
Նորածնի համար, իր մօր երգած օրօրոցայինը ամենահանգստացնող միջոց է, որ փոքրիկին օգնում է շեղուել շրջապատող գրգռիչներից եւ հանգիստ քնել: Երեխան դեռ ծնուելուց առաջ է լսում նրա ձայնը (յղիութեան 20րդ շաբաթից պտուղը կարող է լսել ձայներ, անգամ մօր սրտի զարկերը): Նշենք նաեւ, որ օրօրոցայինի 4/4 երաժշտական ռիթմը (կշռոյթը) յիշեցնում սրտի բաբախիւնը:
Դասական երաժշտութիւնը ազդում է մարդու վրայ՝ տալով կենսունակութիւն եւ տոկունութիւն։ Այն նուազեցնում է անհանգստութիւնը, ընկճախտը եւ տագնապը, նպաստում գիտելիքների հեշտ իւրացմանը։ Դասականը բարելաւում է նաեւ տեղեկատուութեան ընկալումն ու յիշողութիւնը։
Ռոքը, մետալը, ծանր երաժշտութիւնը մեծացնում են զգացումները՝ եւ՛ բացասական, եւ՛ դրական: Ռոքը էներգիա (կորով) է հաղորդում, բայց կարող է խախտել ներքին հաւասարակշռութիւնը եւ խաթարել բնական ռիթմերը։ Սա յատկապէս նկատելի է 11-15 տարիքային խմբում։
Լարային գործիքներով ստեղծուած երաժշտութիւնը (ջութակ, կիթառ, տաւիղ) դրական է ազդում սրտանօթային համակարգի աշխատանքի վրայ։
20րդ դարից սկսած` նկատի ունենալով երաժշտութեան բուժական կիրառութիւնը, առաջ եկաւ «երաժշտաթերապիա»ն (երաժշտութեամբ բուժում) եւ արագօրէն օգտագործուեց եւ օգնեց է հիւանդներին բուժելու գործում։ Երաժշտաթերապիան հոգեթերապետիկ մեթոդ (հոգեբուժական միջոց) է, որն օգտագործում է երաժշտութիւնը որպէս բուժման միջոց։ Բժիշկները ուսումնասիրել են երաժշտութեան կարողութիւնը՝ ցաւը թեթեւացնելու եւ մի շարք հիւանդութիւններ կանխելու ջանքերուն մէջ։ Աւելի տարածուած է դարձել մեղեդիների օգտագործումը՝ որպէս անզգայացնող միջոց։ Այն ունակ է դրական ազդել հորմոնալ կարգաւորման, շնչառութեան, արեան շրջանառութեան եւ սրտանօթային համակարգի վրայ։
Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ մարզուելիս երաժշտութիւն լսելը բարձրացնում է արդիւնաւէտութիւնը 20 տոկոսով, սակայն երաժշտութեան չափից արագ տեմպը (կշռոյթը) կարող է վտանգաւոր լինել՝ առաջացնել որովայնի ցաւեր եւ գլխացաւեր։
Երաժշտութիւնը վաղուց օգտագործւում է ծանուցումների մէջ: Որոշ մեղեդիներ կարող են թուլացնել, կամ, ընդհակառակը, ոգեւորել գնորդին։
Մեր նախորդ ակնարկը նուիրուած էր բնութեան հրաշք ուժին, իսկ այսօրուանը՝ երաժշտութեան: Ցանկութիւնն է` որ պարզապէս նկատենք ու գնահատենք մեզ շրջապատող երեւոյթների կարեւորութիւնը: