգորեանը պատմեց, թէ ինչպէս է յաջողուել համախմբել լոսանջելեսաբնակ արցախցիներին: «Արցախի շրջափակման օրերին, մի քանի հոգով Լոս Անջելեսի տարբեր մասերում հանրահաւաքներ էինք կազմակերպում, եւ փորձում էինք հասկանալ, թէ որքան արցախցի կայ, որոնում էինք նրանց ու կոչ անում միանալ ցոյցերին: Այնուհետեւ ես ու Ալեոշա Պետրոսեանն որոշեցինք ցանց ստեղծել, եւ գրանցել արդէն մեզ միացած արցախցիներին, ու կապը սկսեց գործել հիմնականում հեռախօսի միջոցով: Մեզ միացողների քանակն աճում էր, եւ ինչ-որ պահի պահանջ առաջացաւ միմեանց տեսնելու, ճանաչելու, հասկանալու, թէ ինչ խնդիրներ ունեն մեր հայրենակիցներն ու կարիքի դէպքում՝ սատարելու նրանց»: Գրիգորեանը նշեց, որ նման միջոցառումներն առիթ են դառնալու ձեւաւորելու կառոյց, որը կը զբաղուի տարբեր հարթակներում արցախահայերի իրաւունքների հարցերով: «Մենք ունէինք Արցախի պետութիւն, կայացած հիմնարկներով, ունէինք աննման հայրենիք, սակայն այսօր ժամանակաւորապէս զրկուած ենք Արցախը վայելելու հաճոյքից: Արցախի հարցը վերջացած չէ, փակուած չէ․ մենք վերադառնալու ենք, մենք պարտաւոր ենք վերադառնալ, որովհետեւ չի եղել, եւ չի կարող լինել Արցախ աշխարհ առանց արցախցիների: Դրա համար մեզ պէտք է համախմբուել, մի բռունցք դառնալ, եւ հասնել մեր նպատակներին, ինչը հնարաւոր է եւ մենք դա ապացուցել ենք մեր յաղթանակներով: Համախմբման գործիքներից մէկն էլ նման միջոցառումներն են՝ հանդիպումներ իրար ճանաչելու եւ միասնաբար ծրագրեր կազմելու», նշեց Գրիգորեանը:



Միջոցառման կազմակերպիչներից, Արցախեան առաջին պատերազմի մասնակից, գործարար եւ բարերար Ալեոշա Պետրոսեանն էլ խօսեց արցախահայերի միութիւն ստեղծելու առաջիկայ ծրագրերի մասին: «Իմ երազանքն է, որ ձեւաւորենք վստահելի կառոյց, որի նպատակներից կը լինի մեր լեզուի, մշակոյթի, աւանդոյթների պահպանումը, եւ միաժամանակ, ներկայանալի ուժ դառնանք՝ առաջ տանելու մեր պայքարը, մեր հարցերը: Կարեւոր է, որ մեզ թափ տանք, ոտքի կանգնենք, դաս քաղենք մեր սխալներից եւ հասնենք մեր նպատակին՝ անկախ թէ որքան ժամանակ կը պահանջուի դրա համար», «Ասպարէզի» հետ զրոյցում կիսուեց Պետրոսեանը:
Արցախի շրջափակման օրերին, Լոս Անջելեսում բողոքի եւ իրազեկման առաջին եւ բազմաթիւ հանրահաւաքների կազմակերպիչներից էր ծագումով արցախահայ Լաուրա Գրիգորեանը: «Ամիսներ առաջ, մի քանի տասնեակ արցախցիներով փակեցինք մայրուղիներ ու ցոյցեր կազմակերպեցինք՝ աշխարհին պատմելու Արցախում տեղի ունեցող արհաւիրքների մասին: Ափսոս, որ դա չօգնեց, եւ Արցախի հարցը մեր համար ողբերգական ձեւով լուծուեց, բայց սա վերջը չէ, ես վերադարձի յոյս ունեմ: Այս ձեռնարկն էլ լաւ առիթ է, որ հաւաքուենք, իրար թիկունքի կանգնենք, շատանանք ու դառնանք մեծ կազմակերպութիւն», նշեց Գրիգորեանը:
Միջոցառմանը մասնակցելու համար հրաւիրուել էին նաեւ Արցախի շրջափակման օրերին Լոս Անջելեսում իրազեկման հանրահաւաքների համակազմակերպիչներ, մասնակիցներ, ովքեր արցախցիների խօսքերով իրենց կողքին կանգնեցին այդ ծանր պահերին: Ձեռնարկի կազմակերպիչները շնորհակալութիւն յայտնեցին նրանց՝ շնորհելով երախտագիտութեան մեդալներ:
Յուզիչ էին մի քանի պատանիների՝ Արցախի մասին յիշողութիւնները, որոնք աւարտւում էին խօսքերով, որ եթէ սիրենք ու հաւատանք՝ Արցախն անպայման վերադարձնելու ենք:


Միջոցառման գեղարուեստական յայտագրում, որ կազմակերպել էին Մարգարիտա Թունիեւան եւ Սարգիս Գրիգորեանը, ելոյթներով հանդէս եկան սիրուած երգիչներ Անդրէն, հիւրախաղերով Լոս Անջելեսում գտնուող արցախցի երաժիշտ Լիոկան եւ Լիւսիա Մունը: Պարուհի Մանօ Գրիգորեանն էլ արցախեան հնչիւնների ներքոյ ներկաներին ծանօթացնում էր հայկական պարային շարժումները: Իրենց խօսքում, երգիչներն ընդգծեցին մշակոյթի պահպանման անհրաժեշտութիւնը, որին մեծապէս նպաստում են նաեւ հանրային նման միջոցառումները:
Ձեռնարկն ամբողջական դարձաւ արցախեան խոհանոցի բարիքներով: Ներկաները ոչ միայն առիթ ունեցան ճաշակելու բազմազան կերակրատեսակներ, նաեւ՝ ծանօթանալու Լոս Անջելսում ամենայայտնի ժինգլեալով հացի պատրաստման գաղտնիքներին:
Միջոցառման կազմակերպիչներ Արթուր Գրիգորեանին, Ալեոշա Պետրոսեանին, Վրէժ Օսիպեանին եւ Մխիթար Միքայէլեանին յաջողուել էր ստեղծել արցախեան ոգով մշակութային գեղեցիկ ու բովանդակային միջոցառում, որ նաեւ ամերիկաբնակ արցախահայերի վերածննդի ու համախմբման մեկնարկը դարձաւ:


